«99 ֆրանկ»՝ գլամուրի աշխարհն ու գովազդի ստրուկները - Mediamax.am

exclusive
6948 դիտում

«99 ֆրանկ»՝ գլամուրի աշխարհն ու գովազդի ստրուկները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


«Անտարես» հրատարակչությունը Ռուզան Միրզոյանի բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» գիրքը:

 

Ֆրանսիացի գրողի հանրահայտ վեպը պատմում է գովազդի զոհ դարձած սպառողական հասարակության մասին: Բեգբեդերը աշխատել է Young and Rubicam գովազդային գործակալությունում: «Գրում եմ այս գիրքը, որ ինձ գործից հանեն». ասում է նա իր գրքում:

 

- Ֆրեդերիկ Բեգբեդերը, որի «հոբբիներն» են հարբեցողությունը, ամուսնական դավաճանությունը, միայնության մեջ ընթերցանությունը եւ մակերեսային զրույցները, ներկայիս ֆրանսիական գրականության մեջ համարվում է շատ հակասական եւ վիճահարույց գրողի կերպար,- մեզ հետ զրույցում ասաց Ռուզան Միրզոյանը:

 

Կառուցվածքային առումով վեպը բաղկացած է՝ Ես, Դու, Նա, Մենք, Դուք, Նրանք վեց գլուխներից, որոնց գլխավոր դերակատարը Օկտավն է։ Լինելով ամբողջի մասեր՝ գլուխներն իրենց մոտեցումներով, հայեցակարգերով տալիս են հերոսի կյանքի, ինչպես նաեւ նրա զայրույթի ու անհանդուրժողականության տարբեր նկարագրերը։ Ներկայացնելով իր պատմությունը բոլոր տեսանկյուններից, Բեգբեդեր-Օկտավը բովանդակության մեջ ներառել է կյանքի բարոյական, տնտեսական, հոգեբանական, սոցիալական կողմերը, կամաց-կամաց բացահայտելով գովազդի ազդեցություններն ու հետեւանքները։ Արդյունքում ստեղծվում է մի վեպ, որը կարելի է նաեւ էսսե, պամֆլետ անվանել։

 

Վեպն ավարտվում է գովազդների պլեադով, որը եզրափակվում է «Բարի գալուստ լավագույնն աշխարհներից» գովազդով, որը կարծես թե դառնում է գովազդին բնորոշ կեղծ, լավագույն կյանքի խոստման ամփոփում մի հասարակության, իրականության մեջ, որտեղ երջանկության փնտրտուքը համակցվում է գովազդային պատկերի հետ։

 

Գրաֆիկական առումով սա մի գիրք է, որտեղ հեղինակը, ցանկանալով դուրս գալ հրատարակչական նորմերից, կիրառել է բառերի մեծատառ, շեղատառ, թավատառ, franglais (անգլերեն արտահայտություններով լեցուն ֆրանսերեն) գրություններ, կարծես թե նպատակ ունենալով առանձնացնել, կենսունակ, հիշելի դարձնել իր պատմությունը։

 

«Եվ հենց Ժ.Ֆ.-ի ներկայությամբ մեկ վայրկյանում Չարլին ու դու սարքում եք գովազդը, որը բոլոր պատվիրատուների բաղձալի երազն է՝ գեղեցիկ, նուրբ, անվնաս, խաբուսիկ՝ հասցեագրված հասարակության լայն շերտերին ու մկկացող հորթերին (քանի որ գենետիկ փոփոխություններն այսուհետ կարող են խոշոր եղջերավորներին էլ բարձր ձայնով մկկացնել)։ Նրա համար բարձրաձայն կարդում էր գլուխգործոցը։ Դյութիչ մի կին (ոչ ծեր, ոչ երիտասարդ), ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ, շագանակագույն մազերով (ոչ շիկահեր, ոչ թխահեր) Côté Sud ոճով կառուցված գյուղական մի գեղեցիկ տան (տաք գույներով, բայց ոչ ճչացող) բակում նստած է ճոճաթոռի մեջ»։ (էջ 93)

 

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել թարգմանելիս:

 

-Որպեսզի թարգմանությունը ծառայի իր նպատակին՝ այն է՝ ստեղծագործությունը թիրախ լեզվի ընթերցողներին հնարավորինս համարժեք ներկայացնելը, միտք, որը չպետք է լքի թարգմանչին որեւիցե ստեղծագործության թարգմանության գործին լծվելուց առաջ, պետք է հանգամանալից ուսումնասիրել հեղինակին, նրա ասելիքը, ստեղծագործության նպատակը, կիրառած լեզուն։ Բեգբեդերի նման հեղինակ թարգմանելիս պետք է պատրաստ լինել մեծ անակնկալների, դրանք կարող են լինել լեզվական, բարոյական, գաղափարական եւ այլն։

Լուսանկարը` REUTERS

Գիտակցում էի, որ գեղարվեստական առումով գիրքը մեծ արժեք չի ներկայացնում, բայց հասկանում էի, որ գործ ունեմ շատ համարձակ, արտասովոր եւ խելացի ստեղծագործողի հետ, որը քաջություն է ունեցել լինել չափազանց անկեղծ ոչ միայն իր անձին վերաբերող հատվածներում, այլեւ արեւմտյան աշխարհում տիրող շահադիտական, սպառողական մտածելակերպն անողոքաբար ներկայացնող շարադրանքում։ Գիտակցում էի նաեւ, որ իմ գերխնդիրներից է ներկայացնել հեղինակի կամ գրքի էներգետիկան, որն այլ կերպ, ըստ իս, կարելի է ոգի ասել։ Բեգբեդերը տարբեր միջոցներով է հասել ստեղծագործության ոգուն՝ ստեղծել է դինամիկ, լարված ռիթմիկ դաշտ, որտեղ մերթընդմերթ ներկայացնում է գովազդային ոլորտի համաշխարհային մակարդակի կրեատիվների, նրանց կյանքը գովազդային գործակալությունում եւ դրանից դուրս, ստեղծագործական գործընթացը, շեֆերի, գործատուների եւ ծառայողների փոխհարաբերությունները, որոնք հիմնված են սպառողական հոգեբանության վրա՝ չմոռանալով իր եւ Սոֆիի սիրո պատմությունը, որտեղ նույնպես սպառողական հոգեբանությունը գերիշխող է։

 

Բեգբեդերի լեզուն թարգմանության առումով բավականին բարդ է, բայց զգում էի, որ ոճի եւ բառապաշարի ճիշտ ընտրությամբ կկարողանամ հայ ընթերցողին ճիշտ ներկայացնել այդ ինքնատիպ հեղինակին։ Չափազանց խոսակցական լեզուն ենթադրել էր տալիս կիրառել նույնպիսինը թիրախ լեզվում՝ գործածելով երեւանյան խոսելալեզուն՝ «է» օժանդակ բայի փոխարեն «ա» օգտագործելով, սակայն վեպում այնքան շատ են վուլգար բառերը, մտածելակերպը, արտահայտությունները, որ նման ընտրությունը շատ կհասարակացներ ստեղծագործությունը, ինչպես նաեւ հերոսին, որը համաշխարհային մակարդակի կրեատոր է։ Ի վերջո ընտրեցի «է-ի» տարբերակը՝ փորձելով բառապաշարի միջոցով արտահայտել հեղինակի մերժողականությունը, ատելությունը, ժխտողականությունը, վախերը։

 

-«99 ֆրանկը» գրելուց հետո Բեգբեդերին հեռացրել են աշխատանքից: Սա արկածախնդրությո՞ւն է, ինքնախոստովանության-մաքրման փո՞րձ:

 

-Կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսը։ Պարզապես ռեալիստական վեպ է, որտեղ կոնցեպտուալիստ խմբագիրը ներկայացնում է իր մասնագիտության ցինիզմը, որի պատճառով իր մասնագիտությունից եւ սեփական տաղանդից զզված նա դիմում է չափազանցված արարքների աշխատանքից հեռացվելու համար։

 

«Վաղուց ուզում էի ամեն ինչ թողնել, հեռանալ այստեղից մի ինչ-որ տխմար, անմարդաբնակ կղզի՝ հետս տանելով կուտակածս փողը, թմրանյութ, մի քանի պոռնիկ... Բայց ես հրաժարական տալու պլոճիկ չունեմ։ Դրա համար եմ գրում այս գիրքը։ Աշխատանքից հեռացնելը թույլ կտա, որ փախչեմ այս ոսկե բանտից։ Ես վտանգավոր եմ, կանգրեցրե՛ք ինձ, քանի դեռ շատ ուշ չի, թեկուզ՝ խղճահարությունից։ Շպրտե՛ք երեսիս հարյուր կտոր հրաժարագինը, ու կչքվեմ, երդվում եմ։ Մեղավո՞ր եմ, ինչ է, որ մարդկությունն Աստծո փոխարեն ընտրել է լայն սպառման ապրանքները»։ (էջ 17)

Լուսանկարը` REUTERS

Այդ փորձերն անհաջողությամբ են պսակվում, դեռ ավելին՝ Կաննի «Առյուծներ» փառատոնում փայլուն հաջողության է հասնում մի գովազդի համար, որտեղ, վերջապես, կարողացել էր ներկայացնել իր ստեղծագործական միտքը։ Սակայն այն պահին, երբ նրան պետք է շնորհվեր մրցանակը՝ ձերբակալվում է կատարած սպանության համար։

 

- Վերնագիրն էլի նյութականացնելու կամ նյութականը շեշտելու փո՞րձ է։ «99 ֆրանկը» գրքի արժե՞քն է:

 

-Այո, վերնագիը գրքի արժեքն է, որը վերահրատարակվելուց հետո դարձել է 14,99 եվրո: Գլխավոր հերոսը՝ Օկտավ Պարանգոն, թափառում է սպառողական փողի գերակայության ճոխ աշխարհում եւ կորցնում է իր մարդկային կողմնորոշիչները եւ այլեւս չգիտի, թե ինչպես գտնել երջանկությունը, չնայած, թերեւս նաեւ անչափ մեծ աշխատավարձի։ Թմրանյութերը եւ բարձրակարգ անբարոյական կանայք, որոնք նրա եւ իր մասնագիտության մարդկանց առօրյայի մասն են կազմում, նրան այլեւս չեն բավարարում։ Նա նոր գրգիռներ է փնտրում՝ անցնելով բարոյականության սահմանները։

 

- «99 ֆրանկը»   գուցե ստիպում է մտածե՞լ: Իր հարցազրույցներից մեկում Բեգբեդերն ասել է, որ «Ամեն ինչ կառուցված է այնպես, որ մարդիկ չմտածեն: Դու պարզապես ենթարկվում ես: Սա այն է, ինչ ես փորձել եմ բացատրել «99 ֆրանկում» եւ «Իդեալում»»:

 

- «99 ֆրանկ» վեպում Բեգբեդերը հատկապես ընդգծված կերպով ներկայացնում է այն միտքը, որ գովազդն այնքան շատ է ներթափանցել սոցիալական կյանքի մեջ, որ անհատը, միգուցե նաեւ՝ հեղինակը, ինքնուրույն չեն մտածում։ Նա վերաորակավորում է, վերամշակում է, իրար է կպցնում գովազդներից ծնված արդեն լսված, պատրաստի արտահայտությունները, որոնք թմբկահարում են մարդկանց լսողությունը մանկությունից սկսած:

 

«Հըմմ, այնքան լավ բան է ձեր ուղեղի մեջ մտնելը։ Ըմբոշխնում եմ ձեր աջ կիսագունդը։ Դուք այլեւս ձեր ցանկության տերը չեք, ես իմն եմ պարտադրում։ Արգելում եմ ցանկանալ՝ ինչ սիրտներդ ուզի։ Ձեր ցանկությունը ներդրման արդյունք է, որ հաշվվում է միլիարդ եվրոներով։ Ես եմ այսօր որոշում, թե վաղն ինչ եք ցանկանալու»։ (էջ 16)

 

«Գլամուրը մի երկիր է, որտեղ երբեք չեն լինում։ Ձեզ ,,նորույթ,, թմրանյութն եմ ներարկում, եւ դրա առավելությունն այն է, որ երբեք նոր չի մնում։ Միշտ մի այլ «նորն» է հայտնվում, որը խամրեցնում է նախորդը։ Ստիպել, որ ձեր լոզերը միշտ թափվեն՝ դա է իմ դավանանքը։ Իմ մասնագիտության մեջ ոչ մեկը չի ուզում, որ երջանիկ լինեք, որովհետեւ երջանիկները չեն սպառում»։ (էջ 13)

 

-Բեգբեդերը պարբերաբար կրկնում է, որ ներկա աշխարհին այլընտրանք չկա: Տողատակում ելք տեսնո՞ւմ եք, գուցե ելքը ընդվզո՞ւմն է, դիմադրութո՞ւնը:

 

- Չեմ կարծում։ Բեգբեդերն արեւմտյան աշխարհի մասին վիճելի մտքեր է արտահայտում, որոնց պատճառով գրաքննադատները դժվարանում են նրան լրջորեն ընդունել։

 

«Այս գործունեությունը (գովազդը) այժմ մեր կյանքի տիրակալն է՝ ֆինանսավորում է հեռուստատեսությունը, թելադրում է գրավոր մամուլին, իշխում է սպորտաձեւերի վրա (Ֆրանսիան չէր, որ Աշխարհի գավաթի եզրափակչում հաղթեց Բրազիլիային, այլ՝ Adidas-ը Nike-ին), ձեւավորում է հասարակությունը, ազդում է սեքսուալության վրա, պաշտպանում է բարեկեցության աճը։ ...1998 թ. գովազդային ներդրումն ամբողջ աշխարհում հաշվվում է 2340 միլիարդ ֆրանկ...։ Կարող եմ վստահեցնել, որ այս գնով ամեն ինչ կարելի է վաճառել, հատկապես՝ ձեր հոգին»։ (էջ 49)

 

Ըստ Բեգբեդերի, քաղաքական ղեկավարները լծակներ չունեն որոշում կայացնելու հարցում, նրանք վեր են ածվել տնտեսության տերերի խամաճիկների, որի ստրուկն են դարձել շնորհիվ գովազդի։ Փաստերի, կոնկրետ թվերի առկայության շնորհիվ, որի իրական լինելը հավաստի է թվում՝ ելնելով Բեգբեդերի գովազդային գործակալությունում աշխատելու փաստից, հնարավորություն է ընձեռել ընթերցողին հետադարձ հայացք գցել այն համակարգին, որը եղել է եւ գոյություն ունի ներկայում, բայց որը մինչ այդ չէր պատկերացրել եւ լիովին հասկացել։

 

- Սովորաբար քննադատում ենք աշխարհը՝ դիտորդի նման: Մինչդեռ  հեղինակը ներսից ներկայացնելով  գովազդային բիզնեսի իրական դեմքը՝ նշում է. «Դա, իհարկե, քո մեղքով չէ, բայց քո աշխարհն է»:

 

- Ներկայացնելով գովազդային բիզնեսի իրական դեմքը՝ հեղինակը ոչ մի առաջարկ չի անում։ Կպատասխանեմ հեղինակի բառերով.

 

«Զզվում եմ ձեզնից, ամենաչնչին քմահաճույքներիս ենթակա ողորմելի ստրուկներ։ Ինչո՞ւ  թույլ տվեցիք, որ դառնամ Աշխարհի Տիրակալը։ Կցանկանայի հասկանալ այդ առեղծվածը։ Ինչպե՞ս պատահեց, որ ցինիկ դարի գագաթնակետին գովազդը Կայսրուհի դարձավ»։ (էջ 16)

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին