«Կյորես» եւ «Ո՞ւր». չիմաստավորված հաղթանակը եւ իրական ցավը չզգալը - Mediamax.am

exclusive
1843 դիտում

«Կյորես» եւ «Ո՞ւր». չիմաստավորված հաղթանակը եւ իրական ցավը չզգալը


Շուշիի համար վերջին մարտերի մասնակիցները
Շուշիի համար վերջին մարտերի մասնակիցները

Լուսանկարը` Լորեն Վան դեռ Ստոկտ

Առաքել Սեմիրջյանը
Առաքել Սեմիրջյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Առաքել Սեմիրջյանի «Կապտահեր Կյորես» եւ «Ո՞ւր» վիպակները։ Ինչպես նշվում է սեղմագրում՝ այս գիրքը Հայաստանի պատմության վերջին 30 տարին է խորհրդային վերջին ու անկախության առաջին տարիների միջով։ Մեդիամաքսը զրուցել է Առաքել Սեմիրջյանի հետ։

 

- Գրքի սկզբում նշում եք, որ դեպքերը, կերպարները, ժամանակագրությունները, զգացումներն ու զգացմունքները որեւէ կերպ չեն շեղվել իրական կյանքից։ Դժվար չէ՞ գեղարվեստականությունը պահպանել ու միաժամանակ հավատարիմ մնալ իրականությանը։

 

- Նախ խոստովանեմ, որ ես ընդհանրապես գեղարվեստականություն չեմ պահել, դրա համար դժվարության մասին այս առումով խոսելն էլ է ավելորդ։ Դժվարը հակառակն էր, որ հանկարծ չընկնեի գեղարվեստականության գիրկը ու չաղավաղեի իրականությունը, ինչն իմ կարծիքով հիմնականում ստացվել է։

 

- Գիրքն ի՞նչ արձագանք է գտել, ի վերջո, ինչ-ինչ կետերում կարող են Ձեզ հետ չհամաձայնել նրանք, ովքեր անցել են կյանքի այդ փուլը։ Խոսքը հատկապես գորիսյան դեպքերի մասին է։

 

- Եթե հիշում եք, «Կապտահեր Կյորեսի» մեջ ես ասում եմ, որ չկա որեւէ օբյեկտիվ ճշմարտություն, քանի որ ցանկացած ճշմարտություն, երբ անցնում է սուբյեկտի միջով՝ մեխանիկորեն դառնում է սուբյեկտիվ։ Այդ իսկ պատճառով ես խնդիր չեմ դրել, որ ինձ հետ համաձայնվեն կամ ապացուցեմ իմ ճշմարտացի լինելը։ Իմ խնդիրը լրիվ այլ է եղել՝ արձանագրել այն վիճակը, որն այդ պահին կար հողի վրա, իսկ վերլուծաբաններն ու գրականագետները թող ապագայում որոշեն՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ էր գրածս, թե՞ ոչ։ Մի բան ասեմ. հնարավոր է այս հարցազրույցի մի որոշ մաս ոչ այնքան լուրջ ստացվի, դրա համար էլ չեմ խուսափում անհամեստ երեւալուց։ Ասեմ ավելին՝ իմ գրած գիրքը ես դասում եմ պատմավեպերի շարքին՝ համարյա Խորենացու «Հայոց Պատմության» նման մի բան, որը հետագա ուսումնասիրողներին հնարավորություն կտա «քրքրել», տեսնել՝ ինչ էր իրենից ներկայացնում տվյալ ժամանակի Հայաստանը։

 

- «Շատ մեծ կասկած ունեմ, որ ընդհանրապես այս գրածն էլ որեւէ մեկին պետք կգա, սակայն կրկին շարունակում եմ գրել»։ Ի՞նչ կարող է տալ «Կապտահեր Կյորես»-ը ընթերցողին։ Այն փորձ է՝ վերարժեւորելու ոչ վաղ անցյալի պատմությո՞ւնը, որի ողբերգական շարունակությունը տեսնում ենք «Ո՞ւր» վիպակում։

 

- Ես ոչ միայն կասկած ունեմ, այլ համոզված եմ, որ որեւէ մեկին պետք չէ գրածս, ոչ էլ ինձանից հազարապատիկ ավելի տաղանդավոր մարդկանց գրածներն ու զգուշացրածներն են պետք, այլապես մենք չէինք ունենա այն կորուստները, որ ունենք այսօր։

Առաքել Սեմիրջյանը Առաքել Սեմիրջյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երեւի թե «Կյորես»-ն ու «Ո՞ւր»-ը գրվել են չխելագարվելու ելքեր գտնելու համար, իրականությունից փախուստի համար, հասկանալու համար, թե ինչպիսի հնարավորություններ կային փրկվելու։ Դրա համար էլ լուծումներից մեկը վերաբերում է նրան, որ միգուցե մեր կործանումից հետո ծնվի մի ստեղծագործություն, որն ավելին է, քան մեր կործանումը, իսկ հետո դրանով էլ չեմ բավարարվում ու արդեն հանգում եմ նրան, որ միգուցե կատվային երջանկությունն ավելին էր, քան մեր պարտությունը, նաեւ այն ստեղծագործությունը, որը ստեղծվելու էր մեր ոչնչացումից հետո։

 

- «Ո՞ւր» վիպակը հետհաշվարկն է 44 օրերի։ Ժամանակը կանգ է առնում այն կետում, երբ սկսվում է պատերա՞զմը։ Ի վերջո, «Ո՞ւր»-ը հա՞րց է, թե՞ պատասխան, թե՞ ընդգծում է ուղղությունը, որ հայտնի չէ՝ ուր է տանում։

 

- Պատերազմից հետո միակ հարցն այն էր, թե ինչի՞ համար մեր երեխեքը զոհվեցին, նրանց մահն ինչ-որ կերպ իմաստավորելու խնդիրն ինձ հանգիստ չի տալիս։ «Ո՞ւր»-ը ոչ թե հարց էր կամ պատասխան, այլ մոլորվածի հայացք, թե ի՞նչ եղավ եւ ինչպե՞ս շարունակել ապրել, իսկ որ ամենասարսափելին է՝ արդյոք արժե այդ «շարունակել ապրելու» վրա ընդհանրապես ջանք գործադրել։

 

- «Կարսը առանց Չարենցի, առանց Առաքելոց վանքի զանգակատան, առանց հայերի, առանց հույների, առանց ասորիների ու վրացիների, այլեւս Կարս չէ»։ Ղարաբաղն էլ նույնը չէր, ավելին գրում եք՝ «Ղարաբաղը արդեն չկար․․․» (82-83 էջեր․․․)։  Բայց չէ՞ որ Ղարաբաղի «չլինելը» 90-ականերից չի սկսվում, այլ շատ ավելի վաղ։

 

- Ոչ Ղարաբաղը կար ու կլիներ, եթե Ղարաբաղն ընդունվեր ոչ թե որպես պարզապես հողատարածք, որի չափը հաշվվում է թիզերով, այլ որպես հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համատեղ ապրելու վայր, որտեղ հարյուրավոր տարիներ միասին ապրել ու շարունակելու էին ապրել երկու ժողովուրդները։

 

Իսկ Ղարաբաղը կորում է այն պահից սկսած, երբ Արցախ «անունը» օգտագործած մարդը վաստակում է առաջին իր միլիոնն ու միաժամանակ դավաճանության մեջ մեղադրում նրանց, ովքեր հանուն Ղարաբաղի փրկության պատրաստ էին փոխզիջումների։

 

- «Պատերազմի էպիկենտրոնում գտնվելով՝ պատերազմը մեզ այնքա՛ն հեռու էր թվում։ Երբ մայրաքաղաք էինք գալիս, մարդիկ բողոքում էին լույս չունենալուց եւ ակամա հարց էիր տալիս՝ նրանք խաբա՞ր են ընդհանրապես, որ ազգի մնացած 1 կամ երկու տոկոսը ամեն օր մարդ է թաղում»։ Մենք, թվում է, մինչ օրս լուր չունենք ինքներս մեզնից, սահմանից, մեր գլխին եկածից։ Թեեւ եւ՛ լույս ունենք եւ՛ գազ, եւ՛ համացանց։

 

- Սա ազգի մեծ մասի ընդհանուր անգրագիտության խնդիրն է, որոնց համար «կենաց ասելը» ավելի կարեւոր է, քան դիմացինի իրական ցավը զգալը։ Ի վերջո, մարդը ինչո՞վ է տարբերվում կենդանուց՝ ոչ միայն պատմական հիշողությամբ, այլ նրանով, որ կարողանում է իր կաշվի ցավը ապրել, նաեւ դիմացինի ցավը զգալ։ Ու սա վերաբերվում է ոչ միայն մեր պետության ներսում գտնվող ցավին, այլեւ այն ցավին, որ եղավ նույն ադրբեջանցիների հետ։ Եթե մենք հասկանայինք ադրբեջանցիների կորստյան ցավը, հնարավոր է այլ լուծումներ գտնեինք նրանց հետ հարաբերվելու, եւ այսօր նույն ողբերգությունը չէր պատի մեզ, ինչ սրանից 30 տարի առաջ պատել էր նրանց։

 

Ես ինքս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ չեմ կարողանում արտասանել «Շուշի» բառը ու պատերազմից հետո դեռ մի քանի ամիս Շու... Շու... Շու... ու ավելին չէր գնում։ Հետո հասկացա՝ միգուցե 1992 թվին նույն Շուշին կորցրած ադրբեջանցու բերանից էլ այդ բառը բերանից դուրս չէր գալիս ու արտասուքը խեղդում էր կոկորդը։

 

- «Կապտահեր Կյորես»-ի ստեղծման թվականն աչք զարնեց՝ 2018 թվական։ Գրեթե պատերազմի նախօրյակին... կանխազգացո՞ւմ էր, թե՞ պարզապես ժամանակ էր պետք ապրածը թղթին հանձնելու համար։ Մյուս կողմից՝ գրում եք Արցախյան երկրորդ պատերազմի մասին հիմա, երբ հայրերը դեռ փնտրում են որդիներին, երբ մինչ օրս գրած, ստեղծած շատ բաներ արժեզրկվել են, շատերը չեն համարձակվում խոսք ասել․․․ Ու վստահ եմ, զուտ գեղարվեստական գործ ստեղծելու մղումը չի կարող ստիպել մոտենալ այս թեմային։

 

 - «Կյորես»-ն ու «Ո՞ւր»-ը լրիվ այլ ժամանակներում գրված ստեղծագործություններ են, սակայն որ ուշադիր նայում եք, դրանք մետաղադրամի երկու կողմերն են ու ապրում են մեկը մյուսով՝ իրար լրացնելով, իրար փոխարինելով։

 

Ի վերջո, երբ ազգի մեծ մասը չի կարողանում իմաստավորել իր հաղթանակը, նա չի էլ կարողանա գիտակցել իր պարտությունն ու ստիպված է ապրել անուրջների մեջ, իսկ մտավորականների հիմնական խնդիրը պետք է լինի հաղթանակն ու պարտությունը մարդկանց իրական պատկերով, թեկուզ գեղարվեստականորեն հասցնելը։ Երբ քաղաքական ու մտավորական էլիտան հաղթանակի տարիները դարձնում է «մթի ու ցրտի», այդ նույն էլիտան պարտությունը պետք է գցի ուրիշի վրա՝ այլմոլորակայիններից սկսած, վերջացրած համամարդկային խղճով, բայց ոչ երբեք ընդունի, որ հիմնական մեղքը մեր մեջ էր։

 

 - «Որտեղ է իմ որդի՞ն, հիմա ես ի՞նչ եմ ասելու թոռներիս։ Զինվորը արագ-արագ քայլում էր փողոցներով՝ մինչեւ այն պահը, երբ հասկացավ, որ ոտքեր չունի»։ Մասնատված հայրենիքը կորցնում է իր որդիներին, նաեւ փնտրում է իր ծնված ու չծնված որդիներին։ Եվ այս ամեն ինչը պետք է վերջ ունենա։ Դուք տեսնո՞ւմ եք այդ վերջը։

 

- «Երջանիկ Վերջը» (Happy End) միայն ու միայն պատրանքներից հրաժարվելու մեջ է, մարդ տեսակը սիրելու մեջ է՝ անկախ այդ մարդու ազգությունից, երկիր սիրելու մեջ է՝ անկախ այդ երկրից, Աստված սիրելու մեջ է` անկախ այդ Աստծուց, ինքդ քեզ սիրելու մեջ է՝ անկախ այն բանից, թե ուրիշները քեզ կսիրեն, թե չէ, ու ամենա-ամենա-ամենա կարեւորը՝ ունեցածը գնահատելու մեջ է, այլապես կկորցնենք այն, ինչ հիմա էլ ունենք։ Միշտ էլ կորցնելիք կա, իսկ երբ ասում են էսքանից հետո էլ ի՞նչ ունենք կորցնելու, պետք է հասկանալ, որ դեռ շատ բան կա, որ կարող ենք պահել ու պայքարել դրա համար։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին