50 գլոբալ հայերը. Արմեն Զաքարյան - Mediamax.am

exclusive
18907 դիտում

50 գլոբալ հայերը. Արմեն Զաքարյան


Արմեն Զաքարյանը
Արմեն Զաքարյանը

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից

Արմեն Զաքարյանը
Արմեն Զաքարյանը

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից

Արմեն Զաքարյանը ընտանիքի հետ
Արմեն Զաքարյանը ընտանիքի հետ

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից

Արմեն Զաքարյանը ընտանիքի հետ
Արմեն Զաքարյանը ընտանիքի հետ

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում Արմեն Զաքարյանին՝ Միչիգան-Դիարբորն համալսարանի պրոֆեսորին եւ Արդյունաբերական ու արտադրական համակարգերի մշակման եւ կառավարման բաժին ամբիոնի վարիչին:

 

Արմեն Զաքարյանը ծնվել է 1966թ. Երեւանում: Հաճախել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը, որից հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետը: Այնուհետեւ մեկնել է ուսման ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան: Եղել է նորաբաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի առաջին դասախոսներից մեկը: Արդյունաբերական ճարտարագիտության վերաբերյալ դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1997թ. Այովայի համալսարանում: 1997թ.-ից մինչ այսօր աշխատում է Միչիգան-Դիարբորն համալսարանի արդյունաբերական եւ արտադրական սիստեմների ճարտարագիտության դեպարտամենտում: Ծավալուն ծրագրեր է իրականացրել ամերիկյան այնպիսի խոշորագույն կորպորացիաների հետ, ինչպիսիք են Ֆորդը, Ջեներալ Մոթորսը եւ Քրայսլերը: 2009թ. նա այդ ֆակուլտետում պրոֆեսոր է եւ ամբիոնի վարիչ: Արմենը 10-ից ավելի հայ ուսանող է ներգրավել եւ աջակցել իրենց ուսմանը համալսարանում: Արմենի ուսանողներից շատերը իրենց կարիերան շարունակել են ամերիկյան խոշորագույն կորպորացիաներում:

 

Մինչեւ 24 տարեկանը Երեւանում եմ բնակվել: Հայրս՝ Վանիկ Զաքարյանը, մաթեմատիկոս էր եւ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, իսկ մայրս՝ Ռիտան, մասնագիտությամբ քիմիկոս էր: Ընտանիքս ապրում էր Դեմիրճյան փողոցի վրա, եւ ես հաճախում էի Կրուպսկայայի անվան դպրոցը (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոց - Մեդիամաքս), որն այն ժամանակ լավագույններից մեկն էր համարվում: Դպրոցն ավարտելով՝ ընդունվեցի Պոլիտեխնիկ՝ շինարարական ֆակուլտետ: Այնտեղ 2 տարի սովորելուց հետո զորակոչվեցի բանակ, իսկ վերադառնալով Երեւան՝ փոխեցի մասնագիտական ուղղությունս դեպի մեքենաշինություն:

 

Ուսումս ավարտեցի 1990թ., երբ աշխատանք գտնելու հնարավորությունները շատ չէին: Այդ ժամանակաշրջանում Երեւանում մեկնարկեց Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործընթացը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որը աջակցում էր Ամերիկյան համալսարանի հիմնադրամնը, ֆինանսավորում էր մագիստրոսական ծրագրեր, որոնց շրջանակներում 11-12 հայ ուսանողներ հնարավորություն էին ստանում իրենց ուսումը շարունակել կամ

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, կամ Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանում: Ինձ հաջողվեց հաղթահարել մրցույթը եւ 1991թ. մեկնեցի ԱՄՆ՝ Լոս-Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան: Ընտրեցի արդյունաբերական եւ համակարգային ճարտարագիտության ուղղությունը (industrial and system engineering), քանի որ այն ամենամոտն էր իմ մասնագիտությանը:

 

Հետաքրքիր տարիներ էին, քանի որ անկախությունից հետո մենք առաջին հայ ուսանողներից էինք Լոս-Անջելեսում, ինչը նորություն էր այնտեղի հայերի համար: Ուսումն, իհարկե, շատ էր տարբերվում մեր իմացածից, այնպես որ ստիպված էինք սովորել ե՛ւ լեզուն, ե՛ւ ամերիկյան կրթական համակարգի տրամաբանությունը:  Համացանց դեռ գոյություն չուներ եւ լինում էին դեպքեր, որ քննություն ենք հանձնել, անգամ տեղյակ չլինելով թե այն ինչ է իրենից ներկայացնում, օրինակ` անգլերեն լեզվի GRE քննությունը:

 

Կցանկանայի շեշտել այն մեծ աջակցությունը, որը ստանում էինք այդ շրջանում Միհրան Աղաբաբյանից՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մեր հոգաբարձուից եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջին նախագահից:

 

Լոս-Անջելեսում մնացի մինչեւ 1993թ.: Ամեն ամառ գալիս էի Հայաստան, եւ ամառը հատուկ ծրագրով դասավանդում էի Ամերիկյան համալսարանում, ինչպես նաեւ օգնում էի Երեւան ժամանած ամերիկացի դասախոսներին: Այդ մարդկանց թվում փայլուն դեմքեր կային, ում անունները մինչեւ հիմա շատ մեծ համբավ ունեն ԱՄՆ-ում, օրինակ Շմուել Օրենը՝ Բերքլիի համալսարանի դասախոսը:

 

Արմեն Զաքարյանը

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից

 

Մագիստրատուրան ավարտելուց հետո երկընտրանքի առջեւ կանգնեցի. ինչպե՞ս շարունակել մասնագիտական ուղիս`ընդունվել ասպիրանտուրա, թե՞ փորձել աշխատանք գտնել արդյունաբերական ոլորտում: Քանի որ աշխատանքի փորձ չունեի, ուսումը շարունակելու տարբերակն ավելի իրատեսական էր: 1993թ. դիմեցի մի շարք համալսարաններ եւ բավականին մեծ թվով ընդունելության առաջարկներ ստացա: Որոշեցի կանգ առնել Այովայի համալսարանի վրա, որը նաեւ կրթաթոշակ էր տրամադրում ուսման ողջ ընթացքի համար: Որոշմանս մեկ այլ պատճառներից էր այն, որ դասախոսը, ում հետ պետք է աշխատեի, շատ հայտնի էր իր բնագավառում:

 

Իհարկե, Այովան շատ է տարբերվում առաջադեմ Լոս-Անջելեսից: Այն փոքր, տիպիկ միջինամերիկյան նահանգ է՝ ցուրտ ձմեռներով, սառը անձրեւներով, որտեղ առանձնապես զբաղմունք չկա: Այնպես որ, ինձ մնում էր միայն սովորել: Այդ ընթացքում կրկին եկա Հայաստան եւ մի քանի ամիս հավանականության տեսություն ու վիճակագրություն դասավանդեցի Ամերիկյան համալսարանում արդյունաբերական համակարգեր մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողներին:

 

Ի վերջո, 1997թ. պաշտպանեցի դոկտորական թեզս եւ շուտով աշխատանքի հրավեր ստացա Միչիգանի համալսարանի Դիարբորնի մասնաճյուղից եւ տեղափոխվեցի այնտեղ:

 

Միչիգանի համալսարանը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ մտնելով այսպես կոչված «Բաղեղի լիգայի» մեջ: Այն նաեւ աշխարհի խոշորագույն առողջապահական համալիրներից մեկն ունի: Դիարբորնի մասնաճյուղը, որը գտնվում է համանուն քաղաքում, ունի մոտ 9 հազար ուսանող, որից 350-ը սովորում են Արմենի ամբիոնում:

 

Այդ համալսարանում սկսվեց իմ կյանքի նոր եւ շատ հետաքրքիր փուլը: Աշխատանքը հետաքրքրական էր այն տեսանկյունից, որ հիմնականում գործ ունեինք արդյունաբերական մեծ ընկերությունների՝ General Motors, Ford, Chrysler եւ AT&T-ի հետ: Մեծ թվով խոշոր նախագծեր էինք իրականացնում այդ կորպորացիաների հետ: Հետաքրքիր էր այն, որ զբաղվում էինք ոչ միայն գիտահետազոտական աշխատանքով, այլեւ գործ ունեինք իրական մարդկանց եւ իրական բիզնեսների հետ: Դա, իր հերթին, հնարավորություն էր տալիս մեծ թվով ուսանողներ բերել Հայաստանից: Առաջին վեց տարում հաջողվեց ԱՄՆ բերել մոտավորապես 12-13 հայ ուսանողների, որոնց ուսումն ամբողջությամբ ֆինանսավորվում էր:

 

Արմեն Զաքարյանը ընտանիքի հետ

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից

 

ԱՄՆ բերած իմ ուսանողների ճնշող մեծամասնությունը շատ մրցունակ էր, չափազանց մոտիվացված էր եւ շատ լավ պատրաստված տեսական առումով: Այդ մասին վկայում է նաեւ այն հանգամանքը, որ ուսումն ավարտելուց հետո բոլորը բավականին մրցակցային պայմաններում կարողացան աշխատանքի ընդունվել ամերիկյան խոշոր ընկերություններ: Ուսանողներիցս մեկը, օրինակ, ավարտելուց հետո 23 տարեկանում աշխատանքի անցավ Մայքրոսոֆթ ընկերություն, սակայն մի քանի տարի անց որոշեց, որ պետք է բիզնես-դպրոց ավարտի եւ խոշոր վարկ վերցնելով՝ ընդունվեց Կոլումբիայի համալսարան: 

 

Մեկ ուրիշը, ով շատ ուժեղ ծրագրավորող է, սկսեց իր կարիերան ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում (NIH), ապա տեղափոխվեց Նյու-Յորք՝ Bloomberg ընկերություն, իսկ ներկայումս զբաղեցնում է JPMorgan Chase ընկերության փոխնախագահի պաշտոնը:

 

Արմենի հայ ուսանողների հաջողություններն իսկապես տպավորիչ են: Նրանք աշխատում են այնպիսի հեղինակավոր ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը, Yahoo-ն, Symantec-ը եւ Neftlix-ը:

 

Իմ ողջ ակադեմիական կարիերան անցել է Միչիգան-Դիարբորն համալսարանում: 1997թ. սկսեցի աշխատանքս որպես ավագ դասախոս (assistance professor), հետո դարձա դոցենտ (Associate Professor) եւ պրոֆեսոր: Ի վերջո, 2009թ. նշանակվեցի ամբիոնի վարիչ:

 

Հիմնական աշխատանքս հիմա ադմինիստրատիվ բնույթ է կրում, եւ, ցավոք, շատ ժամանակ չունեմ ուսանողներով զբաղվելու համար: Մեր ամբիոնում այժմ 15 դասախոս կա, որոնցից 8-ը շուտով թոշակի կանցնեն, այնպես որ, զբաղված ենք նոր կադրեր որոնելով, փորձում ենք գիտահետազոտական հիմքեր ստեղծել, որպեսզի բարձրացնենք մեր աշխատանքի արդյունավետությունը:

 

Նախկինում Երեւան ավելի հաճախ էի գալիս, քանի որ իմ գիտահետազոտական աշխատանքիս համար ինձ ուսանողներ էին հարկավոր: Վերջին անգամ Հայաստանում էի 2 տարի առաջ: Որոշ ադմինիստրատիվ բնույթի ծրագրեր ունեմ հայաստանյան բուհերի հետ եւ մոտ ժամանակներս, հուսով եմ, կկարողանամ հայրենիք գալ:

 

Արմեն Զաքարյանը ընտանիքի հետ

Լուսանկարը` Ա.Զաքարյանի արխիվից

 

Արմենը եւ Մարինան 2 զավակ ունեն, որոնք ծնվել են ԱՄՆ-ում: Մեծ տղան՝ Հարրին, սովորում է քոլեջում: Փոքրը՝ Վանիկը, դեռ 7-րդ դասարանում է:

 

Մեծ տղաս սեպտեմբերից սկսել է քոլեջ հաճախել եւ դեռ չգիտի, թե ինչով է ուզում զբաղվել, սակայն հաստատ գիտակցում է, որ ճարտարագիտությունը

եւ բժշկությունը իր համար չեն: Մի պահ իրավաբան էր ուզում դառնալ, բայց հիմա կարծես մտափոխվել է դեպի մարկետինգ ու բիզնես ասպարեզ: Փոքր տղաս շատ ակտիվ է սպորտում՝ ֆուտբոլ եւ թենիս է խաղում:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին