«Մի նեղացրեք մարդուն». Ենգիբարյանի ամբողջական նովելաշարը - Mediamax.am

3447 դիտում

«Մի նեղացրեք մարդուն». Ենգիբարյանի ամբողջական նովելաշարը


Լեոնիդ Ենգիբարյանը
Լեոնիդ Ենգիբարյանը
Հովհաննես Այվազյանը
Հովհաննես Այվազյանը

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյան

Սոս Պետրոսյանը
Սոս Պետրոսյանը

«Հազարավորները գալիս, շարունակ խոսում ու ոչինչ չեն ասում։ Նա եկավ լռեց եւ ամեն ինչ ասեց»։ Այսպես է չեխ դերասան, գրող, ռեժիսոր Միրոսլավ Հորնիչեկը բնորոշում կրկեսի եւ մնջախաղի հանճարին՝ Լեոնիդ Ենգիբարյանին։ Արձակագիր, կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։

 

«Վերնատուն» հրատարակչությունը ներկայացնում է Լեոնիդ Ենգիբարյանի ամբողջական նովելաշարը: Ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: «Մի նեղացրեք մարդուն․ արտիստի կյանքը եւ նովելները» գրքում փոքր պատումներով ներկայացված է նաեւ Լեոնիդի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից մինչեւ կրկեսի ու կինոյի աստղի ճամփան, որ, ցավոք, ընդհատվեց 38 տարեկանում։

 

Մոտենում էր, նվերը մեկնում ու ասում՝ Լեոնիդ Ենգիբարյան

 

Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Սոս Պետրոսյանի խոսքով՝ Ենգիբարյանի գրական ստեղծագործությունների հիմնական թեման կրկեսի արտիստի կյանքն է։

 

 - Ուրախ եմ, որ եւս մեկ անգամ մեր հանրությունը հնարավորություն է ունենալու ընթերցելու Ենգիբարյանի նովելները, այս անգամ՝ գրքի խմբագիր Արմեն Սարգսյանի մտահղացմամբ, նոր ձեւաչափով: Ուրախ եմ, որ ինձ առաջարկվեց գրել վերջաբանը, եւս մեկ անգամ իմ հարգելի ուսուցչին ներկայացնել մեր ժողովրդին։

Սոս Պետրոսյանը Սոս Պետրոսյանը

 

Լրանում է Ենգիբարյանի մահվան 50-րդ տարելիցը, սերնդափոխություն է եղել, բայց մինչ օրս Թատերական ինստիտուտի ուսանողները, Ենգիբարյանի անունը կրող կրկեսային ստուդիայի սաները Ենգիբարյանի նովելների հիման վրա էտյուդներ են բեմադրում, կրկնօրինակում են նրա համարները։ Այսօր չես գտնի մի ծաղրածուի կամ էքսցենտրիկի, որն իր խաղացանկում չօգտագործի Ենգիբարյանի դիմախաղերը, ոճաձեւերը, նույնիսկ՝ ամբողջական զվարճախաղերը, ռեպրիզներն ու մնջախաղային ներկայացումները։ Միջազգային ժյուրիների անդամ եմ, դասախոսություններ են կարդում արտերկրում, եւ տեսնում եմ, որ դեռ գիտեն, հիշում են ու սիրում Լեոնիդ Ենգիբարյանին, հաճախ հարցեր են տալիս, խնդրում են մանրամասներ պատմել։ Ժամանակի հետ նրա ասելիքը, արվեստը ավելի հասկանալի ու սիրելի է դառնում։

 

- Ինչպե՞ս էր գրում իր նովելները։ Կրկեսային  համարների՞ց էր ծնվում տեքստը, թե՞ տեքստն էր դառնում մնջախաղ։

 

- Նովելները գրում էր աշխատանքի ժամանակ։ Ես աշխատում էի Հայկական կրկեսային կոլեկտիվում (որի գեղարվեստական ղեկավարն էր Ենգիբարյանը) եւ տեսնում էի՝ ինչպես է երբեմն փորձը թողնում, նստում ու սկսում գրել։ Երբեմն թուղթը վերջանում էր, տնօրենի ընդունարանից թուղթ էի բերում նրա համար։ Գրում էր այն ամենի մասին, ինչ տեսնում էր, ասենք՝ ծափահարությունների մասին, որ ստանում էր ամեն համարից հետո։ Սիրահարվում էր, գրում էր աղջկա մասին, որ երկու սիրտ ուներ։ Գրում էր հովանոցների մասին, որոնցով  ձեռնածություններ էր անում։

 

- Նրա հերոսը տխո՞ւր, թե՞ ուրախ մարդն է։

 

- Նա էությամբ տխուր էր, ու մենք զարմանում էինք, որ այդ տխուր մարդը մանեժում կարողանում է հազարավոր ծափահարություններ հավաքել։ Գրական գործերի հերոսներն էլ տխուր են չես գտնի մի գործ, որ կարդաս ու ծիծաղես՝ մարդիկ կարդում են, սկսում են խորհել։ Երբ գրում էր, չէր մտածում, որ այդքան կսիրվեն իր նովելները։ Մեկ-մեկ ասում էր՝ Սոս, գնանք ման գալու, վերցնում էի իր պայուսակը ու շրջում էինք փողոցներում։

 

Հանդիպում էր ծանոթ մարդկանց, սկսում էր պատմել իր նովելների մասին կամ կարդում էր դրանք։ Շատ էր սիրում գեղեցիկ աղջիկներին, կարող էր վերջին գումարով նվերներ գնել. մոտենում էր, նվերը մեկնում ու ասում՝ Լեոնիդ Ենգիբարյան։

 

- Նրա ո՞ր ստեղծագործությունն եք ամենից շատ սիրում։

 

- Բոլորն էլ սիրում եմ, բայց ամենաշատը՝ «Ծափահարությունները», որ հավաքում էր ամեն երեկո, ինձ համար այդ պատումը նրա գործունեության լեյտմոտիվն է։

 

Լույսը խորքից է գալիս

 

Հովհաննես Այվազյանը Ենգիբարյանի գործերը ժամանակին թարգմանել է առանց տպագրելու հեռանկարի։ Ասում է՝ նրա արվեստն այնպես ինձ ներքաշեց իր մեջ, որ հանկարծակի որոշմամբ նստեցի ու սկսեցի թարգմանել։

 

- Ի՞նչ ժանրում է ստեղծագործում Ենգիբարյանը։

 

 - Նովելներ են ասում, էտյուդներ, ինտերմեդիաներ։ Մեծ ասելիքով գրական փոքրիկ ստեղծագործություններ են։ Նա շատ պարզ է գրում։ Նրա գրականության գեղեցկությունը լեզվի ճոխության, խրթինության, երկարաշունչ նախադասությունների, վերամբարձ դատողությունների մեջ չէ։ Լույսը խորքից է գալիս։ Օրինակ բերեմ, ասում է՝ ես գրպանահատ եմ, ես հարուստ եմ ու երջանիկ, ու հանկարծ պարզվում է՝ սրտի գող է, իսկ գրպանում ոչ ոք սիրտ չի պահում։ Տեսնո՞ւմ եք՝ որտեղ է գեղեցկությունը։

 

- Լեոնիդ Ենգիբարյանը ռուսերեն է գրել, հե՞շտ էր, թե դժվար նրան թարգմանելը՝ թեկուզ պարզությունը չկորցնելու առումով։

 

- Թարգմանիչը ձգտում է հնարավորինս մոտ լինել բնագրի լեզվին, միաժամանակ չդավաճանել այն լեզվին, որով թարգմանում է. հեղինակը ինչ ազգ էլ լինի, երբ գործը հայերն ես թարգմանում, դառնում է քո գրականության փաստ։ Լեոնիդ Ենգիաբարյանի գործերը թարգմանելիս դժվարություն չեմ զգացել։

 

- Խոսելով գրիմի մասին` Ենգիբարյանն ասել է. «Ծանրութեթեւ անելուց հետո հրաժարվեցի շպարվելու մտքից եւ որոշեցի իմ հերոսին կոչել Լեոնիդ Ենգիբարյան ու ներկայացնել ինձ»: Կարո՞ղ ենք ասել, որ գրականության մեջ էլ ինքն է իր հերոսը։

 

- Ես համոզմունք ունեմ, որ բոլոր գրվածքներում հերոսները իրենք հեղինակներն են, իհարկե, ծառեր կան, անտառ, երկինք, աստղեր, երեխաներ, տղամարդ, կին, բայց, միեւնույն է, ինչի մասին էլ գրի, գրում է ինքն իրեն։

 

- Բայց դրանք նաեւ մեր մասին են։

 

- Քանի որ ամենից լավ ինքդ քեզ ես ճանաչում, երբ գրում ես քո մասին, դառնում է բոլորինը։ Չգիտեմ՝ ում միտքն է սա։ Ես մի ժամանակ կարծում էի, թե գեղեցիկ գրելն է կարեւորը, քանի որ ինչի մասին գրելու էլ լինենք, ասվել է, գրվել Հոմերոսից սկսած։ Տարիքի, փորձառության հետ հասկացա, որ կարեւորը ճշգրիտ գրելն է։ Ճշգրիտ նկարագրել հոգեվիճակը, ծառի ուրվագիծը, ուրախության պոռթկումը...

Հովհաննես Այվազյանը Հովհաննես Այվազյանը

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյան

Ենգիբարյանի գործերը ոչ միայն ճշգրիտ են, նաեւ գեղեցիկ են, ընդհանրացված, փիլիսոփայական մակարդակի հասցված։

 

- Եթե չլիներ ռինգը, կրկեսը, ի վերջո, եթե երկար ապրեր, նվիրվեր գրականությանը, հնարավո՞ր է մեծ գրող դառնալ։

 

-Ես երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ է Աստված որոշ տաղանդավոր մարդկանց կյանքի թելը շուտ կտրում՝ Դուրյան, Ենգիբարյան, Չարենց, Եսենին, Տերյան… Հետո մտածում եմ՝ եթե ապրեին մինչեւ խոր ծերություն, ինչե՞ր կանեին։ Երբեմն էլ հակառակն եմ մտածում։ Աստված ինչքան որ կյանք է տվել, այդ ժամանակահատվածի մեջ են տեղավորվել, մնային էլ՝ նույնը կլիներ։ Ես չգիտեմ՝ Դուրյանը, եթե 70 տարեկան դառնար, ավելի՞ ուժեղ գործեր կգրեր, նույնը Ենգիբարյանի պարագայում։

 

- Ի՞նչ կասեք գրքի վերնագրի մասին։  «Մի նեղացրեք մարդուն». կարծես մեր օրերին համահունչ պատգամ լինի։

 

- Առաջին հերթին խոսում է նրա մարդասիրության մասին։ Իբրեւ պատգամ միշտ է արդիական եղել՝ Homo Sapiens-ից սկսած, երբ չէր կարելի վերցնել դիմացինի որսի միսը։  Հիմա, այո, ավելի արդիական է, ավելի խոսուն։ Մարդը Աստծու ամենամեծ ստեղծագործությունն է, չի կարելի նեղացնել, դրանով նեղացնում ես եւ՛ նրա, եւ՛ քո Աստծուն, որը մեկն է։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին