Նորայր Ադալյանի «Էմբրիոնը»՝ սիրո, օրենքի ու կյանքի մասին - Mediamax.am

exclusive
1625 դիտում

Նորայր Ադալյանի «Էմբրիոնը»՝ սիրո, օրենքի ու կյանքի մասին


Լուսանկարը` Նորայր Չիլինգարյան

Գրքի շապիկի նկարը՝ Րաֆֆի Ադալյանի
Գրքի շապիկի նկարը՝ Րաֆֆի Ադալյանի
Նորայր Ադալյանը
Նորայր Ադալյանը

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել արձակագիր, դրամատուրգ, գրականագետ Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուն։ Գրքում զետեղված է երեք վիպակ՝ «Էմբրիոն», «Արտույտ», «Տեսիլքը»։

 

- Պարոն Ադալյան, ինչպե՞ս է կազմվել «Էմբրիոն» ժողովածուն, ինչո՞ւ այս երեք վիպակները տեղ գտան Ձեր նոր գրքում։  

 

- Այս երեք վիպակներն իմ հաջողված գործերից են։ Երբ հրատարակչությունից ասացին, որ գիրք են ուզում տպագրել, ցանկացա, որ այս երեքը լինեն։ Նախ, որ դրանցից մեկը՝ հատկապես «Էմբրիոն» վիպակը, գրեթե ծանոթ չէ հայ ընթերցողին։

 

Վերջերս «Էմբրիոնը» հրատարակվել է Գերմանիայում։ «Տեսիլքը» մի քանի անգամ հրատարակվել է հայերեն, նաեւ գերմաներեն։ Էլի ինձ համար տիպական գործերից է։ «Արտույտ»-ը նվիրված է կնոջս։ Այն ցեղասպանապատում-ստեղծագործություն է, ցանկացա, որ այս թեման նույնպես գրքում տեղ ունենա։ «Էմբրիոն»-ը եւ «Տեսիլքը» իրենց ներքին բովանդակությամբ, մտազննումներով մի քիչ իրար շարունակում են, «Արտույտ»-ի թեման առանձնանում է։ Ցանկացա նաեւ, որ թեմատիկ բազմազանություն լինի գրքում։ Ուրախ եմ, շնորհակալ եմ «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը, որ տպագրել են։ Կարծում եմ՝ ընթերցողն այս գրքերը կարդալով՝ ինձ կսիրի։

 

- Արձակը վավերագրությո՞ւն է, ժամանակը երեւո՞ւմ է գործերում։ Ա՛յ, նշված գործերում մենք կարո՞ղ ենք տեսնել ժամանակը։

 

- Գեղարվեստական արձակը վավերագրություն չէ, բայց պետք է վավերագրական, կյանքային, ժամանակային նշաններ ունենա։ Ստեղծագործությունը պետք է նաեւ տեղեկատվություն տա ժամանակի եւ տարածության մասին (խոսքս արձակին է վերաբերվում, նաեւ դրամատուրգիային, պոեզիան մի քիչ ուրիշ է)։ Պետք է ինչ-ինչ նշաններով ցույց տա՝ ով եմ ես, որտեղ եմ ապրում, ինչ հույզեր ու մտածումներ ունեմ։ Դա պարտադիր է արձակի համար՝ լինի մոդեռն, արձակ, թե դասական։

 

- Խմբագրո՞ւմ եք Ձեր գործերը։ «էմբրիոն»-ում տեղ գտած վիպակները վերանայե՞լ եք հրատարակելիս։

 

- (Ծիծաղում է- հեղ.) Տպագրելուց հետո չեմ վերանայում։ Ավելին ասեմ՝ ես իմ ոչ մի գործը (գուցե մեկ երկու-բացառություն լինի) տպագրելուց հետո չեմ կարդում։ Հետաքրքիր չի, գիտե՞ս ինչու, որովհետեւ ավելի հետաքրքիր է նոր գործ գրելը։

 

- Ինչո՞ւ են առանձնացնում՝ ավագ գրող, երիտասարդ գրող։ Կարծում եք՝ ընթերցողը պետք է կռահի՞, թե գրողը որ տարիքում է գրել այս կամ այն գործը։

 

- Կարծում եմ՝ չէ, Պետրոս Դուրյանը պատանի էր, երբ կյանքից հեռացավ, բայց մեծ բանաստեղծ էր։ Հեղինակի տարիքի բերումով չպետք է վերաբերմունք մշակել գործի նկատմամբ։ Կարող է երիտասարդ հեղինակը ծերունական հույզեր ունենալ, ավագ գրողը՝ երիտասարդական մտքեր ու վերաբերմունք։ Ես, օրինակ, պատմվածք եմ գրել, երեկ եմ վերջացրել։ Տարիքով չի չափվում գործի լավ կամ վատ լինելը, այլ ըստ էության՝ լա՞վն է, թե՞ վատ։

 

- Դուք առանձնահատուկ վերաբերմունք ունեք գեղեցիկ կանանց նկատմամբ, ինչը նկատելի է նաեւ Ձեր գործերում։

 

- Շա՜տ, իմիջիայլոց ասեմ՝ հայ գրականությունը աղքատ է կին հերոսներով, կարդում ես հսկայական 300-400 էջանոց վեպ, մի կին չկա մեջը։ Ես դա թերություն եմ համարում։ Մարդկության պատկերը ե՛ւ կինն է, ե՛ւ տղամարդը միասին։ Ես գրեթե գործ չունեմ, հատկապես վերջին քսան տարիներին, որտեղ կին հերոս չլինի։ Կնոջը դիտում եմ ոչ միայն իբրեւ գոյության, գոյապահպանության կարեւոր արմատ, այլ իբրեւ գեղեցկություն։ Իմ վերջերս գրած պատմվածքում հերոսն ասում է՝ կինս տգեղ էր, բայց ես նրան գեղեցիկ էի տեսնում, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես...

 

- «Տեսիլքը» վիպակում Արամը/ Քրիստոսը մահապատժի ենթարկվեց, եւ «քաղաքում միայն մի կին գիտեր եւ Աստված, որ գնդակահարվածն անմեղ է»։ Այլ ելք հնարավո՞ր չէր։

 

- Մանեն՝ հերոսուհին, երկատված է, նրա մեջ բախում կա օրենքի, զգացմունքի, կյանքի ու երեւակայության։ Նա, ըստ էության, սիրում եւ արդարացնում է հանցագործին, բայց օրենքը նրան թույլ չի տալիս գնալ զգացմունքի հետեւից։ Հիմա, Մանեն երջանի՞կ է, թե՞ դժբախտ։ Ինձ թվում է՝ իբրեւ դատավոր երջանիկ է (որովհետեւ օրենքի ճշմարտությունը հաղթում է), իբրեւ կին՝ դժբախտ։

 

- «Քեզ սպասում է համամարդկային մենակությունը միլիոնավոր մարդկանց մեջ»։ «Այնպե՜ս չեմ ուզում կրկին դառնալ մրջնանոցի անդամ»։ Եթե Արամի մահապատժի համար ընթերցողը կարող է տխրել, Էմբրիոնի՝ մինչ ծնվելը ծնողներից հեռանալը կարծես արդարացված է («Էմբրիոն»)։

 

- «Էմբրիոնը» երեւի թե իմ ամենատարօրինակ գործն է։ Արդեն մի քանի ամիս է գերմաներեն այն կա, կարդում են, զարմանում եւ կապվում այդ գործի ու այդ գործի մթնոլորտի հետ։

Գրքի շապիկի նկարը՝ Րաֆֆի Ադալյանի Գրքի շապիկի նկարը՝ Րաֆֆի Ադալյանի

 

Կարող է թվալ, որ սա հոռետեսական գործ է, որովհետեւ Էմբրիոնը չի ուզում դառնալ մրջնանոցի անդամ ու հեռանում է։ Հեռանում է ո՞ւր, տիեզե՞րք, թե՞ որտեղ, չգիտեմ։ Բայց մի՞թե այս քայլն իր մեջ լույս չի պարունակում։ Ցանկանալ չլինել հանցագործ, ուրիշ թեմայով եթե լինի, ցանկանալ հեռանալ հանցագործությունից, արդեն լուսավոր մոտեցում է։

 

- Իսկ ինչպե՞ս է հաջողվում տխուր պատմությունը պատմել զվարթ, աշխույժ տոնայնությամբ։

 

- Բա ուրախություն չի՞, որ Էմբրիոնը սիրում է մոր կողքը նստած մի ուրիշ հղի կնոջ Էմբրիոնին։ Բա դա լուսավոր չի՞։ Հետո իմ մեջ կա բնական իրոնիա, նաեւ դա է արտահայտվում վիպակում։

 

- Այս գործերի հիմքում իրական պատմություններ կա՞ն։

 

- Ես իրականության պոչից երբեք չեմ բռնել, ինձ համար իրականությունը մի բան է, գրականությունը՝ մի ուրիշ բան։ Իհարկե, նման են, բայց նույնական չեն։ Գրական իրականությունը ստեղծում է գրողը, կերպարվեստի, երաժշտության իրականությունը ստեղծում են նկարիչները, կոմպոզիտորները։ Ես կարծում եմ, որ ընտիր, շատ լավ գեղարվեստական ստեղծագործություններն ավելի բարձր են, քան իրականությունը, եթե նրանց պայմանականորեն մի պահ մոռանանք, մի կողմ դնենք, իրականությունից, կյանքից շատ մեծ բան կպակասի։ Արվեստը պետք է ոչ թե ինքը ենթարկվի իրականությանը, այլ իրականությունը, կյանքը, մարդկանց բարձրացնի իր մակարդակին։

 

- «Էմբրիոն» ժողովածուն մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում։ Ի՞նչն է, որ հետաքրքիր է դարձնում գործը՝ լավ պատմությո՞ւնը, լեզո՞ւն, ո՞ճը։

 

- Շատ բան միասին։ Լեզուն շատ կարեւոր է, գրականությունը մի զգալի չափով լեզու է, բայց, իհարկե, կարեւոր են նաեւ սյուժեն, հերոսի ինքնությունը։ Թեեւ ինձ թվում է՝ ամենաանհետաքրքիր մարդուն, երբ լավ գրողը ներառում է գրականության մեջ, այդ մարդը դառնում է հետաքրքիր։ Դասական օրինակ բերեմ. գյուղացի Համբոն հասարակ, գյուղացի, խեղճ ու կրակ մարդ է, բայց Թումանյանի պատմվածքում շատ հետաքրքիր է։

 

- Ի՞նչն է գրավում դրսի ընթերցողին։

 

- Զարմանալի է, «Տեսիլքը» շատ հետաքրքրեց գերմանացի ընթերցողին։ Աղջիկներս այնտեղ են ապրում, նամակներ ստացան, կարծիքներ։ Հետաքրքրեց իր տարօրինակությամբ, հերոսուհու տարօրինակությամբ։ Կյանք եւ օրենք։ Հայտնի իրավաբանական արտահայտություն կա՝ Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի մեծ բարեկամս է։ Այս երկուսը բախվում են Մանեի մեջ ու դրանով նա դառնում է բավական հետաքրքիր ու լարված կերպար։

 

- Մի առիթով ասացիք, որ «Արտույտին» առանձնահատուկ եք վերաբերվում։ Հայրենիքի, հողի, Ցեղասպանության թեմա է արծարծում, դրա՞ համար, թե՞ այլ պատճառով։

 

- Այստեղ նեղ անձնական բան էլ կա, որ վերաբերում է կնոջս... Ես մի վեպ ունեմ՝ «Սեւ քառակուսի կարմիր անապատում», բացարձակապես, բոլոր տողերով Ցեղասպանության նկարագրություն է, «Արտույտ»-ը՝ նույնպես։ Հայրս բնիկ Երզնկացի էր, Ցեղասպանությունից մի կերպ փրկվել է, հասել Ռուսաստան, հետո Հայաստան։ Շատ պատմություններ է ինձ պատմել, իմ մեջ Ցեղասպանությունը ներկա է։ Մենք այսօր էլ ցեղասպանություն ենք ապրում։ Վկա են նաև վերջին տասնամյակները։ Ես չէի կարող չցանկանալ, որ «Արտույտը» հրատարակվի այս գրքում։

 

- «Նրա գլխում խճճվել էին բազմաթիվ հարցերի թելեր․ ո՞վ է «հայը»-ը, Մռթոն ինչո՞ւ է դավաճանում իր հայրենակիցներին, ի՞նչ բան է, ի վերջո, կոտորածը, ի՞նչ է դավաճանությունը... դավաճանին ինչպե՞ս են պատժում, թե՞ նա մնում է անպատիժ, ինչ է պատերազմը, ինչ է սերը...»։ Տասնապետ Նազիմի մտորումներն են, որ գնացել էր Մարիամին /Արտույտին/ սպանելու։ Այս հարցերը պատասխան ունե՞ն։

 

- Անպատասխան հարցեր են։ Ամեն մարդ կարող է իր պատասխանը տալ, բայց ասել, որ միանշանակ պատասխան ունեն՝ ոչ։ Այդ պատասխանը նաեւ տասնապետը չունի, նա էլ է տատանվում։ Ես ուզեցա, որ հայ դավաճանին թուրքը ոչնչացնի։

Նորայր Ադալյանը Նորայր Ադալյանը

 

Դավաճանությունը ամենազազրելի հանցագործությունն է, որ կա մարդկության մեջ, ավելի սարսափելի, քան մարդասպանությունը։ Վիպակի վերջում թուրքը ինչպե՞ս է սպանում Մռթոյին՝ թիկունքից։ Թիկունքից սպանելով՝ նա շարունակում է մնալ թուրք։

 

-Մարիամն ասում է՝ «Սպանիր։ Մենք նորից աշխարհ կուգանք։ Հողից կծնվենք․․․ ծաղկից, ամպրոպից, ջրից կծնվեք... Արարատից կծնվենք, Արարատն է՛լ հո չեք կարող սպանել»։ Մեր երկրի համար այս անորոշ ու ծանր շրջանում՝ մտավախություն չունե՞ք, որ չենք ծնվի, կվերջանանք։

 

- Չէ, ես այդ զգացողությունը չունեմ, երբ մտերիմ մարդկանց հետ զրուցում ենք, թե այս ինչ վիճակ է այսօր, անհուսություն է, ես ասում եմ՝ այդպես չէ,  «Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք»: Տարիներ առաջ կնոջս մայրը հիվանդանոցում էր, ես գնացել էի այցելության, դուրս եկա հիվանդանոցից, հանկարծ տեսա Համո Սահյանին։ Հարցրեցի՝ Համո Սահակովիչ, ինչի՞ ես եկել հիվանդանոց, ասաց՝ վատ եմ զգում, Նորայր ջան, հետո մի երկու խոսք փոխանակեցինք, ասացի՝ ինչքան վատ բաներ կան հիմա, մարդ հուսահատվում է։ Համո Սահյանը, որ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացավ, ասաց՝ Նորայր, ամեն ինչ լավ է լինելու, մի՛ հուսահատվիր։ Մահացող մարդը լավատես էր։ Միշտ նույնիսկ փակ թունելի հետեւում պետք է փորձել լույսը տեսնել։ Եթե կոնկրետ վերջին տարիներին, Արցախյան պատերազմին անդրադառնանք, մեր հազարամյա պատմության մեջ միշտ էլ եղել են սահմանային ողբերգական իրավիճակներ։ Թեեւ ցեղասպանական նկրտումներ կան մեր թշնամիների կողմից, բայց մենք դիմակայում ենք, գիտե՞ս ինչ, երբ քեզ ճնշում են, սեղմում են, փորձում են գետին տապալել, քո մեջ ուժեր է արթնանում դիմադրելու դրանց։

 

- Ի՞նչ հետք է թողնում գրական գործը ընթերցողի վրա։

 

- Անկեղծ ասած՝ վերջին 20-30 տարիներին ես արդեն չեմ մտածում, թե ինչ կմտածի ընթերցողը, ես մտածում եմ, օրինակ, ի՞նչ կմտածեր Պարույր Սեւակը, եթե ողջ լիներ ու կարդար։ Ես անհատների հետ եմ հաշվի նստում, մասսաների կարծիքն ինձ համար վաղուց արդեն ոչ մի նշանակություն չունի։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին