5/10/15. Միջնորդների ոգեւորությունը, «վտանգավոր դուռը», Աբրահամյանի հեռանալը - Mediamax.am

exclusive
4851 դիտում

5/10/15. Միջնորդների ոգեւորությունը, «վտանգավոր դուռը», Աբրահամյանի հեռանալը


Բեռնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը
Բեռնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` REUTERS

Հիլարի Քլինթոնը
Հիլարի Քլինթոնը

Լուսանկարը` REUTERS

Տուրբիերն Յագլանդը
Տուրբիերն Յագլանդը

Լուսանկարը` REUTERS

Հովիկ Աբրահամյանը
Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-31

 

Միջնորդները վիճում են

 

Հունվարի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, պատասխանելով Կոսովոյի խնդրի կարգավորման մասին հարցին, նշել էր, որ «դա կստեղծի նախադեպ, քանի որ առաջին անգամ եվրոպական տարածքում խոսք է գնում նախկին ինքնավարության մասին»:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Բեռնար Ֆասյեն ու Մեթյու Բրայզան ասել էին, որ դեմ են կոսովյան կարգավորման մոդելը օգտագործել որպես ունիվերսալ:

Բեռնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը Բեռնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` REUTERS

«Յուրաքանչյուր հակամարտության ունի իր յուրահատկություններն ու դժվարությունները, եւ յուրաքանչյուրի համար պետք է գտնել առանձին լուծում»,- հայտարարել էր Մեթյու Բրայզան:

 

Միջնորդները ոգեւորված են

 

Հունվարի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց գոհունակությունն էին հայտնել «մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ցուցաբերած կառուցողական մոտեցման վերաբերյալ»:

 

«Նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը, միեւնույն ժամանակ նրանք հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղ գործընթացն առաջ ընթանա», - ասված էր միջնորդների հայտարարության մեջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-31

 

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը «դիրքորոշում չունի»

 

Հունվարի 24-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը հայտարարել էր, որ «դիրքորոշում չունի» Հայոց ցեղասպանության հարցի եւ դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:

Տուրբիերն Յագլանդը Տուրբիերն Յագլանդը

Լուսանկարը` REUTERS

«Որպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ես չունեմ դիրքորոշում այս առնչությամբ: Չեմ ուզում Կազմակերպության եւ անդամ-պետությունների անունից մեկնաբանել Ֆրանսիայում տեղի ունեցող քննարկումները: Երբ զբաղեցնում էի Նորվեգիայի վարչապետի, ԱԳ նախարարի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնները` ես միշտ կողմ էի այն դիրքորոշմանը, որ պատմությունը պատմաբանների եւ պատմական գրքերի համար է եւ չէի սատարում պատմական հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացմանը: Գիտեմ, որ Թուրքիայի կառավարությունն առաջարկել էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ հայտարարել է, որ կընդունի այդ հանձնաժողովի առաջարկները: Այս հարցի առնչությամբ ես նույնպես դիրքորոշում չունեմ. նման որոշումներ ընդունում են ազգային խորհրդարանները եւ կառավարությունները», - հայտարարել էր Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին:

 

Պետք չէ «վտանգավոր դռներ բացել»

 

Հունվարի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել էր Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

 

Հիլարի Քլինթոնն ասել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշավոր է խոսքի ազատությանը վնաս հասցնելու հարցում եւ նշել էր, որ ամենաճիշտ տարբերակն այդ հարցը պատմաբաններին թողնելն է:

 

«Ես կարծում եմ, որ իշխանության ուժի կիրառմամբ պատմական հարցերի լուծումը մի շատ վտանգավոր դուռ է բացում», - ասել Հիլարի Քլինթոնը ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցների հետ հանդիպմանը:

Հիլարի Քլինթոնը Հիլարի Քլինթոնը

Լուսանկարը` REUTERS

Հունվարի 30-ին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծին, ասել էր, որ նման օրինագծերը ընդամենը «թղթի կտոր են»: Ցյուրիխում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասել էր. «Այսօր մենք Շվեյցարիայում ենք, եւ ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն: Թող գան ու ձերբակալեն ինձ»:

 

Սպառազինության «լրջագույն մակարդակ»

 

Հունվարի 28-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասել էր.

 

«Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը եւ նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց եւ այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ եւ պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել եւ բանակի արժանի ընկալում ձեւավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-31

 

Հովիկ Աբրահամյանի հեռանալը

 

Հունվարի 25-ին Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:  

 

«Ես կայացրել եմ իմ կյանքի կարեւոր եւ դժվար որոշումներից մեկը եւ հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»,- ասված էր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:

Հովիկ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել եւ աշխատել հանուն Հայաստանի»,- հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը:

 

«Էլիտան պետք է փոխվի»

 

Հունվարի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ասել էր, որ «եթե հասարակությունը բողոքում է էլիտայից, ապա վերջինս պետք է փոխվի»:

 

«Էլիտան որոշ իմաստով հասարակության «ճակատային մասն է», ազգի

«ճակատային մասը»: Եվ եթե հասարակության մեջ խնդիրներ, թերըմբռնումներ, բողոքներ կան էլիտայի հետ կապված, ապա վերջինս պետք է փոխվի», - ասել էր վարչապետը:

 

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի խոսքերը այն մասին, որ ինքը վարչապետի անվան հետ է կապում բարեփոխումների հաջողությունը, Կարեն Կարապետյանը ասել էր.

 

«Եթե նախագահն ինձ բարեփոխումներ իրականացնող է համարում, ապա դա առաջին հերթին պատասխանատվություն է ինձ համար: Ամեն դեպքում ես պետք է այնպես կազմակերպեմ աշխատանքս, որպեսզի միայն նախագահը ինձ «բարեփոխիչ» չանվանի»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին