50 գլոբալ հայերը` Հայկ Բաքրջյան - Mediamax.am

exclusive
20502 դիտում

50 գլոբալ հայերը` Հայկ Բաքրջյան

Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը: Այսօր մենք ներկայացնում ենք շարքի հերթական հերոսին՝ Հայկ Բաքրջյանին:Հայկ Բաքրջյանը գործարար է: Ծնվել է 1956 թ. Երեւանում:

Լուսանկարը` Լուսանկարը` Հ. Բաքրջյանի արխիվից


Հայկ Բաքրջյանը գործարար է: Ծնվել է 1956 թ. Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, սակայն ուսման առաջին տարում ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Ամերիկյան բանակում ծառայելուց հետո նա շարունակել է ուսումը Լոս-Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, ընդհանուր առմամբ ստանալով 4 բարձրագույն կրթություն: Այնուհետեւ սովորել է Հարվարդի համալսարանի իրավաբանական բաժնում եւ ստացել դոկտորական կոչում: Հայկը Point.360 եւ “Global Medical Solutions” ընկերությունների խորհրդի նախագահն է եւ գլխավոր գործադիր տնօրենը: “Global Medical Solutions”-ի անմիջական մասնակցությամբ Երեւանում շուտով կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն:

 

Ծնվել եմ Երեւանի Ներքին Զեյթուն թաղամասում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, սակայն առաջին իսկ կուրսից մենք ընտանիքով տեղափոխվեցինք ԱՄՆ: Հայրս ստալինյան բռնապետության տարիներին արտաքսման էր ենթարկվել Սիբիր: Ստալինի մահից հետո նա կարողացավ վերադառնալ Հայաստան, սակայն խնդիրներ ուներ աշխատանք գտնելու հետ, եւ Խորհրդային Միությունից հեռանալու ուղիներ էր փնտրում: 1975թ. մեկնեցինք Լիբանան, իսկ այնտեղից հաջորդ տարի` Լոս-Անջելես:

Հայտնվելով ԱՄՆ-ում, Հայկը զինծառայություն է անցել ամերիկյան բանակում` ընդհանուր առմամբ ծառայելով 6 տարի:

 

Ծառայությունից հետո, ես ընդունվեցի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (University of Southern California), 1983թ. ստանալով գիտական կոչումներ միջազգային հարաբերությունների, սլավոնական լեզուների ու գրականության, ռազմավարական ու ազգային անվտանգության եւ ռուսերենի դասընթացների մասնագիտություններով: Նույն տարի ընդունվեցի Հարվարդի համալսարանի Իրավագիտության դպրոց եւ 3 տարի անց ստացա դոկտորական կոչում: Ուսումն ավարտելուց հետո վերադարձա Կալիֆոռնիա եւ սկսեցի աշխատել որպես իրավաբան:

 

1991թ. Հայկը աշխատանքի է անցնում Syncor International Corporation ընկերություն եւ նրա կարիերայում սրընթաց զարգացումներ են սկսվում:

Այդ ժամանակ ես աշխատում էի որպես իրավաբան: Syncor-ը զբաղված էր միջուկային բժշկության սարքերի արտադրությամբ եւ տարածմամբ ողջ ԱՄՆ տարածքում: Syncor-ը առաջամարտիկ էր այդ ոլորտում: Շուտով ես լրացուցիչ պարտավորություններ ստանձնեցի որպես բիզնեսի զարգացման վարչության ավագ փոխնախագահ եւ իրավական հարցերով ավագ մասնագետ: Իմ անմիջական պարտականությունների մեջ մտնում էր դիվերսիֆիկացնել Syncor-ի բիզնեսը եւ մտնել նոր շուկաներ արտերկրում: 1997թ. նշանակվեցի ընկերության գործադիր փոխնախագահ եւ ղեկավարում էի արտերկրում բոլոր բիզնեսները: 1997-2000թթ. բավականին մեծ առաջխաղացում ունեցանք: Նախ եւ առաջ` կենտրոններ բացեցինք մոտ 38 երկրներում: Բացի այդ` զարգացրեցինք բիզնեսի նոր ճյուղեր, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, ախտորոշիչ վիզուալացմանը, քաղցկեղի բուժմանը, ոչ ներխուժող ռադիոակտիվ վիրաբուժությունը, դեղամիջոցների արտադրությունը: 2000թ. Syncor International Corporation-ը միավորվեց մեկ այլ, ավելի մեծ ընկերության հետ, որի անունն էր Cardinal Health:

 

Նյու-Յորքի նախկին նահանգապետ Ռուդի Ջուլիանիի հետ

Լուսանկարը` Հ. Բաքրջյանի արխիվից

 

Այդ ժամանակ Syncor International Corporation-ի բոլոր միջազգային գործողություններն իրականացվում էին Հայկի անմիջական վերահսկողության ներքո:

 

Երբ 2 խոշոր ընկերությունների միավորումն իրականություն դարձավ, ես նշանակվեցի Cardinal Health-ի խորհրդատու: Շուտով միացա Point.360 ընկերությանը, որը զբաղվում էր հետարտադրությամբ (post-production) եւ ստանձնեցի Խորհրդի նախագահի պաշտոնը: 2002թ. ստանձնեցի ավելի բարձր պատասխանատվություն` արդեն գործադիր տնօրենի պաշտոնում: Երբեմն զբաղվում եմ անկախ ֆիլմերի արտադրությամբ:

 

Point.360 այս կամ այլ կերպ ներգրավված է հոլիվուդյան բոլոր խոշոր կինոֆիլմերի ստեղծման մեջ: Այդ ընկերության հաճախորդներն են հոլիվուդյան այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են` Paramount, Disney, Sony Studios եւ այլն: Ընկերությունը տրամադրում է տեխնիկական աջակցություն եւ համարվում է Հոլիվուդում լավագույններից մեկը իր ասպարեզում: Օրինակ` Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ի ձեւաչափի կոնվերտացիան միջազգային դիստրիբուցիայի համար իրականացվել է Point.360-ի կողմից: Ընկերությունը նաեւ ակտիվ համագործակցել է հանրահայտ «Lost» սերիալի հետ:

 

 

Ատոմ Էգոյանի եւ Արսինե Խանջյանի հետ Տորոնտոյում` «Արարատ» ֆիլմի պրեմիերային

Լուսանկարը` Հ. Բաքրջյանի արխիվից

 

Ես հիմնեցի Global Medical Solutions ընկերությունը 2003թ., երբ Cardinal Healthe-ը առաջարկեց ինձ գնել Syncor-ի ստորաբաժանումները ԱՄՆ-ից դուրս: Ես համաձայնեցի առնել բիզնեսներ ընդհանուր առմամբ 8 երկրներում: Մեր 9-րդ երկիրը լինելու է Հայաստանը: Այնուհետեւ մենք կհասցնենք այդ թիվը 11-ի, մտնելով նաեւ Վիետնամ եւ Մյանմա: 

 

2012թ. ապրիլի 2-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) եւ Global Medical Solutions-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն:

 

2011թ. վերջում ինձ առաջարկեցին խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանի կառավարությանն այս ոլորտում ու ես տվեցի իմ համաձայնությունը: 2010 թվականից սկսած ՀԱՄՀ-ն արդեն բավականին մեծ ծավալով աշխատանք էր կատարել այդ ուղղությամբ` ՀՀ կառավարությունը հայթայթել էր դրամական միջոցներ անհրաժեշտ սարքավորումների համար, տրամադրել էր տարածք շենքի կառուցման համար: Մի քանի հիմնական պատճառ կար, թե ինչու ես մտա այս գործի մեջ: Առաջին հերթին, կարծում եմ, որ սա իսկապես կարեւոր բան է Հայաստանի համար: Երկրորդը, Syncor-ում եւ Global Medical Solutions-ում մենք շատ երկրներում ենք իրականացրել նմանատիպ նախագծեր եւ իմ մոտ միտք առաջացավ` ի՞նչու չանել այդպիսի գործ նաեւ Հայաստանում: Եվ, վերջապես, միշտ ցանկացել եմ հնարավորություն դեպքում մի լավ բան իրականացնել Հայաստանի համար: Սա հրաշալի առիթ է, որը փորձում եմ օգտագործել եւ կյանքի կոչել:

 

Հայկի կարծիքով, ապագա կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանային:

Դա լինելու է ոչ միայն ժամանակակից ախտորոշիչ եւ քաղցկեղի բուժման կենտրոն, այլ նաեւ բժշկական իզոտոպներների արտադրման վայր: Բացի այդ, սա փայլուն հնարավորություն է Ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցության համար: Ֆիզիկայի ինստիտուտում կան հիանալի մասնագետներ եւ, կարծում եմ, սա լավ հնարավորությունն է միջազգային ասպարեզում ցույց տալ հայաստանյան գիտնականներին: Սա շատ ոգեւորիչ հանգամանք է ինձ համար:

 

Հյուս ունեմ, որ ամառը կսկսվի շինարարությունը եւ 2013թ. գարնանը մենք կընդունենք առաջին հիվանդներին:

 

Հայկը նաեւ Լոս-Անջելեսի Օպերայի տնօրեններից մեկն է եւ խոստովանում է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց արվեստի:

Արվեստը, մասնավորապես, օպերան, ինձ համար թթվածինի պես մի բան է: 10 տարուց ավելի է, ինչ ներգրավված եմ Լոս-Անջելեսի Օպերայի կառավարման գործում: Բայց, բնականաբար, դա ուղղակի հոբբի չէ, դա պահանջում է բավականին մեծ ծավալի աշխատանք: Լոս-Անջելեսի Օպերան աշխարհի լավագույն օպերաների ցանկում է: Մեր գլխավոր տնօրեն Պլասիդո Դոմինգոյի ջանքերի եւ տաղանդի շնորհիվ հիանալի առաջխաղացում ենք ունեցել վերջին 10-12 տարիների ընթացքում:

 

Օպերային երգչուհի Անյա Կամպեի հետ

Լուսանկարը` Հ. Բաքրջյանի արխիվից

 

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Օպերան շատ հոգեհարազատ են ինձ համար: Դրանք մեր գանձերն են, որոնք պետք է պահպանվեն եւ զարգանան: Առաջարկներ եւ որոշ ծրագրեր կան այս բնագավառում, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ հուսով եմ, որ շուտով կներկայացնեմ դրանք:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին