Մարինա Գեւորգյան. Նամակ Բերնարդ Կինվիին - Mediamax.am

3216 դիտում

Մարինա Գեւորգյան. Նամակ Բերնարդ Կինվիին


Լուսանկարը`


ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ, ՀԱՅՐ ԿԻՆՎԻ․․․

 

Շնորհակալ եմ Ձեզ՝ փրկված ու բաբախող բոլոր այն սրտերի համար՝ իմ սրտի աղմկող արյան կարմիր սիրով ու երախտագիտությամբ․․․

 

Ձեզ գրում է հայ կին, հայ մայր ու քույր, այն փոքրիկը, որին կասպիցծովյան սև մի գիշեր փրկեցին մորթվելուց հայրս ու մայրս․․․ Ես թոթովանքով հայերեն մեխվեցի կոկորդում օտար եզերքների, որոշեցին՝ մորթել․․․ Ես՝ ԱՊՐԵՑԻ։ Ես Հայ եմ, հա՜յ մի անմոռուկ, և արցունքն իմ կաթե՝ մորս բիբերի մեջ․․․ Այսօր ահա Աստծո աչքերում վազում է իմ որդին՝ հայի կենաց ծառի շիվը դալար՝ որպես կյանքի հարատևման վկա․․․

 

Երբ իջնում է երեկոն, և բացվում է առավոտը լուսո, ես աղոթում եմ խաղաղության համար․․․

 

Ձեզ խնդրում եմ, հա՜յր Կինվի, եկեք երկիրն այս, կանգնեք Արարատի առաջ, և նվիրյալ ու օրհնյալ Ձեր աչքերում հայոց դաշտերից կբարձրանա խնկաբույրը հերոսացման, ճեղքված յոթ ոլորտներից երկնքի կկաթի ցող-արցունք Աստծո աչքերից Ձեր ափերին, Եվ երկինք պարզած ճերմակ հավքը կթևի՝ որպես հավատո հանգանակ, ու կապույտը կճեղքի հաղթանակների մոխրափետուր բազեն․․․

 

Խաղաղություն եմ ուզում․․․ Ցորենի հասկերի ու ծաղկած ծիրանի` խաղաղություն,

Վառոդով լցոնած գնդակների տեղ` մրգահամ բողբոջներ,և հույսի տունդարձող երամներ․․․

Աղոթե՜ք, օրհնեք,թող եղիցի, Դուք՝ Տիրոջ ընտրյալներից մեկը, բազում երկնապարգև կյանքեր փրկած, մեծ Մարդասերիդ աղոթքի առաջ բաց են երկնի ունկերը, հա՜յր․․․

 

Արդ, որդուս հետ մտնում եմ եկեղեցի, նրա շուրթերից շշուկվող աղոթքը ծրարում եմ հույսով, ու խորանի մոտ եմ թողնում բառն այդ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ․․Հավատով․․․

 

Եվ Ձեզ,և մեզ,և ամենեցուն

Աստված պահապան, հայր Կինվի․․․

Ուֆալմե վակո ուֆիկե ութակալո,

Լիֆանյիկե դունիանի կամա մբինգունի․

ԱՄԻՆԱ

 

/Տերունական աղոթքը աֆրիկյան Սուախիլի-բանտու լեզվով․

Զի քո է արքայութիւն

եւ զօրութիւն եւ փառք

յաւիտեանս

Ամէն/

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին