«Մարդն առանց հատկությունների»՝ Մուզիլն ընդդեմ կարծրացումների - Mediamax.am

exclusive
3858 դիտում

«Մարդն առանց հատկությունների»՝ Մուզիլն ընդդեմ կարծրացումների


Լուսանկարը` Malaika Schuetz

Լուսանկարը` Անտարես

Աշոտ Ալեքսանյանը
Աշոտ Ալեքսանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ռոբերտ Մուզիլը 1918 թվականին
Ռոբերտ Մուզիլը 1918 թվականին

Առաջին անգամ հայերեն հրատարակվել է ավստրիացի մեծ գրող եւ մտածող Ռոբերտ  Մուզիլի (1880-1942թթ.) «Մարդն առանց հատկությունների» վեպը:

 

Թարգմանությունը, առաջաբանը եւ մեկնաբանությունները Աշոտ Ալեքսանյանինն են: «Անտարես» հրատարակչությունը տպագրել է «Մարդն առանց հատկությունների» վեպի երկու հատորը, մի քանի տարի անց նախատեսվում է հրատարակել 3-րդ եւ 4-րդ հատորները: Մեզ հետ զրույցում թարգմանիչը նշեց, որ չորրորդ հատորը կազմելու է վեպից դուրս մնացած հատվածներով՝ հետեւելով Մուզիլի ֆրանսիական վերջին հրատարակության օրինակին (թարգմանությունը՝ Ֆիլիպ Ժակոտեի):

 

-Ե՞րբ է Մուզիլը սկսել գրել  «Մարդն առանց հատկությունների»  վեպը:

 

- Վեպի գաղափարի մասին առաջին հիշատակումները տեսնում ենք գրողի 1905 թ. օրագրային գրառումներում: Սակայն միայն 1931-ին լույս տեսավ առաջին գրքի առաջին մասը, որը կարող ենք ծավալուն ներածություն համարել: Բայց նույն օրագրային գրառումներից երեւում է, որ բուն վեպը սկսել է գրել 1922 թվականից, երբ ավարտեց նովելներն ու դրամաները ու ամբողջովին ձեռնամուխ եղավ վեպը գրելուն: Առաջին եւ երկրորդ գրքերն իր կենդանության օրոք լույս չեն տեսել:

Լուսանկարը` Անտարես

- Մուզիլը կյանքից հեռանում է 1942-ին: Վեպը անավա՞րտ է մնում:

 

- Այո, բայց Մուզիլը միշտ էլ ասում էր, որ անավարտ է մնալու, որովհետեւ  ճանաչողությունն անընդգրկելի է, չես կարող հենց այնպես, որեւէ տեղ վերջակետ դնել: Ասում էր՝ ես ստորակետ կդնեմ ու կվերջացնեմ վեպը, եթե բանը վերջացնելուն հասնի:

 

- Ինչպես ընդունվե՞ց վեպը:

 

- Առաջին գրքի առաջին մասի հրատարակումից հետո հրատարակիչները սպասում էին շարունակությանը: Բայց Մուզիլը շատ դանդաղ էր գրում՝ մտածելով, գրքեր կարդալով, ուսումնասիրելով փիլիսոփայական համակարգեր, հոգեբանություն, սոցիոլոգիա, փորձարարական գիտություններ: Մարդիկ կան, որ հեշտ են գրում, այսպես ասած՝պատմում են, Մուզիլը պատմող չէր: Քննական միտքը, փիլիսոփայական ընդհանրացման, վերլուծության, համաբանության մեթոդները նրան տարան ռացիոնալ գրականության աշխարհ, որ գերմանական փիլիսոփայության մեջ կոչվում է ոգու պատմություն: Նրա համար դժվար էր գրել ինչ-որ իրադարձությունների մասին՝ առանց դրանց կատարման պատճառները բացատրելու եւ վերաիմաստավորելու:

 

- Մի առիթով նշել եք, որ «Մարդն առանց հատկությունների վեպը մտածողական պրոցեսի նկարագրություն  է: Ի՞նչ ազդեցություն ունի այն համաշխարհային գրականության վրա եւ ինչո՞վ է առանձնանում իր նախորդ գործերից:

 

- Սա, անշուշտ, փորձարարական վեպ է (ձեւով՝ դասական, բովանդակությամբ՝  մոդեռնիստական): Մինչ այդ վեպին անցնելը Մուզիլը Յունգի մոտ երկար ժամանակ ուսումնառություն է անցել: Այստեղ նա հակադրվում է հոգեբանական այն մեթոդին, որի հիման վրա գրել էր իր նախորդ՝ «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը» վեպը (հայերեն թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի, 2010): Կարելի է ասել, որ «Մարդն առանց հատկությունների» վեպում Մուզիլը ժխտում է ֆրոյդիզմը, շատ ավելի հակվելով Յունգին:

 

Ամբողջ հարցն այն է, որ դասական, ռեալիստական վեպում արտացոլվում է մարդկային  հոգեբանությունը, բայց չկա վերջինիս արտաքին դրդիչների ճշմարիտ ճանաչողությունը: Մոդեռնիստական գրականությունը փորձում է մարդուն հասկանալ որպես սոցիալական էակ, նաեւ ռացիոնալ մտածողության դիրքերից, եւ նրանց դիրքավորել իրենց իսկ հորինած կաղապարների մեջ: Մուզիլը փորձում էր ճեղքել այդ կաղապարները եւ, ի վերջո, հանգեց այն գաղափարին, որ մարդը պետք է հատկություններ չունենա, մարդը, երբ հատկություն է ունենում, դրանք կարծրանում են, ու այդ կարծրացումները միշտ իրար բախվելու վտանգ ունեն: Նրանք պետք է լինեն հեղհեղուկ (ինչը չի նշանակում, որ մարդը պետք է կորցնի դեմքը, իր մոտ ուրիշ փիլիսոփայություն է), որպեսզի հնարավոր լինել խուսափել այդ բախումներից, կարծրացումներից: Զարգացումը, ըստ նրա, միայն այդ կերպ է հնարավոր:

 

-Մուզիլի վեպերը ինքնակենսագրական հիմք ունե՞ն:

 

- «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը» վեպը ավելի շատ իր դպրոցական, աշակերտական տարիների պատմությունն է, «Մարդն առանց հատկությունների» վեպում դրվագներ կան իր աշխատանքային գործունեությունից (աշխատել է գրադարանում, արտաքին գործերի նախարարությունում): Ինքնակենսագրական է նաեւ այնքանով, որ մասնակցել է Առաջին Աշխարհամարտին, զինվորական ինժեներ է եղել իտալական ճակատում:

Ռոբերտ Մուզիլը 1918 թվականին Ռոբերտ Մուզիլը 1918 թվականին

 

-Ի՞նչ ժամանակահատվածում եք թարգմանել Մուզիլի երկար ու դժվարությամբ գրված  վեպը:

 

- Թարգմանել եմ շատ երկար, մոտ 20 տարի, բայց ընդհատումներով, որովհետեւ այդ ընթացքում այլ վեպեր եմ թարգմանել եւ հրատարակել, նաեւ մենագրություն եմ գրել՝ «Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խույզ նորագույն գեղագիտության»:

 

- Դժվա՞ր է Մուզիլ թարգմանելը:

 

- Դժվար է, ինչպես 20-րդ դարի ցանկացած մոդեռնիստական գործ:

 

Մուզիլն ամեն հասկացություն այնպիսի մի հեղհեղուկ սահմանի մեջ է դնում, որ չգիտես խոսակցակա՞ն լեզվի մեջ է, գիտակա՞ն տերմին է, ժարգո՞ն, թե՞ ուրիշ մի բան: Պիտի կարողանաս բառն այնքան ճշգրիտ մատուցել, որ բոլոր կողմերից ընկալելի լինի:

 

Ես ուսումնասիրում եմ այս վեպի իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն թարգմանությունները: Այդ լեզուներով չորս-հինգ անգամ թարգմանվել է, եւ նույն բառը տարբեր կերպ են ընկալել-թարգմանել: Խնդիր է, բայց դա չի նշանակում, թե դու բնագրից հեռացել ես, որովհետեւ բնագիրը կարդացողներն էլ տարբեր կերպ են ընկալում նույն բառը:

 

- Ինչպե՞ս եք բացատրում այն հակասությունը, որ Մուզիլից ավելի շատ մեջբերումներ են անում, քան կարդում են նրան:

 

- Զարմանալի է, որ ասում են՝ Մուզիլ դժվար է կարդալ: Գուցե ծավալու՞ն է: Իրականում հեշտ է կարդալը, որովհետեւ դասական վեպի շրջանակներում է, սյուժե կա: Մուզիլ կարդում են գրական շրջանակի ճաշակավոր մարդիկ:

Աշոտ Ալեքսանյանը Աշոտ Ալեքսանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մուզիլը կյանքի ճանաչողության ուղեցույց է: Ծանր գրված ամեն տողի տակ հսկայական փիլիսոփայական հայեցակարգեր են դրված: Մարդկային հարաբերություները,  բարոյագիտական, կրոնական, պատմական, քաղաքական բոլոր այդ շերտերը վերաիմաստավորելու հարց է դնում Մուզիլը:

 

Կարող եմ ասել, որ հայ ժողովրդի պատմության, պատմական մտածողության, քաղաքական շատ խնդիրներ կարելի է մուզիլյան ստեղծած համակարգերով  բացատրել: ժամանակին հոդված էի գրել «Մուզիլի քաղաքագիտական հայացքները» վերնագրով, որտեղ անդրադարձել էի նաեւ մեր ժողովրդի կյանքի այն կողմերին, որոնք, թվում է, թե բացատրութուն չունեն: Կարելի է բացահայտել, թե ինչ է տեղի ունենում պատմության թատերաբեմում այս կամ այն փուլում, կամ մարդկությունն այսօր շանսեր ունի՞ զարգանալու, կամ այսօրվա Սիրիայում եւ այլուր ընթացող պատերազմներն ինչո՞վ են պայմանավորված, որտե՞ղ է պետությունների շահերի օբյեկտիվ առճակատումը եւ ի՞նչ դեր ունեն սուբյեկտիվ գործոնները: Մուզիլը իսկապես, որպես սոցիոլոգ եւ փիլիսոփա, մեծ նորարար է, նրա գաղափարների վրա ստեղծվել են փիլիսոփայական հզոր դպրոցներ:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին