Կյանքի ու մահվան հակադրությունը Մուրակամիի «Նորվեգական անտառում» - Mediamax.am

exclusive
2916 դիտում

Կյանքի ու մահվան հակադրությունը Մուրակամիի «Նորվեգական անտառում»


Հարուկի Մուրակամին
Հարուկի Մուրակամին

Լուսանկարը` Murdo Macleod/The Guardian

Լիլիթ Խանսուլյանը
Լիլիթ Խանսուլյանը

«Մենք (մենք ասելով՝ նկատի ունեմ բոլոր նորմալ եւ աննորմալ մարդկանց) անկատար աշխարհում ապրող անկատար մարդիկ ենք։ Մենք բանկային ավանդ չենք, չորուցամաք կյանքով չենք ապրում եւ չենք կարող քանոնով ու անկյունաչափով կյանքի երկարությունն ու անկյունները չափել»։ Կյանքի, մահվան, հնարավոր ու անհնար սիրո մասին է ճապոնացի նշանավոր արձակագիր Հարուկի Մուրակամիի (1949) «Նորվեգական անտառ» վեպը (1987)։

 

Գիրքը ներկայացնում «Անտարես» հրատարակչությունը։ Ճապոներենից թարգմանությունը Լիլիթ Խանսուլյանինն է։ Հարուկի Մուրակամին մեծ թվով գրքերի (14 վեպ, պատմվածքների 12 ժողովածու, էսսեներ, հեքիաթներ, փաստագրական արձակ) հեղինակ է, որոնք թարգմանվել են 50-ից ավելի լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով։ Մուրակամին արժանացել է Կաֆկայի անվան մրցանակի։

 

«Նորվեգական անտառ» վեպի մասին Մեդիամաքսը զրուցել է Լիլիթ Խանսուլյանի հետ։

 

- «Նորվեգական անտառի» ծավալը, խորությունը, այնքան իրական թվացող կերպարներն այնպես են կլանում, որ երկար ժամանակ չես կարողանում ազատվել այդ գրքի ազդեցությունից։ Սա որպես ընթերցող եմ ասում։ Ի՞նչ ապրումներ եք ունեցել թարգմանելիս։

 

- «Նորվեգական անտառը» բնութագրում է կյանքը իր բազմաշերտությամբ, խորությամբ, մարդկային հարաբերություններով, խնդիրներով։ Թարգմանելիս ինքս էլ էի ապշել, թե որքան իրական են կերպարներն ու իրադարձությունները։ Պատահում էր՝ որեւէ դրվագ էի թարգմանում, եւ կարճ ժամանակ անց նկատում, որ շուրջս նույն բանն է կատարվում, ինքս նմանատիպ դրության մեջ եմ հայտնվում։ Շատ են դիպուկ ու խորիմաստ արտահայտությունները, որոնք այնքան ճիշտ են նկարագրում տարբեր իրադրություններ, այնքան հարցերի համար են պատասխան դառնում։ Գիրքն իսկապես հետաքրքիր է, կլանող, զուտ ճապոնական նրբազգացությամբ մթնոլորտ է ստեղծում։

Լիլիթ Խանսուլյանը Լիլիթ Խանսուլյանը

 

Հերոսները հիմնականում երիտասարդներ են։ Այստեղ կարող ենք տեսնել նաեւ երիտասարդության շրջանում տարածված խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ վաղ հասունացումն ու դրանից բխող հետեւանքները։ Չէ՞ օր Քիձուկիի ու Նաոկոյի հոգեբանական խնդիրներն իրականում հենց այստեղից են գալիս։ Մի քանի հերոս ինքնասպանություն են գործում, եւ առաջին հայացքից թվում է, թե այդ քայլին դիմելու ոչ մի պատճառ չի էլ եղել, գրքում առանձնապես պատճառները չեն բերվում։ Բայց ենթատեքստից հասկանում ես, որ եղել են, եւ պատճառները խոր արմատ ունեն։ Գիրքը կյանքի մասին է, եւ տարբերություն չկա՝ լինի Ճապոնիայում, Հայաստանում, թե մեկ այլ երկրում։

 

- Ի՞նչ դժվարություններ է ենթադրում Ճապոներենից հայերեն թարգմանությունը։

 

- Ճապոներենը հնդեվրոպական լեզու չէ, լեզվամտածողությունը խիստ տարբերվում է։ Քերականությունն է ուրիշ, շարադասությունը։ Երեք տեսակի գիր ունեն՝ երկու այբուբեն՝ հիրագանա ու կատակա եւ հազարավոր հիերոգլիֆներ։ Եթե անծանոթ հիերոգլիֆ է հանդիպում, ստիպված փնտրում եմ իմաստը, կարդացողությունը, հետո նոր թարգմանությունը, ինչը շատ ժամանակ է խլում։ Ճապոներեն-հայերեն եւ հայերեն-ճապոներեն լավ բառարան չկա։ Թարգմանելիս օգտվում եմ ճապոներեն-անգլերեն կամ ճապոներեն-ռուսերեն բառարաններից, հետո փնտրում անգլերեն կամ ռուսերեն բառի հայերեն համարժեքը։ Եվ քանի որ միջնորդ լեզվի բառարաններից եմ օգտվում, պարտադիր կարդում եմ անծանոթ բառի բացատրությունը բոլոր լեզուներով, որպեսզի ճիշտ կողմնորոշվեմ բառի ընտրության հարցում։ Սա նույնպես ժամանակատար է։

 

- Գրքի կենսագրական տարրեր ունենալու վարկածը որքանո՞վ է հավաստի։ Առհասարակ, ի՞նչ տեղեկություններ կան այդ մասին։

 

- Երբ ուսումնասիրում ես Մուրակամիի կենսագրությունը, որոշ տարրեր կան։ Օրինակ՝ Մուրակամին Ճապոնիայի Վասեդա համալսարանում դասական դրամա է սովորել։ Գրքի հերոսը՝ Վատանաբեն, նույնպես դրամա էր սովորում։ Մուրակամիի առաջին աշխատանքը եղել է ձայնապնակների խանութում։ Վատանաբեն նույնպես կես դրույքով աշխատում էր ձայնապնակների խանութում։ Այլ նմանություններ էլ կան։ Սակայն Մուրակամին հերքել է վեպի ինքնակենսագրական բնույթը։

 

- Գրքի բնաբանում հղում է արված Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպին։ Ֆիցջերալդի նկատմամբ համակրանքը նկատելի է նաեւ հերոսների զրույցներից։ Գուցե հոգեկան հավասարակշռությունը կորցրած կնոջը սիրելու պատմությունը հենց այստեղի՞ց է գալիս։

 

- Այո, բնաբանը վերցված է «Գիշերն անույշ է» վեպից։ Բայց Մուրակամին չի մեկնաբանել, թե ինչու։ Մեզ մնում է միայն ենթադրություններ անել։

 

Մուրակամին ինքն էլ նշում է, որ Ֆիցջերալդը այն գրողներից է, որը մեծ ազդեցություն է թողել իր վրա, եւ որ կյանքում հանդիպած երեք ամենակարեւոր գրքերից մեկը «Մեծն Գեթսբին» է։ Մուրակամին նաեւ ճապոներեն է թարգմանել Սքոթ Ֆիցջերալդի գրքերը։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հոգեկան հավասարակշռությունը կորցրած կնոջը սիրելու պատմությունը հենց այստեղից է գալիս, վստահ պատասխանել չեմ կարող։ Բայց երկու պատմությունները սրանով ակնհայտորեն նման են։ Չնայած բոլորովին տարբեր վերջաբան ունեն։ «Նորվեգական անտառում» Նաոկոն չի ցանկանում իր խնդիրների մեջ ներքաշել Վատանաբեին, չի ուզում կոտրել նրա կյանքը։

 

Հետաքրքիր է այն, որ գրքում «Գիշերն անույշ է» վեպի մասին ոչ մի հիշատակություն չկա։ Վատանաբեի ամենասիրելի գիրքը «Մեծն Գեթսբին» է, որը նա բազմիցս կարդացել է։

 

- «Մահը գոյություն ունի ոչ թե որպես կյանքի հակադրություն, այլ որպես դրա մի մաս»․ Վատանաբեն (պատմողը) այս բանաձեւմանը համակերպվո՞ւմ է, թե՞ հակադրվում։ Ի վերջո, Նաոկոյի մահվան առիթով նա գալիս է այն եզրահանգման, որ «ոչ մի ճշմարտություն չի կարող սփոփել սիրելիին կորցնելու վիշտը»։

 

- Իրականում երբեւէ չեմ մտածել՝ արդյոք Վատանաբեն համակերպվում է մահվան գաղափարի այդ բանաձեւի հետ, թե հակադրվում։ Հավանաբար՝ համակերպվում է, որովհետեւ այդ բանաձեւին ինքնուրույն է հասնում՝ մահվան շուրջ երկար մտորումներից ու ապրումներից հետո։ Իր ընկերոջ՝ Քիձուկիի մահվան առիթով նա ասում է․«Քիձուկիի մահվան գիշերը մի սահման էր, որից հետո ես այլեւս ի վիճակի չեմ մահը (եւ կյանքը) այդքան պարզ ընկալել։ Մահը կյանքի հակադիր գոյությունը չէ։ Մահն արդեն իսկ իրապես ամփոփված է իմ էության մեջ, եւ այդ փաստը, ինչքան էլ ջանամ, մոռանալ չեմ կարող»։ Բացի դրանից, Ձեր մեջբերումը շարունակություն ունի․«ոչ մի ճշմարտություն չի կարող սփոփել սիրելիին կորցնելու վիշտը։ Ոչ մի ճշմար¬տու¬թյուն, ոչ մի ազն¬վու¬թյուն, ոչ մի զո¬րե¬ղու¬թյուն, ոչ մի բա¬րու¬թյուն չեն կա¬րող այդ վիշ¬տը ամո¬քել։ Մենք միայն կա¬րող ենք անց¬նել այդ վշտի մի¬ջով ու ինչ-որ բան քա¬ղել դրա¬նից, որը, սա¬կայն, ոչն¬չով չի օգ¬նի հա¬ջորդ վշտին անս¬պա¬սե¬լիորեն բախ¬վե-լիս»: Իմ կարծիքով, վշտի միջով անցնելու համար պետք է ընդունել այդ վիշտը, ապրել, համակերպվել դրա հետ։ Բայց սա ընդամենը իմ կարծիքն է, եւ յուրաքանչյուր ընթերցող հավանաբար յուրովի կընկալի Վատանաբեի զգացմունքները։

 

- Սիրելու անհնարինությունն ու մահվան «հավանական» լինելը գիրքը տխուր շղարշով է պատում, բայց նաեւ խաղաղ, վստահ, նուրբ տրամադրություն է բխում գրքից։ Գուցե գեղարվեստական ոճո՞վ է պայմանավորված այս զգացողությունները։ Առհասարակ, ինչպիսի՞ն է ճապոնական արձակը, ինչո՞վ է առանձնանում Մուրակամիի այս ստեղծագործությունը։ Եվ ինչո՞վ է պայմանավորված դրա հաջողությունը։

 

- Լինելով ճապոնացի, ճապոնական մշակույթի կրող, Մուրակամին մեծ ազդեցություն է կրել ամերիկյան գրականությունից։ Նրա գիրը պարզ է, դյուրընկալ, միաժամանակ խորաթափանցու խորիմաստ, իսկ պատմությունները հետաքրքիր են, բարդ ու խճճված։ Հավանաբար, սրանով է պայմանավորված նրա հաջողությունը ոչ միայն Ճապոնիայում, այլեւ ամբողջ աշխարհում։

Հարուկի Մուրակամին Հարուկի Մուրակամին

Լուսանկարը` Murdo Macleod/The Guardian

Մուրակամին հաճախ է ասում՝ գրի մեջ կարեւորը ռիթմն է։ Գեղարվեստական ոճը, պարզ ու խորիմաստ խոսքը եւ նուրբ ռիթմը հմայք են հաղորդում գրքին, նուրբ ու ներդաշնակ տրամադրություն ապահովում, որն ուղեկցում է ընթերցողին ընթերցանության ամբողջ ընթացքում։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին