Քերուեքի 18+, «աննորմալ» ու ջազային վեպը՝ Երեւանի բարբառով - Mediamax.am

exclusive
2870 դիտում

Քերուեքի 18+, «աննորմալ» ու ջազային վեպը՝ Երեւանի բարբառով


Մարիա Սադոյանը
Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Rose Lyddon

Մարիա Սադոյանը
Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ջեք Քերուեք
Ջեք Քերուեք

«Զանգակ» հրատարակչությունը Մարիա Սադոյանի թարգմանությամբ լույս է ընծայել Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպը։ Ամերիկայի «բիթ սերնդի» գրականության ամենակարկառուն հեղինակներից մեկը՝ Ջեք Քերուեքը (1922-1969), իր ամենահայտնի վեպում անկեղծորեն պատմում է իր եւ ընկերների ճամփորդական արկածների, ինքնության ու կյանքի էության որոնման մասին: Մարիա Սադոյանի բնորոշմամբ՝ ճանապարհը նաեւ ընտրություն է՝ այլ տիպի ապրելակերպի, տարբերվելու ընտրություն․Քերուեքն ու ընկերները իրենց ընտրությամբ ճանապարհ են բացում ապագա սերունդների համար:

 

- Ինչո՞վ է պայմանավորված վեպի ընտրությունը։

 

- Եթե Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպի թարգմանությունը իմ նախաձեռնությունն էր, ապա Քերուեք թարգմանելու առաջարկն արեց հենց «Զանգակ» հրատարակչությունը: Գիրքն ինձ ծանոթ էր, եւ ես հոյակապ պատկերացնում էի, թե որքան բարդ գործ եմ ստանձնելու: Բայց դա ինձ չվախեցրեց. ավելին՝ ես առաջարկեցի թարգմանել վեպի չգրաքննված, չխմբագրված տարբերակը՝ բնագիր գլանափաթեթը, որն ընթերցողին մատչելի դարձավ միայն 2007 թվականին:

 

Գիրքը միշտ եղել եւ այսքան տարի անց դեռ մնում է հակասական՝ թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ: Ի տարբերություն «Օդապարուկ թռցնողի»՝ «Ճանապարհին»-ը լայն հասարակության համար չէ եւ ոչ միայն այն պատճառով, որ «18+» կատեգորիայում է: Այն ընթերցողից պահանջում է որոշակի փորձ, գիտելիք եւ հմտություն: Բայց, կարծում եմ, հենց այսպիսի՝ «ոչ լայն սպառման» գրքերը ընդլայնում են հայ ընթերցողի հորիզոնները, կոտրում կարծրատիպերը, նոր շունչ տալիս մեր լեզվին:

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին՝ դժվարություններից մինչեւ վեպի թողած ազդեցությունը։

 

- Դժվարությունները շատ էին եւ բազմապիսի: Սկսեմ այն բանից, որ նույնիսկ իմ ամերիկացի ընկերների աչքերը զարմանքից լայնանում էին, երբ իմանում էին, որ սկսել եմ թարգմանել «Ճանապարհին»-ը: Քերուեքին ընթերցելը հեշտ չէ: Որոշ առումով կարելի է զուգահեռ անցկացնել Ջոյսի «Ուլիսեսի» հետ. լեզուն խրթին է, պատումը՝ ոչ գծային, ասոցիացիաները, ակնարկները՝ հաճախ անհասկանալի: Իզուր չէ, որ վեպի մասին հատորներ են գրվել, որոնցում գրականագետները փորձում են հասկանալ Քերուեքին եւ բացատրել նրա գրվածքի իմաստը: Չխմբագրված բնագիր գլանափաթեթը է՛լ ավելի խրթին ու տեղ-տեղ անըմբռնելի է: Ես, փաստորեն, գործ ունեի «հում», անմշակ տեքստի հետ՝ տարօրինակ ուղղագրությամբ, ակնհայտ եւ ոչ ակնհայտ սխալներով: Պահպանել այդ անկանոն ուղղագրությունը՝ կնշանակեր հայերեն տեքստը դարձնել անընթեռնելի: «Սվաղել» այն, լիովին համապատասխանեցնել դասական հայկական ուղղագրությանը՝ կնշանակեր դավաճանել տեքստի ոգուն: Ես փորձեցի գտնել ոսկե միջինը:

Մարիա Սադոյանը Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երկրորդ բարդությունը լեզուն էր, բարբառը: Քերուեքը գրել է 50-ականների Նյու Յորքի խոսակցական լեզվով: Այս լեզվաբանական շերտի, լեզվական մշակույթի համարժեքը հայերենում գոյություն չունի: Ռուսերենի թարգմանիչները այս դեպքում հաճախ լուծում են գտնում՝ հերոսներին տալով «գողական»՝ «блатной» բառապաշար: Ես կտրականապես դեմ էի սրան. Քերուեքն ու նրա ինքնակենսագրական վեպի հերոսները կրթված եւ չափազանց կարդացած մարդիկ էին: Միեւնույն ժամանակ նրանք չեն խոսել մաքուր գրական լեզվով: Թարգմանել վեպը դասական ստանդարտ հայերեն՝ կնշանակեր պարզապես աղճատել կերպարները:

 

Ամենանպատակահարմարը, իմ կարծիքով, Երեւանի խոսակցական բարբառին մոտ լեզուն էր, որով, սակայն, միշտ չէ, որ հաջողվում էր պատկերել ամերիկյան իրականությունը: Այդ դեպքում օգնության էին գալիս ծանոթագրությունները, որոնք, ի դեպ, այս գրքում շատ են:

 

Քերուեքի լեզուն ինքնատիպ է նաեւ այն պատճառով, որ անգլերենը Քերուեքի մայրենի լեզուն չէր: Ֆրանսա-կանադացի ծնողներից ծնված Ժան-Լուի Լեբրի դե Կեռուակը երկար ժամանակ խոսել է բացառապես ֆրանսերեն (ավելի ճիշտ՝ ֆրանսա-կանադական բարբառով): Այս պատճառվ Քերուեքը ազատ խաղում է ոչ միայն անգլերենի հետ (բառերի նոր, անսպասելի համադրություններ, բառաստեղծում), այլեւ շարադասության հետ: Նա «կոտրում» է նախադասությունները, որպեսզի թույլ տա մտքին սավառնել, տեղ-տեղ անտեսում կետադրությունը:

 

Երրորդ խնդիրը գրքի յուրօրինակ ռիթմն է: «Ճանապարհին»-ի գրելաոճի վրա մեծ ազդեցություն է թողել ժամանակաշրջանի ջազը՝ բիբոփը: Փոխանցել տեքստի այդ ռիթմը, այդ սինկոպները, թերեւս ամենադժվարն էր:

 

Թարգմանելիս կարդացել եմ Քերուեքի, բիթ սերնդի մասին անհամար գրքեր եւ հոդվածներ, լսել եմ անհամար ջազ ձայնագրություններ: Այս վեպի թարգմանությունը հարստացրեց ինձ:

 

- Ժամանակին գիրքը ե՛ւ բացասական արձագանքի է հանդիպել, ե՛ւ աննախադեպ հաջողություն է բերել գրողին։ Ինչո՞վ են պայմանավորված իրարամերժ արձագանքները։

 

- Բացասական արձագանքը վերաբերվել է թե՛ ոճին, թե՛ բովանդակությանը: Քերուեքն իր այս վեպով փորձել է ժխտել 19-րդ դարի արեւմտյան գրականության պատմողական դասական ոճը: Այս «ինքնաբուխ» արձակը, այնուամենայնիվ, արժանացել է քննադատության, որը մի նախադասությամբ սահմանել է Թրումեն Կապոտեն՝ ասելով. «Սա գրել չէ, սա գրամեքենայով տպել է»: Բովանդակության առումով էլ, անշուշտ, բազմաթիվ քննադատներ եւ ընթերցողներ համարեցին, որ վեպը գովերգում է թմրամոլությունը, անկանոն սեռական կյանքը, անպատասխանատու վարքը եւ այլն: Միեւնույն ժամանակ հենց այս «թերություններն» էլ դարձան վեպի հաջողության, կարելի է ասել՝ հավերժության գրավականը: Քերուեքի ոճին, իրական կյանքը անկեղծ պատկերելուն հետեւեցին շատ գրողներ, եւ նրա ժառանգությունը ապրում է ցայսօր:

 

- Վեպում ընկերներից մեկը փորձում է գրել սովորել, մյուսը՝ ապրել։ «Ես սկսեցի սովորել նրանից երեւի նույնքան, որքան նա սովորեց ինձնից»։ Գրելն ու ապրելը դժվար է տարրաբաժանել։ Ի վերջո, այս վեպի հիմքում հենց ապրած կյանքն է, անձնական փորձառությունը։

 

- Ալեն Գինզբերգը՝ հայտնի ամերիկյան «բիթ» պոետը եւ վեպի հերոսներից մեկը, Քերուեքին անվանել է «Մեծ հիշող»: Քերուեքն իրոք հիշում էր իր կյանքի ամեն մի մանրամասնը, ֆոտոխցիկի պես փորձում էր արձանագրել գոյության ամեն մի պահը, հոտը, համը: Նա կարող էր անկյունում նստել ու ժամերով հետեւել անցուդարձին՝ տետրակում գրառումներ կատարելով:

 

Քերուեքի ոգեշնչման աղբյուրը՝ Նիլ Քեսիդին, դրա հակառակն էր: Նա «ապրելու գիժ էր»: Թվում է՝ Քերուեքը կուզեր լինել Քեսիդիի պես, բայց չուներ այդ ձիրքը՝ ամբողջ ուժով ու կրքով տրվել գոյության յուրաքանչյուր պահին, չմտածել ապագայի մասին, «վառվել հրավառության պես»: Քերուեքն ուներ այլ տաղանդ՝ գրանցել ու մեզ փոխանցել այդ կրակն ու գժությունը:

 

- Տպավորություն ունեմ, որ Քերուեքը մի տեսակ ոչ թե արկածային ճամփորդության մասնակիցն է, այլ դիտորդը («...ինձ հետաքրքրել են միայն գժերը, որոնք ապրելու գիժ են, խոսելու գիժ են, որոնք ամեն ինչ միանգամից են ուզում, որոնք երբեք չեն հորանջում կամ տափակություն ասում»):

 

- Քերուեքն իրոք մեծ մասամբ դիտորդ է: Վեպում կան հատվածներ, որտեղ նա  տնօրինում է իր բախտը, ապրում է լիաթոք կյանքով առանց ընկերների, բայց գրքի ամենահիշվող մասերը Քեսիդիի հետ արկածներն են: Ասես Քեսիդիի խենթ ճաճանչների ներքո է միայն լիարժեք բացվում Քերուեք գրողը: Բայց միայն մասամբ դիտորդ մնալով, թուղթն ու գրիչը ձեռքից բաց չթողնելով՝ Քերուեքը կարողանում է պատկերել իրենց կյանքի հափշտակող, վաղանցիկ մանրամասների կախարդական բնույթը:

 

- Ճանապարհն ընտրությո՞ւն էր, ազատությո՞ւն, փնտրտո՞ւք, թե՞ վերադարձ։

 

- Ճանապարհի թեման կենտրոնական է Ամերիկայի մշակույթի համար: Այստեղ բոլորը մեքենա են վարում. հասկանալ Ամերիկան առանց ղեկին նստելու՝ դժվար է: Անշուշտ, ճանապարհը, երկրի անծայրածիր տարածքներով ուղեւորությունը ձեւավորում է ամերիկացու աշխարհայացքը: Ճանապարհը դառնում է ոչ միայն «ա» կետից «բ» կետը հասնելու պարզ միջոց, այլեւ ապրելակերպ:

Մարիա Սադոյանը Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Քերուեքը տոգորված էր նոր «ամերիկյան» վեպ ստեղծելու գաղափարով: Ավելի լավ թեմա, քան ճանապարհը, նոր ամերիկյան վեպի համար դժվար էր գտնել: Քերուեքի եւ իր ընկերների համար ճանապարհը, իմ կարծիքով, նախեւառաջ կյանքի ճշմարտությունը, բուն էությունը գտնելու ձեւ էր: Քերուեքը գրում է, որ ճանապարհի վերջում նրանք գտնում են «դա»: Հասնել սրան առանց լիակատար ազատության՝ հնարավոր չէ: Թվում է նաեւ, որ հերոսները ճանապարհ են ընկնում պատասխանատվությունից, ձանձրալի կյանքից կտրվելու, խուսափելու համար: Ճանապարհի նպատակակետը կարեւոր չէ, կարեւոր է հենց ճանապարհը: Ճանապարհը նաեւ ընտրություն է՝ այլ տիպի ապրելակերպի, տարբերվելու ընտրություն: Ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ այդպիսի ընտրության ճոխությունը: Քերուեքն ու ընկերները իրենց ընտրությամբ ճանապարհ են բացում ապագա սերունդների համար:

 

- Ոճական առանձնահատկության մասին ի՞նչ կասեք։ Անոտացիայում նշվում է, որ Քերուեքը ոգեշնչվել է իր ընկեր եւ վեպի գլխավոր հերոս Նիլ Քեսիդիի նամակների «հապճեպ, գիժ, խոստովանական, մանրամասն» ոճից, որն անվանել է «ինքնաբուխ արձակ»։ Նաեւ գրելու ձեւն է հետաքրքիր եղել, գրել է 36-մետրանոց սոսնձված թղթի վրա, որ չընդհատի մտքերի հոսքը։

 

- Վեպը ստեղծելու մասին բազում առասպելներ կան: Քերուեքն իրոք տպել է վեպը մի քանի օրում իր կողմից սոսնձված գլանափաթեթի վրա: Բայց դա չի նշանակում, որ դա եղել է բացարձակապես «ինքնաբուխ» արձակ:

Ջեք Քերուեք Ջեք Քերուեք

 

Իրականում Քերուեքը երկար տարիներ նյութեր է հավաքել իր մեծ վեպի համար, լրացրել բազում նոթատետրեր, մի քանի անգամ սկսել է վեպը, դժգոհ մի կողմ նետել այն, եւ այսպես մի քանի տարի շարունակ: Յուրօրինակ եւ նորարարական ոճի վրա, ինչ խոսք, ազդել են Քեսիդիի նամակները: Բայց միայն Քերուեքի տաղանդի շնորհիվ այս «հապճեպ, գիժ, խոստովանական» ոճը դարձավ այնպիսի գրական երեւույթ, որ մտավ աշխարհի լավագույն վեպերի շարքը եւ բազում հետեւորդներ ունեցավ:

 

- Ի՞նչ կասեք վեպի հրատարակված ու գլանափաթեթ ձեռագրում առկա տարբերությունների մասին։

 

- Նախեւառաջ եկեք հիշենք, որ «Ճանապարհին»-ը երկար ժամանակ չէր հրատարակվում, քանի որ չափազանց «աննորմալ» էր: Մի քանի տարվա տառապանքից հետո Քերուեքը վերջապես գտավ մի հրատարակչություն, որը խոստացավ գիրքը տպագրել, եթե այն լինի գոնե մի փոքր ավելի «նորմալ»: Դա նշանակում էր. ա) փոխել բոլոր հերոսների իրական անունները, բ) բացառել կերպարների նույնականացումը իրական մարդկանց հետ, գ) հանել սեռական բնույթի եւ այլ «ոչ բարոյական» մասերը, դ) ավելի կարճ դարձնել վեպը, ե) ստանդարտացնել ուղղագրությունն ու կետադրությունը: Ուստի, 1957 թվականին լույս տեսած վեպը դաժանորեն գրաքննվել եւ խմբագրվել էր: Արդյունքը Քերուեքին բացարձակապես դուր չէր գալիս, բայց նա այնքան հոգնել էր պայքարելուց, որ հանձնվեց:

Լուսանկարը` Rose Lyddon

Երբ Քերուեքի մահվանից գրեթե 40 տարի անց նույն հրատարակչությունը վերջապես լույս ընծայեց բնօրինակը, պարզ դարձավ, որ վեպը շատ ավելի անմիջական եւ նորարարական էր: Ցնցողը ոչ այնքան բովանդակային տարբերությունն էր, որքան ոճականը: Վերջապես իրականացավ Քերուեքի երազը. չէ՞ որ նա ինքն էր գրել. «Ոչ թե բառերն են կարեւոր, այլ ասածի պոռթկումը»:

 

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել «Ճանապարհինը» բիթ սերնդի, գրականության վրա ։

 

- Մեկ բառով՝ հսկայական: Որոշ գրականագետների կարծիքով՝ «Ճանապարհին»-ով սկսվում է, այսպես կոչված, «բիթ շարժումը», որը սկզբում գրական էր, բայց շուտով դարձավ սոցիալ-քաղաքական: Այս մարգինալ, անդրմշակութային շարժումը արագ հետեւորդներ ձեռք բերեց, որոնք հարցականի տակ դրեցին ամերիկյան հասարակության մատերիական արժեքները, սկսեցին առավել մեծ տեղ տալ հոգեւոր փնտրտուքին, անձնական եւ սեռական ազատությանը: Բիթ սերնդից ծնվեցին հիփիները եւ հակապատերազմական շարժումը: Բիթ շարժումը մեծապես ազդեց նաեւ երաժշտության վրա. Էլվիս Փրեսլի, Բոբ Դիլան, «Բիթլզ»՝ բոլորը կրել են բիթ շարժման ազդեցությունը (Ջոն Լենոնը Քերուեքի երկրպագու էր): Ըստ Քերուեքի ընկեր եւ բիթ գրող Վիլյամ Բըրոուզի՝ Քերուեքը «մշակութային հեղափոխություն է արել՝ առանց նույնիսկ ընդունելու այդ փաստը»:

 

- Կարո՞ղ ենք ասել, որ «Ճանապարհինը» արդիական է այսօր։

 

- «Ճանապարհինը» արդիական կլինի միշտ, ինչպես ցանկացած տաղանդավոր գործ: Այն չի սահմանափակվում ամերիկյան իրականության դարաշրջանով, որն արդեն վաղուց անցյալում է: Վեպի փիլիսոփայական թեմաները մշտնջենական են. ո՞րն է կյանքի իմաստը, ինչպե՞ս ազատագրվել հասարակության կողմից պարտադրված արժեքներից, ինչպե՞ս պայքարել ինքնարտահայտման իրավունքի համար:

 

Եվ վերջում ՝ ուղերձ գրքի ապագա ընթերցողներին: Հասկանալ Ջեք Քերուեքին՝ անհնար է առանց մի կողմ դնելու դասական վիպասանության սպասելիքներն ու մեկնաբանության «գծային» պատկերացումները: Գրքի մեջ պետք է ընկղմվել, զգալ դրա «ջազը»: Առաջարկում եմ պատկերացնել, որ Քերուեքի հետ նստած եք ծխամած նյույորքյան բարում, փոքրիկ ինքնաստեղծ բեմի վրա ջազ-բենդ է նվագում, արդեն մեկ-երկու բաժակ վիսկի եք խմել, իսկ Քերուեքը ձեզ պատմում է իր ուղեւորության, ընկերների, արկածների մասին՝ ոգեւորված, բազմաբառ, շնչակտուր, գիժ...

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին