«Մարտակումբ». լուսանցքում մնացած մարդկանց աշխարհը - Mediamax.am

exclusive
2512 դիտում

«Մարտակումբ». լուսանցքում մնացած մարդկանց աշխարհը


Լուսանկարը` George Spanoudakiss

Չաք Փոլընիքը
Չաք Փոլընիքը

Լուսանկարը` Freddie Arnold

Արթուր Մեսրոպյանը
Արթուր Մեսրոպյանը

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկացի նշանավոր գրող Չաք Փոլընիքի «Մարտակումբ» գիրքը: Թարգմանությունն անգլերենից Արթուր Մեսրոպյանինն է, շապիկը եւ կցաթերթերը` Արարատ Մինասյանինը:

 

1996-ին հրատարակված այս գիրքը արժանացել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւմտյան ափի գրավաճառների ասոցիացիայի մրցանակին, Օրեգոնի գրքի մրցանակին: 1999-ին Դեւիդ Ֆինչերը նկարահանել է համանուն ֆիլմը՝ Բրեդ Փիթի, Էդուարդ Նորթոնի եւ Հելենա Բոնըմ Քարթերի մասնակցությամբ:

 

Արթուր Մեսրոպյանի բնորոշմամբ՝ «Մարտակումբը» տրանսգրեսիվ գրականության՝ աշխարհում թերեւս ամենահայտնի վեպերից է:

 

- Տրանսգրեսիվ գրականությունը, կարելի է ասել, առավելապես ամերիկյան գրականությանը բնորոշ ժանր է, եւ հիմնականում ներկայացնում է հասարակության մարգինալացված խմբերին՝ շեշտելով նրանց խեղված հոգեվիճակը, բարդույթները, վախերն ու «ներքին այրումները», ովքեր չհարմարվելով հասարակության ու հատկապես սպառողական հասարակության սոցիալական սահմանափակումներին/կարծրատիպերին՝ ըմբոստանում են եւ մարտահրավեր են նետում այդ հասարակությանը:

 

Լուսանցքում մնացած այս մարդիկ կարծես ստեղծում են իրենց սեփական աշխարհը, ենթամշակույթն ու հաճախ նաեւ խաղի կանոնները:

 

- Դժվա՞ր էր փոխադրել Չաք Փոլընիքի լեզուն, ոճը:

 

- Գրքի նյութը, թեման բավականին ծանր է, ինչին գումարվում է Փոլընիքի շատ տարբերվող ոճն ու տեքստի քմահաճ շարադասական լուծումները: Որոշակի ջանք է պահանջվում ընկղմվելու այդ աշխարհը, զգալու այդ լեզուն եւ դրա միջով անցկացնելով՝ փոխադրել հայերեն: Թարգմանությունը տեւել է 6-7 ամիս, չէի ասի, թե շատ ծանր էր ընթացքը, հատվածներ կային, որ թարգմանվում էին մեկ շնչով, սակայն եղել են նաեւ բազմաթիվ հատվածներ, որոնք ասես ականապատված լինեին թարգմանական գլուխկոտրուկներով: Ինձ համար շատ հետաքրքիր էր: Ես սիրում եմ նման տեքստերի հետ աշխատել: Այսպիսի թարգմանություններից առաջ ու հետո երբեք նույնը չես լինում: Ամեն նախադասության վրա առանձին, մանրամասն աշխատել եմ: Միեւնույն ժամանակ, քանի որ սյուժետային կառուցվածքը կտրտված է, յուրաքանչյուր գլուխ կարծես նոր շնչով էր պետք թարգմանել:

Արթուր Մեսրոպյանը Արթուր Մեսրոպյանը

 

Թարգմանիչները կփաստեն, որ ցանկացած վեպ թարգմանելիս՝ սկիզբը մի քիչ բարդ է, մինչեւ հեղինակի տեմպը, ռիթմը, ոճը, լեզուն եւ սյուժետային գիծը բռնում ես: Տվյալ դեպքում՝ ամեն գլխի սկզբում պետք էր մի նոր ռիթմ ու տեմպ զգալ: Այս կտրվածքով՝ «Մարտակումբի» թարգմանությունը հարուստ էր մարտահրավերներով:

 

- Մարտակումբի կանոններից առաջինը, նույնիսկ՝ առաջին երկուսը պահանջում են ոչ մեկին չպատմել մարտակումբի մասին։ Սա զուտ գեղարվեստակա՞ն հնարք է:

 

- Դա վեպի հիմնական թելն է. տղամարդկանց ակումբը փորձում է գաղտնիութուն, որոշակի մթնոլորտ, մեկուսիություն պահպանել, բայց իրականում հեգնանք կա, որովհետեւ, ըստ էության, բոլորն էլ խախտում են կանոնները, ու ակումբները գնալով աճում են, տարածվում ամբողջ երկրով: Առհասարակ Մարտակումբի կանոնները կարծես այն միակն առանցքն են, որ կարողանում են իմի բերել տարբեր ճակատագրերի տեր, տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր սովորական պայմաններում կարծես թե, ոչ մի ընդհանրություն չպետք է ունենային, սակայն այստեղ, այդ կանոններով միավորված, նրանք դառնում են հավատարիմ խմբակիցներ ու գաղափարակիցներ:

 

- Վեպին հաջողություն է բերել գեղարվեստակա՞ն արժանիքը, թե՞ բարձրացված խնդիրը՝ անդրադարձը տղամարդկանց, տղամարդկային խնդիրներին, վերջապես՝ բողոքն ու ըմբոստությունը:

 

- Սովորաբար հաջողված է այն գործը, որն ունի մի քանի շերտեր: Տվյալ պարագայում ՝ մի քանի թեմաներ, մոտիվներ են շահարկվում՝տղամարդկության, էմասկուլյացիայի խնդիրներ, երբ տղամարդու արքետիպային կերպարը հասարակության մեջ մուտացիայի է ենթարկվում, վերածվում գրասենյակային հաջողակ կլերկի, սպիտակ օձիքավորի, ով իր կարիերայի հաջողությունն ապահովելու համար ստիպված է տղամարդկային բնազդային շատ կողմեր սեղմել, ճնշել, խեղդել իր մեջ: Մյուս կողմից՝այդ ամենը, ի վերջո, ըմբոստություն է առաջացնում շատ տղամարդկանց մոտ:

Չաք Փոլընիքը  Չաք Փոլընիքը

Լուսանկարը` Freddie Arnold

Փոլընիքը թեման զարգացնելով նոր շերտ է բերում. մարտակումբները վերափոխվում են ավելի մեծ բողոքի ալիքի արդեն հասարակության դեմ, մշակույթի, հասարակարգի: Նրանք ասում են, որ ժամանակակից աշխարհում ամենը պետք է ոչնչացնել ու զրոյից սկսել, հղումներ են կատարում Աստվածաշնչին, ասելով, որ Աստված իրենց մոռացել է, իրենք ոչ Անառակ որդին են, ոչ ավագ որդին, այլ միջնեկը, ում մասին չկա հիշատակում, ով ընդհանրապես պատմության մեջ տեղ չունի, ու իրենք պետք է բացեն իրենց տեղը պատմության մեջ: Խորը գաղափար կա այս ամենում, այսօր էլ մենք տեսնում ենք աշխարհով մեկ սփռված բազմազգ կազմակերպություններ, գործարաններ, որտեղ աշխատող մարդիկ շատ հաճախ ինչ-որ գործառույթ են կատարում՝ հաճախ առանց  իմանալու, թե ի վերջո իրենց աշխատանքը ինչ արդյունքի մասն է դառնում: Այդ մարդիկ, այսպես ասած, ամբողջ կյանքում տիեզերագնաց կապիկների գործառույթ են կատարում, նրանք անդեմ են, ընդամենը մի կոճակ են ամեն օր սեղմում-անջատում, մինչեւ օրերից մի օր մահանան: Մարդիկ փոքրիկ միավորներ են՝ պտուտակներ, որ պտտում են ու պտտվում՝ չիմանալով ամբողջական մեծ մեքենայի մեջ իրենք ինչ տեղ ու դեր ունեն:

 

- Այս վեպը եւ՛ քննադատվել է ( «չափազանց դաժան» «չափից դուրս մռայլ» եւ այլ բնորոշումների մասին է հեղինակը վերջաբանում նշում), եւ՛ պաշտամունքային (կուլտային) կարգավիճա՞կ ստացել: Ի՞նչ է դա:

 

- Կուլտային սովորաբար ասում են այն վեպերին, որոնք որոշակի ալիք, ենթամշակույթ են ձեւավորում: «Մարտակումբը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում, հատկապես՝ երիտասարդների շրջանում՝ կարծես իր մեջ խտացնելով ըմբոստությունն ու բողոքը: Այս վեպը ինչ-որ առումով մարմնավորում է այն թաքուն ցանկությունները, որ հավանաբար շատ մարդկանց մտքով է անցնում:

 

- Մարտակումբում յուրաքանչյուրը կռվում է իր վախերի դեմ: Ովքե՞ր են նրանք, թո՞ւյլ, թե՞ ուժեղ կերպարներ են:

 

- Նրանք ոչնչով աչքի չընկնող, սովորական մարդիկ են, որ աշխատում են բանկում, փոստում, պատճենահանման կետերում, գրադարանում, ատամնաբուժարանում, խանութում, սրճարանում... պայքարում են գոյության համար, որ կարողանան մի քայլ առաջ գնալ: Վեպի սկզբում ասվում է (թեեւ քննադատաբար է ասվում)՝ դու այն ես, ինչ գնում ես, այն ես, ինչ ունես, դու դու չես, դու քո դրամապանակն ես, քո կահույքը, քո կոստյումը, կոշիկը, հագածդ բրենդը. այսինքն՝ դու քո ես-ը կորցնում ես ու վերծանվում նյութերի հավաքածուի, որ խնամքով հավաքում ես՝քո կարեւորությունը ընդգծելու համար: Ու ձգտումը՝ ավելի լավը, էլ ավելի լավը գնելու շարունակվում է: Հենց այդ սպառողական հասարակության դեմ է պայքարը:

 

- Անբուժելի հիվանդություններից տառապող հիվանդների աջակցման խմբակները օգնո՞ւմ են Չաք Փոլընիքի անքնությունից տառապող հերոսին:

 

- Անբուժելի մարդկանց օգնության խմբակներ գնալով՝ նա սկսում իրեն կենդանի զգալ, որովհետեւ, երբ իր խնդիրների կողքին տեսնում է այլ մարդկանց խնդիրները, կարեւորում է իր ունեցածը, միեւնույն ժամանակ, ինչ-որ տեղ հասկանում, որ ըստ էության, ինքը շատ չի տարբերվում այդ մարդկանցից: Դժվար է ասել՝ օգնո՞ւմ են, թե՞ ոչ: Վեպը չունի միանշանակ պատասխաններ այս հարցերին, ու դա է վեպի հետաքրքիր կողմը, որ չի ստանձնում խրատողի, պատասխաններ տվողի դերը:

 

-Վերջաբանում կարծես չկա ամերիկյան լավատեսություն ասվածը:

 

-Ինչո՞ւ չկա, երբ նա (Թայլըրը/պատմողը) հիվանդանոցում էր, բուժեղբայրը մոտենում է ու ասում՝ սպասում ենք Ձեր գալուստին: Նա դեռ պետք է գա...

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին