Բակինի «Ծառի որդին» եւ ամենամթին սեւեռումներում ուղեկցող լույսը - Mediamax.am

exclusive
1692 դիտում

Բակինի «Ծառի որդին» եւ ամենամթին սեւեռումներում ուղեկցող լույսը


Լուսանկարը` Ellie Louise

Վարդան Ֆերեշեթյանը
Վարդան Ֆերեշեթյանը

Լուսանկարը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիա


«Ակտուալ արվեստ մշակութային միությունը» Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ լույս է ընծայել Դմիտրի Բակինի «Ծառի որդին» ժողովածուն։

 

Բակինը 20-րդ դարակեսի ու 21-րդ դարասկզբի ամենահետաքրքիր հեղինակներից է։ Նրա գործերը հրատարակվել են Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում։ Նրան կոչում են «Ռուսական Քամյու», «Ռուսական Ֆոլքներ», համեմատում Պլատոնովի հետ։ 2017-ին Բակինը հետմահու արժանացել է Բունինի գրական մրցանակի։

 

Մեդիամաքսի զրուցակիցը Վարդան Ֆերեշեթյանն է։

 

- «Ծառի որդին» վիպակի հերոսը հանուն ընտանիքի հրաժարվում է ոտքի կանգնելու հնարավորությունից։ Ի՞նչ շերտեր ունի պատմվածքն ու նրա մետաֆորիկ վերնագիրը։  Ի՞նչ կասեք, առհասարակ, «Ծառի որդին» ժողովածուի մասին։

 

- Նախքան ժողովածուին եւ «Ծառի որդին» վիպակին անցնելը՝ համառոտ անդրադառնանք 1964 թվականին ծնված եւ 2015 թվականին երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո 51 տարեկանում մահացած այս գրքի հեղինակին։

 

Ի տարբերություն Էդո դարաշրջանի ճապոնացի արձակագիր Տակիձավա Օկիկունիի, որն իր հետաքրքրաշարժ եւ թեթեւասահ պատմություններն էր գրում ողջ կյանքի ընթացքում՝ լինելով առատագիր եւ հաջողակ մինչեւ օր ծերություն, եւ որի կեղծանունը (Կյոկուտեի Բակին), որպես տարանուն, դիտավորյալ, թե՞ պատահաբար, չենք կարող ասել, վերցրել է Դմիտրի Բակինը (որդին խորհրդային հանրաճանաչ լրագրող եւ հրապարակախոս Գենադի Բոչարովի), թե՛  իր ապրած կյանքով, թե՛ իր գրականությամբ հիշյալ Կյոկուտեի Բակինի հակոտնյան էր։

 

Ինչպես գրում է ռուս գրականագետ Վասիլի Շուբինսկին․«Նրա ճակատագիրը հավաքածու է պարադոքսների եւ հարցերի, որոնք պատասխան չունեն։ Ինչո՞ւ խորհրդային ընտրախավից ելած տղան, որդին միջազգային ճանաչում ստացած լրագրողի, որի տանը հյուրընկալվել էր, օրինակ, Մարկեսը, ընտրեց (պրոլետարական ճակատագիրը) բանակը, վարորդի աշխատանքը։ Որպեսզի ազատ գրե՞ր՝ լինելով անկա՞խ։ Բայց գրելը նրա գերնպատակը չէր, նա գրում էր ընդհատումներով, ըստ Տոլստոյի արտահայտության՝ «ինքն իրենից գաղտնի»։

 

Լինելով սակավագիր՝ Բակինին հաջողվեց տալ այն «քչի շատը», ինչը հաջողվում է միայն առաջնակարգ գրողներին։ Չորս փոքրիկ վիպակ, յոթ պատմվածք, «Ֆրենսիս Կրեյգ կամ սիրախաղ կախաղանի հետ» պատանեկան պատմական վիպակի ուրվագծերը, գլուխներ «Մահից դեպի ծնունդ» անավարտ վեպից, հոր 45-ամյակին 16 տարեկանում գրած մի անհանգ բանաստեղծություն, մի քանի նամակ բանակից, եւ ողջ կյանքում արված ընդամենը մի հարցազրույց, որին նույնիսկ ներկա չէր եղել, հարցերին պատասխանել էր գրավոր։ Ահա եւ ամենը, ինչ տեղ է գտել Լայպցիգում ռուսերեն հրատարակված Բակինի երկերի լիակատար ժողովածուում, որը եւ թարգմանվեց հայերեն։

 

«Ծառի որդին» վիպակը, որի վերնագիրը դարձավ Դմիտրի Բակինի հայերեն գրքի խորագիրը, եւ որով էլ հենց սկսվում է այն, հեղինակի ամենաբազմաշերտ, մետաֆորներով, սիմվոլներով, արքետիպերով եւ ենթատեքստերով հարուստ գործն է, որում նրան հաջողվել է, ինչպես Բրունո Շուլցն էր ասում իր հատվածական «Ողբերգական ազատությունը» խոհագրությունում. «Հայացք նետել վիթխարի, երկինք բռնող, առասպելի պատկերին եւ ընթերցել նրանում, գուշակել եւ կանխատեսել, թե ինչ է անրջվում այնտեղ, դեռեւս անուն չառած: Խնամքով կորզել արմատի հետ ամպի ծոցից, բառերի ուռկանում որսալ այն, որ առկայծում էր այդ թաքուցյալ լիցքերում, ազատ, հածող էներգիայում, եւ միաժամանակ չկտրել առասպելի պորտալարը, ժամանակից շուտ չառնել այն որոշակի, խիստ կառուցաձեւի մեջ: Չէ՞ որ առասպելի հատակը անշուշտ պիտի գնա առ անհասկանալին, անբառելին, առասպելը, որպեսզի ողջ մնա, պիտի բնավորվի ակունքներում, որ անհասանելի են հայացքին»: Բակինն այստեղ զորել է տեսնել եւ պատկերել արմատներով հողի ակունքների մեջ խրված եւ բազմաճյուղ երկինք միտվող ծառի եւ իր խեղված հերոսի անշարժությունն ու հարահոս ժամանակի գետի հակադրությունն ու կապը, իրականության եւ առասպելի, կենդանի եւ մեռյալի միջեւ, հացի պես բարկ հրի վրա «թխվող աշխարհը»։

Վարդան Ֆերեշեթյանը Վարդան Ֆերեշեթյանը

Լուսանկարը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Ահա մեջբերենք հենց սկիզբը․«Առաջինը ծնվեց առաջինը, երկրորդը ծնվեց երկրորդը, երրորդը ծնվեց մեռած։ Այդպես ես ուզում եմ սկսել պատմությունն իմ մասին։

Քսանվեց ձմեռ ու ամառ, օրըստօրե, եթե տեղատարափ անձրեւ չի գալիս կամ ձյունամրրիկ չէ՝ ունակ ինձ ծածկելու ոչ պակաս, քան մի ժամում, ինչպես բլուր, ինձ դուրս են բերում, ճկուն ուռենու շիվերից հյուսված ճոճաթոռով, եւ թողնում են նստել մինչեւ հաջորդող հացկերույթը։ Եվ մաշկն իմ, ինչպես զգայող, շոշափող ջահել կեղեւ, զգում է օդային օվկիանոսի տեղատվություններն ու մակընթացությունները, տապի ճնշումն ու զովության բերկրանքը, անկշիռ փոշին ու թեւավոր միջատների կետային ծանրությունը, զգում է ու գիտի մրջյունների բարալիկ տրորված արահետները, իմ աչքերը կորացնող, ինչպես գիշատիչ ծաղիկները, դիմադրում է կեղեւակերների համառ ճնշմանը։

 

Ես ասես աճում եմ հողից, եւ իմ մեջ ողջ է անցյալի բազմադեմ ազդեցությունը։ Բայց անցյալն այդ սահմանափակված է իմ հիշողության հատակով, հատակով՝ անբացատրելի խորը, հենց այնտեղ է կենում վաղեմիությամբ պղտորված մեր բնակավայրի ստեղծման պատմությունը՝ հիմք դառնալով իրադարձությունների բուրգի համար»։ Շատ չերկարացնելու համար ասեմ, որ, եթե երբեւէ Դմիտրի Բակինին նվիրված մենագրություն գրվի, ապա թերեւս ամենածավալուն տեղը պետք է հատկացվի հենց այս ստեղծագործությանը։

 

- Բակինը գրում է ապրելու դժվարությա՞ն մասին, թե՞ այն լույսի, որ հանդիպում է այդ ճանապարհին կամ ճանապարհի վերջում։

 

- Դմիտրի Բակինը, ինչպես ամեն մի ճշմարիտ գրող, մասինից դուրս եւ զերծ է։ Չէ՞ որ, ինչ էլ գրելիս լինես, ինչին էլ որ միտքդ ու հայացքդ դիպչի, յուրատեսակ ինքնակենսագրություն է ստացվում։ Ինչպես ասում էր Թոմաս Վուլֆն իր հանճարեղ «Ետ նայիր տանդ, հրեշտակ» վեպի առաջաբանում․ «Գեղարվեստական գրականության մեջ կատարված բոլոր լուրջ գործերն ինքնակենսագրական են։ Կա՞ արդյոք ավելի ինքնակենսագրական գիրք, քան «Գուլիվերի ճանապարհորդությունները»:

 

Ինչ վերաբերում է լույսին, ապա այն ի սկզբանե ուղեկցում էր Բակինին նույնիսկ իր ամենամթին սեւեռումներում։ Այն լույսը, որն այնքան թաքնատեսորեն է բնութագրել մեր Վարուժանը․

 

Ան ամենուն զինքը կուտա, ամենուն,

 Կը բաժնըվի, եւ կը մընա անբաժան…

 

- «Ստի պահապանը» պատմություն է խելակորույս մարդու մասին, որը չի հաշտվում կորստին։ Նմանատիպ էլի պատմությունների կարող ենք հանդիպել գրականության մեջ ու կյանքում։ Բայց Բակինի հերոսն ասես ստիպում է ընթերցողին համաձայնել, որ «մահը մանրէ է իր հավատի առաջ»։

 

- Կորստյան հետ չհաշտվելու պատմություններն անհամար են թե՛ կյանքում, թե՛ գրականության մեջ՝ «Գիլգամեշի» «անմահության ծաղիկը» կլլող օձից սկսած մինչեւ մեր օրերը։ Եվ դրանց մեջ խորանալը մեզ շատ հեռու կտանի։

 

Կոնկրետ «Ստի պահապանը». խելակորույս մարդու պատմություն լինելուց զատ՝ նաեւ պատմություն է, որում առկա է հենց կյանքում մահվան ներկայությունը, որպես լայթմոտիվ, որն ընդմիջարկվում է չորս տարբեր գործող անձանց աշխարհների փոխներթափանցումներով՝ Կոժուխինի, նրա մայր Ալլա Սերգեւնայի, Իրենայի՝ Կոժուխինի մահացած կնոջ քրոջ եւ նոտարի, եւ իրադարձությունների կարգաբերված, օբյեկտիվ նկարագրությունները փոխներթափանցում են միմյանց հյուսվող չորս գործող անձանց սուբյեկտիվ հայացքներով ու միմյանց ժխտող ու լրացնող կերպարներով, որոնք անընդհատ ուղեկցվում են ժամանակից դուրս ապրող հերոսի մենախոսություններով։ Պատումի ընթացքը ցուցանում է Բակինին ներհատուկ գոյության ծակոտկենությունն ու անորսալիությունը, իրականի եւ անիրականի սերտ միաձուլումը, Կոժուխինի գիշերաթիթեռի պես անհաստատ ու առկայծող գոյությունը եւ նրա սարսափազդու անսասան հավատն առ անհավատալին։

 

Բակինն ասես դիտավորյալ տարբեր ձայներով է պատմում իր պատմությունը, կարծես չթույլատրելով կամ չկամենալով լսելի եւ առավել եւս տեսանելի դարձնել այդ բազմաձայնությունը միավորող իր սեփական ձայնը։

 

- «Մահից դեպի ծնունդ» վեպն անավարտ է, որովհետեւ Բակինը դժվարանո՞ւմ էր գրել, թե՞ չհասցրեց ավարտել։ Գրականագետներն անարձագանք չեն թողել նրա պատմվածքները, իսկ ի՞նչ գնահատական են տալիս վեպին։  Թե՞ դժվար է որոշակի բան ասել «անավարտ կտավի» մասին։

 

- Ինչ-որ մի պահ նա պարտքով փող վերցրեց (այսինքն՝ տարիների անդադար եւ ազնիվ աշխատավոր կյանքից եւ զրկանքներից հետո) եւ նստեց վեպ գրելու, որն այդպես էլ լրման չհասցրեց, գուցե եւ հիվանդության պատճառով, իսկ գուցե նաեւ այն պատճառով, որ, ինչպես ինքն էր ասում իր միակ հարցազրույցում.«Ավելի արժեքավոր է այն, ինչն ավելի լավ է գրված։ Անշուշտ, կան պատմվածքներ, որոնք գերազանցում են շատ ու շատ վեպերի։ Դրա օրինակն է՝ Յուրի Կազակովի ստեղծագործությունը։ Ինձ համար ավելի դժվար է վեպ գրելը։ Այն ժամանակից ի վեր, ինչ սկսել եմ այդ անել, ավելի ու ավելի հաճախ եմ կարծում, որ դա իմ ժանրը չէ։ Երբեմն հասնում է այն բանին, որ թվում է՝ զբաղվում եմ թղթի վրա ներքին օրգանների փոխպատվաստմամբ։ Այդժամ ինչ-որ ժամանակ դադարում եմ գրելուց։ Եվ դա այն դեպքում, որ մտահղացումը հասունացած է պատկերանում, բավական պարզ։ Երեւի, իմ ժանրն այդուհանդերձ պատմվածքն է։ Իսկ գուցե, բանն այն է, որ ինը տարի ես ընդհանրապես ոչինչ չեմ գրել»։

 

Վեպի պահպանված երեք գլուխները վկայում են Բակինի գրականության մեջ ինչ-որ նոր կառնավալային տրամադրության ծագման մասին՝ կապված իր իսկ մանկական հիշողությունների, վաղ հասունացած տղայի պատկերացումների եւ երազների, տագնապի եւ ֆանտազիաների հետ, եւ որոնցում առկա է նաեւ իր իսկ «Անծանոթ ինքնակենսագրություն»-ը եւ դրան մշտապես ուղեկցող «անհուսալի հանդարտավետությունը»։ Այն արժանացավ մի քանի խորաթափանց գրականագետների ուշադրությանը եւ անավարտ մնալու ափսոսանքին։

 

- Նրան նմանեցնում են Ֆոլքներին, Կաֆկային, Պլատոնովին։ Իսկ ի՞նչն է որ առանձնացնում է Բակինին առհասարակ։

 

- Բոլոր այդ համեմատությունները որքան որ ճիշտ են, նույնքան էլ թերի եւ սխալ են։ Թերի եւ սխալ են այն առումով, որ յուրաքանչյուր իսկական գրող առանձին եւ ամբողջական աշխարհ է, եւ ճիշտ են, թերեւս միայն այն բանով, որ բոլոր այդ նշյալ գրողները, ինչպես եւ Բակինը, նման են լոկ իրենց աննմանությամբ։

 

- Ասում է. «Գրել՝ նշանակում է գնալ քո կերպարների ուղիով: «Իմ կյանքը, երեւի թե, չէի նկարագրի»։ Կա՞ն գործեր, որտեղ ակնհայտ է հեղինակի ներկայությունը։ Թեկուզ իր այդ խորհրդավորությունը, ինքն իրեն չբացահայտելը: Նրա կերպարներն ու պատմություններն էլ այդպիսին են՝ խորհրդավոր, իրական ու կտրված իրականությունից։

 

- Քո կերպարների ուղիով գնալը, երեւի թե, շատ դիպուկ բնութագիր է։ Որովհետեւ, որքան որ դու ես քո կերպարները ստեղծում, այնքան էլ,  գուցե եւ ավելի, նրանք են քեզ ստեղծում եւ առավել լիացնում։ «Իմ կյանքը, երեւի թե, չէի նկարագրի» ասելով, Բակինը, կարծում եմ, նկատի ունի ընդամենը վավերագրականությունը։ Այլապես, ինչ էլ որ անես, ինչ էլ որ գրես, միեւնույն է յուրատեսակ ինքներգություն է ստացվում, ինչը որ ստիպեց նույնիսկ «ամենաօբյեկտիվ» կամ գոնե դրան ձգտող գրող Ֆլոբերին ասել․«Մադամ Բովարին՝ ես եմ»։

 

- Հիվանդանոցի սանիտար, զինվոր, վարորդ: «Լագոֆտալմ» պատմվածքի հրապարակումից հետո շատ բան փոխվում է գրականության մեջ եւ կյանքում, նրա յուրաքանչյուր նոր պատմվածքը իրադարձություն է դառնում, բայց ինքը շարունակում է վարորդ աշխատել (դիտարկումը «Բակինի ծագումը» հուշագրությունից է)։ Դա ընտրությո՞ւն է, թե՞ հարկադրված էր, գուցե գրականությամբ ապրելն իրատեսակա՞ն չէր։

 

- Ռուս նոր գրականության մեջ, թերեւս դժվար գտնենք մի հեղինակի, որ ավելի ներփակ էր ապրում, քան Բակինը, բայց եւ որն անմիջապես նկատվեց, եւ նույնիսկ թարգմանվեց ֆրանսերեն, որի պատմվածքների առաջին ժողովածուն, ռուսերենից էլ առաջ, տպագրեց «Գալիմար» հրատարակչությունը, դե իսկ հետո նա թարգմանվեց, տպագրվեց նաեւ բազում այլ լեզուներով, այդ թվում եւ ճապոներեն։

 

Իսկ վարորդ աշխատելն իր համար ռուսական գրական աշխարհից, ինչպես նաեւ դրա հետ կապված բամբասանքներից, մրցակցությունից եւ խարդավանքներից հեռու մնալու եւ ընտանիքի մասին հոգ տանելու իր որոշումն էր։ Իսկ գրականությամբ ապրելու խնդիր նա չէր էլ դնում, քանի որ գրում էր միայն այն ժամանակ, երբ չէր կարողանում չգրել։

 

- Նրա կենսակերպն անվանել են «գրական ինքնասպանություն»։ Բայց գուցե հակառակ դեպքում նա չգրե՞ր այն, ինչ գրել է։ Երբ հարցնում են՝ սերտ ներկայությունը մասնագիտական խմբակցության ներսում օգնո՞ւմ է գրելուն, պատասխանում է՝ գրելուն կարող են օգնել ծխախոտը, ձմեռը,  ձյունը։

 

- «Գրական ինքնասպանություն» ձեւակերպումը պատկանում է ֆրանսիացի գրականագետներից մեկին, որը, ծանոթանալով նրա կենսագրությանն ու ապրելակերպին,  հիանալով նրա ստեղծագործություններով, ավաղելի էր համարում նրա քչագրությունը։ Չնայած, ըստ իս, քչագրությունը կենսպայմանների հետ այնքան էլ կապ չունի։

 

- Ինչպես հարկն է գնահատվա՞ծ է Բակինը եւ ի՞նչ կտա «Ծառի որդին» հայ ընթերցողին։

 

- Ընթերցողների փոխարեն չեմ կարող պատասխանել, թե ինչ կտա Բակինը նրանց։ Կարծում եմ՝ ինչպես եւ ամեն մի լավ գրող՝ շատ բան։ Եվ, ինչպես արդեն ասացի, նրան ի սկզբանե էլ գնահատել են այն քչերը, որոնք տեսել են նրա ամեն մի պարբերությունում ճշմարիտ գրողի, եւ որոնք բնականաբար հասկացել են նաեւ, որ Բակինը, լինելով քչագիր եւ դժվարագիր, նաեւ դժվարըմբռնելի գրող, երբեք էլ լայն արձագանքի չի արժանանալու։

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին:

 

- Կարող եմ ասել միայն, որ ինչպես ամեն մի լավ գիրք թարգմանելիս, եւ մանավանդ այն ավարտին հասցնելուց հետո, բոլոր դժվարություններն ու խութերը հաղթահարվում եւ մոռացվում են եւ մնում է միայն համաստեղծագործության հրճվանքն ու հիացմունքը մեր լեզվի անսպառ հնարավորություններից։

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին