Լեռնասար դարձած Հայաստանը. հայրենիքը վերաձեւակերպել է պետք - Mediamax.am

exclusive
3257 դիտում

Լեռնասար դարձած Հայաստանը. հայրենիքը վերաձեւակերպել է պետք


Վարդգես Պետրոսյանը
Վարդգես Պետրոսյանը

Լուսանկարը` անհայտ հեղինակ

Աշոտ Գաբրիելյանը
Աշոտ Գաբրիելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Վարդգես Պետրոսյանը
Վարդգես Պետրոսյանը

Լուսանկարը` անհայտ հեղինակ


- Այս հողի վրա մարդը սարսռում է դարերի ներկայությունից։

- Դարերը նաեւ բեռ են, դժվար է այդ բեռի տակ երիտասարդ մնալը։

 

Երկխոսությունը Վարդգես Պետրոսյանի «Մենավոր ընկուզենի» վիպակից (1981թ.) է։ Հազարամյա պատմություն ունեցող Լեռնասարում մնացել է 10-12 բնակիչ։  Սակայն ուսուցիչ Սահակ Կամսարյանն իր դստեր հետ ամեն կերպ փորձում է դիմակայել գյուղը տեղափոխելու որոշմանը։ «Դարակ» հրատարակչության գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի խոսքով՝ «Մենավոր ընկուզենին» վիպակում արծարծվող խնդիրներն այսօր, քան երբեւէ, արդիական են:

 

- Վարդգես Պետրոսյանի հերթական ստեղծագործությունն եք վերահրատարակում, հետաքրքրվածություն կա՞ ընթերցողի շրջանում։

 

- Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրվածությունը չի նահանջում: Կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ նա մշտապես արծարծում է դեռահասությանը եւ երիտասարդությանը վերաբերող խնդիրներ, իսկ այսօր հիմնական ընթերցողը հենց նրանք են: Հաջորդ` ավելի հիմնավոր պատճառն այն է, որ Վարդգես Պետրոսյանը, լինելով բարձրակարգ հրապարակախոս եւ լրագրող, ունի սուր դիտողականություն եւ կարողանում է նկատել հասարակության մեջ գլուխ բարձրացրած խնդիրների խոցելի կողմերը եւ գեղարվեստական հնարքներով արտահայտել դրանք, իսկ ընթերցողների մեծ մասը ցանկանում է առնչվել այն խնդիրներին, որոնք շրջապատում են իրեն: Կարծում եմ, որ Վարդգես Պետրոսյանը դեռ երկար ժամանակ կհուզի թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդին, քանի որ այն խնդիրները, որ նա բարձրաձայնում է, այսօր էլ կան:

 

- Ավելին՝ 1981-ին գրված այս վիպակը, թվում է, թե գրվել է այս օրերի համար։ Ի՞նչ եք կարծում՝ Լեռնասարը Հայաստա՞նն է։

 

- Խնդիրը ոչ միայն 1970-80-ականներին է վերաբերում, ոչ միայն բնորոշում է այս օրերը, այլ ամենը, ինչ պատմության ընթացքում հետապնդել է մեզ: Խորհրդային տարիներին բազմաթիվ նոր գյուղեր հիմնվեցին Հայաստանում, սակայն այդ գյուղերի շրջակայքում հայտնաբերվում էին նաեւ բազմաթիվ լքված բնակատեղիներ:

 

Պանդխտությունը, արտագաղթը մշտապես ուղեկցել են մեզ: Վկա մեր միջնադարյան անտունինները: Այս երեւույթի պատճառը ոչ միշտ է քաղաքական եղել, այն ավելի շատ ունեցել է սոցիալ-տնտեսական բաղադրիչ, եւ մենք անընդհատ զլացել ենք խնդիրն իր էությամբ ճանաչելուց ու լուծելուց: Ես չեմ կարող այսօրվա գյուղի երիտասարդությանը, զուտ հայրենասիրությունից դրդված, հորդորել, որ ապրի գյուղում, երբ կյանքի համար նվազագույն պայմաններ չկան:

 

- Գյուղն իր առասպելներն ունի, դրանցից մեկն այն մասին է, որ մի կրակոցի պատճառով գյուղի բնակիչները մեկ գիշերում առանց ետ նայելու, առանց դիմադրելու լքել են իրենց բնակավայր։ «Մարդիկ սարսափած էին ու հոգնած, հասկանալի է, թշնամին ուժեղ էր ու անողոք, բայց մեկ կրակոցո՜վ…»․ Կամսարյանի մտորումներն են։ Մեղադրա՞նք է, ափսոսա՞նք, զարմա՞նք…

 

- Պատմությունը ցույց է տվել ու դեռ տալիս է, որ մենք բազմիցս առանց մի կրակոց արձակելու լքել ենք մեր բնակավայրերը: Զիջել ենք հաճախ ոչ թե այն պահպանել չցանկանալու պատճառով, այլ հասկանալով, որ թույլ ենք, որ թշնամին ավելի ուժեղ է: Բազմաթիվ օրինակներ էլ կարող ենք բերել, որ թշնամուց հարյուրապատիկ փոքր ուժերով կարողացել ենք արժանի դիմադրություն կազմակերպել: Դիմադրելու կամք միշտ եղել է, սա չէ խնդիրը: Խնդիրն այն է, թե ինչպես հասնել ապահովության այն վիճակին, որ թեկուզ այդ մի կրակոցը չհնչի: Այսօր էլ, կարծում եմ, մեր սահմանամերձ գյուղերից շատերում այս առասպելը կարող է իրական լինել: Եվ իրական կարող է լինել անգամ առանց այդ մեկ կրակոցի:

 

- Ձեռքից ձեռք անցած գյուղը, սակայն, հակառակորդի պատճառով չէ, որ վերանում է քարտեզի երեսից։ «Որովհետեւ ճանապարհ չկար, ոչինչ չէր կառուցվում, իսկ երեխաները մեծանում էին, գործ էին ուզում։ Եվ սկսեցին երեմ-երամ գյուղից չվել նաեւ ջահելները…»։ Եվ հարցը է բարձրացվում՝ «իսկ դուք ի՞նչ արիք, որ այդ երամները չթողնեք թռչեն-գնան»։ Այս հարցը գալիս-հասնում է մեր օրեր...

 

- Տիպիկ այսօրվան բնորոշ իրավիճակ: Ես գյուղեր գիտեմ, որոնց գյուղապետերը կարճ ժամանակամիջոցում գյուղի տարածքում իրենց ու իրենց հարազատների համար շքեղ դղյակներ կառուցեցին, Երեւան քաղաքում անշարժ գույքի տիրացան, սակայն գյուղի գլխավոր ճանապարհը, որտեղով ամեն օր անցնում էին իրենց թանկարժեք մեքենաները, չասֆալտապատվեցին, չխնայեցին անգամ իրենց անվադողերը, որպեսզի մի հանրօգուտ գործ անեն: Այնինչ` այդ ավտոմեքենաների միայն անվադողերի գումարով կարելի էր գյուղի գրադարանը պահպանել ու համալրել ժամանակակից հրատարակություններով: Այո, այսօր էլ գյուղեր կան, որտեղ միջնադարը դեռեւս հաղթահարված չէ, գործում է տիրոջ եւ ծառայի չգրված օրենքը:

 

- Սարգիս Մնեյանը, ով թողել է գյուղը, 30 տարի անց վերադառնում է ու բարկանում՝ ինչպես թե գյուղը չկա, երբ ես այնտեղ եմ ծնվել-մեծացել։ Սիրակ Աղայանը լքել է շեն գյուղը, մահից հետո որդիները աճյունն ուզում են ամփոփել Լեռնասարում։ Գյուղը դիմադրում է։ Գիրքը ներկայացնում է դասական օրինակներ՝ հայրենիքը հեռվից սիրողների, վերջին հանգրվան ընկալողների։

 

- Չգիտեմ, ես իրավունք ունե՞մ մեղադրելու Սարգիս Մնեյաններին ու Սիրակ Աղայաններին, սակայն զգում եմ, որ մի օտար սեպ է խրվել իմ ու նրանց միջեւ: Երբեմն սոցիալական ցանցերում նկատել է դառնում, որ ամերիկաներում ու ռուսաստաններում ապրող հայազգի քաղաքացիները փորձում են մեզ ուղղորդել, տալ հայրենիքի փրկության բանաձեւը` երբեմն նաեւ այստեղ ապրողներիս վիրավորելով: Ես նրանց ոչ մի կերպ չեմ կարողանում մեկնաբանել: Թող ներվի ինձ ասել, բայց նրանք ավելի հաճախ ինձ համար գոյություն չունեմ:

Աշոտ Գաբրիելյանը Աշոտ Գաբրիելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Ինձ համար ավելի թանկ է այլազգի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն այս պետության համար բարիք է ստեղծում, քան այն հայազգի օտարերկրյա քաղաքացին, որը, բացի իր հայրենակիցներին վարկաբեկելուց, ոչինչ չի անում: Այո, շատերը ստիպված են հայտնվել օտար երկրում, սակայն շատ քչերն են նրանցից կարողանում սթափ գնահատել այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանում եւ Արցախում ապրողը:

 

- «Ես Երեւանը սիրում եմ աշխարհի չափ, բայց գլուխը շատ չի՞ մեծանում, գմբեթը կարո՞ղ է ավելի հսկա լինել, քան տաճարը, պատերը կդիմանա՞ն գմբեթի ծանրությանը, ինչքա՞ն կդիմանան… Լեռներն ափսոս են, դաշտավայրի հողն ափսոս է, ինչքա՞ն հող ունենք…»։ Դարձյալ մտորումներ, որոնց արձագանքը գալիս հասնում է մեր օրերը։

 

- Վերեւում մի ձեւակերպում էիք տվել` Լեռնասարը Հայաստա՞ն է: Ցավով պիտի նշեմ, որ այսօր Հայաստանի գյուղերի երիտասարդությունը ոչ թե մտածում է Երեւանում ապրելու մասին, այլ մեծամասամբ փորձում են արտագաղթել: Հիմա ամբողջ Հայաստանն է լքված գյուղի նմանվում: Երբ 1980 թվականին գրվում էր այս ստեղծագործությունը, Հայաստանի բնակչությունն արդեն հատել էր 3 միլիոնի սահմանը եւ շարունակում էր աճել:

Վարդգես Պետրոսյանը Վարդգես Պետրոսյանը

Լուսանկարը` անհայտ հեղինակ

Անցել են քառասուն եւ ավելի տարիներ, սակայն այսօր մենք ոչ միայն չենք աճել, այլեւ նվազել ենք: Ես շատ կուզեի, որ այսօր գյուղի երիտասարդությանը ձգտումը սահմանափակվեր գոնե Երեւանում ապրելու ցանկությամբ: Հարեւան երկրի առաջնորդն այսօր հոխորտում է, թե թույլ չպիտի տրվի, որ Հայաստանի բնակչությունը գերազանցի հինգ միլիոնը: Ես կուզեի, որ այդ հինգ միլիոնը գոնե մեզ համար իրատեսական լիներ:

 

- Կամարյանը որդուն ասում է՝ «Հայրենիքից կտրվեցիր… առարկան, որից քեզ քննում են, Հայրենիք է անունը…»։ Գուցե մենք կանգնել ենք ինչ-ինչ մարտահրավերների առաջ «Հայրենիք» առարկայից կտրվելո՞ւ պատճառով։ Դարձյալ մեջբերեմ Կամսարյանի հորդորը. «Ճյուղերով պիտի տեսնես աշխարհը, իսկ ճյուղերը արմատով են կենդանի»։

 

- Հայրենիքն ամեն օր կարիք ունի վերաձեւակերպվելու: Վերաձեւակերպողներն այսօրվա ապրողներս ենք: Հայրենիքը հզոր է լինում վերաձեւակերպողներով: Խորենացին, Թումանյանը, Աբովյանը եւ էլի շատերը եկան ու վերաձեւակերպեցին: Ասացին, թե ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ: Հայրենասիրությունը ոչ թե ավանդապաշտությունն է, այլ եղածի վրա նոր ավանդույթներ կառուցելու հմտությունը, իսկ այսօր մենք միայն եղածը փոշիացնում ենք, իբր պատեր ենք խորտակում, կլիշեներ վերացնում: Մենք հիմա միայն արժեզրկում ենք` ոչինչ չառաջարկելով կամ խլացնելով բոլոր առաջարկները:

 

- Վեպի ավարտում գյուղը չի փրկվում, բայց մենավոր ընկուզենու կենդանի առասպելը փոխանցվում է Սոնա Կամսարյանին…

 

- Մենք համառ ժողովուրդ ենք: Չարենցի ասած` այդ մենք ենք երեւի այն ուղտը հաստակող: Բայց եթե այսքան փորձություններից հետո էլ չխրատվենք, կգա մի օր, որ մեր համառությունն այլեւս մեզ չի օգնի, կմնան միայն առասպելները:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին