«Բարի հսկայի» «պզտիկ ու անուշ» պատմությունները - Mediamax.am

exclusive
1987 դիտում

«Բարի հսկայի» «պզտիկ ու անուշ» պատմությունները


Վահագն Դավթյանի կինը՝ Վարդանուշ Դավթյանը, թոռնուհին՝ Գոհարիկը եւ Վիլյամ Սարոյանը
Վահագն Դավթյանի կինը՝ Վարդանուշ Դավթյանը, թոռնուհին՝ Գոհարիկը եւ Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը
Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը
Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` «Վերնատուն»

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Վահագն Դավթյանը, Սիլվա Յուզբաշյանն ու Վիլյամ Սարոյանը
Վահագն Դավթյանը, Սիլվա Յուզբաշյանն ու Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից


«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրության ընդլայնված տարբերակը։ Գրքի խմբագիր, գրականագետ Արմեն Սարգսյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ շուրջ երեսուներեք տարի «Բարի հսկան» հուշագրության վերախմբագրված եւ ընդլայնված տարբերակը անտիպ էր եւ պահվում էր Դավթյանի արխիվում:

 

- Ի՞նչ լրացումներ են եղել գրքում, եւ ինչո՞ւ նախկինում չէր տպագրվել ընդլայնված տարբերակը։

 

- «Բարի հսկան» հուշագրությունն առաջին անգամ հրատարակվել է Վիլյամ Սարոյանի կենդանության օրոք: Գիրքն արդեն հրատարակության էր հանձնված, երբ 1979 թվականին Հայաստան հասավ սարսափելի նորությունը՝ Սարոյանը քաղցկեղ ունի: Այդ մասին գիտեին շատ քչերը. Սարոյանը թաքցրել էր հիվանդությունը լայն հասարակությունից: Դա տակնուվրա արեց գրողի ընկերոջ՝ Դավթյանի միտքը: Նա կրկին բացեց հուշագրությունը եւ շարունակեց տեքստն՝ այս անգամ արդեն կսկիծով: Մեկ անգամ էլ փորձեց մտաբերել երեւանյան, փարիզյան ու ամերիկյան հանդիպումները, հիշեց մանրամասներ, որ ինչ-ինչ պատճառներով չէր հանձնել թղթին՝ փորձելով քննել նաեւ Սարոյանի ներընտանեկան հարաբերությունները:

 

Հետո եկավ Սարոյանի մահվան բոթը: Մահվանը հաջորդեցին իրարանցումներ, խոսեց որդին՝ Արամ Սարոյանը՝ հոր մահից կարճ ժամանակ անց մի մենագրություն-հուշապատում գրելով, որտեղ փորձ արեց ներկայացնել հոր բնավորության թերություններն ու իրենց խճճված հարաբերությունները:

 

Փաստորեն հոր եւ որդու այն իդեալական հարաբերությունները, որ Սարոյանը ներկայացրել էր «Հայրի՛կ, դու խենթ ես» վիպակում, ի դերեւ ելան, երբ հասարակությունը կարդաց Արամ Սարոյանի գիրքը: Մարդիկ չներեցին Արամին: Գուցե հենց դա էր պատճառը, որ նա կարճ ժամանակ անց ստիպված եղավ հանդես գալ հերքող տեքստով: Սարոյանը Դավթյանի հետ մտերմիկ զրույցներում պատմում է որդու հետ հարաբերությունների մասին: Իհարկե, Դավթյանը չի պատկերացնում հարաբերությունների լրջությունը, բայց կարդալով Արամի մենագրությունը՝ ամեն բան փորձում է ձեւակերպել «Բարի հսկան» գրքում:

 

- Ինչո՞վ է առանձնանում այս գիրքը Սարոյանի մասին այլ հուշագրություններից։

 

- Հուշագրությունում բացառիկ մանրամասներ կան, որոնց որեւէ այլ գրքում հանդիպել չենք կարող: Օրինակ՝ Սարոյանը պատմում է «Եկուր իմ պզտիկ տունս» («Come on-a my house») երգի ստեղծման պատմությունը. «Օր մը մորաքրոջս որդի Սիփան Բաղդասարյանին հետ Նյու Յորքեն ինքնաշարժով Ֆրեզնո կուգայինք... Երկար ճամփա… Քիթիս տակ սկսեցի երգ մը տնտնալ։

 

 

Անդրադարձա, որ այդ եղանակ ուրիշ տեղ լսած չեմ, ներսես կուգա։ Մեր հայկական հին երգերուն կնմանի։ Սիփան միացավ ինձի, ու ան ալ սկսավ երգել... Երգեցինք, բան մը ան փոխեց, բան մը ան ավելցուց, աղվոր եղանակ մը ստացվավ... Տեղն ու տեղը բառեր շինեցի այդ եղանակի համար։ «Եկուր իմ պզտիկ տունս, քեզի չամիչ տամ»... այդպես կկոչվի այդ երգ։ Հազարավոր դիսկ հանեցինք։ Ամերիկացիներ շատ սիրեցին, դիսկեր իսկույն վաճառվեցան։ Եթե ըսեմ, թե այդ մեկ երգեն մեկ միլիոն տալեր շահեցինք, պիտի հասկնաք, թե ինչ ապուշ երկրի մեջ կապրինք։ Կես միլիոն տվի Սիփան Բաղդասարյանին։ Գինիի գործարան մը բացավ։ Ինձմեն հարուստ եղավ։ Բայց, ափսոս, շուտ մեռավ Սիփան, այդ հարստության մեջ մեռավ։ Ամերիկացիք մինչեւ հիմա ալ կերգեն այդ երգ…»։

 

«Վարպետ Սարոյան, ամենահայ գրողը դու ես...»

 

Վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանն սարոյանական պատմություններից շատերի անմիջական ականատեսն է եղել։

 

- Վահագն Դավթյանը նշում է, որ ինչքան շատ է ճանաչում Սարոյանին, այնքան դժվարանում է նրա մասին գրելը։ Գրքում արձանագրված պատմությունները հայտնի ու սիրելի են դարձել։ Ուրեմն, հաջողվե՞լ է ասել ամենակարեւորը։

 

- Վահագն Դավթյանը Սարոյան ընթերցել ու հիացել էր դեռ դպրոցական տարիքում։ Հետո «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում տպագրել էր Սարոյանի գրական դիմանկարը: Առաջին անգամ նրանք հանդիպել են Փարիզում 1969-ին։ Իսկ 1974-ին ամերիկյան շրջագայության օրերին Դավթյանը մի քանի ժամով մեկնել է Ֆրեզնո՝ հատուկ Սարոյանին հանդիպելու։ Նրանց բարեկամությունը առավել խորանում է Սարոյանի 1976 եւ 1978 թվերին հայրենիք այցելելու ընթացքում։ Դավթյանը գիրքը խորագրել է «Բարի Հսկան» եւ Սարոյանը հավանել է այս անվանումը.

Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

- Վահա՛գն, բարին կը հասկընամ, հսկա՞ն ինչ է։

 

Երբ թարգմանում են անգլերեն, հավանություն տալով, գլուխը շարժում է.

 

 -Կ՛ընդունիմ։

 

Բաժանվելուց շատ ամուր սեղմել է Դավթյանի ձեռքը եւ հրաժեշտ տվել։ Հաջորդ օրը Սարոյանի մտերիմներից մեկը մի ծրար է հանձնել Դավթյանին, որի մեջ եղել է մի ջերմ մակագրված լուսանկար: Դրանում Սարոյանն է, դիմացի պատին Չարենցի նկարը, իսկ Սարոյանի ձեռքին՝ Անդրանիկ զորավարի պսակադրության լուսանկարը։

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Հաջորդ հանդիպումը 1974-ին է եղել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում՝ Սարոյանի հարկի տակ։ 1976 եւ 1978 թվականների Սարոյանի Հայաստան այցելությունների ժամանակ նրանց բարեկամությունը խորացավ, ամենուր միասին էին:

 

«Բարի հսկան» քառասուն տարի առաջ է տպվել, մինչ օրս փնտրվող գիրք է։ Դավթյանը կարողացել է պեղել Սարոյանի՝ բիթլիսցի հայի, ամերիկյան խոշորագույն գրողի, իմաստունի եւ երեխայի, մեծ մարդասերի «գաղտնիքեն» բաղկացած էության նրբանուրբ շերտերը։ «Վերնատուն»-ը աստվածահաճո գործ արեց՝ նոր ծնունդ տալով գրքին։ Խոնարհում եւ հարգանք նախագծի ղեկավար Ներսես Տեր-Վարդանյանին եւ գրքի խմբագիր, բանաստեղծ Արմեն Սարգսյանին։

 

- Դուք ներկա եք եղել Սարոյանի հետ հանդիպումներին: Կա՞ն դեպքեր, զրույցներ, մտքեր, որ հիշում եք, տպավորվել է, բայց տեղ չի գտել գրքում։

 

- Դավթյանը զարմանալի հիշողություն ուներ, հանդիպումների ժամանակ նույնիսկ նշումներ չէր անում, բայց ինչպե՜ս է խաչքարագործ վարպետի հոգատարությամբ ու հավատամքով քանդակել Սարոյան մարդուն ու մեծ գրողին, որոնք այնքան նման էին իրար։ Եթե որոշ զրույցների չի անդրադարձել , ուրեմն խիստ անձնական են եղել եւ պատշաճ չի համարել։ Բայց մի բան հիշեցրի մի օր, եւ ափսոսաց, որ չի գրել այդ մասին։ Սարդարապատ գնալիս Սարոյանը վարորդին խնդրում էր արգելակել ավտոմեքենան ու աչքին ընկած, առաջին հայացքից ոչինչ չասող փայտի, մետաղի, քարի կտորտանքներ էր հավաքում եւ տեղավորում ավտոմեքենայի բեռնախցում.

 

- Աղա՛ս, ավրզվրներս լավ կը պահես։ Գալ անգամ, որ Հայաստան գամ, պիտի տանիմ…

 

Հաճախ եմ մտածել՝ ինչի՞ն էր պէտք… 1982-ի մայիսի 29-ին, մահից մեկ տարի հետո Սարոյանը վերադարձավ հայրենիք, որպես աճյունասափոր։ Ընդմիշտ։

Վահագն Դավթյանը, Սիլվա Յուզբաշյանն ու Վիլյամ Սարոյանը Վահագն Դավթյանը, Սիլվա Յուզբաշյանն ու Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Ինձ խորապես տպավորել են Դավթյանի համեստ տան այն մտերմիկ հավաքները, որոնք համեմվում էին «պզտիկ ու անուշ» պատմություններով ու գնում մինչեւ Գոգոլ, Տոլստոյ ու Չեխով, Հեմինգուեյ, Եսենին, Մահարի ու Հրանտ Մաթեւոսյան, հասնելում մինչեւ Բիթլիս ու Արաբկիր, Արմենակ Սարոյան ու Արմենակ Դավթյան... Մեծ գրողը չափազանց բարձր էր գնահատում կրտսեր ընկերոջ՝ Վահագն Դավթյանի գրական ճաշակն ու կարծիքը.

 

- Գիտեք, եթէ իմ հընգեր Վահագն մէկու մը մասին կ՛ըսէ, որ ան լավ գրագէտ է, ուրեմն ատ գրագէտ, ես կ՛ընդունիմ։

Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը Վահագն Դավթյանն ու Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Ես պատիվ եմ ունեցել Սարոյանի լսող ականջին (մի ականջը վատ էր լսում) կարդալ Մահարու եւ Դավթյանի շան մասին բանաստեղծությունները: Այդ օրը ասաց՝ քու ձայնի մեջ աղվոր մետաղ կա, օր մը պիտի ինձի համար «Ռեքվիեմ»-ը Վահագնի կարդաս, ասի, որ հինգ հարյուր տող է եւ գոց, անգիր գիտեմ, եւ ասաց ինձի պիտի դիսկդ ալ տաս, գիտե՞ս, Սուրեն Քոչարյանի դիսկ ունիմ, հաճախ կըլսիմ անոր կատարումներ, ես ասացի, որ դեռ դիսկ չունեմ, տակավին սկսնակ եմ, նոր ընդունվել եմ աշխատանքի Սունդուկյանի թատրոնում, այնքան էլ չեմ ուզում խորանալ ասմունքի մեջ, որ չկաղապարվեմ… Սարոյանը թե՝ ուրեմն քու գործ ՝ դերասանություն է՞, դժվար պիտի ըլլա եթե բեմադրիչ ամուսին պիտի չգտնաս, իմ աղջիկ Լյուսին ալ շատ կսիրե դերասանություն, խաղ, եթե կուզեք տեղ մը հասնիլ հեշտ չպիտի ըլլա։ Խորամանկ ժպտաց ու շարունակեց՝ կամ ստիպված քիչ մը ֆլիրտ, սիլի-բիլի պիտի ընեք բեմադրիչին հետ, գոնե Ամրիկո մեջ ատանք է, (քթիս տակ ասի՝ մեր քովն էլ ատանք է) Լյուսիին էլ նույնը ըսած եմ եւ չեմ քաջալերած անոր որոշում։

Ես Դավթյանից առավել մոլի ֆուտբոլասերի չեմ տեսել, շտապում էր տուն, այդ օրը կարեւոր ֆուտբոլի խաղ կար, հակառակի պես, Սարոյանը, որ քաղցած չէր, հյուրանոց գնալու որոշումը փոխեց եւ ասաց.

 

- Երթանք ձեզի, տիկին Վարդուշի անուշներով թեյը խմենք։

 

Ես գիտեի, որ ինչ էլ լինի, ով էլ լինի, ինչ էլ լինի, Դավթյանը ֆուտբոլի խաղ բաց թողնողը չէ։ Իր տանը անհանգիստ ժամացույցին էր նայում, մեկ էլ իբր աննկատ հյուրասենյակից դուրս եկավ, ես հասկացա, որ գնաց նախասրահ, որտեղ հեռուստացույցն էր եւ ֆուտբոլը սկսվում էր, թեյախմությունից հետո, Սարոյանն ինձ ասաց՝ քանի մինակ ենք, հարմար պահն է, որ դուն լսող ականջիս «Ռեքվիեմ» ըսես, ես ուրախացա, մտածեցի համ էլ Դավթյանի բացակայությունը կփրկեմ, մանավանդ մի խաղակեսի չափ կտեւի ամբողջ պոեմը։ Հենց ավարտեցի, նկատեց.

 

 -Ու՞ր է Վահագնը:

 

Ասացի, որ ինքը մոլի ֆուտբոլի խաղ կսիրե, պիտի ներենք: Սարոյանը լայն ժպտաց ու ասաց.

 

- Ներելու առիթ մը չկա, շատ աղվոր է, որ մարդ իր սիրած բան չի մոռնա ամեն պարագայուն…

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

Հենց այդ պահին Դավթյանը մեղավոր ժպիտը դեմքին հայտնվեց:

 

- Վահագն, շատ զորավոր պոեմ գրած ես, Սիլվիան էլ, զորավոր հնչեցուց, դուն իրապես բախտավոր ես, որ հողիդ վրա կապրիս, հայերեն ատանք «Ռեքվիեմ» կգրես…

 

Դավթյանը պատասխանեց.

 

- Վարպետ Սարոյան, ամենահայ գրողը դու ես…

 

- «Բարի հսկան» 1979-ին է հրատարակվել։ Սարոյանը մահացել է 1981-ին։ Գիրքը հասե՞լ է նրան։

 

- Ճիշտն ասած, լավ իմանալով Դավթյանին, այդ հարցերում ծույլ էր, մանավանդ գիտեր, որ Սարոյանը հայերեն չէր կարդում, գուցե մտածել է, որ խոստացել էր վերջին այցից մեկ տարի հետո «նորեն գալ»։ Բայց դաժան, նենգ քաղցկեղը վրա էր հասել եւ գամել անկողնուն…

 

- Գիրքը համալրվել է անտիպ էջերով։ Ի՞նչ հետաքրքիր փաստերի հետ է առնչվելու ընթերցողը։

 

- Այո, այս գիրքը, որ վերահրատակվել է, ընդլայնված տարբերակն է: Սարոյանի մահվան մասին կա, կտակի, որդի՝ Արամի, Սարոյանի մտերմուհի Գեյլ Սարկիսյանի հարաբերությունների, Կոմիտասի անվան պանթեոնում Սարոյանի աճյունամոխրի հանձնման արարողության… Անչափ տպավորիչ էջեր են։

 

«Մեծ մորս Բիթլիսի ճաշերուն համը կառնիմ ձեր տանը»

 

Վահագ Դավթյանի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Բարի հսկան» ընդամենը մեկ անգամ է լույս տեսել: «Այն փոքր գրքույկ էր՝ խամրած նկարներով։ Նոր հրատարակությունը հիանալի է ստացվել։ Շքեղ գիրք է։ Շնորհակալ եմ հրատարակողներին։ Մտածում էի, եթե հայրիկս տեսներ՝ ի՞նչ կասեր։ Վստահ եմ՝ շատ դուր կգար իրեն»։

 

- Կա՞ն պատմություններ, որ շատ եք սիրում, հիշողություններ, որ տպավորվել են։

 

- Ամեն անգամ այս գիրքը ձեռքս վերցնելիս, կարդալիս, թվում է՝ առաջին անգամ եմ կարդում, մի նոր բան եմ գտնում, մի նորություն, մի հետաքրքիր փաստ, որ կարծես թե ուրիշ անգամ չեմ նկատել։ Այնքան տպավորիչ ու կենդանի է գրել, իսկական Սարոյանն է այստեղ, կարդալիս թվում է՝ մասնակից ես եղել բոլոր դրվագներին։ Հետաքրքիր են բոլոր «պզդիկ պատմությունները»։

Լուսանկարը` «Վերնատուն»

Անհամեստ չստացվի, բայց Երեւանում եղած ժամանակ, ուր էլ գնային, ուզում էր անպայման մեր տուն գալ։ Մայրիկս Արեւմտյան Հայաստանից գաղթածների զավակ էր, շատ լավ պատրաստում էր նրա սիրելի ուտեստները: Ասում էր՝«Մեծ մորս Բիթլիսի ճաշերուն համը կառնիմ ձեր տանը»։ Մի օր հարցրել էր՝ դուք սիգլի կեփե՞ք, ոչ ոք չէր հասկացել, մայրիկիս ասել էր՝ այո, ես պատրաստում եմ, Սարոյանը թե՝ սիգլի եփի, վրան դարչին ցանի, որ ես գամ ուտեմ։

 

- Ձեր հայրիկի ու Սարոյանի մտերմությունը նկատելի է գրքում։

 

- Այստեղ երկուսի կերպարն էլ կա, հայրս համեստ մարդ էր, չէր սիրում աչքի ընկնել, բայց Սարոյանը շատ սիրեց հայրիկիս ու չէր պատկերացնում, որ կարող է լինել Հայաստանում ու չլինել հայրիկիս հետ։ Հայրս նաեւ ծանոթացնում էր նրան հայ գրականությանը, լուսանկար էլ կա, որտեղ երեւում է՝ ինչպես է հայրս կարդում, Սարոյանը լսում է։

Լուսանկարը` Դավթյանների ընտանեկան արխիվից

- Երբ թատրոնում առաջին կարգի տոմս են առաջարկում Սարոյանին, նա ասում է․ «Ո՛չ, առաջի կարգ չեմ ուզեր, վերջին կարգ կուզեմ, կսիրեմ, որ ժողովուրդը առջեւս ըլլա, ժողովուրդ տեսնեմ»։ Չե՞ք կարծում, որ մեր ժողովուրդն այսօր նման մտավորականի կարիք ունի։

 

- Այո, իհարկե, համամիտ եմ, որ պետք են Սարոյանի պես մտավորականներ, բայց կարծես արժեքները փոխվել են, չկան այդպիսի մտավորականներ, որ առաջնորդեն մարդկանց, ճիշտն ու սխալը վեր հանեն։ Իսկ Սարոյանն իր էությամբ համամարդկային էր։ Սիրում էր երեխաներին, հասարակ, գյուղացի մարդկանց, չէր սիրում, երբ մեծարում էին իրեն, ինքնագրեր վերցնում։ Հասարակ մարդ էր, նեղվում էր շատ ուշադրությունից։ Կարող էր հանդիպումը կիսատ թողնել ու ասել՝ Վահագն ջան, երթանք ձեր տուն։

 

- Սարոյանը երջանկություն է համարում հայրենիքում ծնվելը, հայերեն խոսելը։ «Բարի հսկայի» վերահրատարակումը գուցե կարեւոր է նաեւ ա՞յս առումով. մենք կարիք ունենք վերարժեքավորելու մեր ունեցածը, ցավոք, նաեւ երիցս կորցրածը։

 

- Իհարկե, արժեքավոր, ուսանելի գիրք է, ցավալին այն է, որ հիմա մարդիկ քիչ են կարդում։ Դպրոցական ծրագրում «Մարդկային կատակերգությունից» մի հատված են անցում։ Շատ կուզեի, որ այս գիրքը տարածվեր դպրոցներում, բուհերում։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին