Կյանքի ու մահվան մրցարշավը Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպում - Mediamax.am

exclusive
4758 դիտում

Կյանքի ու մահվան մրցարշավը Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպում


Վանուհի Բաղմանյանը
Վանուհի Բաղմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացնում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը։ Գերմաներենից թարգմանությունը Վանուհի Բաղմանյանինն է։ Վեպը հայերեն ներկայացվում է առաջին անգամ։ 

 

1950-ական թթ․սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։

 

Մեդիամաքսի զրուցակիցը Վանուհի Բաղմանյանն է։ 

 

- Այս վեպը ե՞րբ է գրվել, ի՞նչ արձագանք է գտել իր ժամանակ, եւ ինչո՞ւ է հայ ընթերցողին հասնում այսքան ուշ։ 

 

- Գերմանական գրական միջավայրի համար նորություն չէր, որ Ռեմարկի ապագա վեպերը հատվածաբար լույս էին տեսնում այս կամ այն ամսագրում։ Հերթն այս անգամ «Երկինքն ընտրյալներ չունի» վեպինն էր, որ 1959 թ․ հուլիսից-դեկտեմբեր ժամանակամիջոցում հատվածաբար լույս տեսավ համբուրգյան Kristall ամսագրում՝ «Կյանքը պարտքով» վերնագրով։ Մինչ ամսագրում տպագրված հատվածները թարգմանվում էին Շվեդիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Խորհրդային միությունում, 1959 թ․ մայիսին Ռեմարկը գրքի հրատարակման մասին պայմանագիր է կնքում հրատարակիչ Յոզեֆ Կասպար Վիչի հետ եւ ձեռնամուխ լինում «Կյանքը պարտքով»-ը մինչեւ 1960-ի տարեվերջ «Երկինքն ընտրյալներ չունի»-ի վերածելուն՝ զուգահեռաբար աշխատելով «Լիսաբոնի գիշերը» վեպի եւ մի շարք այլ նախագծերի վրա։ 

 

Ռեմարկը ոչ միայն վերամշակում էր տեքստը, այլեւ խորացնում կենտրոնական թեմաները՝ տեսարաններ հավելելով, երկխոսություններն ավելի սուր դարձնելով եւ այլն։ Որպես վեպ՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով, ձոնված իր կնոջը՝ Փոլեթ Գոդարին, լույս է տեսնում 1961 թվականին։

«Երեք ընկեր»՝ «վատ հորինված կյանքում»

Վեպի տպագրության ճանապարհին խութեր եղան, որոնք քննադատությունների եւ թյուր ենթադրությունների տեղիք տվեցին՝ այս անգամ իսկապես անակնկալի բերելով ու անհանգստացնելով Ռեմարկին։ «Կյանքը պարտքով»-ի հետ միաժամանակ նույն ամսագրում լույս են տեսնում նախկին SS-ական օբերշթուրմբանֆյուրեր, նացիոնալ-սոցիալիստների արտգործնախարար, մամուլի տնօրեն Ռիբենթրոփ Փաուլ Քառելլի (Փաուլ Քառլ Շմիդթ) տեքստերը։ Հակաֆաշիստ հեղինակ Ռեմարկն այդ շրջանակո՞ւմ։ Նա անհապաղ հերքում է դա` հայտարարելով. «Այդ պարոն Շմիդթը հավանաբար խաբել է հրատարակչությանը, որը, թերեւս, գաղափար չունի այդ մարդու անցյալի մասին։ Ես նման բան երբեք թույլ չէի տա, ու մտքովս երբեք չէր անցնի նման բան։ Դա անասելի տհաճ է ինձ համար… Ի սե՛ր Աստծո, այս տարիքում ես չեմ ուզում հանկարծ նացիստների շարքին դասվել»։

 

Թե ինչու է վեպն այսքան ուշ հասնում հայ ընթերցողին, կարող եմ միայն ենթադրել․ Խորհրդային միության օրոք բնագրից ռուսերեն են թարգմանվել Kristall-ի հատվածները («Жизнь взаймы»), այսինքն՝ ոչ բուն վեպը, ուստի կարծում եմ՝ վեպը եւ ոչ թե հատվածները թարգմանելու խնդիր է դրվել, իսկ բնագրային թարգմանություններ հազվադեպ են կատարվել։ Հակասությունը նաեւ այն է, որ, լինելով Ռեմարկի գոնե առերեւույթ ոչ պատերազմական-քաղաքական վեպերից, չի թարգմանվել այն դեպքում, երբ բուն պատերազմական վեպերն են թարգմանվել՝ ինչ խոսք, քաղաքական շատ հատվածների բացթողումով։ 

 

- «Երկինքն ընտրյալներ չունի» գրքի վերջում հասկանալի է դառնում վերնագրի իմաստը, այն է՝ երբեք չես կարող իմանալ, ում կյանքը երբ կավարտի։ Գուցե այլ ենթաշերտե՞ր էլ կան վերնագրում։

 

 - Այստեղ ավելի շատ ոչ թե երբ-ի, այլ ով-ի խնդիրն է, թեեւ անցումը բավական սահուն կարող է թվալ։ Բուն Երբ-ի խնդիրը, ըստ էության, եղել է «Կյանքը պարտքով» տարբերակում, ինչպես վերնագիրն է հուշում, բայց հետագայում հեղինակը դուրս է եկել ժամանակի փիլիսոփայությունից, որ լավագույնս արտացոլված է նաեւ նրա «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը վեպում», եւ մահվան՝ որպես իրականում ժամ ու պատարագ չճանաչող երեւույթի փիլիսոփայությանն է անցել, որի պարագայում առաջնային է ոչ թե երբ-ը այլ, ով-ը։

 

- Սա գիրք է կյանքի՞ մասին, թե՞ մահվան։

 

- Կյանքի մեջ՝ մահվան, մահվան մեջ՝ կյանքի մասին։ Ռեմարկի վեպերում կյանքի ու մահվան սահմանագիծը երբեք պարզորոշ չէ, հենց դա է ողջ փիլիսոփայությունը։ Կյանք՝ անաչառ երկնի ու անհասկանալի երկրի միջեւ։

 

Վեպը երկու գլխավոր թեմա ունի՝ ավտոմրցարշավը, որ, թվում է, կյանքն ինքն է, եւ հիվանդությունը, մահը։

 

Մահացու հիվանդությունը Ռեմարկի համար ի վերջո մարդկային գոյության խորհրդանիշ է։ Բժիշկը եւ մահացու հիվանդը նույն կրծքանշանի երկու կողմերն են՝ բժիշկը՝ որպես մահին հաղթելու մարդկային փորձի, եւ հիվանդը՝ որպես անխուսափելի հանգուցալուծման խորհրդանիշ։

 

- Լիլիանը մտածում է․ «Կյանքը մի մեծ բան է, եւ մահը նույնպես մեծ բան է, դրանց հետ չեն խաղում»։ Քլեղֆեն մրցարշավով էր ապրում, դա ընտրութո՞ւն էր, մոլո՞ւցք, թե՞ կյանքի մատուցած պարտադրանքը։ 

 

- Քլեղֆեն մրցարշավորդ է, որովհետեւ ուրիշ ոչինչ չի սովորել։ Բացի այդ՝ նա ազգություն չունի, նա պատերազմի զոհ է, պատերազմ, որ նրան հայրենազուրկ է դարձրել։

 

Քլեղֆեն չի խոսում իր անցյալից, թեեւ այն միշտ ներկա է վեպում։ Միայն հայտնի է, որ պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների համակենտրոնացման ճամբարում է եղել, «որտեղից միայն լեռներ էին երեւում»։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ Դախաուի համակենտրոնացման ճամբարն է եղել, սակայն ինչպես այնտեղ հայտնվելու դրդապատճառը, այնպես էլ այնտեղից նրա փախուստի եւ հետագա գոյության պայմաններն անհայտ են։

Վանուհի Բաղմանյանը Վանուհի Բաղմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մյուս կողմից հատկանշական է, որ Ռեմարկն ավտոմրցարշավը բնորոշում է որպես փիլիսոփայական գործունեություն։ Մեքենաները ոչ թե հակադրության մեջ են բնության եւ մարդկանց հետ, այլ իրենց գործառույթով խորհրդանշում են անհատի ձերբազատումը պարտադրանքից եւ անազատությունից։ «Նա սանձում է մեքենան, մրցարշավի զգայական գերլարվածության մեջ անձամբ դառնում նրա մի մասը։ Մարդն ու շարժիչը հալչում են, դառնում միասնություն»։ Ըստ այսմ՝ կարծում եմ՝ խանդավառություն էր՝ ժամանակի ընթացքում մոլուցքի վերածված։

 

- Սիրահար զույգից մեկը ապրում է կյանքի վերջին օրերը… այս թեման հաճախ է արծարծվում եւ՛ գրականության մեջ, եւ՛ կինոյում։ Այս գիրքը, ըստ Ձեզ, ինչո՞վ է առանձնանում։ 

 

- Նշյալ թեման, այո՛, հաճախ է արծարծվում, սակայն ամեն անգամ տարբեր դրդապատճառներով, տարբեր դիտանկյուններից եւ տարբեր չափաբաժիններով։ Հենց Ռեմարկի վեպերում վերադառնում է նույն թեման՝ ամեն անգամ, սակայն, տարբեր խորհուրդներով։ «Երկինքն ընտրյալներ չունի» վեպում կյանքի ու մահվան փիլիսոփայությանը չեն զուգահեռվում այլ թեմաներ, որոնք երբեմն գլխավոր թեմայից դույզն-ինչ շեղելու, երբեմն այն լուսաբանելու միջոցներ են։ Դիցուք, հերոսների տնտեսական դժվարությունները՝ պայմանավորված պատերազմով եւ այլն, ոչ մի կերպ չեն հիշատակվում, որը հեղինակին թույլ է տալիս հերոսներին այնպիսի աշխարհում ներկայացնել, որտեղ առատությունն ու աննպատականությունն են տիրում։ Վերջինս, թեպետ ժամանակին քննադատությունների տեղիք տվեց, իրականում նոր մոտեցում էր՝ այլ թեմաների փոխարեն աշխարհիկ այնպիսի «թատերաբեմի» ապահովում, որտեղ մահվան դատապարտված հերոսը միառժամանակ կմոռանար իր ճակատագիրն ու անզորության խորը գիտակցումը։

 

- «...Ինչը որ քեզ համար առօրյա է, ինձ համար բարեգթություն է ու նվեր»։ Ի՞նչ կարող է տալ գիրքն ընթերցողին՝ հուսահատեցնե՞լ, թե՞  օգնել՝ գնահատել ունեցա՞ծը։

 

- Կյանքն անփոխարինելի նվեր է, որ պետք է պատշաճ ընդունել եւ համակերպվել, երբ այլեւս չես կարող օգտագործել։ Բայց մինչ այդ վայելելու փայփայել է պետք։ Վեպը սովորեցնում է ապրել, քանի որ սկսում ես արժեւորել ունեցածդ եւ վախենալ կորցնելուց։ Արդյունքում,անկախ քեզնից, սկսում ես լույս ու ջերմություն ճառագել։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին