exclusive
1128 դիտում

Սովորական մարդկանց մեծ ողբերգությունները՝ Միլլերի պիեսներում


Դրվագ Նեշվիլի թատրոնում բեմադրված «Վաճառողի մահը» ներկայացումից
Դրվագ Նեշվիլի թատրոնում բեմադրված «Վաճառողի մահը» ներկայացումից

Լուսանկարը` Shane Burkeen

Հասմիկ Սեյմորը` գրքի շնորհանդեսին
Հասմիկ Սեյմորը` գրքի շնորհանդեսին

Լուսանկարը` Կարին Գրիգորյան

Արթուր Միլլերը եւ Մերիլին Մոնրոն
Արթուր Միլլերը եւ Մերիլին Մոնրոն

Առաջին անգամ Հայաստանում եւ հայերեն լույս են ընծայվել 20-րդ դարի նշանավոր դրամատուրգ, արձակագիր Արթուր Միլլերի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները», «Վաճառողի մահը», «Սալեմի դատավարությունը» եւ «Տեսարան կամուրջից» թատերգությունները: Ժողովածուն ընթերցողին է ներկայացնում «Զանգակ» հրատարակչությունը` Հասմիկ Սեյմորի թարգմանությամբ: «Սա կարելի է համարել Միլլերի ուշացած մուտքը հայ գրականություն: Ընտրել եմ վաղ շրջանի (1940-50-ականներ) թատերգությունները, որոնք հեղինակին բերել են  միջազգային համբավ եւ մնում են նրա ամենաճանաչված գործերը»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Հասմիկ Սեյմորը:

- Ինչո՞վ է պայմանավորված Միլլերի  ստեղծագործությունների լայն տարածումն ու արդիականությունը:

-Միլլերի թատերգությունները արծարծում են համաշխարհային թեմաներ, ունեն նաեւ քաղաքական սուր շեշտադրում՝ ի տարբերություն ժամանակի մեծագույն ամերիկյան դրամատուրգների՝ Թենեսի Ուիլյամսի եւ Յուջին Օ՛Նիլի, որոնք ավելի շատ մարդու ներաշխարհի մեջ են թափանցում եւ փորձում լուծել հոգեբանական այդ դիլեմաները:

Միլլերի դրամաների առանցքում հետպատերազմյան ամերիկյան կյանքն է, կապիտալիզմը, ամերիկյան երազի լինելիության եւ չլինելիության խնդիրները: Հասարակական-քաղաքական դժվարությունները, որ 1950-ականներին ապրում էր ամերիկյան հասարակությունը, այսօր էլ կարծես շարունակվում է:

Հասմիկ Սեյմորը` գրքի շնորհանդեսին Հասմիկ Սեյմորը` գրքի շնորհանդեսին

Լուսանկարը` Կարին Գրիգորյան


- Ինչու՞ այսքան ուշ հայ ընթերցողին ներկայացվեց համաշխարհային համբավ ունեցող այս հեղինակը:

- Լավ հարց է, Հայաստանում կարծես առհասարակ դրամաներ քիչ են թարգմանվում եւ հրատարակում: «Զանգակի» հետ փորձում ենք նոր շունչ հաղորդել դրամատուրգիայի ասպարեզին՝ հնարավորության դեպքում հայերեն թարգմանելով բոլոր ժամանակների լավագույն թատերգությունները: Ընթերցումից հետո գուցե ոգեւորություն ստեղծվի, թատրոններն էլ սկսեն բեմադրել:

-Միլլերը 1956-1961թթ. ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ սիրավեպը նրա կյանքի եւ ստեղծագործական գործունեության վրա:

-Միլլերն աշխատում էր «Սալեմի դատավարությունը» պիեսի վրա, երբ հանդիպում է Մոնրոյին, ով այդ ընթացքում Նյու Յորքում կատարելագործում էր իր դերասանական արվեստը: Մոնրոն անձնվեր կերպով պաշտպանել է նրան հակաամերիկյան կոմիտեի  հետապնդումներից, ելույթներ է ունեցել՝ փաստելով,  որ իր ամուսինը ազնիվ է: Շատ մեծ  եւ բուռն սեր կար նրանց միջեւ: Մագնիսի տարանուն բեւեռների պես ձգում էին իրար: Մոնրոյին գրավում էր Միլլերի ինտելեկտուալ, փիլիսոփա կերպարը, Միլլերին՝ նրա թեթեւ, եթերային էությունը, ներքին ու արտաքին գեղեցկությունը: Միեւնույն ժամանակ Միլլերն ասում էր՝ մենք շատ նման ենք. ինչ-որ տեղ երկուս էլ հոգեպես մենակ էինք: Ասեմ նաեւ, որ 1956-1961թթ Միլլերը քիչ է գրել, հավանաբար, զբաղված է եղել Մոնրոյով (ծիծաղում է- Ա. Ս.):
Արթուր Միլլերը եւ Մերիլին Մոնրոն Արթուր Միլլերը եւ Մերիլին Մոնրոն


- Տեղեկություններ կան, որ Միլլերը մեկ անգամ եղել է Հայաստանում եւ մասնակցել է իր «Սալեմյան կախարդներ» եւ «Տեսարան կամրջից» թատերգությունների ներկայացումներին: Ի՞նչ գիտեք այս մասին:

- Լսել եմ այդ մասին, նույնիսկ ասում են, որ Արամ Խաչատրյանի հետ լուսանկար կա, բայց հաստատել չեմ կարող, քանի դեռ ճշտված տեղեկություններ չունեմ:

- Հե՞շտ է, թե՞ դժվար Միլլերին թարգմանելը:

- Թարգմանության ընթացքը պարզ ու դյուրին է եղել, որովհետեւ Միլլերը գրում է հասարակ մարդկանց մասին, լեզուն շատ պարզ է,  մատչելի: Ես փորձել եմ հավատարիմ լինել բնագրին, ինչը շատ կարեւոր է: Սա Շեքսպիր չէ, անտիկ դրամատուրգիա չէ: Սա ժամանակակից դրամատուրգիա է՝ գրված շրջիկ վաճառողի, նավամատույցի բեռնակրի մասին: Այսպես ասած՝ սովորական մարդկանց մեծ ողբերգություններ են:

-Հայ ընթերցողը կգտնի՞ այստեղ իրեն հուզող հարազատ թեմաներ:

-Այո, օրինակ, արտագաղթի թեման: Մարդիկ արտագաղթում են Ամերիկա՝ ամերիկյան երազանքով ու շատ հաճախ բախվում են դաժան իրականությանը: Առ այսօր տեսնում ենք, որ այդքան էլ վարդագույն չէ ամերիկյան երազանքը:


Գրքի կազմը վարդագույն է, կարծես ընդգծվել է հակադրությունը, որ հեղինակը կողմնակից չէր վարդագույն ամերիկյան երազանքին, նա իր ստեղծագործություններում փորձում էր ցույց տալ  ամերիկյան իրականության մյուս կողմը: Դրամատուրգ լինելուց առաջ Միլլերը մտավորական էր եւ քաղաքացի, իմաստ էր փնտրում ամեն ինչի մեջ: Նրա համար անընդունելի էր հարստանալու խելահեղ մրցավազքը: Ինչպես տեսնում ենք, այսօր էլ մարդիկ չեն բավարարվում միլիարդներով, ու նույն հարցն է առաջ գալիս՝ հանուն ինչի՞: Սրանք համամարդկային խնդիրներ են: 

- «Բոլոր իմ որդիները» պիեսում տեսնում ենք նաեւ պատերազմի դեմքը, մեզ քաջ ծանոթ հանգամանքներ:

- Պատմության անիվը պտտվում է, բայց մենք ոչինչ չենք սովորում պատմության դասերից: Ոչինչ չի փոխվել, մարդկային նենգ կերպարները մնում են նենգ, կարող են նույնիսկ պատերազմից՝ իրենց որդիների կյանքի հաշվին օգուտներ քաղել:

- Բայց որդիներն այս դեպքում ընդդիմանում են:

- Այո, բայց ի՞նչն է հետաքրքիր: Միլլերի հերոսներից ոչ մեկը կատարյալ չէ, մարդկային սովորական արարածներ են, ունեն իրենց թերությունները, հետաքրքրությունները, շահերը՝ փոքր, թե մեծ: Հարցն այն է, թե ի՞նչ չափով է մարդը սեփական շահերը գերադասում ազգային ու համամարդկային շահերից: Սա է խնդիրը:

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am