Հրանտ Մաթեւոսյանի ջղուտ արձակն ու մաքառման խորհուրդը - Mediamax.am

exclusive
2960 դիտում

Հրանտ Մաթեւոսյանի ջղուտ արձակն ու մաքառման խորհուրդը


Դավիթ Մաթեւոսյանը
Դավիթ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Անատոլի Ստեպանենկո

Դավիթ Մաթեւոսյանը
Դավիթ Մաթեւոսյանը

Լուսանկարը` ONE SHOT Film Festival

Համո Մաթեւոսյանը Ուիլյամ Սարոյանը, Հրանտ Մաթեւոսյանը
Համո Մաթեւոսյանը Ուիլյամ Սարոյանը, Հրանտ Մաթեւոսյանը
Շապիկի ձեւավորումը եւ նկարազարդումը` Դավիթ Ներկարարյանի
Շապիկի ձեւավորումը եւ նկարազարդումը` Դավիթ Ներկարարյանի

«Դարակ» հրատարակչությունը եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը լույս են ընծայել Հրանտ Մաթեւոսյանի «Երկրի ջիղը» քառագրությունը, որտեղ ընդգրկված են «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արեւ», «Ծառերը» եւ «Եզրով» ստեղծագործությունները։ Գիրքը կազմել է գրողի եղբայրը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Համո Մաթեւոսյանը։

 

- Ընտրվել է չորս գործ, եթե ինձ մնար, թույլատրելի սահմանները անցնելով (ծավալի մասին է խոսքը) կավելացնեի «Մեռելալույսը», Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Համո Մաթեւոսյանը։

 

- «Մեռելալույսը» «Եզրովի» անբաժանելի բաղադրիչ է, չէր կարելի առանձնացնել, մինչեւ անգամ իմ համառությունն էր, որ «Եզրովն» էլ ընդգրկվեց այս չորս գործերի մեջ։ Նպատակադրում կա էլի հրատարակելու, ես կհամառեմ եւ իմ ձեռքով կկազմեմ հատկապես այն գործերը, որոնք ընկալվում են որպես մենախոսություն. գործողությունները ծավալվում են հերոսի խոսքով՝ առաջին դեմքով, բայց բովանդակությամբ՝ երրորդ դեմքով։ Մենախոսության մեջ ներառված են երկխոսություններ, գրականագիտական տերմիններ չեմ սիրում, բայց ասեմ՝ երկխոսայնացված մենախոսություն է ամբողջը։ Դա մի հանճարեղ գյուտ է, ստեղծագործական նոր հատկանիշ, եւ կարծեմ դրա նմանը մեր գրականության մեջ իսկապես հազվադեպ է։

 

 - Գրքի առաջաբանում ասում եք, որ «Նանան…» գրվել է 1963-ին, սկիզբն է ու շատ բան է տվել «Երկրի ջիղ»-ին (1966-1972) ու «Ծառեր»-ին (1975): Իբրեւ առանձին միավոր ինչպիսի՞ն է «Նանա...»-ն։

 

- Դա արդեն ոչ թե ինչ-որ բան պակաս թողած է, այլ լիարյուն գործ, լիարժեք գործ։ Բայց այսպիսի բան կա. կարելի է նույն երեւույթին նայել չորս կողմից, հինգ կողմից, տասը կողմից։ Ամեն տեղ հասցեն նույնն է, հայացքն է տարբեր։ Այնպես որ «Նանա...»-ի թեման՝ այդ տոհմի կենսապատումը, կենսագրությունը, անսպառ է, եւ բոլոր կողմերից հեղինակը կարծեմ այդ դժվարին քայլն արել է։

 

- Նոր կառուցված կամուրջը Դեբեդը հեղեղել-քանդել էր, 700 տարվա կառույցը կանգուն էր մնացել։ Ինչո՞ւ է քանդվում նորը։

 

- Ասում է, թե գետը քանդեց նոր կառույցը եւ մատնեց, բացահայտեց ցեմենտի գողությունը։ Շատ լավ նախադասություն է, բայց Հրանտ Մաթեւոսյանի խոսքը ոչ թե շինարարների անազնվության, հանցագործության բացահայտման մասին է, այլ այդ ցեղի մեջ սիրո պակասության։ Դառնություն են ավելի շատ իրար պատճառում, իրար քրքրում են եւ դառնության այդ պաշարը սիրո համար տեղ չի թողնում։ Խոսքը այդ մասին է։

 

- Եվ արդիական է այսօր։

 

- Եվ վաղն էլ է արդիական, միշտ է արդիական։ Մակերեսային ընթերցողը շատ հանգիստ կարող է մեկնաբանել՝ Հրանտ Մաթեւոսյանը գրում է անցյալի մասին, այսինքն՝ իր պապերի, իր մեծ ու փոքր հորեղբայրների, իր ժամանակների մասին է գրում եւ իր մանկությունից է ամեն ինչ գալիս, մինչդեռ այդ ժամանակներն անցնել են, ցավալիորեն անցել են, կամ եթե դառը անցյալ է, բարեբախտորեն են անցել։ Բայց այստեղ ոչ ցավագին ապրումներ կան, ոչ էլ բարեբախտություն կա, դրանք պայմանական են, խոսքն այն ժամանակների մասին է, որ փորձում էր մարդուն. մարդը կարո՞ղ է ապրել, մարդը կարո՞ղ է հաղթահարել, թե՞ կճխլվի այդ դժվարության տակ։

Շապիկի ձեւավորումը եւ նկարազարդումը` Դավիթ Ներկարարյանի Շապիկի ձեւավորումը եւ նկարազարդումը` Դավիթ Ներկարարյանի

 

Մեր գրականության մեջ քիչ չեն այդպիսի ժամանակները, երբ մարդուն փորձելու մեծագույն կռվանը հենց ժամանակ է։ Փառք Աստծո, որ հայ մարդը կարողացավ մաքառել ժամանակների դժվարին փորձությունների առաջ։ Դա իմ համոզումն է, եւ կարծեմ սխալ չի, մեր լավագույն գրականագետներից մեկը, ով հենց այդպես էլ վերնագրել էր իր հոդվածը՝ «Մաքառման խորհուրդը»։

 

- Մաթեւոսյանի գրականության մեջ տեսնո՞ւմ ենք 44-օրյա պատերազմի հետագիծը, կայի՞ն կանխատեսումներ այսօրվա մասին։

 

- Հրանտ Մաթեւոսյանի վերջին հարցազրույցները համահունչ են ավերիչ տնաքանդ 44-օրյային եւ Աստված ոչ անի, գալիք բոլոր ավերածություններին։ Եթե մեր թշնամին մեր ներսում չլինի, ապաշնորհը, դավաճանը, չկամը, մեր դժվարությունից փախս տվողը մեր մեջ չլինի, թուրքը չէ, բոլոր թուրքերը չեն կարող մեզ ավերել։

 

Դժբախտությունը մեր մեջ որոնենք։ Էլի կարող եմ գրողների վկայակոչել, որ այդ մոլորեցնող հարցի պատասխանը որոնում են ամենուր եւ գտնում են դարձյալ մեր մեջ, օրինակ՝ Աղասի Այվազյանը: Դարերի խորքը պեղելով, օտար հեռուները չափելով՝ նա կարծես թե հայտնաբերում է՝ մեր ժողովուրդն ինչո՞ւ է էսպես տեղահանված. որքան էլ հեռու գնա, ամեն ինչի պատճառը իր մեջ է, բայց հետո էլ ինքն իրեն հերքում է՝ հարյուրավոր տարիներ իմ ժողովուրդը մաքառում է ի՞ր դեմ։ Իհարկե՝ ոչ։ Երևի, աշխարհի շատ ժողովուրդներ ունեն իրենց դաժան հակառակորդը, իրենց թուրքը, բայց ոչ մեկը թուրքի պես անագորույն հակառակորդ չունի...

 

- Առաջաբանում գրում եք. «Ամենքս ու ամենքն են կարդալու, որ հիմնավոր հասկացվի՝ ինչու է ասվում՝ կյանքը մի անգամ է լինում, ու պիտի կենտրոնում լինել»: Շա՞տ ենք հեռացել կենտրոնից։

 

- Իսկապես այդ խոսքը ինձ շատ է մտածել տվել եւ մի քիչ հեգնաժպիտ է առաջացնում։ Հեշտ ընթերցողը կարող է ասել, թե ունեցվածքների, կարողությունների ծավալման կենտրոնում լինելն է, բայց դա ինքնախաբեություն է։ Հրանտ Մաթեւոսյանի խոսքն այդ մասին չէ, այլ կենտրոնում լինել, այսինքն՝ կյանք արարել, կյանքը լիարյուն սիրել, լիարյուն զգալ, ոչ թե եղած կյանքի մեջ ներխուժել եւ գնալ կենտրոնները զավթել։ Թե չէ` կերպարներից շատերը կձգտեին միշտ լինել հավաքատեղիներում, ամբոխի, ուշադրության կենտրոնում եւ այլն։ Այո, շատ ենք հեռացել այդ ամենից։ Չե՞ք նկատում փախս տվողներին, որ դժվարությունից փախս են տալիս միայն իրենց գլուխը պահելու համար, նրանց բավարարվում է միայն իրենց համար լինելը, կյանքին շահ չտալը։ Պատահակա՞ն է ասում՝ դու այս երկրին մի լավաշ հացի օգուտ տված կա՞ս... Ծանր եւ դատապարտող հարց է, չէ՞։ Ուրեմն՝ կյանքի կենտրոնում լինել, որ երկրին քո կարողության չափով մի բան տաս։

 

- Ի՞նչ կտա գիրքը այսօրվա ընթերցողին։

 

- Գալով այսօրվա ընթերցողին՝ խնդրանքս պարտադրանքի ձեւով ասեմ՝ չընկալել այս ստեղծագործությունները որպես անցած կյանքի նկարագրություն։ Դա նկարագրություն չէ, դա այն պատումն է, այն ջղուտ արձակն է, որ ստիպում է մարդուն, սովորեցնում է մարդուն, առաջարկում է մարդուն նայել կյանքին ճշմարիտ հայացքով։ Զրույցը կարելի է երկարացնել, բայց արձակի մասին լավագույն մտածելու ձեւը ընթերցելն է եւ խոհուն ընթերցելը, իսկ ավելի լավ զգալու ձեւը՝ դրա մասի լուռ մենության մեջ գրել։ Գրելը մտածել է տալիս, դրանք մտածելու ստեղծագործություններ են, ոչ թե հենց այնպես նայելու։

Համո Մաթեւոսյանը Ուիլյամ Սարոյանը, Հրանտ Մաթեւոսյանը Համո Մաթեւոսյանը Ուիլյամ Սարոյանը, Հրանտ Մաթեւոսյանը

 

«Դրեց դարակի մեջ ու ասաց՝ սա կտպագրվի իմ մահից հետո»

 

Գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն, կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշեց, որ նպատակ են ունեցել նորովի հրատարակելու Մաթեւոսյանի ստեղծագործությունները, երբ «Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանն ասել է, որ ուզում են տարբեր գրողների գործերի՝ ընթերցողին ավելի հասանելի տարբերակներ հրատարակել, եւ առաջարկ է արել Մաթեւոսյանի վերաբերյալ։ «Երկրի ջիղը» թեեւ այնքան էլ «գրպանի» չի ստացվել, բայց քանի որ հայեցակարգային առումով հետաքրքիր է, եկել են ընդհանուր հայտարարի։ Դավիթ Մաթեւոսյանը նշեց նաև, որ հիմնադրամն էլի հրատարակչական մտադրություններ ունի, առաջիկա տարիներին, եթե ոչ այս տարի, կլինեն այսպիսի տարբերակներ։

 

- Ինչո՞ւ «Երկրի ջիղը»։ Եվ ի՞նչ սկզբունքով է կազմվել ժողովածուն։

 

- Մի անգամ մի հարցազրույցում Մաթեւոսյանին հարցնում են՝ ո՞րն է Ձեր գրականության առավելությունը, ի՞նչն էիք ուզում փոխել աշխարհում, պատասխանում է՝ ուզում էի Հայոց երկրի համար ավետարան գրել: Գրավոր խոսքում դա չի երեւում, բայց կիսահեգնական պատասխան է։ Հասկանալի է, որ ավետարան գրելու մասշտաբայնությունը, համարձակությունը մի փոքր այլ է, բայց, ի վերջո, նրա ամբողջ պատումը, որ վերաբերում է Ծմակուտ կամ Անտառամեջ պայմանական միջավայրին, ասք է։ Այս առումով՝ այն դասակարգումը, տեսակավորումը որ բանասեր-գրականագետները փորձում են կիրառել Մաթեւոսյանի ստեղծագործության հանդեպ, անհրաժեշտ է նաեւ ինչ-որ ձեւով ընթերցողին հասցնել։ Դա հնարավորություն կտա նորովի ընկալելու եւ մուտք գործելու Մաթեւոսյանի աշխարհ։

Դավիթ Մաթեւոսյանը Դավիթ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Անատոլի Ստեպանենկո

Ինչո՞ւ «Երկրի ջիղը»։ «Աշնան արեւ» ստեղծագործությունը ի սկզբանե նախատեսված էր հրատարակել որպես «Երկրի ջիղը», առաջին, ամսագրային տարբերակով հրատարակվել է այդպես։ Եվ, քանի որ նոր ընթերցողին դա քիչ է հայտնի, կարող էր մոռացվել, պետք էր վերադառնալ դրան։ Երկրի ջիղը, այսինքն՝ այն նյարդը, այն մկանը, այն ջիղը եւ ճիգը՝ աշխարհը ամբողջականացնելու, երկիրը գեղեցկացնելու կռիվը տալու, որ, օրինակ, Աղունի ստեղծարար այրան մեջ, տեսակի արյան մեջ կա։

 

- «Աշնան արեւ», «Ծառերը» Մաթեւոսյանի առավել հայտնի գործերից են, «Եզրովը» տեղ էր գտել Մաթեւոսյանի «Անտիպներում» (2017, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամ)։ «Նանա իշխանուհու կամուրջը» գրողն ինքը չէր ցանկանում հրատարակել։ Ինչո՞վ է դա բացատրվում։

 

- Շատ պարզ պատճառով. գիրքը մի քանի անգամ շարվածքից հանել էին։ Նրան հետապնդում էին, մինչեւ որ հայտնի դարձավ Հայաստանից դուրս, ռուս եւ համամիութենական մտավորականությունը կանգնեց նրա մեջքին, եւ տեղացի խավարամիտ ցենզուրները ձեռք քաշեցին... հարաբերականորեն։

 

«Նանա իշխանուհու կամուրջը» տպարանի շարվածքից հանելու բուն պատճառը Մաթեւոսյանի գաղափարաբանությունն էր եւ գործի, ասքի ամբողջականությունը։ Առաջարկել էին գրաքննել, ապա` տպագրել։ Նա այդ ստեղծագործությունը շատ էր սիրում, գորովանքով էր վերաբերվում եւ գրաքննության ենթարկելու ոչ մի ցանկություն չուներ։ Գնահատելով ահա, որ իրականությունն արժանի չէ «Նանա իշխանուհու...» անթերի եւ անցենզուրա ներկայությանը, բերել էր տուն (մորս հուշն եմ վերապատմում), դրել դարակի մեջ ու ասել՝ սա կտպագրվի իմ մահից հետո։

Մենք ընդառաջելով իր կամքին՝ մահից հետո նոր միայն դարակից հանեցինք։

 

-«Նանան...» սակայն «տարալուծել է» այլ գործերում։

 

-Այո, տարալուծել է, բայց իր ամբողջական ասելիքը հենց ինքն է որ կա։ «Ծառերն» է դրանից ծնվել, «Աշնան արեւը», ի վերջո «Եզրովը», «Մեռելալույսը»... թեեւ չգիտես որը որից է ծնվել։ Ես մտածում եմ, որ «Եզրովն» էլ շատ վաղուց սկսած, ուղղակի նորից ու նորից վերարծարծած ստեղծագործություն է։

 

- «...Աշխարհում ցանված տիֆերի ու թաքնված դարանների միջով անցնես, անցնես, հասնես ու հոշոտվես քո տան դռանը»։ «Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»: «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»։ Հայտնի դարձվածքներ են։ Ցավոք, այսօր էլի արդիական, սա խոսում է այն մասին, որ մաթեւոսյանական ուղերձը տեղ չի՞ հասել։

 

- Ես չէի ասի, թե տեղ չի հասել, մենք ունենք գրականության նմուշներ, միավորներ որ իրենից հետո ու իր շնորհիվ են բարձրացել։ Մեր գրականագետները պիտի պարկեշտությունն ունենան խոստովանելու մաթեւոսյանական դպրոցի իրողությունը. Ինչպես իր ընկեր եւ ոչ արյունակից եղբայր Անդրեյ Բիտովն է ասել՝ Մաթեւոսյանը հեղինակել է արձակ, որ իրենից առաջ չկար, կարծում եմ՝ չկար ոչ միայն հայ գրականության մեջ, այլ առհասարակ չկար։ Շարունակելով նաեւ ասել է` Հրանտի խիզախումը լեզվի մեջ է։ Եվ իրենից հետո հնարավոր դարձավ որակապես նոր գրականությամբ խոսել` նոր լեզվով։

 

Ինչ վերաբերում է իրականության վրա ունեցած ազդեցությանը, մենք նույն խնդիրների առաջ հազարամյակներով ենք կանգնած, դա մեր, թվում է, թե խոհուն, բայց իրականում չափազանց էմոցիոնալ ինտելեկտուալության, գուցե շատ հաճախ ինտելեկտի բացակայության հետեւանքն է։ Շատ է էմոցիան եւ պատմության սեփական եւ ուրիշների փորձից ոչինչ չսովորելը, կամ շատ քիչ բան սովորելը ու նույն սխալի առաջ կանգնելը, եւ օտարների կամքին, մանիպուլյատիվ քաղաքականությանը ներհակ լինելը, խամաճիկ դառնալը։ Սա աղետ է, եւ Մաթեւոսյանի հրապարակախոսությունը եւ գրականությունը սրա մասին բավականաչափ անողոք է խոսում։ Թեկուզ եւ ինքն ասում է, որ մեր գրականությունը մայրական վերաբերմունքի գրականություն է, որ հոգում է, երկրի, ժողովրդի հանդեպ անողոք չի, բայց ես կարծում եմ, որ բավական անողոք է։ Եթե ընթերցողը բավականաչափ գրագետ լինի եւ ունակ` ընկալելու Մաթեւոսյանի բանավոր կամ գրավոր խոսքը, նա կարող է տեսնել այն անողոք դատումը եւ՛ պատմության, եւ՛ այսօրվա, եւ՛ վաղվա օրվա։ «Չեմ ուզում դառնալ ձեր սեւ օրերի մարգարեն». սա ի՞նչ է նշանակում, որ՝ էս ի՞նչ եք անում, էս ուր է գնում մեր իրականությունը։ Նա գիտեր, որ բանը նյութականանալու վտանգ ունի, որովհետեւ բանը գաղափարն է, եւ հրապարակ էր նետում առողջ բան, ինչպես ինքն էր ասում՝ լման բան։

 

- Ուժասպառ, արնաքամ ժողովուրդ ենք... («Եզրով»)։ Գուցե 2020-ից առաջ շատ բան չասեր, այսօր էլ ավելի է արդիական են թվում շատ դատողություններ։

 

-Իհարկե, սարսափելի տողեր ունի։ «Մեծամոր»- ում ասում է. «...Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտության հուշասյունը: Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը… –Ոչ, մի պարծեցիր»։

Դավիթ Մաթեւոսյանը Դավիթ Մաթեւոսյանը

Լուսանկարը` ONE SHOT Film Festival

Սա սթափության կոչ չէ՞ր։ Լսողները լսեցին, Վանոն լսեց, Տեր Պետրոսյանը լսեց, հասարակությունն ինչքանով ընկալունակ եղավ, հասկացավ ու դասեր քաղեց, չգիտեմ։ Սա շատ երկար աշխատանք է, որ պետք է հետեւողականորեն տարվի։ Գիտակցություն է պետք փոխել:

 

Գերմանացիները, հոլանդացիները, շվեդները, ֆինները, բրիտանացիներն ու ամերիկացիներն այսպիսի մի գրող ունենալով՝ երեւի աշխարհակարգ կփոխեին։ Մեզանում թերագնահատվում է գրականությունը, ընկալվում է որպես աշուղի նեյնիմ, իսկ իրականում գրականությունը, մշակույթը գաղափարախություն է, մշակույթի բերած գաղափարախոսությամբ աշխարհներ են կործանվում ու աշխարհներ են ոտքի կանգնում։ Մաթեւոսյանն ինքն է ասում չէ՞՝ սկզբում մշակույթն է պարտվում, հետո նոր տանկերը մտնում են։

 

Ես Մաթեւոսյանի այն խոսքին էլ եմ հավատում, որ եթե աշխարհը գերեզման դառնա, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու: Բայց դա երբեք չի նշանակում, որ պետություն ներկայացնող հայն է լինելու դա։ Մենք հարատեւելու կոդեր ունենք, ադապտացվելու հնարավորություն, գուցե իրոք վերջին ծաղիկ դնողը հայը լինի, բայց հայը հայազգի ինչ-որ մեկն է նաեւ, որ կարող է Ամստերդամում կամ Լոս Անջելեսում ապրել կամ Լոռվա սարերում մի տեղ թաքնվել ու մնալ որպես հայ, ոչ որպես պետություն, քաղաքակրթություն, երկիր։ Մենք ա՞յդ ճանապարհին ենք:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին