Իշիգուրոյի «Օրվա մնացորդը». մարդկային կյանքը՝ ձեռքերիդ մեջ - Mediamax.am

exclusive
2547 դիտում

Իշիգուրոյի «Օրվա մնացորդը». մարդկային կյանքը՝ ձեռքերիդ մեջ


Լուսանկարը` Alessandro Busso

Կազուո Իշիգուրոն
Կազուո Իշիգուրոն

Լուսանկարը` English Pen

Ռուզաննա Սուքիասյանը
Ռուզաննա Սուքիասյանը

Լուսանկարը` Զանգակ


Ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոն գրական համբավ է ձեռք բերել «Օրվա մնացորդը» վեպով (The Remains of the Day, 1989), որն արժանացել է «Մեն Բուքեր» գրական մրցանակի։ 2017-ին Իսիգուրոյին շնորհվել է Նոբելյան մրցանակ։ Գրողն արժանացել է նաեւ Բրիտանիայի թագավորական եւ Ճապոնիայի պետական շքանշանների։ Հայ ընթերցողին «Օրվա մնացորդը» ներկայացնում է «Զանգակ» հրատարակչությունը։ Մեդիամաքսի հարցերին պատասխանում է գրքի թարգմանիչ Ռուզաննա Սուքիասյանը։

 

- «Օրվա մնացորդը» ներառվել է «Գրքեր, առանց որոնց դու չես կարող ապրել», «1000 գիրք, որոնք պետք է կարդալ», «20-րդ դարի անգլիալեզու լավագույն վեպերից մեկը» եւ այլ  գրացանկերում։ Այս վեպի հաջողությունը պայմանավորված է նրա գեղարվեստակա՞ն արժանիքով, թե՞ ասելիքի կարեւորությամբ։ Անհնար է փակել գիրքը՝ չմտածելով օրվա մնացորդի մասին։

 

- Իրավամբ, «Օրվա մնացորդը» Իշիգուրոյին ամենահայտնի եվրոպացի գրողներից մեկը դարձրեց։ Թերեւս հենց այս վեպից հետո նրան սկսեցին ընկալել որպես բրիտանացի գրողի, որովհետեւ այստեղ, ի տարբերություն նախորդ երկու վեպերի, Իշիգուրոն անցում է կատարում ճապոնական իրականությունից դեպի անգլիականը՝ պատկերելով տիպիկ անգլիական ծառայապետական մշակույթը։

Ռուզաննա Սուքիասյանը Ռուզաննա Սուքիասյանը

Լուսանկարը` Զանգակ

«Փերիզ ռիվյու»-ին տված հարցազրույցում հեղինակը ասում է, որ վեպը «գիտակցաբար գրել է միջազգային հանրության համար»։ Ծառայապետի կենցաղի ու կենսակերպի պատկերումը այնքան իրատեսական ու ճշգրիտ է, որ թվում է՝ Ստիվընսին անձամբ ճանաչում ես իրական կյանքում, սակայն հեղինակը ինքը նշում է, որ այդ տեսանկյունից վեպը մեծ մասամբ հորինվածք է՝ հաշվի առնելով այն, թե որքան քիչ բան կա իրականում փաստագրված «սպասավորների կողմից սպասավորների մասին»։ Թերեւս հենց այստեղ է հեղինակի վարպետությունը, որի ճապոնական արմատների համար ոչ խորթ զսպվածությունն ու զգացմունքների նրբանկատ քողարկումը այդքան բնական կերպով ձուլվել են անգլիացի ծառայապետի կերպարին։

 

Այս ամենից զատ՝ «Օրվա մնացորդը» ընթերցողին տալիս է լավագույն զգացողությունը, որ գրական գործը կարող է տալ. դու մարդկային կյանքն ես պահում ձեռքերիդ մեջ։ Վեպում բարձրացվող թեմաները բազմաշերտ են ու բազմազան, վեպը գրված է վարպետորեն ու ապշեցուցիչ գեղեցկությամբ՝ թե՛ լեզվի, թե՛ գեղարվեստականության, թե՛ զգայականության առումով։ Սակայն էականը ինձ համար մնում է մարդկային կյանքը ձեռքերիդ մեջ ունենալու զգացողությունը եւ դրա անդառնալիության սթափեցնող գիտակցումը, մարդկային կյանքի գեղեցկությունն ու տխրությունը, որը նույնն է ինձ համար, Ձեզ համար, ծառայապետ Ստիվընսի համար, որը նույնն էր Առաջին համաշխարհայինի տարիներին, հիմա, հազարամյակներ առաջ ու որը հազարամյակներ հետո էլ նույնն է լինելու։ Որպես ընթերցող՝ դու անձնապես ապրում ես վեպը, ու դա ցանկացած գրքի լավագույն գնահատականն է։

 

- Կարելի՞ է ասել, որ սոցիալական խնդիր է բարձրացվում գրքում. պետք է ընտրես աշխատանքդ կամ անձնական երջանկությունդ։ Բայց մյուս կողմից՝ կարո՞ղ ենք միանշանակ ասել, որ դեպքում ծառայապետը ավելի երջանիկ կլիներ։

 

- Վեպում պարբերաբար հանդիպում ենք «ինձ նմանների համար» արտահայտությանը։ Դա խոսում է այն մասին, որ Ստիվընսի աշխարհայացքը, մոտեցումները, կայացրած որոշումները որոշակի առումով նախասահմանված են նրա սոցիալական դիրքով։ Ծառայապետի որդի լինելով՝ Ստիվընսը այն համոզմունքին էր, որ միայն կատարյալ ծառայապետ դառնալով կարող է հնարավորինս մոտենալ աշխարհի առանցքին։ Գուցե դա ինքնախաբեություն էր, գուցե նա փորձում էր ինքն իրեն համոզել, որ ավելի մեծ ներդրում է ունեցել դարակազմիկ իրադարձությունների մեջ, քան իրականում կա, գուցե այդպես նա փորձում էր տուրք տալ սեփական սնափառությանը՝ «ծառայապետին բնորոշ արժանապատվությանը» հաղորդելով ավելի մեծ իմաստ, քան այն իրականում կրում է, սակայն այլ կերպ այդ մարդը պարզապես չէր կարող։

Կազուո Իշիգուրոն Կազուո Իշիգուրոն

Լուսանկարը` English Pen

Ստիվընսը համոզել էր ինքն իրեն, որ «իր նմանների համար» անձնական երջանկությունը գոյություն չունեցող կամ արգելված կատեգորիա է։ Նրա՝ մասնագիտական առաքելությամբ սահմանափակված աշխարհում անձնական զգացմունքներն ու ապրումները տեղ չունեն։ Օրիորդ Քենթընի հայտնվելով՝ Ստիվընսի համոզմունքը փոքր-ինչ սասանվեց, ցնցվեց, բայց նախապաշարմունքները սիրուց ուժեղ գտնվեցին։ Անկեղծ ասած՝ չնայած ամբողջ ցավին, որ Ստիվընսը ապրում էր, չնայած նրա քողարկված զղջմանը ու կորստի զգացողությանը, դժվարանում եմ պատկերացնել նրան այլ իրականության մեջ։ Աշխատա՞նք, թե՞ անձնական երջանկություն. Ստիվընսը ի վերջո ընտրեց այն, առանց որի ապրել չէր կարող։

 

- Ստիվընսը կարծես համակրելի կերպար է, թեեւ նրա սառնությունն ու անասելի զսպվածությունը կարող էին նաեւ վանել։ Ի՞նչն է որ դրական լույսի ներքո է պահում հերոսին։

 

- Ճիշտ է, մի կողմից տեսնում ենք դաժանության հասնող զսպվածությամբ մարդու, որը ընդունակ է սառնասրտորեն վանելու սիրած կնոջը, ընդունակ է շարունակելու մասնագիտական պարտականությունները կատարել՝ անտեսելով հարազատ հոր մահը, ընդունակ է նույնիսկ հրապարակավ ուրանալու տիրոջը՝ լորդ Դարլինգթընին, որին նվիրել էր ողջ կյանքը եւ որին ծառայելը բարձրագույն արժեք էր դարձրել իր համար։ Եթե մակերեսորեն նայենք Ստիվընսի պատումին, հենց այդպիսին նա կպատկերվի մեզ՝ սառը ու դաժան։ Բայց առանցքայինը այն չէ, ինչ Ստիվընսը ասում է, այլ այն, ինչի մասին լռում է։ Ստիվընսի պատումը վստահելի չէ, այն լի է հակասություններով ու քողարկումներով։ Սառնության շղարշի տակ նա փորձում է թաքցնել սխալական, զղջացող, փխրուն մարդուն, ինչպիսին մեզնից յուրաքանչյուրն է։ Ինքն իրեն արդարացնելու, իրադարձությունները հօգուտ իրեն մեկնաբանելու, անցյալը խեղելու նրա փոքրիկ հնարքները այնքան մարդկային են, այնքան հարազատ ու այնքան ծանոթ, որ ասես մեր սեփականը լինեն։ Ստիվընսը հնաոճ է,  երբեմն անհեթեթ, հումորի զգացումից զուրկ, ի վերջո նրա մասնագիտությունը արդեն այնքան էլ պահանջված չէ, ինչը նրան ավելի անհեթեթ է դարձնում, սակայն նա չափազանց իրական է, չափազանց մարդկային։ Հենց այդ պատճառով ինչ-որ պահի ընթերցողը անխուսափելիորեն ընկերանում է Ստիվընսի հետ ու այդ զգացողությամբ էլ փակում է գիրքը։

 

- Գրքում ներկայացված  սիրային պատմությունը շատ անսովոր է ու գեղեցիկ։ Այդպես էլ բնորոշել են վեպը՝ գեղեցիկ ու դաժան։ Բայց կարծես ցանկացած պարագայում մարդիկ սպառում են օրը (կյանքը), եւ ապրելու համար մնում է երեկոն (օրվա մնացորդը)։ Նկատի ունեմ, որ ծառայապետի կյանքը ընդամենը մի օրինակ է։

 

- Իհարկե, ինչպես արդեն նշեցի, վեպը այն զգացողությունն է առաջացնում, որ ձեռքիդ մեջ մարդկային կյանքն է։ Եվ մի՞թե Ձեր ասած բնորոշումը՝ գեղեցիկ ու դաժան, հենց կյանքի բնորոշումը չէ։ Որքա՜ն հաճախ են չդադարող մրցավազքի մեջ հայտնված մարդիկ սնում իրենց ոչ իրական, կեղծ արժեքներով ու նպատակներով՝ մոռանալով նրա մասին, ինչն իրապես նշանակություն ունի։ Ինչպես ուզում ես ապրիր կյանքդ, միեւնույնն է, միշտ լինելու են կորցրած հնարավորություններ, իրականություններ, որ կարող էին լինել, բայց չեղան, որովհետեւ բավականաչափ համարձակ չէիր կամ պարզապես չստացվեց, միշտ լինելու են հուսահատություններ, կորուստներ ու ափսոսանքներ, միշտ լինելու է կյանքը այս կամ այն չափով վատնած լինելու զգացողությունը։

 

- Եվ այնուամենայնիվ, նա գիտակցելով, որ  սպառել է իրեն, փորձում է օրվա մնացորդը ոչ թե ապրել, այլ ծառայեցնել նոր տիրոջը։

 

- Այո՛, Ստիվընսը հիվանդագին կերպով կառչում է իր մասնագիտական պարտքին, հին տիրոջը ծառայելու մոլուցքը փոխարինում է նոր տիրոջը ծառայելու մոլուցքով, որպեսզի ստիպված չլինի առերեսվել այն փաստին, որ ինքը ձեռնունայն է, որ ոչինչ չունի։ Ոչինչ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն սերը, ընտանիքը, ընկերներին, որոնց նա այդպես էլ չունեցավ, խոսքը նաեւ անհատականության, սեփական «ես»-ի մասին է։ Ստիվընսը տարիներ ի վեր իր մեջ ճնշել է սեփական «ես»-ը՝ ընկալելով իրեն որպես իր տիրոջ՝ լորդ Դարլինգթընի մի մասը։ Ուստի, կարելի է ասել, որ Դարլինգթընի մահով Ստիվընսը եւս ինչ-որ առումով մահացել է։ Եվ այժմ նոր տիրոջը նվիրվելու միջոցով նա փորձում է գտնել մեկին, որի անձի շուրջը կկարողանա կառուցել իր անձը, որի համար կկարողանա ապրել, քանի որ ինքն իր համար, սեփական հաճույքի համար ապրել Ստիվընսը չգիտի։ Գրքի վերջին տեսարանում նավամատույցին Ստիվընսի հետ զրուցող անծանոթը նշում է, որ նոր տերը՝ պարոն Ֆարադեյը, ըստ էության, Ստիվընսին «գնել» է՝ որպես առանձնատան մի մաս։ Ինքը՝ Ստիվընսը, հենց այդպես էլ ընկալում է իրեն. որպես առանձնատան մի մաս։ Նա այլ կյանք չունի, եւ, ըստ էության, չի կարող ունենալ, որովհետեւ իր կատարած ընտրություններով ու կայացրած որոշումներով սպառել է այլ կյանքով ապրելու իր հնարավորությունները։ Նրա համար գոյություն ունի միայն մասնագիտական պարտքի պատրանքը։

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին։

 

- «Օրվա մնացորդ»-ի թարգմանությունը հաճելի փորձառություն էր ինձ համար։ Թարգմանական տեսանկյունից պարզապես հիասքանչ գիրք է։ Վեպի լեզուն հարուստ է, բազմաշերտ, լեզվական փնտրտուքների ու մտորումների հնարավորություն է տալիս, միեւնույն ժամանակ դասական է եւ զուսպ։ Առանց մասնագիտական մանրամասնությունների մեջ խորանալու՝ կարող եմ ասել միայն, որ Իշիգուրոյի պատումը արդարացրեց որպես թարգմանիչ իմ սպասելիքները։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին