Ամերիկյան պատմվածքները՝ Արտաշես էմինի ընտրությամբ ու թարգմանությամբ - Mediamax.am

exclusive
2358 դիտում

Ամերիկյան պատմվածքները՝ Արտաշես էմինի ընտրությամբ ու թարգմանությամբ


Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Գրքի շապիկի նախնական տարբերակը
Գրքի շապիկի նախնական տարբերակը

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»


Շուտով «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը լույս կընծայի «Բառերի գետը» պատմվածքների ժողովածուն՝ ամերիկյան բազմազան արձակը ներկայացնող այս ժողովածուն կազմել եւ թարգմանել է Արտաշես Էմինը։

Մարդաբան, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը նկատում է, որ Արտաշեսը ժողովածուն վերնագրել է «Բառերի գետը», արձագանքելով Դորըթի Ալիսընի «Անունների գետը» պատմվածքի վերնագրին. «Ընթերցողի առջեւ հոսում է ամերիկյան գրականության այդ ժանրի գետը, սկսվելով իր ակունքներից՝ Էդգար Պոյի 1838 թ. պատմվածքից մինչեւ մեր օրերը՝ 2009 թ. Թիմ Օ՛ Բրայընի պատմվածքը։ Եթե Դորըթի Ալիսընի գետը կազմված է իր դժվար կյանքն ուղեկցող անուններից եւ դրանց հետ կապված հիշողություններից, ապա Արտաշես Էմինի «գետը»՝ ամերիկյան գրողների անուններից եւ դրանց բառերից»։

 

Մեդիամաքսը զրուցել է Արտաշես Էմինի հետ։

 

- Մեր նախորդ զրույցում ասացիք, որ Թոմաս Փինչընի «Ձգողության ծիածանը» ստվար ու խրթին վեպի թարգմանությունից հետո որոշեցիք համեմատաբար թեթեւ գործով զբաղվել։ Խոսքն ա՞յս ժողովածուի մասին էր։

 

- Անկեղծ ասած, ժողովածուի գաղափարը պատահաբար ծագեց, որեւէ միտում չկար։ Ընդմիջում գոյացավ, մտածեցի՝ ինչով զբաղվեմ, հիշեցի, որ գրական զանազան հանդեսներում հինգ-վեց պատմվածք էի հրատարակել, պարզվեց, որ բոլորն ամերիկյան են։ Որոշեցի, որ մի 10-15 գործ էլ թարգմանեմ, ներկայանալի գիրք կդառնա։ Ընթացքում համն ընկավ բերանս, գերակատարման արդյունքում ստացվեց 30 պատմվածք։

- Ժամանակագրական սկզբունքը, այնուամենայնիվ, պահպանել եք։ Ներկայացված է XIX-ից XXI դարերի ամերիկյան արձակը։

 

- Պատահմամբ է եղել, ինչպես եւ՝ պատահմամբ մեծ մասը կանանց կամ պարմանուհիների մասին է։

 

- Ի՞նչն եք կարեւորել՝ հեղինակներին ու գործերն ընտրելիս։

 

- Հեղինակներին, բնականաբար, ընտրել եմ չկրկնվելու սկզբունքով, թեեւ կան այնպիսիք, որոնցից մի քանի գործ կթարգմանեի, բայց հավասարակշռությունը կխախտվեր։ Ամեն պատմվածք ընտրել եմ իմ գեղագիտական նախապատվությամբ, նաեւ՝ մի բանով ինձ հուզե՞լ է, թե՞ չէ։

 

Երբ գրքի կեսից ավելին կազմել էի, հասկացա, որ այն նաեւ պետք է ներկայանալի լինի, ուստի լրացրի հեղինակներով, որոնք կփակեին ոճական ու ժամանակագրական բացերը։ Ուստի գիրքը կարող է անթոլոգիա թվալ, եթե դա է հարցը։ Ինքնաբերաբար երեք օրինաչափություն դրսեւորվեց.

 

ա) XIX-ից XXI դարերն ընդգրկող որոշակի ժամանակագրական շարունականություն։

 

բ) Դուրս եկավ, որ պատմվածքների մեծ մասի հիմքով ֆիլմեր են նկարահանված։

 

գ) Չնչին բացառությամբ պատմվածքներն այս կամ այն կերպ անդրադառում են կին արարածի այլմոլորակայնությանը՝ վեցամյա աղջնակից մինչեւ հասուն տիկին։

Գրքի շապիկի նախնական տարբերակը Գրքի շապիկի նախնական տարբերակը

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»

Ընտրությանը նպաստել է նաեւ յուրաքանչյուրի՝ ժամանակի համեմատ նորարարական լիցքը, գեղարվեստական, ոճական, բովանդակային, թե բառամթերքի իմաստով։

 

- Իսկ ինչո՞ւ են գործերը տխուր, գուցե կյա՞նքն է այդպիսին, գրական նյո՞ւթը։

 

- Ինքս էլ, երբ սկզբից մինչեւ վերջ կարդացի, տեսա, որ կարող է փոքր-ինչ ճնշող տպավորություն գործել… Թեեւ ոչ ոք չի խոստացել, որ կյանքը սիզամարգ է լինելու՝ գեղեցիկ ծաղիկներով։ Հեքիաթներում լինում է, բայց այս ժողովածուում հեքիաթ չկա։

 

- Ի՞նչ եք զգում, երբ 19-րդ, 20-րդ դարի գործերը դիտում ենք մերօրյա տեսանկյունից։

 

- Զարմանք, որ մարդիկ, փաստորեն, չեն փոխվում (նույն ապրումներն են), մի քիչ էլ՝ նախանձ ծորուն ժամանակի հանդեպ. մեծ մասամբ ապրում էին հանգիստ, հավասարակշռված, յուրաքանչյուր պահը վայելելով… Գուցե մի 100 տարի հետո մեր ժամանակներին նայեն, ասեն՝ էս ինչ դանդաղ էր։

 

- Մեծածավալ գրքի թարգմանությունն իր բարդությունն ունի, ժողովածուի դեպքում էլ յուրաքանչյուր հեղինակ իր լեզուն ու ո՞ճն է թելադրում։ Բա՞րդ չէ մի ձեռագրից մյուսին անցնելը։

 

- Հակառակը՝ հաճելի է։ Դժվարը հեղինակին է բաժին ընկել, թարգմանիչն իր գործն է անում՝ նոր լեզվամտածողության փոխադրելով այն, ինչ դրված է իր առաջ։ Պետք է հնարավորինս թափանցիկ, աննկատ մնալով՝ փոխանցի ստեղծագործության իմաստը, բովանդակությունը, ոճը, նրբերանգները, տրամադրությունը, շեշտադրումները, ենթագիտակցական ելեւէջները։ Լավ թարգմանության մասին է խոսքը։ Թեեւ ռուս-սովետական թարգմանչական դպրոցը հակառակ միտում ունի, այնտեղ անթաքույց, անգամ ցցուն է թարգմանչի անհատականությունը։ Թերևս, դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ տաղանդավոր, բայց խորհրդային տարիներին չհրատարակվող ռուս գրողները «ապաստան» էին գտնում եւ ապրուստ վաստակում՝ թարգմանության դիմելով։ Երեւույթն անգամ անվանում էր ստացել՝ «уход в перевод»։

 

- Այսինքն՝ ամեն գործ թարգմանում եք յուրովի՞, տարբե՞ր։

 

- Թարգմանում եմ ինչպես կարող եմ, երեւի՝ լավ, իսկ տարբեր է ստացվում, որովհետեւ հեղինակներն են տարբեր։

 

- Սթիվըն Վինսենթ Բենեի « Դանիել Վեբսթրն ու սատանան» պատմվածքը վերջինիս հետ կնքվող գործարքի մասին է։ Կարո՞ղ ենք ուղիղ իմաստով հասկանալ այն, ինչ ներկայացվում է այս գործում։

 

- Դա վաղուց էի թարգմանել։ Նման մարդկանց քաջ ծանոթ եմ, այդ թվում՝ մեր շրջապատում. թե ուզում են ստանալ բարիք, որին արժանի չեն, դիմում են բարոյական փոխզիջման։

 

- Կա՞ գործ, որ ամենաշատն է տպավորել։

 

-Այո, էլի հին թարգմանածներից, Ֆլանրի Օ՛Քանըրի «Այն ամենն, ինչ հառնում է, պիտի միանա»։

- Գիրքը սկսվում է Ալան Պոյի «Լիգեյա» պատմվածքով, առանձնանո՞ւմ է այս գործը Ձեզ համար։

 

- Ոչ, ժամանակագրությամբ այդպես է ստացվել։ Թեեւ, առանձնանում է, որովհետեւ իմ առաջին գեղարվեստական թարգմանությունն էր։

 

- Հայտնի հեղինակների կողքին գրքում նաեւ հայ ընթերցողին անծանոթ կամ քիչ ծանոթ անուններ կան։

 

- Բոլորն էլ վաստակաշատ գրողներ են։ Այստեղ հայտնի չեն, որովհետեւ ռուսերեն չեն թարգմանվել։

 

- Որպեսզի հեղինակի մասին պատկերացումն առավել ընդգրկուն լինի, ավելի շահեկան չէ՞ մի քանի գործով ներկայացնելը։ Ընթերցողին, կարծում եմ, հետաքրքիր կլինի իմանալ՝ դուր եկած հեղինակն է՞լ ինչ է գրել։

 

- Հենց գրահրատարակչական շուկան Հայաստանում զարգացավ այն աստիճանի, որ թարգմանիչն իր գործով ապրուստ վաստակի, խոստանում եմ ամեն հեղինակից մի ժողովածու անել։

 

- «Նոր Անգլիայի մենուհին», «Ճերմակ կռունկը» պատմվածքներում հերոսները ընտրում են միայնությունն ու կարծես առանձնանում են ընդհանուրից։ Այսօրվա աշխարհի հետ նրանք ի՞նչ աղերսներ ունեն։

 

- «Ճերմակ կռունկը» կանխորոշել է բնապահպանական ակտիվ շարժումները, որ կան այսօր։ «Նոր Անգլիայի մենուհու» նյութն այսօր արձագանքում է ամերիկյան շատ ֆիլմերում, ուր հարսնացուն եկեղեցում փախչում է պսակադրությունից։

 

- Գրքում տեղ է գտել նաեւ Մայքլ Արլենի պատմվածքը «Ես գիտեի դոկտոր Գեբելսին»:

 

- Մայքլ Արլեն ավագը, Ստալինի կնոջ սիրելի գրողը, անգլիացի (էլ չասած՝ հայ) լինելով հանդերձ, կյանքի վերջին տարիներն անց է կացրել ԱՄՆ-ում, ուստի, Թ.Ս. Էլիոթի պես, կարող է նաեւ դասվել որպես ամերիկյան հեղինակ։ Բացի այդ՝ վերջապես մի տեղ հայությունը պիտի ի ցույց դնեինք, թե՞ չէ (ժպտում է-հեղ.)։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին