Հուսիկ Արայի «Կորած սերունդն» ու Հայաստանի չորս ղեկավարների ժամանակները - Mediamax.am

exclusive
1756 դիտում

Հուսիկ Արայի «Կորած սերունդն» ու Հայաստանի չորս ղեկավարների ժամանակները


Հուսիկ Արան
Հուսիկ Արան

Լուսանկարը` Սոնա Ադամյան

Հուսիկ Արան
Հուսիկ Արան

Հուսիկ Արայի հետ զրուցել ենք նրա «Կորած սերունդ» բանաստեղծական ժողովածուի մասին։ Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով կազմված այս ժողովածուն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

 

- Գրքում տեղ են գտել «Կորած սերունդ» պոեմն ու այլ շարքեր։ Թեմատիկ առումով շաղկապված են, Հայաստանի անկախության 30 տարիների վավերագրումն է, բայց գրել եք տարբե՞ր ժամանակներում։

 

- Այո, սկսած 1988 թվականի ազգային զարթոնքից, մինչեւ 44-օրյա պատերազմը։

 

Գրքում կա անդրադարձ երկու հեղափոխություններին՝ 88-91 թվականների եւ «Թավշյա հեղափոխությանը», նաեւ երեք պատերազմներին՝ չորսամյա, քառօրյա, քառասունչորսօրյա։ Բացի այդ, կան շարքեր, որ արժեւորում են Հայաստանի անկախությունը։ Գործերի մոտ քառասուն տոկոսը նոր են, երբեւէ ոչ մի գրքում չեն տպագրվել, մնացածը տարբեր ժողովածուներից թեմատիկ ընտրությամբ հավաքվել են մի վերնագրի տակ։

 

Նպատակ չունեի «Կորած սերունդ» վերնագրել... Ես կորած սերունդ միշտ մեր սերնդին եմ համարել, որ Արցախյան առաջին պատերազմից հետո իր տեղը չգտավ։ Արժեքներ ստեղծեց, բայց ինքը կորավ. մի մասը զոհվեց, մի մասն արտագաղթեց… «Կորած սերունդ» պոեմը ամբողջը դրա մասին է. չորս մասից է բաղկացած ու շատ թափանցիկ ակնարկված է մեր երկրի չորս ղեկավարների ժամանակները։ Նաեւ քաղաքական աստառ ունի պոեմը, որը ցույց է տալիս ինչպես կորավ այդ սերունդն այդ ժամանակահատվածում։ Իսկ հետո 44-օրյա պատերազմում մենք ուղղակի իմաստով մի ամբողջ ոսկե սերունդ կորցրինք, ու վերջնական որոշեցի այդ ցավոտ- սարսափելի վերնագիրը դնել՝ «Կորած սերունդ», որը մեր իրականությունն է։

 

- Բանաստեղծի խոսքը հասնո՞ւմ է վերեւներին, ի՞նչ պետք է անել, որ նշանակետին դիպչի։

 

- Գիտեք, երեւի երբեւէ չի էլ հասել։ Կամ ինչ-որ ժամանակ՝ խորհրդային միության տարիներին, երբ գրաքննություն կար, ավելի ուշադիր էին։ Հիմա բանաստեղծը գրել է, ո՞վ պետք է նայի… Բայց եթե հիշում եք, 2018-ի հունվարին գրած իմ «Apocalypto» ութ տողանոց բանաստեղծությունը շատ մեծ արձագանք գտավ։ «Apocalypto», որովհետեւ ես ապագայի մասին էի գրում՝ «Իմ երկիրը՝ արեւելյան թերմացք,/ նեխելու է կեղծիքի մեջ ու ստի․․․»։ Ցավոք այդպես էլ եղավ, ի վերջո, 44-օրյա պատերազմը ապոկալիպսիս էր եւ շարունակվում է։

 

Պետություն ունեցող բանաստեղծի մտորումներ են նաեւ, որտեղ ոչ միայն ասում եմ՝ ես քեզ կտամ, ես եմ զոհաբերում, ինչպես մենք ունեցել ենք նախկինում պոեզիայում, այլ արդեն պահանջում եմ, ասում՝ ես քեզ տալիս եմ, դու էլ ինձ պետք է տաս։ Ասես ծնողիդ հետ ես խոսում։ Պաթոսային վերամբարձ հայրենասիրություն չէ, մարդկային հարաբերություններ են։ Նաեւ պատճառաբանում եմ՝ ինչու եմ սիրում իմ երկիրը, ինչով է հարազատ այս տարածքը, այս հողը։ Եվ կա անկախության արժեւորում, եւ դժգոհություն, որ դեռ մեր հագով չես, որբ ու անտեր ծվարել ես թեւերիս տակ, մինչեւ մեծանաս։

 

- Երբ գրում եք՝ «երկիր անհայրենիք», «թափառում եմ իմ երկրում գնչուի պես անհայրենիք»։ Սրանք մե՞ր ժամանակների զգացողություններ են, թե՞ ավելի վաղ էլ կային այդ տագնապները։

 

- Ես այդ գործերը գրել եմ 2016-2017 թվականներին, ուղղակի ասած՝ Նիկոլից առաջ արդեն կային այդ տագնապները, Նիկոլը հենց այնպես չեկավ իշխանության, կերտվեց այս վիճակը։ Ձեր ասած գործը հրատարակվել է 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին՝ «Մշակութային հրապարակում»։ Երբ հեղափոխությունը եղավ, մտածեցի, որ այդ շարքը հեչ եղավ, բայց անցավ մեկ տարի, տեսանք, որ նույնը կրկնվում է։

 

- Գրքում տեղ-տեղ ժամանակագրությունը հասկանալի է, եթե նույնիսկ չի թվագրվում բանաստեղծությունը, բայց կան տողեր, որ վերաբերում են ե՛ւ այս, ե՛ւ այն ժամանակներին։ Օրինակ, երբ ասում եք.

 

- Քաղաքը գորշ է,

անհամ

ու լիքը գույներով մահվան։

 

Սա կարող էինք ասել ե՛ւ 90-ականներին, ե՛ւ 2016-ին, ե՛ւ 2020-ին, ե՛ւ հիմա։

 

- Դա պատերազմի ցավն է, որ միշտ եւ ժամանակի մեջ է, եւ ժամանակ չի ճանաչում։ «Ասք պատերազմի»-ին, որ գրվել է 31 տարի առաջ, այսօր նույնությամբ հնչում է։ Եվ մի նրբություն էլ ասեմ. վերջին տողում ասում եմ՝ «դասալիք եմ, Տե՛ր, վերցրո՛ւ ինձանից շնորհը բառի», որ այլեւս պատերազմի լեզվով հետը չխոսեմ, բայց, ցավոք, այդպես չեղավ։ Կրկնվում է պատմությունը, Րաֆֆու, Թումանյանի 150 տարի առաջ գրած գործերն այսօր էլ արդիական են։ Ամբողջ ցավը դա է, որ մենք տեղապտույտի մեջ ենք, մեր պատմությունը նորից կրկնվում է ու չենք կարողանում առաջընթաց ունենալ։

 

- Տաք աղավնիներ՝ փափուկ խմբվում ենք մեր

լռության շուրջ

ու փորձում հիշել՝ որտե՞ղ կորցրինք ճյուղը ձիթենու։

 

Մեզ համար գրված այս գիրքը կարող է ինչ-որ բան ասել նաեւ օտա՞ր ընթերցողին։

 

- Հա, իհարկե, ամբողջ աշխարհն է պատերազմի ու ավերի մեջ, միշտ, բոլոր ժամանակներում։ Դա ասես մարդկային լեզու է։ Ես մի հաղորդման ժամանակ ասացի՝ չգիտեմ՝ աշխարհում սիրո՞ մասին է ավելի շատ գրվել, թե՞ պատերազմի։ Երեւի՝ պատերազմի։ Սկսած Հոմերոսից ամբողջ աշխարհի պատմությունը պատերազմի մասին է։

 

- Սակայն ես, երկի՛ր, դեռ քո երկնքում Աստված

պիտ փնտրեմ։

 

Աստծու հետ խոսո՞ւմ եք, փնտրո՞ւմ եք նրան այն ամեն ինչում, ինչ կատարվում է մեզ հետ, մեր շուրջը։

 

- Իհարկե, ինձ համար բացարձակ ճշմարտություն է Աստծու խոսքը, ժամանակի ընթացքում ոչ թե փնտրում ես, այլ կյանքում գալիս հասնում ես մի կետի՝ ճշմարտության։ Աստծուց խնդրել եմ՝ քանի չեմ հասել, ինձ չտանես։

 

Բայց ինչո՞ւ է Աստծո խոսքը առաջին տեղում, որովհետեւ առանց Աստծո կամքի, ցանկության չի կարող լինել ոչինչ երկրի վրա, չի կարող լինել իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ պետությունը, չեմ կարող լինել ես։ Առաջինը եւ բացարձակը Աստծո խոսքն է, մեզ նման շատ ժողովուրդներ են ոչնչացել, եթե կանք, Աստծո կամքով կանք։ Աստված կա մեր իրականության ամեն վայրկյանի մեջ։

 

- Ասում եք․

 

- Նահատակները՝ ասք ու առասպել, միշտ բարձր են/ մահից»։

 

Բայց նաեւ․

 

- Առանց ինձ ի՞նչ ես-

ցամաք հող, երկիր,

որ տրորվելու ես՝

ինքդ քեզ օտար։

 

Արժեւորո՞ւմն է շատ, թե՞ ափսոսանքը։ Մանավանդ, որ այսօր մենք էլի զոհեր ունենք։

 

- Իմ բոլոր գործերը հակապատերազմական են, մարդն է առաջին պլանում, մարդու կորստի ցավն է։ «Ասք պատերազմի» պոեմի բնաբանում ասում եմ․

 

Հեղվողն

արյուն է,

Խեղվողը՝

հոգի,

ու մեռնողն է

մարդ։

 

Դրանից ավելի ահավոր ի՞նչ կա, եթե անխնա կոտորվում եմ, սերունդները կոտորվում են, առանց ինձ ի՞նչ ես, ընդամենը ցամաք հող։ Բնակիչը պիտի ապրի, որ դու հող լինես։ Լավ, ի՞նչ ենք ուզում դարեր շարունակ իրարից, այսօր էլ 18-20 տարեկան տղաներ են զոհվում։ «Ասք պատերազմում» այսպիսի տող կա․«միակը մահն է, որի մեջ հույս չկա»։ Երբ գրում էի այդ պոեմը, ուսանող էի, ուզում էի փառաբանող գործ լիներ, բայց եղավ հակապատերազմական գործ, մարդու ցավի, կորստի ողբ եղավ։

Հուսիկ Արան Հուսիկ Արան

 

Ինձնից առաջ Մուշեղ Գալշոյանն է ասել հրաշալիորեն՝ հողի կորուստը կորուստ չէ, մարդու կորուստ է կորուստ։ Ուզում եմ ազատագրվի երկիրս, բայց չեմ կարողանում հաշտվել մարդկային կորստի հետ, երիտասարդների կորստի հետ։ Այսպիսի տող ունեմ․

 

- Վերջին զոհը մեր

իմ մարմինն է, հող,

ա՛ռ երակներիդ մեջ

ու խաղաղվիր։

 

- Նույն բանաստեղծության մեջ («Ներքեւում երկինքն է») ասում եք․

«Արեւ կա 365 օրերի մեջ,

առավոտ է լույսի ամեն ժամը,

եւ սերը ունի հետադարձ հասցե»։

 

Ունե՞ք, կա՞ այդ հույսը։

 

- Այո, հույսը միշտ կա, ավելի քան համոզված եմ՝ լավ է լինելու։ Եթե պատմականորեն եկել հասել ենք այս օրվան, չենք կարող ոչնչանալ։ Ցավոք, անընդհատ կորցնում ենք մեր վրիպելու պատճառով։ Ոչ ոք մեղք չունի, որ մենք մեր անխելքության պատճառով 1000 տարի առաջ Անի ենք հանձնել, 100 տարի առաջ՝ Կարս, երկու տարի առաջ՝ Շուշի։ Երեւի, մեր վերջին փորձությունն է, զգում եմ՝ դեպի առաջ գնալու ենք ու շատ շուտով է լինելու, շոշափելի ապագայում, ուղղակի ճկուն ու խելացի լինենք, որ հակառակը չստացվի, ավելին ու վերջնական չկորցնենք…

 

- «Մենք՝ օրհնված հող,

անընդհատ մաքուր, շիտակ անկյունը

այս հոգնած, կեղտոտ ու ցուրտ աշխարհի»։

 

Հիմա՞ էլ նույնը կասեք…

 

- Հա, գիտե՞ք ինչ, միշտ է այդպես եղել, հազար տարի առաջ էլ, հիմա էլ, սա է որ մեզ փրկում-պահում է։ Մենք տեսանք պատերազմի ժամանակ մեր մենակությունը… Մեր մեջ հզոր, լուսավոր, այնքան մեծ բան կա, եթե չլիներ, չէինք ապրի։ Ես զարմանում եմ՝ ինչպես ենք պատմական այս ճանապարհը անցնելով՝ հասել այս օրվան։ 600-ից ավելի արշավանք է եղել Հայաստանի վրա, բայց մեր ժողովուրդը կա։ Հենց այդ լուսավոր, մաքուր կետը, հողը, տարածքը լինելու խնդիրն է, դա մեր ներսն է, մեր հոգին է, միշտ է լինելու, բայց միշտ այդպես պղտորելու են, որովհետեւ թույլ ենք, թելադրող չենք, հզոր չենք, մեծ առաջնորդ չունենք, այ սա է, որ մեր հայրենիքի սահմանները պետք է մեծանան, ծով ունենանք, հզոր լինենք, որ այս մաքուր տարածքը չկեղտոտեն։

 

- Գրքի վերջում Ցեղասպանության մասին պոեմն է։ Հատո՞ւկ է արված, հիշեցո՞ւմ է։

 

- Չէ, պարզապես ծանր գործ էր, գրքի վերջում դրեցի։ 2011-ին եմ գրել, մեր սերնդի աչքերով եմ նայել։ Սկզբի մասում մի գործ կա, որ ավելի ուշ է գրվել, մեր զոհերի աճուրդի հանելու մասին, խաղաքարտ դարձնելու, որը շատ վիրավորում է։ Էպոսից իմպրովիզներ կան։ Վերածննդի, հզորացման լուսով է կառուցված այդ պոեմը, ցեղասպանության մասին գրած պոեմներից նաեւ դրանով է տարբերվում։ Ցեղասպանությունից հետո կամ ոչնչանում ես կամ վերածնվում։ Մենք վերածնվեցինք։ Այնտեղ կա նաեւ թուրքի հետ զրույցը, որ, ի վերջո, պետք է հաղթահարենք այս վիճակը: Լավ, ես քայլ եմ անում, ձեռք եմ պարզում, ասում եմ՝ հասկանանք իրար, ավարտենք... Իհարկե, ավարտելն այդպես չէ, ես ցեղասպանությունից մահապուրծի թոռ եմ, ափիս մեջ է Վանի մեր տան բանալին։ Հասկանանք, բայց երբեք չմոռանանք մեր պատմական հայրենիքը, մեր տունը, որ պայմանական սահմանից այն կողմ է։

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին