Երեւանյան ազատ-անազատ հիպիները՝ Խանջյանի «հաղթահարման վեպում» - Mediamax.am

exclusive
1879 դիտում

Երեւանյան ազատ-անազատ հիպիները՝ Խանջյանի «հաղթահարման վեպում»


Լուսանկարը` Նառա Վարդանյանի

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Երեւանյան հիպիներ։ Ազատության ու անազատության տարիներ… «Անտարես»-ը վերահրատարակել է Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» վեպը։

 

Գրողն ասում է, որ վեպը 60-ականների վերջի, 70-ականների սկզբի եւ հետո արդեն ծերացած հիպիների ազատության խնդրի, նրանց ցանկությունների մասին է։ Գիրքը սկսվում է հեռախոսազանգով։ Վեպի հերոսին կանչում են հարցաքննության։ Թվում է՝ հարցերի պատասխանները անցյալում են։

 

- Ընթերցողական ընկալումները կարո՞ղ են տարբեր լինել՝ կախված ժամանակաշրջանի հետ։

 

- Առաջին հրատարակությունը 2006-ին էր, այն ժամանակ դեռ նկատելի էր սովետական սոցռեալիզմի ազդեցության վախվորածությունը, իսկ գրքում բաց տեսարաններ կան։ Դրա համար, մի կողմից զգուշավոր էր մոտեցումը, մյուս կողմից՝ հեղափոխական մի բան կար՝ ջարդելու, առաջ գնալու։ Այսօր արդեն մի քիչ ավելի առանց բարդույթների են մոտենում այդ հարցերին։ Բայց գրքի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը շատ մեծ չէ։

 

- Վեպի հերոսը նախատիպ ունի՞։

 

- Վեպի վերջում ընծայագիր կա․«Ընկերոջս՝ նկարիչ Սուրեն Խաչիկյանի հիշատակին»։ Գլխավոր հերոսի նախատիպը հենց նկարիչն է։ Կերպարները իրական են։ Բոլոր այդ հիպիներն իմ ընկերներն են եղել, միասին ֆուտբոլ էինք խաղում, երաժշտություն լսում։ Ես համակրում էի հիպիներին եւ շատ ձեռնարկներում նրանց հետ էի, բայց ինձ հիպի համարել չեմ կարող։ Առհասարակ, չեմ ուզում ինչ-որ մի խմբավորման մեջ լինել։

 

- Ազատությունը, թե՞ անազատությունն է շեշտադրվում վեպում։

 

- Եթե չլինի անազատությունը, ազատությունն էլ չի լինի։ Դրա համար 60-ականների վերջի խորհրդային փակ իրականության մեջ հիպիների խմբի հայտնվելն ասես հերոսական ակտ լիներ, դա պատերազմի պես բան էր։ Նրանք այդ շրջանում կարողացան առաջ մղել ենթարվեստը։ Ենթա, որովհետեւ այն ժամանակ արվեստի, մշակույթի այդ տեսակը ընդունելի չէր։

 

Գտնում-կարդում էին Կաֆկայի ու Հեսսեի գրքերը, այստեղից-այնտեղից պատճենում էին ռոք երաժշտության, ավանգարդ արվեստի մասին գրականություն եւ առաջ էին մղում, հետաքրքրություն առաջացնում՝ չթողնելով որ այդ ամենը սովետական երկրում մնա անհայտության մեջ։ Այդ առումով նրանց դերը շատ մեծ է գոնե ինձ համար։

 

- Գլխավոր հերոսը չէ՞ր հիշում, թե՞ չէր ցանկանում հիշել ինքնասպան եղած ընկերոջ՝ Դանդ Արշոյի հետ կապված դրվագները։

 

- Իհարկե հիշում էր, բայց որոշ դրվագներ ուզում էր իրենից վանել, որովհետեւ որքան էլ ազատ էր, մեղքի ներկայություն կար։ Բայց, ի վերջո, վերջին դրվագում մոտոցիկլետով գնալը այդ ամեն ինչը ջարդելու, նաեւ ինքնաավերման ակտ է։ Չեմ ուզում բոլոր ենթատեքստերը բացել, որ ընթերցելը հետաքրքիր լինի։ Սովորաբար ինչքան մեկնաբանող կա, այնքան հայացք կա։ Երբեմն եւ՛ այս, եւ՛ այլ գրքերում բաներ են բացում, որ ինձից էլ են թաքնված, ինչպես որ հիմա ասում ենք՝ հերոսն ինքն իրենից թաքցնում էր։ Ենթագիտակցության խնդիր է։ Գրականությունը հետաքրքիր է թաքնուղիներով, երկրորդ, երրորդ շերտերով, նաեւ եղելության նկարագրությամբ ու այդ եղելության նկատմամբ գրողի հայացքով։

 

-Վերնագրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված։

 

-Քո ամբողջ այդ պայքարի մեջ՝ դու ազատ ես, թե ազատ չես, գնում ես ինքնավերման, չես գնում, արվեստ ես անում կամ ուրիշ բան, ի վերջո, այդ բոլորի ձգտումը ճշմարտությունն իմանալն է՝ ի վերուստից լուր ստանալը։ Աստծու գոյության խնդիրն է, ինչը իմ հերոս-հիպիի համար այդպես էլ լուր չդառավ, ու դա, իհարկե, բացասական էր ազդում նրա հոգեվիճակի վրա, գործելակերպի, կյանքի հանդեպ վերաբերմունքի։

 

Բոլոր լուրերը, որ կային կամ ինչ-որ տեղ գրված էին, նա համարում էր կեղծ, ոչ ճշգրիտ։ Նա ուղղակի լուր էր ուզում ստանալ եւ այդ լուրին կարոտ մնաց մինչեւ վերջ։

 

Ներքին տարածության ազատությունն ու աբսուրդի ամրագրումը

 

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում խոսեց «Լուր չկա» վեպի գեղարվեստական արժեքի ու վավերագրական նշանակության մասին։

 

-Ընդհանրապես Խանջյանի բոլոր վեպերը տվյալ ժամանակաշրջանն ընդհանրացնող ստեղծագործություններ են։ «Լուր չկա»-ի մեջ մի փոքր ուրիշ Խանջյան է, դա գրվեց անցումային շրջանում՝ 2000-ականների սկզբին, եւ գրողական մտադրություն կար ոչ միայն ժամանակը ընդհանրացնել, այլեւ ստեղծել վեպ, որը կընթերցվի։ Այդ առումով «Լուր չկան» Խանջյանի, այսպես ասեմ, ամենաժամանցային ընթերցանության վեպն է։ Բացի իրականության տարբեր արտացոլումներից, սուր խնդիրների արծարծումից, ստեղծված է նաեւ դետեկտիվ սյուժե, որը մինչեւ վերջ լարվածության մեջ է պահում ընթերցողին ու դառնում ժամանցային գրականության հրաշալի օրինակ։

 

Պատահական չէ, որ «Լուր չկա»-ն Խանջյանի ամենաընթերցված վեպն է առ այսօր։

 

-Ի՞նչ կասեք վեպի ժանրային առանձնահատկության մասին։

 

- Տարիներ առաջ առիթ եմ ունեցել հոդված գրել այս վեպի մասին, եւ ավելի շատ կհամարեմ դետեկտիվ վեպ, բայց ոչ դասական առումով, որովհետեւ խնդիրն այստեղ ոչ այնքան մահվան բացապարզումն է, որքան այդ ճանապարհին մարդկանց հոգեբանությունները ճանաչելը։ Բայց դրանից «Լուր չկան»-ն իր լրջությունը չի կորցնում, մանավանդ որ վեպի արվեստի տեսանկյունից լուրջ վեպ է՝ բազմաթիվ հղումներով դեպի դասական գրականություն՝ կաֆկայական, հերմանհեսսեական։ Տարիներ առաջ ես այն բնորոշել եմ նաեւ հաղթահարման վեպ՝ զուտ ստեղծագործական տեսանկյունից, որովհետեւ այս վեպում Խանջյանը խնդիր դրեց վիպական տարածության մեջ նաեւ ինքն իրեն հաղթահարել՝ ազդեցությունների շրջանակ, գրողական նախասիրություններ, եւ ստացվեց յուրօրինակ միքս, որն այս վեպի արժանիքն է։

 

-Գրքի վերջաբանի մասին ի՞նչ կասեք։

 

-Վեպն իրականում ազատության ընկալումների ընդունված պաթետիզմի պսակազերծում է։ Մենք գործ ունենք հերոսի հետ, որն ապրել է ազատության երկու պայմաններում՝ խորհրդային շրջան, երբ ինքը հիպի էր, եւ ազատության իր ընկալումներն ընդդեմ էին հասարակական իշխող բարքերին, պետական կառավարման ձեւերին, եւ իր ազատությունն ավելի գեղեցիկ դրսեւորույթ ուներ։

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

 

Հիմա նույն հերոսը՝ հիպին ապրում է անկախության ժամանակներում, երբ ազատությունն այլեւս խնդիր չէ, եւ պարզ է դառնում, որ շատ բաներ, որոնք ազատության նվաճման, ազատության տիրապետման տակ անվան տակ ժամանակին խաղարկվել են, հիմա շատ ծիծաղելի, չնչին երեւույթներ են։ Գլոբալ առումով՝ եզրահանգումն այն է, որ մարդն ազատ կամ ազատ չէ ներքուստ, եւ ազատության հասնելու ճանապարհին պիտի նվաճի ներքին տարածության ազատությունը, ինչը, ըստ իս, վեպի հերոսին այնքան էլ չի հաջողվում։ Եվ շան կերն, ըստ էության, դրա արձանագրումն է, որովհետեւ եթե զուգահեռի մեջ դիտենք «շան կեր» արտահայտությունը, կհանգենք Կաֆկայի «Դատավարություն» վեպի վերջաբանին․Յոզեֆ Կ-ին վերջին խոսքերն են՝ «շան նման»։ Սա աբսուրդի եւ ամբողջ արած-չարածի ամրագրումն է այդ երկու բառով։

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին