Նարեկ Աշիկյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

3597 դիտում

Նարեկ Աշիկյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Երբևէ չեմ մտածել,  թե ի՞նչ կարելի է գրել հերոսին ուղղված նամակում։ Եվ ընդհանրապես մեր օրերում տարբեր մարդկանց մոտ տարբեր են հերոսի մասին պատկերացումները։ Մեր հարևան երկրում օրինակ, հերոսացնում են՝ քնած սպային կացնով սպանողին, մեկ այլ տեղ հերոս է դառնում համացանցում միլիոնն անցնող դիտումներ ունեցող, բայց իրականում իրենից ոչինչ չներկայացնող տեսահոլովակի հեղինակը, և հավատացեք նա այսօր ավելի հայտնի է, քան որևէ իրական հերոս։

 

Մի քանի անգամ կարդացել եմ Ձեր կյանքի պատմությունը և ինքս ինձ հարցրել․ ‹‹Իսկ ի՞նչն է ստիպում Թոմ Քաթինային մնալ Սուդանի լեռներում և փրկել մարդկանց` վտանգելով սեփական կյանքը։ Ինչպե՞ս կարելի է անձնական կյանքը թողնել մի կողմ, տարիներով չտեսնել ընտանիքի անդամներին, կորցնել հանգիստ ապրելու, քնելու, աշխատելու հնարավորությունը՝ հանուն Նուբա լեռների բնակիչների, որոնց մասին չի լսել մեր մոլորակի բնակչության մեծամասնությունը››։ Այո, չգիտենք։  Այդ մասին քիչ է խոսվում։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի նոր i phone-ը  կամ ի՞նչ նոր համակարգչային խաղեր կլինեն, ի՞նչ կկրի այս կամ այն հայտնի դերասանուհին, ի՞նչ նոր մեքենաներ, թանակրժեք իրեր, սելֆիներ կհրապարակեն ժամանցային կայքերը։

 

Անընդհատ հետևում ենք՝ հոլիվուդյան ֆիլմերի հերոսներին, որոնք մեկը մյուսի հետևից փրկում են մոլորակը՝ տարբեր աղետներից և մոռանում ենք, որ մեր կողքին ապրում են իրական հերոսներ՝ Ձեզ նման հերոսներ։ Կարծում եմ շատերը կերազեին գոնե մեկ անգամ լինել Նյու Յորքում, որը դուք թողել եք, որպեսզի գտնվեք այն մարդկանց կողքին, որոնց միակ հույսը դուք եք, այն երեխաների կողքին, որոնց մաննկությունն անցնում է պատերազմների մեջ։ Եվ, մինչդեռ այդ պատերազմերը հրահրող մարդիկ՝ ամենաբարձր ամբիոններց, խաղաղության կոչեր են հնչեցնում, իսկ մյուսները՝ իրենց հարմարավետ տներում, սոցիալական ցանցերի իրենց էջերում, տեղադրում են պատերազմներից տուժած երեխաների, ավիրված քաղաքների նկարներ․ #Save Aleppo, #Pray For Syria և այլ նմանատիպ հեշթեգերով կարծելով, որ բավականաչափ գործ են արել Սիրիայի համար, այդ ընդացքում Ձեր նման մարդիկ հերոսանում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։ ԵՎ փրկում եք այդ կյանքերը՝ չունենալով համապատասխան միջոցներ և պայմաններ։ Մինչդեռ մեգապոլիսների հարմարավետ հիվանդանոցներում աշխատող շատ բժիշկներ՝ իրենց անտարբերությամբ, դառնում են բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի պատճառ։

 

Ես երկարակեցություն և գործերի հաջողություն եմ մաղթում Ձեզ։ Մարդկանց կյանքեր փրկելու գործում եմ հաջողություն մաղթում, քանի որ հավատացած եմ, որ փրկված մադիկ բացի Ձեզ շնորհակալություն ասելուց, իրենց երախտագիտությունը կհայտնեն՝ այլ մարդկանց օգնելով։ Հույս ունեմ այդ ճանապարհով՝ մարդիկ հետևելով Ձեր օրինակին, կվարակվեն միմյանց օգնելու, դժվարին պահերին միմյանց կողքին գտնվելու ցանկությամբ։ Եվ ավելի շատ պատերազմներ, քան խաղաղություն տեսած մեր մոլորակում՝ Ձեր նման մարդիկ այլևս եզակի դեպքեր չեն լինի։

 

Ամենայն բարիք Ձեզ` Թոմ Քաթինա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին