5/10/15. Չկառուցված նոր ԱԷԿ-ը, ԱՄՆ-ի անտեսված կոչը, ՕՐՕ դաշինքը - Mediamax.am

exclusive
3701 դիտում

5/10/15. Չկառուցված նոր ԱԷԿ-ը, ԱՄՆ-ի անտեսված կոչը, ՕՐՕ դաշինքը


Սերգեյ Կիրիենկոն
Սերգեյ Կիրիենկոն
Քեյթ Բըրնսը
Քեյթ Բըրնսը

Լուսանկարը` ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը
Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը
Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-13

 

Ազգային անվտանգության ռազմավարությունը

 

Փետրվարի 7-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել էր Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին հրամանագիր:

 

Փաստաթղթում սահմանված էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները. անկախությունը,  պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը եւ միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը,  բարեկեցությունը:

 

Փետրվարի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «հայկական պետականության պատմության մեջ առաջին Ազգային անվտանգության ռազմավարության ուժի մեջ մտնելը ազգային եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է»։

 

«Միջգերատեսչական գործընթացի մշակման սկզբում մեզ առաջարկում էին Ազգային անվտանգության ռազմավարության հաստատման խորհրդարանական տարբերակը`

Օրենքի ձեւով: Սակայն համամաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Ազգային անվտանգության ռազմավարության վերափոխումը օրենսդրական ակտի կարող էր «զսպաշապիկ» դառնալ քաղաքացիական հասարակության կայացման եւ ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարացման համար», - հայտարարել էր պաշտպանության նախարարը:

 

«Իմ պարտքն եմ համարում շնորհակալությունս հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին, ԱՄՆ պաշտպանության նախարարին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի փորձագետներին` մեր պետության կարեւորագույն քաղաքական փաստաթղթի մշակման գործում ցուցաբերած խորհրդատվությունների եւ մեթոդաբանական աջակցության համար: Ընդ որում` երախտապարտությամբ եմ ուզում նշել այն հարգանքը, որը մեր գործընկերները ցուցաբերեցին մեր ազգային փաստաթղթի ինքնուրույն մշակելու մեր իրավունքի եւ կամքի հանդեպ», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Կկարողանա շարունակել իր կոմպլեմենտար քաղաքականությունը

 

Փետրվարի 12-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ չնայած Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «հռետորաբանության սրմանը», Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը մնում է արդյունավետ գործիք։

 

Մեկնաբանելով Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը եւ դրան արեւմտյան քաղաքական գործիչների ու փորձագետների արձագանքը՝ Օսկանյանը ասել էր.

 

«Այսօրվա մրցակցությունն իր բնույթով գաղափարական չէ, եւ եթե այն սրվի, հետեւանքներն այն չեն լինի, ինչ կարող էին լինել «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում։ Կարծում եմ, որ այս իրավիճակում, չնայած հռետորաբանության սրմանը, մեր կոմպլեմենտար քաղաքականությունը մնում է արդյունավետ, եւ կարծում եմ, որ մենք կշարունակենք արդյունավետ իրականացնել այն»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-13

 

Հայկական նոր ԱԷԿ-ը պետք է պատրաստ լինի 2020 թվականից ոչ ուշ

 

Փետրվարի 7-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Երեւանում ասել էր, որ, Հայաստանի կառավարության ծրագրերի համաձայն, նոր ԱԷԿ-ը պետք է պատրաստ լինի 2020 թվականից ոչ ուշ:

 

Կիրիենկոն ասել էր, որ նոր ԱԷԿ-ի կառուցման ժամանակահատվածը կկազմի շուրջ 6 տարի:

 

«Կարծում եմ, 2012-ին կկատարվեն նախապատրաստական աշխատանքները: Պետք է հանրային լսումներ անցկացնել: Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն է իրականացնում միջազգային կոնվենցիայով իր պարտականությունները եւ կտեղեկացնի հարեւան երկրներին»,- ասել էր «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը:

Սերգեյ Կիրիենկոն Սերգեյ Կիրիենկոն

 

Կիրիենկոն հայտարարել էր նաեւ, որ «չի տեսնում Ռուսաստանի մասնակցության կարիքը հայկական նոր ԱԷԿ-ի կառավարմանը»:

 

Կիրիենկոն նշել էր, որ հիմնական ներդրումներն իրականացնելու է հայկական կողմը: «ԱԷԿ-ը կառուցվում է Հայաստանում, եւ դրա նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի Հայաստանի կառավարության ձեռքում»,- ասել էր նա:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-13

 

ԱՄՆ-ի կոչը

 

Փետրվարի 9-ին՝ հանդես գալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, ԵԱՀԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Քեյթ Բըրնսն ասել էր.

Քեյթ Բըրնսը Քեյթ Բըրնսը

Լուսանկարը` ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

«Եթե ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը ստիպված լինի փակվել, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի եւ ԵԱՀԿ հանդեպ նրա կառավարության ստանձնած հանձնառության վրա։ Մենք Ադրբեջանի կառավարությանը հորդորում ենք կառուցողական մոտեցում ցուցաբերել որքան հնարավոր է շուտ խնդրի փոխզիջումային լուծում գտնելու համար, որը թույլ կտա Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը բաց պահել»։

 

 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը

 

Փետրվարի 13-ին Երեւանում ստորագրվել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման համաձայնագիրը:

Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով:

 

Սեյրան Օհանյանն ասել էր, որ դաշինքի անդամները ներդնելու են իրենց փորձըˋ կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու համար, փորձելու են վերացնել իշխանությունների ու քաղաքացիների միջեւ եղած անջրպետն ու առաջ տանել տնտեսության բոլոր ուղղությունները:

 

Վարդան Օսկանյանը նկատել էր, որ դաշինքի երեք անդամներն իրենց գործունեությամբ կանգնած են եղել անկախ Հայաստանի եւ Արցախի կերտման ակունքներում:

Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Սա հազվագյուտ առիթներից մեկն է՝ երկրում իրավիճակ փոխելու համար: Մենք չենք կասկածում, որ շատ արագ կարող ենք շատ բան փոխել Հայաստանում»,- ասել էր Վարդան Օսկանյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին