5/10/15. Բրայզայի «ուղտը», Գեղամյանի «սենսացիան», Կարապետյանի վերապահումը - Mediamax.am

exclusive
4009 դիտում

5/10/15. Բրայզայի «ուղտը», Գեղամյանի «սենսացիան», Կարապետյանի վերապահումը


Արտաշես Գեղամյանը
Արտաշես Գեղամյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեթյու Բրայզան
Մեթյու Բրայզան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-16

 

 «Երկսապատավոր ուղտ»    

 

Հունվարի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել էր, որ 2006 թվականին ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրվել էր վերելք, հետո` անկում, այնուհետեւ` նոր վերելք:

 

«Ճիշտ երկսապատավոր ուղտի նման: Սակայն մենք ավարտեցինք տարին սապատների վրա, եւ ոչ թե դրանց միջեւ: Տեղի ունեցավ փետրվարյան հանդիպումը Ռամբույեում, որի նախաշեմին շատ հույսեր կային, այնուհետեւ հունիսյան հանդիպումը Բուխարեստում: Սակայն դրանցից ոչ մեկը չարդարացրեց հույսերը: Այդ պատճառով հունիսին ես եւ իմ  համանախագահ գործընկերները հայտնեցինք մեր ափսոսանքը, հանդես գալով հայտարարությամբ, որում կոչ արեցինք երկու նախագահներին ցուցաբերել ուժեղ առաջնորդների հատկանիշներ եւ կատարելագործել իրենց առաջարկված հիմնական սկզբունքները: Շատ ուրախ եմ, որ նախագահներն արեցին դա:

Մեթյու Բրայզան Մեթյու Բրայզան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հաղթահարելով անկումը, մենք տարին ավարտեցինք Մինսկում կայացած Քոչարյան-Ալիեւ արդյունավետ հանդիպմամբ: Երկու երկրների արտգործանախարարները կոշտ դիրքորոշում են որդեգրում բանակցություններում: Նրանք պաշտպանում են իրենց երկրների ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, Մամեդյարովը եւ Օսկանյանը հարգանքով են վերաբերվում միմյանց: Հույս ունեմ, որ գործընթացի առաջ շարժվելուն զուգընթաց նրանց միջեւ հարգալից հարաբերությունները արձագանք կգտնեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններում», - ասել էր Մեթյու Բրայզան:

 

«Չկա բավարար եռանդ»

 

Հունվարի 10-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ հարկային եւ մաքսային կառույցներում չկա բավարար եռանդ վիճակը կտրականապես փոխելու համար:

 

«Չեմ կարծում, թե ճիշտ է անընդհատ հիշեցնել ձեզ, որ այս կամ այն ոլորտում ունենք մեծ ծավալի ստվերային տնտեսություն, եւ ձեր պարտքն է դրա դեմ պայքարել: Ես ծառայությունների ներսում բավարար չափի եռանդ դեռ չեմ տեսնում ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով: Կա բարելավում, բայց այն բավարար համարել այսօրվա իրավիճակում մենք չենք կարող», - ընդգծել էր երկրի ղեկավարը:

 

Գեղամյանի մեղադրանքը

 

Հունվարի 15-ին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, որ «Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շրջապատը մահափորձ էր նախապատրաստում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դեմ»։

 

Արտաշես Գեղամյանն ասել էր, որ «այդ մտադրությունների մասին իմացել են ինքը՝ Ծառուկյանը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչի արդյունքում ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանը զրկվել էր պաշտոնից, իսկ Ծառուկյանին հնարավորություն էր տրվել սեփական կուսակցություն ստեղծել»։

Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ «այդ քանակի անհեթեթություններ եւ սադրանքներ պարունակող հայտարարությունը կարող է մեկնաբանել միայն համապատասխան բժիշկը»:

 

Ինքը՝ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ «առաջին անգամ եմ լսում այն ամենի մասին, ինչ այսօր պատմել է Արտաշես Գեղամյանը»։

 

«Դա պարզապես աբսուրդ է: Նրա այդ պատմությունները որեւէ կապ չունեն իրականության հետ: Եթե պարոն Գեղամյանը ինչ-ինչ քաղաքական խնդիրներ ունի, ապա լավ կլինի, որ նա չփորձի լուծել դրանք այլ քաղաքական գործիչներին և ուժերին սադրանքով միմյանց դեմ հանելու միջոցով», - ասվում էր Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-16

 

 «Նախիջեւանը դուրս ենք բերելու շրջափակումից»

 

Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «մենք դուրս ենք բերելու Նախիջեւանը երկաթուղային շրջափակումից»։

 

«Անցյալ տարվա գարնանը ես հրաման տվեցի, որ մեր երկաթուղին մինչեւ տարեվերջ հասցնենք Իրանի հետ սահման, եւ մենք արդեն հասել ենք դրան։ 7-8 ամսում կառուցեցինք պակասող հատվածը եւ կամուրջ կանգնեցրեցինք Աստարաճայի վրայով։ Այսինքն՝ Ադրբեջանը ընդամենը ութ ամսում կատարեց իր առջեւ դրված խնդիրը՝ կապված Հյուսիս-Հարավ միջանցքի հետ։ Այժմ մենք լրացուցիչ նախաձեռնություններ ենք առաջ քաշել՝ կապված այս խոշոր նախագծի գործարկման հետ, որի արդյունքում Հնդկաստանից եւ Պակիստանից եկող բեռները Ադրբեջանի տարածքով կհասցվեն Իրան, Ռուսաստան, Հյուսիսային Եվրոպա եւ հակառակը։ Մեր տարածքով միլիոնավոր տոննա բեռներ կտեղափոխվեն, հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն։ Բացի այդ, այս նախագծի իրականացումը Նախիջեւանը դուրս կբերի երկաթուղային շրջափակումից։ Նախիջեւանը Իրանի տարածքով երկաթգծի միջոցով կմիանա Ադրբեջանին»,- ասել էր Ալիեւը։

 

«Արդյունավետ աշխատանքի դեպքում»

 

Հունվարի 13-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ դեռ չգիտիˋ կընդգրկվի՞ իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) նախընտրական ցուցակում, թեˋ ոչ:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

«Վերջին հինգը տարիներին՝ լինելով ՀՀ քաղաքացի, բնակվել եմ Երեւանից դուրս, եւ չգիտեմ՝ համապատասխանո՞ւմ է իմ բնակության օրերի քանակը օրենքի պահանջին, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե ոչ: Չհամապատասխանելու դեպքում ՀՀԿ ցուցակում չեմ լինի», - ասել էր Կարեն Կարապետյանը:

 

Անդրադառնալով 2018-ից հետո վարչապետի պաշտոնում մնալու մասին հարցինˋ Կարեն Կարապետյանն ասել էր, որ «արդյունավետ աշխատանքի դեպքում տրամադրված եմ մնալ այս պաշտոնում»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին