Սիրող ու լուռ չմնացող մարդն ու անվերջ հեռու թռչող տունը - Mediamax.am

exclusive
4067 դիտում

Սիրող ու լուռ չմնացող մարդն ու անվերջ հեռու թռչող տունը


Լուսանկարը` Joe Maggie-Me

Արթուր Մեսրոպյանը
Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` Հասմիկ Բարխուդարյան

Լուսանկարը` Վարդան Գալստյան


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Արթուր Մեսրոպյանի բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Թռչող տունը»: Բանաստեղծություններն ամփոփված են հինգ խորագրի ներքո՝ «Առանց հետքայլի տեղ», «Անտուն, անսիրտ չհարմրաված»,  «Կարմիր ագռավին», «Ես ու նա միասին նկար չունենք», «Ձմեռն ուսերիդ», «Առավոտ լուսո»:

 

 «Թռչող տան» մասին զրուցել ենք Արթուր Մեսրոպյանի հետ:

 

-Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենը գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ  առաջին գիրքն ամենաանկեղծն է: Ես Վահեին կհարցնեի՝ նշանակում է ինչ-որ առումով նաեւ ամենալա՞վն է: Ինքներդ ի՞նչ եք մտածում՝ ինչո՞վ է առանձնանում «Թռչող տունը»:

 

- Ոչ մի պատճառ չունեմ անկեղծ չլինելու իմ գրածների մեջ եւ ունեմ միլիոն պատճառ՝ անկեղծ լինելու: Անկեղծությունն ինձ համար բանաստեղծություն գրելու նախապայման է: Տարիներ շարունակ ես անընդհատ փորձում եմ խոսքս, բանաստեղծական մտածողությունս հասցնել առավելագույն անկեղծության: Բարդ է ասել, թե «Թռչող տունը» ինչով կառանձնանա հաջորդ գրքերից, քանի որ հաջորդները դեռ միայն իմ գլխում են, բայց, կարծում եմ, որոշակի ուղենշային նշանակություն կունենա ինձ համար: 

 

- Զգացողություն չունե՞ք, որ երբ բանաստեղծությունը գրքով է ներկայանում, քեզնից  հեռանում է, այլեւս քոնը չէ կամ միայն քոնը չէ:

 

- Երբեք էլ չեմ կարծել թե իմ գրած բանաստեղծությունները իմն են, դրանք, երևի, ամենից քիչը իմն են կամ համարյա… դրանք իմ շրջապատի, ինձ վրա անտեսանելի ու տեսանելի հետք թողած մարդկանց, երեւույթների արտահայտումն են: Ես, ըստ էության, վերարտադրել եմ, ինչ նրանք ինձ տվել են, ու որի համար ես շնորհակալ եմ: Այդ պատճառով գիրքը նաեւ նրանցն է, ովքեր իմ կյանքում ինչ-որ բան են նշանակել ու գուցե նաեւ փոխել են ինչ-որ բան:

 

-«Ճաշ, հեռուստացույց, գիրք/համակարգիչ»... «ու թե մի երկու կաթիլ բանաստեղծություն կաթի թղթիդ լավ է»… Օրը խժռող առօրյան, աշխատանքը, կենցաղը խլո՞ւմ են գրողի ժամանակը, թե՞ նաեւ լցնում են բանաստեղծությունը, տողը:

Արթուր Մեսրոպյանը Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` Հասմիկ Բարխուդարյան

- Երբեմն թվում է, չէ՞,  որ պոեզիան մեծ կրքերի մեջ է, մեծ ապրումների ու կորուստների, բայց զգում եմ, որ միայն այդպես չէ: Ամենաառօրյա, ամենասովորական թվացող իրավիճակի մեջ այնքան անսովորություն կա, այնքան անբացատրելի ու անորսալի բան, որ հենց արժի նկատել ու հենց դրա մասին գրել: Առօրյան, աշխատանքը, կենցաղը գրողի նյութն են. ինչքան շատ են հույզերը, ապրումները, որքան խառն է առօրյան, այնքան գրողի համար լավ: Թեպետ ժամանակի պակասը երբեմն իրոք խնդիր կարող է լինել, հատկապես՝ արձակ գրելու դեպքում, ու երբեմն իրոք ազատ ժամանակը չէր խանգարի: 

 

- «Մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ». այս տողերով սկսվում է գիրքը: Երբ  հետդարձ չկա, տունտեղ չկա, որոնումները դեպի ո՞ւր են տանում:

 

- Երբ հետդարձի տեղ չունենք, որոնումները կանգ են առնում վերջնանպատակում՝ մեր մեջ, մեխում մեզ տեղում ու ստիպում մեր մեջ գտնել քայլ առաջ գցելու կամքը: Իսկ գուցե՝  ոչ: Ես չգիտեմ: Ամեն մարդ ինքն է պարտավոր դա զգալ: Ես այդ բանաստեղծությունը գրել եմ #ElectricYerevan-ի ցույցերից հետո: Այդ ժամանակ բոլորս էլ ճանապարհ էինք որոնում, բայց պարզվեց՝ լավագույն ճանապարհը հենց կանգնած տեղում նստելն էր:

 

- Ավստրիացի գրող Առնո Գայգերի հանրահայտ վիպակի հերոսը գրողի հայրն է, ով, չնայած Ալցհայմերի հիվանդությանը, չի կորցրել բանականությունը: Դուք բանաստեղծություն եք նվիրել Գայգերի հորը: Ըստ Ձեզ՝ սա հիշողությունը կորցրած մարդու պատմությո՞ւն է, թե՞ կյանքի մայրամուտն ապրող մարդու, ով շարունակ ուզում է տուն  վերադառնալ: 

Լուսանկարը` Վարդան Գալստյան

- Բանաստեղծությունն իսկապես գրել եմ Առնո Գայգերի «Ծեր թագավորը իր աքսորավայրում» գրքի ընթերցումից հետո: Քիչ է լինում, որ գրքից ազդվեմ ու մի բան գրեմ: Ուղղակի ինչ-որ դատապարտվածություն ու այդ դատապարտվածությունը հանդարտ ընդունելու համարձակություն կար այդ գրքում: Ինձ վրա գիրքն ազդեց հատկապես այն պատճառով, որ այն ինքնակենսագրական էր: Երեւի ինձ թվաց, որ Ավգուստ Գայգերի պատմությունը մեզնից յուրաքանչյուրինն է՝ անկախ նրանից՝ մենք տեղյակ ենք, թե ոչ:

 

- «Հայր մեր դու որ գնացիր ու մեզ թողեցիր քո թողած անկախության հետ»... Դուք հա՞շտ եք, թե՞ անհաշտ անկախության հետ եւ Արարչի:

 

-Ես ոչնչի հետ հաշտ չեմ, եթե այդ ինչ-որ բանը/մեկը դեռ մեռած չէ: Թեպետ երբեմն մեռածների հետ էլ հաշտ չեմ: Այսօր Հայաստանում մենք ապրում ենք սարսափելի հետաքրքիր ժամանակներում, երբ տարածք կա հենց ակունքից եկող շատ բաների հետ հարցուպատասխանի մեջ մտնելու համար, պարզապես համարձակություն է պետք: Մերկ մնալու ու չամաչելու համարձակություն: Ունեցածից չվախենալու, ինքդ քեզ ունենալուց չվախենալու համարձակություն:

 

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ «Թռչող տունը»: Որովհետեւ բանաստեղծն ապրում է իր տողերո՞ւմ, իսկ թռիչքը շարժո՞ւմ է ենթադրում:

 

- Գրքի վերնագիրը բավական երկար էի ընտրում: Սկզբում այլ կերպ էի վերնագրել, հետո փոխեցի: Իմ բանաստեղծությունները բավական տարբեր են թե՛ թեմատիկայով ու թե՛ կառուցվածքով, ու այդ բոլորին միավորող առանցքը ես եմ: Գիրքը վերնագրեցի «Թռչող տունը», որովհետեւ կարծում եմ այն, ինչ մենք տուն ենք համարում, անվերջ հեռու է թռչում մեզնից, ավազի պես ծորում մատների արանքով, ու եթե բախտներս բերի ու բռնենք-պահենք մի քանի վայրկյան, ապա վատ չէ:

 

- «Առավոտ լուսո» շարքով գիրքը ավարտելը շարունակությո՞ւն  է հուշում, թե՞  նաեւ լավատեսական շեշտադրում է «Առանց հետքայլի տեղի», «Անտուն անսիրտ չհարմարված» եւ մյուս  ենթավերնագրերից հետո:

 

- Ինչ-որ առումով այո՛, մարդու՝ որպես հրաշքի հանդեպ վստահությունը գերակայում է «Առավոտ լուսո» բանաստեղծության մեջ, առհասարակ ուժեղ, չխեղճացող, չհարմարվող, սիրող ու լուռ չմնացող մարդը այս գրքի հերոսն է:

 

- Բանաստեղծությունները համարյա կետադրված չէին…

 

- Չեմ սիրում կետադրել, որովհետեւ գրում եմ մի շնչով, գրեթե չեմ խմբագրում ու թողնում եմ՝ մնան այն բնական վիճակում, որով ինձ մոտ են եկել: Չեմ ուզում ակադեմիական փորձաքննությունների միջով անցած քերականության դասագրքերի կանոնների մեջ դնեմ: Իրենք մերկ էլ են ինձ դուր գալիս, ու ես նրանց այդպես եմ սիրում: Մյուս կողմից՝ կետադրությունը որոշակի ընթերցողական ռիթմ է պարտադրում ընթերցողին, իսկ ես ուզում եմ, որ ամեն ընթերցող ինքը որոշի՝ ինչպես է ուզում կարդալ:

 

-Երկրորդ գիրքը երկա՞ր սպասել կտա:

 

- Չգիտեմ, տարբեր գաղափարներ ունեմ: Հիմա նոր ֆորմա եմ փնտրում ասելիքս ձեւակերպելու համար: Նաեւ գրող ու ոչ գրող ընկերներիս հետ տարբեր ընթերցողական նախաձեռնություններ ենք փորձում: Բանաստեղծություններիցս մեկի հիման վրա Արեգնազ Մարտիրոսյանը երգ գրեց, որը հնչեց գրքի շնորհանդեսի ժամանակ: Ինձ դուր եկավ նման ֆորմատը, ուզում եմ այս ուղղությամբ քայլեր անել: Սա ինձ համար համագործակցության նոր մոդել է ու շատ հետաքրքիր է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին