Չարենցի գրաքննված գիրքը, գաղտնագրումներն ու գալիքին ուղղված ուղերձը - Mediamax.am

exclusive
2819 դիտում

Չարենցի գրաքննված գիրքը, գաղտնագրումներն ու գալիքին ուղղված ուղերձը


Եղիշե Չարենցը
Եղիշե Չարենցը

Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը
Եղիշե Չարենցը
Եղիշե Չարենցը

Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի «Չարենց․ երեք ուսումնասիրություն» գիրքը, որը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիներին գրված երեք ուսումնասիրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների եւ խնդիրների հետազոտությանը։

 

Մեդիամաքսը զրուցել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի հետ։

 

- Գրքի վերնագիրը կապվում է Չարենցի «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուի հետ։ Պատճառը երեք թվականի զուգորդո՞ւմն է։

 

- Իմ առաջին գիրքն է Չարենցի մասին՝ երեք հոդվածով, որը ինչ-որ իմաստով համաբանվում է Չարենցի առաջին գրքի վերնագրի հետ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։

 

Եթե անկեղծ լինեմ՝ ես երեք հոդված էի հասցրել գրել Չարենցի մասին, բայց քանի որ տարին հոբելյանական էր, լրանում էր Չարենցի ծննդյան 125-ամյակը, մտածեցի գրքով ներկայացնել դրանք։ Երեք թվի մեջ որոշակի սիմվոլիկա կա։ Եթե լինեին երկուսը, հինգը, յոթը, գուցե այդ գիրքը չտպագրվեր։

 

- Որքա՞ն ժամանակ եւ ի՞նչ աշխատանք են պահանջել ուսումնասիրությունները, եւ հնարավո՞ր են նոր ուսումնասիրություններ։

 

- Դեռ վաղ գրականագիտական փորձերիցս սկսած՝ ես մշտապես ընթերցում եմ Չարենցին, ուսումնասիրում. համակարգչի վրա տասնյակից ավելի հոդվածների, ուսումնասիրությունների նշումներ կան։ Շատ աշխատանքներ կան, որ պետք է արվեն, մանավանդ, որ հիմա, հանգամանքների բերումով, Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության վրա եմ աշխատում, ինչն իր հերթին բերում է նոր իմացություն, նոր բացահայտումներ։ Բայց ինձ ամենից շատ հետաքրքրում է (եւ իմ ոճն է գրականագիտական հետաքրքրությունների) Չարենցի ստեղծագործության, կյանքի չբացահայտված, չներկայացված, ինչ-որ տեղ՝ լուսանցքային կողմերը։ Ես ուզում եմ, որ իմ ամեն հետազոտությամբ Չարենցը ներկայանա նորովի, գուցե շատ առումներով՝ վիճելի, ինչպես, օրինակ՝ «Չարենց․ երեք ուսումնասիրություն» գրքի առաջին հոդվածն է, որը մի կողմից շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց, մյուս կողմից՝ նաեւ շատ քննադատվեց։ Բայց Չարենցն ինքն է այդպիսին՝ հետաքրքիր, վիճելի։

 

Ես չեմ հավակնում ասել 100 տոկոսանոց ճշմարտություններ, ցանկացել եմ երբեմն նաեւ առաջարկել որոշ վարկածներ, որոնք կօգնեն Չարենցին ավելի ճիշտ, ավելի խոր ընկալել։

 

- Առաջին հոդվածում վերլուծում եք Չարենցի «Գիրք Ճանապարհի»-ն, պետականության մասին նրա պատկերացումները։ Չարենցի ուղերձներն իր ժամանակակիցների՞ն էին ուղղված, թե՞ գալիք սերունդներին։

 

- Կարծում եմ՝ առավելապես գալիքին, ես իմ հոդվածում նշել եմ մի կարեւոր հանգամանք․հատկապես 1928-29 թվականներից հետո Չարենցը չունի բանաստեղծություններ, գաղափարական ուղերձներ, որոնք վերաբերվում են ներկային։ Չարենցի «Գիրք ճանապարհի»-ում ներկա գոյություն չունի․որովհետեւ իմաստ չունի ներկայի ստատիկությունը, լուռ վիճակը քննարկել, եթե կա գալիքի հարցը՝ հիմնված անցյալի փորձի վրա։ Պոեմներից մեկում նա հստակ ձեւակերպել է՝ «Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած». դա մշտապես իր մոտեցումն է, եւ դա է պատճառը, որ իր ժամանակակիցներից շատ քչերն ընկալեցին «Գիրք ճանապարհի»-ն։ Ի դեպ, գալիքում էլ քչերն ընկալեցին, եւ մեզ այսօր բացառիկ պատեհություն է ընձեռված ճիշտ ընկալելու, որովհետեւ ապրում ենք անկախ պետականության պայմաններում։ Շատ խնդիրներ կան, որ մեր երկրում երեսուն տարի կուտակվել են, լուծումներ չեն ստանում, ես միշտ ասում եմ՝ դրանք չէին լինի, եթե մենք կարողանայինք կարդալ մեր մեծերին, նախ եւ առաջ՝ Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն։

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

 

Իմ հոդվածում մի շեշտադրում կա, ինչը ես ուզում եմ անպայման ընդգծել, որովհետեւ չընկալումը կբերի թյուրընկալումների։ Հոդվածիս ասելիքը հիմնված է բացառապես «Գիրք ճանապարհի»-ի այն տարբերակի վրա, որը այրվեց, արգելվեց։

 

- Խոսքը 1933 թվականի առաջին հրատարակության մասին է, որը, Ձեր իսկ բնորոշմամբ, մեծապես խախտվել է «Գիրք իմացության» եւ «Արվեստ քերթության» բաժինների հարկադրյալ ներմուծմամբ։ Ի՞նչ խնդիր են լուծել այս գրաքննությամբ այն տարիներին, եւ ի՞նչ կարող է տալ մեզ այսօր Չարենցի չքննված, անխաթար տեքստը։

 

- Ուզում եմ մի շատ կարեւոր բան ասել․ գրքից հանվել են «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո», «Յոթը խորհուրդ քաղաք կառուցողներին» գործերը եւ Ալեքսանդր Մյասնիկյանին ձոնված քառյակներից մեկը։ Թվում է՝ ընդամենը երեք գործի մասին է խոսքը, սակայն «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո»-ն ծավալուն գործ է, եւ Չարենցը ստիպված էր երկու մեծ բաժին ներմուծել՝ «Գիրք իմացության» եւ «Արվեստ քերթության»։ Ինքնին սրանք շատ հզոր բաժիններ են, պարզապես արվեստին, քերթողականությանը վերաբերող հարցադրումներ են եւ փոխում են «Գիրք ճանապարհի»-ի էությունը՝ որպես գաղափարական ուղերձ։ «Գիրք ճանապարհի»-ն պետականության մասին գիրք է։

 

Ինչ վերաբերում է գրաքննության պատճառներին՝ Չարենցի գրքում կա երեք բաժին՝ «Պատմության քառուղիներով», «Տաղեր եւ խորհուրդներ» եւ «Զանազան բանաստեղծություններ եւ թարգմանություններ»։ Ամեն բաժնից հանել են մեկական գործ։ Նայենք ուղերձների տեսանկյունից․ առաջին բաժնից հանվել է ուղերձների այն կտորը, որ կատարվելու է դարձ ի շրջանս յուր, եթե մեր պատմության ընթացքը ճիշտ ուղով չզարգանա։ Իսկ եթե կորցնում ենք պատմության բնագիրը՝ ամենակարեւոր փաստաթուղթը, մենք դատապարտված ենք ստրկության՝ ոչ անկախ վիճակի։

 

Երկրորդ բաժնի ամենակարեւոր խորհուրդը քաղաք կառուցողներին է, որը, պետք է հասկանալ՝ պետության կառուցողներին ուղղված ուղերձ: Սա ժողովրդի վարքականոնին վերաբերող ընդհանրական ուղերձ է, եւ ինչն է կարեւոր, որ պետությունը չեն կառուցում միայն նրանք, ովքեր կանգնած են իշխանության գլխին, պետության կառուցումը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն ու պարտավորությունն է։ Պատկերացրեք, թե խորհրդային տարիներին ինչ վտանգավոր ուղերձ էր սա։

 

Երրորդ բաժնից հանվել է ամենակարեւոր քառյակներից մեկը՝ անհատին նվիրված քառյակը, որովհետեւ Չարենցը որքան էլ կողմ էր ժողովրդական իշխանությանը, այնուամենայնիվ, ես իմ հոդվածում էլ եմ նշել, նա շատ էր կարեւորում ուժեղ, պետականամետ, ազգային հատկանիշներով օժտված անհատի դերակատարությունը, իսկ Ալեքսանդր Մյասնիկյանն այդպիսի անհատ էր։

 

«Ե՛լ, բարձրացիր դագաղից» տողով սկսվող քառյակն իր առաջին տողով իսկ խորհրդանշում էր նմանատիպ անհատի վերադարձը, որը ռիսկեր էր ստեղծում։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ ես մտածում, որ խորհրդային ժամանակ այդքան խոր հասկացել են Չարենցի ուղերձները։ Ես իմ փորձից ասեմ. ինչքան առիթ է եղել ուսումնասիրելու խորհրդային տարիների գրաքննչական պատմությունները, նկատել եմ, որ գրաքննիչները շատ լավ են հասկացել գրականություն ու շատ արագ են զգացել վտանգները, որ պարունակում են այդ տեքստերը։ Նրանք հասկացել են, որ եթե պետության, հասարակության մեջ լինեն փոփոխություններ, դրանք նախ եւ առաջ արվելու են գրքով ու գրականությամբ, եւ արգելանքները, կրճատումները հենց դրանցով էլ պայմանավորված են։

 

- Կա կարծիք, որ «Պատգամ» բանաստեղծության մեզոստիքոսը գաղտնազերծվել է Չարենցի իմացությամբ։ Եթե անգամ ընթերցողի համար անհայտ մնան «Գիրք ճանապարհի»-ի գաղտնագրումներն ու ծածկագրերը, ենթագիտակցական մակարդակում կարո՞ղ են ազդեցություն ունենալ։

 

- Կարծում եմ՝ այո, որովհետեւ Չարենցի հետերեսնականների տեքստերը որոշակի հատկանիշներ ունեն (տաղաչափությամբ է դա պայմանավորված, նաեւ այլ գործոններով), որ կարող էին այդ ճանաչողության ընթացքը բերել։ Բայց՝ շատ կարդալով, պարբերաբար կարդալով։ Եվ կարծում եմ, որ գաղտնագրումները ոչ այնքան նրա համար են, որ բացահայտենք, նոր միայն հասկանանք Չարենցն ինչ է ասել, այլ հընթացս իմանալով՝ դարձնենք մեզ համար հուշող գործառույթ ունեցող տողեր, բայց ոչ երբեք ամենաէականը, որովհետեւ եթե կարդում ես, տեսնում «Գիրք ճանապարհի»-ի կառուցվածը, ինքնին ամեն ինչ պարզ է դառնում։

 

- Ձեր գրքի երկրորդ հոդվածը բացահայտում է Չարենցի ստեղծագործության ընթացքը, նրա վերաբերմունքը դեպի գիրքը։ Այս գնահատականը մեզ հուշում է, որ պետք է վերանայե՞նք նաեւ մեր վերաբերմունքը դեպի գիրքը։

 

- Գիրքը ոչ միայն ֆենոմեն է Չարենցի համար, այլ Չարենցն ուզում է, որ գիրքը ֆենոմեն լինի հասարակության համար, որովհետեւ գիրքը հասարակական բարիք է։ Բայց, անկեղծ ասած, այդ հոդվածը գրվել է ուրիշ նպատակով։ Գրականագիտական վերլուծություններում Չարենցի ստեղծագործական շրջափուլերի մասին տարբեր մոտեցումներ կան։ Ես առաջարկել եմ՝ կողմնորոշվել գիրք բառի չարենցյան կիրառությունների եւ գրքի հանդեպ Չարենցի վերաբերմունքով, որովհետեւ իմ հոդվածում էլ ակնհայտ ցույց է տրված, թե Չարենցն ինչպիսի զգուշությամբ է կիրառում գիրք բառը, տասնամյակներ շարունակ նա չի համարձակվել այն օգտագործել իր բանաստեղծություններում։ Դա ֆենոմեն է, նախկինում չի նկատվել... օգտագործել է բրոշյուր բառը, տետրակ, 20-ականների վերջին՝ երգ, քնար եւ այլն, տասնամյակներ իրեն կատարելագործել է, որ համարձակություն ունենա «Գիրք ճանապարհի» վերնագիր ունենալ։ Չարենցի փորձառությունը, կարծում եմ, պետք է ուսանելի լինի, բայց էլի կրկնեմ՝ հոդվածը գրվել է նախ եւ առաջ որոշակի ուղղորդումներ տալու Չարենցի ստեղծագործության շրջափուլային բաժանումներին։

 

- «Եղիշե Չարենցին վերագրվող մի բանաստեղծության մասին» հոդվածում փաստում եք, որ «Ինչ-որ հույս էր» սկսվածքով բանաստեղծության հեղինակը Վահրամ Ալազանն է եւ չպետք է տեղ գտնի Չարենցի երկերի հրատարակություններում։ Ձեր այս եզրահանգումը գրականագիտական շրջանակներում ի՞նչ արձագանք է գտել, հակադարձումներ եղե՞լ են կամ սպասելի՞ են։

 

- Բնականաբար, սպասելի են, որովհետեւ թվում է, թե իմ հոդվածում նշված յուրաքանչյուր փաստ անհերքելի իրողություն է, բայց ունի նաեւ վարկածային հատույթ։ Իհարկե, ես այդ բանաստեղծությունը գտել եմ Վահրամ Ալազանի արխիվում, դա վկայագրվում է նաեւ նրա կնոջ հուշագրության մեջ, բայց եւ՛ ժամանակն էր այնպիսին, եւ՛ այդ ժամանակում պահպանված տեքստերի բնույթն էր այնպիսին, որ կարող են, օրինակ՝ անհերքելի վարկածներ հայտնվել, որ իսկապես Չարենցն է գրել այդ բանաստեղծությունը։

Եղիշե Չարենցը Եղիշե Չարենցը

Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան

Դեռեւս եւ գրական, եւ բանավոր մակարդակով ես հակադարձումների չեմ հանդիպել, թեպետ հասցեատերերը այդ խնդրի երեքն են՝ գրականագետ Սեյրան Գրիգորյանը, որ շատ լավ ուսումնասիրել է այդ հարցը, մանավանդ որ այս ամբողջն իր հետազոտության հենքով եմ արել, մյուս հասցեատերը գրականագետ Դավիթ Գասպարյանն է, որը հրատարակել է այդ բանաստեղծությունը, եւ որից էլի արձագանք չեմ ստացել: Տեսնենք, թե Չարենցի անտիպների հրատարակության ժամանակ ինչպիսի դիրքորոշում կունենա: Եվ հասցեատեր է նաեւ Չարենցի ընտանիքը. Գոհար Չարենցը պնդեց, որ դա Չարենցի բանաստեղծությունն է, որովհետեւ այն թանգարանին հանձնել է այնպիսի մարդ, որի ասածի վրա իրենք բացարձակապես չեն կասկածում։ Բայց ձեռագիրը մի այնպիսի երեւույթ է, որ պետք է ենթարկվի եւ՛ ձեռագրագիտական վերլուծության, եւ՛ տեքստաբանական, եւ՛ գաղափարական, եւ՛ ոճական, ես ուզում եմ հույս հայտնել, որ իմ հոդվածը այս ճանապարհին կարեւոր կլինի այն առումով, որ Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունից առաջ վերջնականապես կճշգրտվի՝ Չարենցի՞նն է այն, թե՞ ոչ։ Եթե ինքը կօգնի, պարզել, որ Չարենցինն է, ես նույնքան ուրախ կլինեմ սխալվելու համար։

 

- Գիրքը մասնագիտակա՞ն շրջանակների, թե՞ պարզ ընթերցողի համար է։ Առանձնացրել եք նաեւ պետական գործիչներին։

 

- Իմ գրականագիտական ոճն այնպիսին է, որ հատկապես առաջին հոդվածը կարող է շատ լայն ընթերցման առարկա լինել, բայց անպայման «Գիրք Ճանապարհի»-ն կողքները դրած։ Ես այդ նկատառումով այս տարի հրատարակեցի «Գիրք ճանապարհի»-ի առաջին տարբերակը՝ անաղարտ տեսքով։ Շատ բաներում ընթերցողն ինքը կհամոզվի: Իսկ թե ինչո՞ւ է նախ եւ առաջ պետական, քաղաքական գործիչներին ուղղված, որովհետեւ այդ ուղերձներին նախ եւ առաջ իրենք պետք է տիրապետեն, եւ չեմ թաքցնի ու կասեմ, որ բազմիցս անհատական նամակագրությամբ, անհատական հանդիպումների ժամանակ ես այդ հոդվածը առաջարկել եմ ընթերցել իշխանության շատ ու շատ ներկայացուցիչների, պետական, քաղաքական տարբեր գործիչների։ Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն պետք է կարդալ հենց այդ ուղերձներով, որ վաղը մյուս օրը մենք մեր պետականաշինության ճանապարհին կրկին ու կրկին չսխալվենք։

 

- Ձեր առաջին հոդվածը ոչ միայն գրականագիտական, ենթադրում եմ՝ նաեւ քաղաքական դիսկուրսների պատճառ կարող է դառնալ։

 

- Առաջին հոդվածի մասով վերջերս մեղադրանք հնչեցվեց, որ ես դա ծառայեցնում եմ ներկա իշխանության քաղաքական նկրտումներին։ Ես ուզում եմ շատ կարեւոր բան ասել․ այդ հոդվածը որպես զեկուցում ընթերցվել է 2017-ի ապրիլի 27-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած Չարենցյան ընթերցումների ժամանակ, տպագրվել է նույն տարվա վերջին «Չարենցյան ընթերցումների» 10-րդ հատորում, նույն տարվա նոյեմբերին հրատարակվել է «Գրանիշ» կայքում։

 

2018-ի ապրիլից սկսվել են թավշյա հեղափոխության պրոցեսները, եւ այդ ընթացքում ես ընդհանրապես որեւէ ելույթով, վերաբերմունքով աչքի չեմ ընկել անգամ ֆեյսբուքյան տարածքում, մի անգամ միայն գրել եմ, որ այն, ինչ անում են այս պահին «Քայլ արա» շարժման մասնակիցները, շատ նման է նրան, ինչը Չարենցը ներկայացնում է իր «Տաղեր եւ խորհուրդներ-ի վարքականոնում։

 

Շատ մարդիկ ասում են՝ ո՞նց է այդքան բան համընկնում, ես էլ ասում եմ՝ դա նրանից է, որ Չարենցն ամեն ինչ գրել է ճիշտ եւ հեռագնա։

 

- Ծանոթագրություններում նախարարությունների քանակի մասին անդրադարձ կար։ Սա զուգադիպությո՞ւն է։

 

- Նախարարությունների քանակը նույնպես նախապես է գրվել։ Հոդվածի վրա ոչ մի բառ, ոչ մի տառ չի փոխվել։ Ապշել էի, երբ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում նախարարությունների թիվը հենց 12 դարձրին: Մտածեցի՝ գուցե իրո՞ք կարդում ու հասկանում են Չարենցի ուղերձները, գուցե կարդացե՞լ են իմ հոդվածը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին