Ֆիլյանի ոչ դասական պատմավեպը, մերերկրացիներն ու հրաժեշտի նամակը - Mediamax.am

exclusive
1580 դիտում

Ֆիլյանի ոչ դասական պատմավեպը, մերերկրացիներն ու հրաժեշտի նամակը


Ռուբեն Ֆիլյանը 1981 թվականին
Ռուբեն Ֆիլյանը 1981 թվականին

Լուսանկարը` Արամ Պաչյանի արխիվից


Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպի քննարկումը։ 1992-ին «Քո երկրի դեսպանը» լույս է տեսել կրճատումներով։ «ԱՐԻ գրականության հիմնադրամ» հրատարակչությունը ներկայացրել է գրքի ամբողջական տարբերակը։ Կազմի նկարը (Homo Ludens) Կամո Նիգարյանինն է։

 

Վեպի նոր հրատարակության խմբագիր, արձակագիր Արամ Պաչյանի բնորոշմամբ՝ Ռուբեն Ֆիլյանը հայ գրականության լավագույն հեղինակներից է։ Հրատարակվել է 1969-ից, «Գարունում» լույս ընծայված նրա մանրապատումները սերնդակից ընկերները ջերմությամբ են ընդունել։

 

1980-ին լույս է տեսել «Անծանոթ ինքնակենսագրությունը», որը Ֆիլյանի բնորոշմամբ՝ հեքիաթների ժողովածու է։ Սակայն 1976-1978թթ. գրված «Քո երկրի դեսպանը» գիրքը մնացել է անտիպ։ Կա կարծիք, որ անհնար էր նման վեպի հրատարակումը Խորհրդային տարիներին։

 

1981-ից Ֆիլյանին հաջողվում է դուրս գալ Խորհրդային Հայաստանից։ Գնում Է Ֆրանսիա, ճամփորդում է Հորդանանով, Եգիպտոսով, ապա, Պաչյանի բնորոշմամբ՝ հասնում իր հոգետուն՝ Հնդկաստան, ընտրելով Գոա նահանգը, որը 70-ականներից մինչեւ 80-ականների վերջը Արեւմուտքից հիասթափված «ոսկե երիտասարդության» համար իբրեւ թե կորուսյալ դրախտ էր։

Ռուբեն Ֆիլյանը 1981 թվականին Ռուբեն Ֆիլյանը 1981 թվականին

Լուսանկարը` Արամ Պաչյանի արխիվից

«Քո երկրի դեսպանը» վեպում պատմողը հայտնվում է Հայոց պատմության թանգարանում ու տեսնում մի ուշագրավ լուսանկար, որտեղ պատկերված են Ուինսթոն Չերչիլը, նրա օգնականը եւ մարդիկ, որոնք մեջքով են կանգնած: Պարզվում է՝ դարասկզբի լուսանկար է: Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար հայերը («մերերկրացիներ») հանդիպում են Անգլիայի վարչապետին, ով հանձնարարում է պարզել՝ որտեղ է այդ երկիրը, որը չի հաջողվում գտնել քարտեզի վրա, ովքեր են մերերկրացիները։ Ու բերում են գիրքը, որը պատմում է հայ ժողովրդի մասին։ Արամ Պաչյանը նկատում է, որ զարմանալի համընկնումներ կան, թե ինչ է կատարվում մեզ հետ այսօր։ Նաեւ տպավորություն ունի, որ գիրքը խիստ քննադատական մոտեցում է մեր անցյալին, վրիպումներին։

 

«Վեպն ինձ համար ճանապարհ է, որը ոչ սկսվում է, ոչ ավարտվում։ Կա մենք-ի անունից խոսող հերոս, մի քանի կերպարներ, որ չունեն անունն, չունեն ընդգծված դիմագծեր, շատ դեպքերում հասկանալի չէ՝ արակա՞ն, թե՞ իգական սեռի ներկայացուցիչներ են։ Այդ առումով՝ ինձ համար կանգնած է վեպի ժամանակը»,- ասում է բանասեր Մարիամ Ալոյանը: Նրա ձեւակերպմամբ՝ Ֆիլյանը խոսում է լուրջ հարցերի մասին՝ հետաքրքիր լեզվով, առանց սյուժեի, առանց շարժի։

 

Արամ Պաչյանն ի լրումն ասում է, որ երբ սյուժե չկա, շարժվում է լեզուն. «Ֆիլյանը առաջնորդվում է նաեւ բառախաղերով։ Օրինակ՝ բան-ն այնպես է խաղարկում, որ կոտրում է պատմական ասքի պաթոսը։ Ինձ հայտնի չէ այդ շրջանի պատմավեպ, որի գլխավոր թիրախներից մեկը լեզուն է։ Իրականում այս գործը ասք է, լեգենդ, պոեմ, ոչ թե արձակ՝ դասական իմաստով»։

 

Աննա Օհանյանը ապագա պատմաբան է, սովորում ԵՊՀ-ում։ Նա Ֆիլյանի վեպը ասոցացնում է Փելեշյանի «Մենք» ֆիլմի հետ։ «Փելեշյանի ֆիլմերում չկա մարդկային առանձին ճակատագրերի նկարագրություն, Ֆիլյանի դեպքում նույնպես մենք-ի պատմություն է։ Փելեշյանի «Մենք»-ում թաղման տեսարան կա, խոշոր պլանով երեւում են մարդկանց ձեռքերը։ Ազդեցիկ տեսարան է։ Գրքում  տեսնում ենք՝ ինչպես է գրողը կենտրոնանում ձեռքերի վրա, որ պահում են դագաղը, ճզմվում ծանրությունից։ Ես ապշել էի նմանությունից, թե ոնց կարելի է այս ամենը բառերով արտահայտել»։

 

Հնարավո՞ր է բացել Մենք-ի սահմանները, ծանոթ չլինելով Հայոց պատմության կարեւոր հանգրվաններին՝ բացահայտել նյութը։ Արամ Պաչյանի այս հարցին փորձում է պատասխանել մշակութային մարդաբան Զարուհի Կեւորկովան։ «Օտարազգի ընթերցողի համար կարող է հետաքրքիր լինել գիրքը, կան համամարդկային գաղափարներ, թեմաներ, լեզվի խաղերը կարող են շատ հետաքրքիր բացահայտումների տեղիք տալ, բայց միեւնույն է, եթե դու հայ չես, ծանոթ չես Հայոց պատմությանը, կենտրոնանում ես լրիվ ուրիշ բաների վրա, չես հասկանում այնպես, ինչպես պետք է հասկանալ»։ Կեւորկովայի կարծիքով՝  այս վեպի նյութը հայ լինելն է, ինքնությունը պահպանելն ու պատմության միջով տանելը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին