Անհատի ձգտումները, կամքի ուժն ու օտարացումը` «Խառնվածք» վեպում - Mediamax.am

exclusive
4960 դիտում

Անհատի ձգտումները, կամքի ուժն ու օտարացումը` «Խառնվածք» վեպում


Լուսանկարը` Rihards Rudzis

Լուսանկարը` Անտարես

Վաչագան Ղռաթյանը
Վաչագան Ղռաթյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը «Օտարգիր» մատենաշարով լույս է ընծայել Ֆերդինանդ Բորդեւայքի «Խառնվածք» վեպը: Հոլանդացի գրողի ամենահայտնի ստեղծագործությունը (1938թ.) հայ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ: Հոլանդերենից թարգմանել է Վաչագան Ղռաթյանը: Վեպի հերոսը Ռոթերդամի աղքատ թաղամասերում մեծացած պատանի Կատադրոյֆեն է: Ինքնակրթությամբ եւ կամքի ահռելի ուժով նա փորձում է հասարակության ամենաստորին խավից բարձրանալ իրավաբանների ու գործարարների բարձր հասարակություն:

 

Մեր զրուցակիցը Վաչագան Ղռաթյանն է: Առաջին հարցը  վեպի գեղարվեստական առանձնահատկության, թարգմանության ընթացքի եւ դժվարությունների մասին է:

 

- Դժվարությունները մի քանի կատեգորիաների կարելի է բաժանել: Մի մասը շատ անհատական են, մի մասն էլ կապված են լեզվի եւ տվյալ գրականության հետ: Դժվար էր թարգմանությունը համատեղել մեկ այլ աշխատանքի եւ ուսման հետ, ուստի այն նախատեսվածից երկար տեւեց:

 

Հոլանդերենից գրական գործ թարգմանելիս լուրջ մարտահրավեր է դառնում լեզվամտածողությունների տարբերությունը: Մեծ գայթակղության կա ինչ-որ բան քիչ թե շատ բառացի թարգմանելու: Սկզբում թվում է` հայերեն ընկալելի է, բայց երբ նորից ես ընթերցում, զգում ես, որ բոլորովին էլ հայերեն չէ: Ինձ համար շատ կարեւոր էր նորից կարդալ թարգմանությունը, փորձել հասկանալ` հայերեն կարդացողը կհասկանա՞, թե` ոչ:

Լուսանկարը` Անտարես

Երկրորդ դժվարությունը գքրի խրթին ու արխաիկ ոճն էր: Նույնիսկ հոլանդացի ժամանակակից ընթերցողի համար բավական բարդ է հասկանալը: Փորձում էի դրան համարժեք հայերեն ինչ-որ բան գտնել, որը նաեւ ընթեռնելի կլիներ: Համեմատության համար ասեմ, որ այս վեպը ներառված է Հոլանդիայի դպրոցական  ծրագրում այնպես, ինչպես մեզ մոտ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», որը պարտադիր կարդում են, բայց քչերն են հասկանում:

 

- Բորդեւայքը ինքնամփոփ, լռակյաց, զուսպ անձնավորություն է եղել, նույնիսկ հատուկենտ ծանոթները քիչ բան են իմացել նրա անձնական կյանքի մասին: Կարծես ընդհանրություններ կան գրողի եւ նրա հերոսի` Յակոբ Կատադրոյֆեի միջեւ: Կարո՞ղ ենք ասել, որ վեպն ինքնակենսագրական տարրեր  ունի:

 

- Միանշանակ: Համընկնումները կապված են անցած ուղու հետ: Հեղինակը նույնպես իրավաբանական կրթություն է ստացել մեծ տարիքում, ապրել է Ռոթերդամում: Գրքում  իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում Ռոթերդամում, տեսանելի է գրողի սերը այդ քաղաքի նկատմամբ:

 

Բայց եթե դիտարկենք գրքի գլխավոր իրադարձությունները` հոր եւ մոր հետ փոխհարաբերությունները, ապօրինի զավակ լինելը, այդպիսի տեղեկություններ առկա չեն: Գուցե եղել է նման բան, ոչ ոք չի իմացել, գրքով է արտահայտել:

 

- Մեզ ուշացումով  է գիրքը հասել, բայց կարծես այսօրվա ընթերցողին շատ ավելին կարող է ասել:

 

- Արդիական են տնտեսական-քաղաքական երանգները. ցանկացած հասարակության մեջ կան սոցիալիստ, ձախակողմյան ու պահպանողական, կապիտալիստական մտածելակերպ ունեցող մարդիկ: Կատադրոյֆեի մտերիմ ընկերը` Յան Մանը, ոչ թե ներկայացնում է զուտ կոմունիստական կուսակցությանը հարող մարդուն, այլ ձախական երիտասարդներին, որոնք արհամարհանքով են վերաբերվում կապիտալիստական համակարգին, փորձում են ընդվզել դրա դեմ կամ այլ կյանք ապրել:

Վաչագան Ղռաթյանը Վաչագան Ղռաթյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սա շատ ունիվերսալ է: Նույնը կարող եմ ասել բանկային համակարգ մասին, թե ինչպես  է գործարար աշխարհը մանիպուլացնում մարդկանց: Ինձ թվում է` միակ բանը, որ մեր ընթերցողը կարող է այնքան էլ լավ չպատկերացնել, այն է, թե աղքատ ընտանիքից դուրս եկող ապօրինի ծնված երեխայի համար որքան բարդ էր կրթություն ստանալը ու իրավաբան դառնալը:

 

-«Ինչո՞ւ չէր կարող ժողովուրդը վեր բարձրանալ իր ստորակարգ վիճակից: Ինչո՞ւ միայն մի քանի անհատների է հաջողվել վեր մագլցել»: Գիրքը տալի՞ս է Կատադրոյֆեի այս հարցերի պատասխանը:

 

- Ասում են` գիրքը կարդալու լավագույն ձեւը թարգմանությունն է: Իսկապես այդպես է. երբ թարգմանում ես, ավելի խորը շերտերով ես հասկանում գիրքը, քան պարզապես ընթերցելով: Բայց ինձ թվում է`  ես այս գիրքը լրիվ չեմ «մարսել»: Իմ տպավորությունն այն է, որ գիրքը մի անհատի մասին է, հեղինակը փորձում է պատասխաններ տալ ավելի շուտ անհատի խնդիրների մասին, քան հասարակության: Գիրքն այն մասին է, թե ինչպես է անհատը ձեւավորվում, իր կամքի ուժի մասին է, կամքի ուժի պատճառով հասարակությունից օտարանալու մասին:

 

- Դատական կատարածու Դրեյվերհավենը, ով իր դաժանությամբ հայտնի է ողջ քաղաքին, ամեն գնով փորձում է որդուն սնանկության հասցնել եւ կործանել: Իսկ գուցե հայրը փորձել է օգնե՞լ որդուն, ինչպես ինքն էր ասում. «Կխեղդեմ նրան, բայց շնչելու համար այն մի փոքր շունչը, որ կթողնեմ, նրան մեծ մարդ կդարձնի»:

 

- Գրքում դրա պատասխանը հստակ չէ, մեկնաբանությունները շատ անհատական են լինելու: Բորդեւայքը մինչ այս գիրքը կարճ պատմվածք էր հրատարակել «Կատադրոյֆեն եւ Դրեյվերհավեն» վերնագրով, որտեղ իրադարձությունները այլ կերպ են զարգանում: Պատմության վերջում հայրը  ինքնասպանություն է գործում` թողնելով նամակ, որով ամբողջ ունեցվածքը որդուն է կտակում։ Ռեժիսոր Մայք վան Դիմը «Խառնվածք»  ֆիլմում սինթեզել է վեպն ու պատմվածքը: Ֆիլմում, ինչպես եւ պատմվածքում, հայրը հակասական կերպար է, ով սրտի խորքում բարություն ունի: Վեպում դա հստակ չէ, այստեղ բոլորն էլ` հայրը, մայրը, որդին՝ մարդիկ են, ովքեր անասելի դժվարություններ են հաղթահարել կյանքում, արդյունքում` փակվել են իրենք իրենց մեջ ու գազանների նման փորձում են այնտեղից դուրս պրծնել: Մոր գազանությունը բացարձակ չեզոքությամբ է դրսեւորվում, հոր դեպքում` լրիվ գազանությամբ, տղայի դեպքում` պարզապես հաջողութունների հասնելու հավակնությամբ:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին