Թոթովենցի «Բաքու»-ն. ժամանակի գեղարվեստական խոշորացույցը - Mediamax.am

exclusive
4953 դիտում

Թոթովենցի «Բաքու»-ն. ժամանակի գեղարվեստական խոշորացույցը


Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»

Հայկ Սիրունյանը
Հայկ Սիրունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Վահան Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպը ժամանակին արգելվել է եւ շուրջ իննսուն տարի մնացել ընդհատակում։ Առաջին հատորը հրատարակվել է 1930 թվականին, երկրորդը՝ 1932 թվականին, իսկ երրորդը՝ 1934 թվականին։ Գրքի առաջին հրատարակությունից պահպանվել է մի քանի օրինակ։

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանի առաջարկով վերահրատարակում է Թոթովենցի ամենամեծ գրական ստեղծագործությունը։ Գիրքը մոտ օրերս կլինի գրախանութներում։ Մեդիամաքսը զրուցել է Հայկ Սիրունյանի հետ:

 

- Ի՞նչ արձագանք է գտել եռահատորյակի առաջին հրատարակությունը։

 

- Ունեցել է բարձր արձագանք, վաճառվել է լավ, հետեւաբար լայն տարածում է գտել։ Այդ ամենի մասին մի երկու ակնարկային խոսքով տեղեկանում ենք Թոթովենցի անձնական նամակներից՝ հասցեագրված կնոջը՝ Լուսիկին, որտեղ ասում է, որ լավ կազմված է գիրքը, արդեն վաճառքի է հանվել։

 

- Ինչո՞ւ է «Բաքու»-ն մինչ օրս անտեսված։ Վրիպե՞լ է գրականագետների ուշադրությունից, չե՞ն կարեւորել։

 

- Երբ խորհրդային անհիմն հալածանքներին զոհ էին գնում գրողները, տեղ-տեղ խոշտանգվում էին նաեւ տվյալ գրողի գրքերն ու գրական ժառանգությունը (անտիպ ձեռագրերը)։ Թոթովենցը եւս բացառություն չէ։

Հայկ Սիրունյանը Հայկ Սիրունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Նրա գլուխգործոցները, որոնք անհամեմատ մեծ արձագանք էին գտել եւ աննախադեպ հավանության արժանացել, փրկվեցին, բայց գործեր եղան, որոնք թերեւս քիչ էին ընթերցվել եւ դեռ չէին «մարսվել» հասարակության կողմից: Անհետացան, կամ դրանց մասին լավագույն դեպքում քչերն էին տեղյակ։

 

- Խմբագրական աշխատանքեր արվե՞լ են։

 

- Ես կտրականապես դեմ եմ մեծերի գործերը խմբագրելուն. դա դատապարտելի է։ Ուղղագրությունն է միայն փոխվել, ընդ որում՝ դրան էլ էի դեմ, բայց բնօրինակը ընթերցողական լայն շրջանակի համար խոչընդոտ կհանդիսանար։ Մենք փոխել ենք նախորդ դարում մեծ լեզվաբանների կողմից արդեն իսկ մերժված լեզուն։ Եվ հիմա էլ երեսնականների շատ ու շատ գործեր տպագրվում են արդի հայերենով՝ չփոխելով եւ չխոչընդոտելով հեղինակային «ելեւէջներին»։ Տեղ-տեղ փոխել ենք որոշ կետադրական սպրդումներ, որոնք փչացնում էին մտքի ընկալումը:

 

- Ինչպես նշում եք առաջաբանում, զրպարտանքի ու ռեպրեսիայի զոհ դարձած Թոթովենցի գլուխգործոց համարվող «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» կենսագրական վեպը անվանել են «Գրական վիժվածք»: «Բաքու»-ն զե՞րծ է մնացել քննադատությունից։

 

- Իմ խոսքը, ըստ էության, առաջաբան չէ, այլ «երկու խոսք», «ծանոթագրություն» կամ որեւէ այլ բան։ Արտաշես Ոսկերչյանը, ում «Դաշնակցական տականքը» վերնագրով հայտնի հոդվածը դարձավ ճակատագրական Թոթովենցի համար, բացառապես անհիմն մեղադրանքի եւ զրպարտության անկատար մի հյուսվածք է։

 

Անվանարկելով գրողի անձն ու գործերը, անդրադարձ է կատարում «Բաքու» վեպին, որն անկասկած սոցիալիզմի շահերից բխող գործ է, եւ ասում է՝ իբր լավ չի գրել-գովել պրոլետարական գործունեությունը եւ Բաքվի հեղափոխական բարձր ոգին լավ չի արտացոլել։ Ըստ երեւույթին՝ կարելի է կարծել, որ Ոսկերչյանը մեղադրում է, որ գովել է, բայց լավ չի գովել. ապշելու բան։

 

- Վերնագիրը մարտահրավերի պես է հնչում, մանավանդ այս օրերին, ընթերցողն ի՞նչ ակնկալիքով է բացելու գիրքը։

 

- Ես թոթովենցյան լեզվի սիրահար եմ եւ այս գործի մասին էլ տեղեկացել եմ դեռեւս առաջին կուրսում։ Այն ժամանակ վերահրատարակման թոհուբոհով զբաղվելու չնչին փորձ անգամ չունեի։ Պատահեց այնպես, որ հրատարակում ենք հիմա։ Բայց եւ այնպես թող մարդիկ կարդան եւ քաղեն ժամանակներ առաջվա մի որեւէ տողատակ, մեսիջ կամ լցվեն գեղարվեստականությամբ, ու թող պահպանվի գիրը, արվեստը։

 

Շատ եմ խոսել եւ դեռ էլի կխոսեմ մի քանի կարեւոր, գուցե եւ վեպի ատաղձի հետ առնչություն չունեցող մի քանի անժխտելի փաստից։ Նախ չկա «ադրբեջանցի» եւ «Ադրբեջան» հորջորջումը, կան քաղաքական, պատմական գուցե թե ճշգրիտ տեղեկություններ՝ թաքցված գեղարվեստական պատումի խորքերում, եւ էլի ուրիշ շատ ու շատ նրբերանգներ։

 

- Ենթադրում եմ, որ այն կարող է «գրավել» նաեւ մեր հարեւանների ուշադրությունը…

 

- Թող գրավի, դրանից միայն կարող են նեղվել, քանի որ իրենց երկրում այդ ժամանակ իշխողը հայեր էին: Այլազգի ընթերցողն էլ կարդալիս գլխավոր պատմությունը մի պահ կթողնի ու կհարցնի՝ բա ո՞ւր է այդ ազգը, որ ադրբեջանցի է կոչվում, չէ՞ որ Բաքվում են դեպքերը ծավալվում։ Մի խոսքով։  

 

- Ի՞նչ կարող է տալ գիրքն այսօրվա ընթերցողին։ Տարբեր ժամանակաշրջանում ընկալումներն այլ են։

 

- Նախ՝ գեղարվեստական հաճույք, եւ հետո՝ ընկալում տվյալ ժամանակաշրջանի անցքերի, անձերի (գեղարվեստականացած), իրողությունների խոշորացուցային ճանաչում։ Շատ բան կարող է փոխանցել, նաեւ այնպիսի բան, որի մասին մենք չենք էլ մտածել երբեւէ։

 

- Կենսագրական տարրեր, իրական նախատիպեր կա՞ն գրքում։

 

- Թոթովենցի որդին՝ Լեւոնը, որին հայրաբար Լեւիկ էր կոչում, զոհվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում (ամենայն հավանականությամբ՝ 1941 թվականին)։ Վեպում առանցքային «չարչարանաց» ուղի է անցնում մի ընտանիք՝ Վիրաբը, Մարթան եւ նրանց որդի Լեւոնը։ Կապիտալիստական աշխարհում, ծայրահեղ աղքատ լինելով, նրանք բռնում են բանվորական հեղափոխության դժվարին ճանապարհը՝ չվախենալով գործազրկության, աքսորի եւ սպանվելու վտանգից։

 

Թոթովենցը երբ գրում էր «Բաքու»-ն, Լեւոնը փոքր էր, եւ ասես վեպի հերոս Լեւոնի հետ զուգահեռ մեծացրեց իր որդի Լեւոնին. երկու Լեւոն, սա ավելին է, քան պատահականությունը։ Ժամանակի սղությամբ պայմանավորված՝ հետո առանձին աշխատությամբ հանդես կգամ եւ կփորձեմ համոզել իմ վարկածը։

 

- «Վիրաբն ամբողջ գիշերը չէր քնել, նա զբաղված էր գաղտնի տպարանի թռուցիկների ցրումով: Սաբունչիում եւ Բալախանում, զանազան ընկերների հետ միասին, նա հաջողել էր գրեթե ամեն դռան առաջ մի թռուցիկ գցել»։ Զանգվածային ցույցերն ու գործադուլները առանց տպագրատան աշխատանքի, թռուցիկների տարածման անհնար է թվում։ Ակամա զուգահեռ ենք անցկացնում մեր օրերի հետ, երբ ցանկացած տեղեկույթ՝ ճշտված թե անճիշտ, վայրկյանների արագությամբ  տարածվում է։

 

- Իհարկե, փոխվեցին եւ դեռ փոխվում են ժամանակները, բայց գիրն անզիջում առաջատարն է տեղեկացման պարագայում (տեսանյութային հավելումը թողնենք)։ Համացանցը թափանցիկ չարիք է մեր օրերում։ Եվ ինչպես գրեթե ամեն չարիք, ինչ-որ չափով օգտակար է լինում։ Մասամբ ծանոթ լինելով լրագրությանը՝ կարող եմ ասել, որ ճշմարտությունը զիջում է ապատեղեկատվությանն ու ալտերնատիվ քարոզին։ Համացանցային լրատվությունը, քարոզչությունը մեր հասարակությանը խոցոտում է ու տանում բզկտման. հիմա առավել եւս։

 

- «Բաքու»-ն թարգմանվելո՞ւ է։ Եվ լինելո՞ւ են այլ անդրադարձներ Թոթովենցին։

 

- Ես անպայման զբաղվելու եմ Վահան Թոթովենցի լիարժեք ուսումնասիրությամբ եւ դեպի ցերեկ եմ բերելու այն ամենը, ինչը խորշերում է, խավարում է եւ ծածկի տակ։ Համոզված եմ, որ եթե Թոթովենցը լիներ լատինաամերիկյան կամ եվրոպական մի գրող, հիմա նվազագույնը մարկեսյան դափնի էր կրելու։ Ինչեւէ։ Դե իսկ վեպի թարգմանումը ապագայի հարց է, եւ կարծում եմ՝  թարգմանումը կնպաստի հայ գրականության տարածմանը եւ կոռոգի համաշխարհային գրականության անծայր, անծիր դաշտերը, որոնք միշտ ջրվելու կարիք ունեն։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին