Սերգեյ Դովլաթով. ինքն իր պատմությունը պատմող գրողը - Mediamax.am

2193 դիտում

Սերգեյ Դովլաթով. ինքն իր պատմությունը պատմող գրողը


Սերգեյ Դովլաթովը
Սերգեյ Դովլաթովը
Դովլաթով գրքեր
Դովլաթով գրքեր

Լուսանկարը` Անտարես

Սերգեյ Դովլաթովը
Սերգեյ Դովլաթովը

«Անտարես» հրատարակչությունը, Լեոնիդ Զիլֆուղարյանի թարգմանությամբ, ներկայացնում է Սերգեյ Դովլաթովի՝«Արհեստ», «Կոմպրոմիս», «Մերոնք», «Մասնաճյուղ», «Նոթատետր», «Օտարերկրուհին», «Արգելոց» գրքերը։

 

«Ես փորձում էի կողմնորոշվել։ Աշխարհում երկու իրական բևեռ կար։ Հստակ, հարազատ, հեղձուցիչ ԱՅՍՏԵՂ-ը եւ անիմաստ,  կիսաֆանտաստիկ ԱՅՆՏԵՂ-ը»,- գրում է Սերգեյ Դովլաթովը (1941-1990) «Մերոնք» ժողովածուում։

 

Գրողը ծնվել է Ուֆայում, երկար տարիներ ապրել Լենինգրադում, 1978-ին խորհրդային իշխանությունների հետապնդումների պատճառով  արտագաղթել ԱՄՆ։ Տարագրության 12 տարիներին հրատարակել է 12 գիրք ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։

Դովլաթով գրքեր Դովլաթով գրքեր

Լուսանկարը` Անտարես

Մահից հետո նրան տպագրել  ու վերաարժեւորել  են նաեւ հայրենիքում։

 

Դովլաթովի գրականության ու թարգմանության ընթացքի մասին Մեդիամաքսը զրուցել է Լեոնիդ Զիլֆուղարյանի հետ։

 

- Դովլաթովն ասել է, որ իր պատմվածքները հորինվածք են` քողարկված վավերագրական իրադարձություններով։ Ըստ Ձեզ՝ հորինվա՞ծքը (գեղարվեստական պատումը), թե՞ վավերագրականությունն է այդքան գրավում ընթերցողին։ Մանավանդ որ, այն, ինչ անվանում է հորինվածք, շատ իրական է ու չգունազարդված։

 

- Ընթերցողին, իմ կարծիքով, գրավում է պարզությունն ու ուղղախոսությունը, սթափ հայացքը շրջապատին։ Դովլաթովը պատմություններ պատմող է (рассказчик), ինչպես Չեխովն ու Շերվուդ Անդերսոնը։ Դովլաթովի առանձնահատկությունը թերեւս այն է, որ նրա ոճը հավակնոտ չէ, նա ընթերցողին ոչինչ չի պարտադրում, ինքն իր պատմությունը պատմում է՝ առանց բարոյախոսության, առանց կյանքի դասերի, առանց խրատների։ Նա արտացոլում է շրջապատող իրականությունը, բայց ոչ թե որպես հայելի, այլ որպես օբյեկտ, որի վրա այդ իրականությունը հարձակվում է, ու այդ անելիս կարողանում է նաեւ ժպտալ (Բրոդսկու խոսքերն են)։ Մեկ այլ լավ գրող ասել է, թե ցանկացած գիրք յուրատեսակ հայելի է ընթերցողի համար, այսինքն՝ ամեն ընթերցող այդ գրքում իրեն է տեսնում։ Դովլաթովի ստեղծագործություններում պիտի որ շատերն իրենց տեսնեն։ Ուրիշների մասին չեմ կարող ասել, բայց ես այնտեղ ինձ շատ հաճախ եմ տեսնում։ Ու չէի ասի, թե շատ գոհ եմ տեսածիցս, թեեւ տեսածս ժպիտ նույնպես հարուցում է։

 

- Հայկական ու հրեական արմատները ունեցող գրողը չի կարեւորում ազգությունը, բայց իր հայ պապի, մոր, մորաքրոջ, քեռու մասին բավական ջերմ պատմությունները վերնագրում է «Մերոնք»։ Սա թերեւս պատահակա՞ն չէ։

 

- «Մերոնքը»-ը շատ սիրով է գրել, ի վերջո, հարազատ մարդկանց մասին է։ Հայ պապին է հետաքրքիր նկարագրում... Բոլոր ընտանիքներն ունեն իրեն առասպելները։ Բայց այդ գիրքը միայն հայերի մասին չէ, մերոնք-ը նաեւ հրեա ազգականներն են, կինը, դուստրը... ընտանիքի մասին է։

Հարցազրույցներից մեկում Դովլաթովն ասել է, որ հայերեն չի խոսում, եբրայերեն էլ չգիտի, հրեական միջավայրը իրեն հարազատ չէ, ու հայերի խնդիրներն էլ իր համար նույնն էին, ինչ հնդիկների ու չինացիների խնդիրները, բայց Հրանտ Մաթեւոսյանի հետ ծանոթանալուց հետո սկսել է շատ բաների նայել նրա աչքերով։

 

- Դովլաթովը համարվում է 20-րդ դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկը։ Կա՞ հետաքրքրություն դովլաթովյան գրականության նկատմամբ այսօր, առհասարակ, ի՞նչ կարող է ասել այն 21-րդ դարի ընթերցողին։

 

- Մեր օրերում կյանքի ընթացքը, ինչ խոսք, շատ է արագացել, բայց մարդիկ այդքան արագ չեն փոխվում։ Չեմ կարծում, թե 21-րդ դարի ընթերցողը շատ է տարբերվում 20-րդ դարի ընթերցողից։ Դովլաթովի գրականությունը, ինձ թվում է, միշտ հետաքրքրություն կառաջացնի։ Որովհետեւ նա իրեն ընթերցողից բարձր կամ ցածր չի դասում, ընթերցողի հետ զրուցում է հավասարը հավասարի պես, սյուժեն այնքան էլ կարեւոր չէ, այն սոսկ զրուցելու առիթ է։

Սերգեյ Դովլաթովը Սերգեյ Դովլաթովը

 

- Դովլաթովին թարգմանել են տասնյակ լեզուներով։ Ասում են, որ լակոնիկ ոճը, փոխաբերությունների բացակայությունը իդեալական են դարձնում նրա գործերը թարգմանիչների համար։ Ի՞նչ կասեք այս մասին, հե՞շտ էր, թե՞ դժվար Դովլաթովին թարգմանելը։

 

- Առհասարակ թարգմանությունը տառապալի զբաղմունք է։ Երկարաշունչ, խրթին տեքստ թարգմանելը նույնքան բարդ է, որքան սակավաբառ ու պարզ լեզվով գրվածը, որովհետեւ այստեղ բառի արժեքն ավելի բարձր է։ Այստեղ վտանգը պարզը պարզունակ չդարձնել է։ Մի լավ թարգմանիչ իրեն համեմատել է երաժիշտ կատարողի հետ։ Կոմպոզիտորի գրածը ամեն երաժիշտ յուրովի է կատարում, համապատասխանաբար գրողի տեքստն էլ ամեն թարգմանիչ յուրովի է թարգմանում։

Ես Դովլաթովին թարգմանել եմ այնպես, ինչպես ընկալել եմ։ Ու ես չէ, որ պիտի գնահատեմ արածս։ Գնահատողն ընթերցողն է՝ թարգմանածս կարդալու վրա ծախսած իր ժամանակով։

 

-Կան վկայություններ, որ կյանքի վերջին տարիներին նա փորձել է գրելիս՝ նախադասության մեջ չօգտագործել միեւնույն տառով սկսվող բառեր։ Առհասարակ, ի՞նչ տեխնիկական հնարքներ, առանձնահատկություններ եք նկատել, որ պետք է պահպանվեին նաեւ թարգմանելիս։

 

- Շատ եմ փորձել հասկանալ, թե ինչու էր ձգտում, որ նախադասության մեջ նույն տառով սկսվող բառեր չլինեն, բայց այդպես էլ չեմ հասկացել։ Ու, որպես իմ չհասկանալու «վրեժ», թարգմանելիս աշխատել եմ հնարավորինս հաճախ գործածել բաղաձայնույթ (аллитерация), երբ նախադասության մեջ հնարավորինս շատ բառել սկսվում են նույն տառով։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա թարգմանելիս իր այդ սկզբունքը պահպանելն անհնար է ու երեւի թե անիմաստ։

Սերգեյ Դովլաթովը Սերգեյ Դովլաթովը

 

- «Ամենեւին չեմ հասկանում, թե ինչի է պետք խմբագիրը: Եթե գրողը լավն է, խմբագրի կարիք կարծես թե չկա: Եթե վատն է, ապա խմբագիրն էլ չի փրկի: Կետադրությունն էլ ամեն հեղինակ ինքնուրույն է ստեղծում» ։ Նա բացառում է խմբագրական միջամտութունները, թարգմանելիս սա չի՞ կաշկանդում։

 

- Ամենեւին։ Նույնիսկ հակառակը՝ ավելի անկաշկանդ է դարձնում։ Ինքն իր գրածի տերն է, ես՝ իմ թարգմանածի։

 

- Կա՞ն գրքեր, որ կուզենայիք համալրեին Դովլաթովյան շարքը։

 

- Այո, «Անտեսանելի» գիրքը, որտեղ զետեղված են Դովլաթովի՝ Ամերիկայում հրատարակած «Новый американец» թերթի համար գրված առաջնորդողները եւ «Ճամպրուկ» պատմվածքների ժողովածուն։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին