5/10/15. Քոչարյանի հարցազրույցը, Սոչիի եռակողմը, Օհանյանի վրիպումը - Mediamax.am

exclusive
7540 դիտում

5/10/15. Քոչարյանի հարցազրույցը, Սոչիի եռակողմը, Օհանյանի վրիպումը


Մեթյու Բրայզան եւ Վարդան Օսկանյանը 2006թ. մարտի 7-ին
Մեթյու Բրայզան եւ Վարդան Օսկանյանը 2006թ. մարտի 7-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 1-ին
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Բուխարեստում 2006 թվականին
Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Բուխարեստում 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանը 2006 թվականին
Ռոբերտ Քոչարյանը 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին
Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին

Լուսանկարը` REUTERS

Սեյրան Օհանյանը 2016թ. մարտի 1-ին
Սեյրան Օհանյանը 2016թ. մարտի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին
Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-7

 

«Հայաստանը ստիպում է վերանայել քաղաքականությունը»

 

Մարտի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը բանակցություններում ստիպում է Ադրբեջանին վերանայել իր քաղաքականությունը»:

 

Նա ասել էր, որ վերջին ժամանակներս առաջացել էին որոշակի հնարավորություններ խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման համար:

 

«Սակայն Հայաստանը, հավատարիմ մնալով իր ոչ կառուցողական կեցվածքին, անտարբերություն է ցուցաբերում այդ սկզբունքների համաձայնեցման հանդեպ: Դրանից հետո Ադրբեջանը պետք է մտածի` ինչ անել», - նշել էր Իլհամ Ալիեւը:

 

Չհաջողվեց համաձայնության գալ մեկ կարեւոր սկզբունքի շուրջ

 

Մարտի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Ռամբույեում փետրվարի 10-11-ին կայացած բանակցությունների ընթացքում «ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել, սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ մեկ կարեւոր սկզբունքի շուրջ»:

 

Նա կարծիք էր հայտնել, որ Ռամբույեի հանդիպումից հիասթափությունը հիմնականում պայմանավորված էր «չափազանցված սպասումներով»: Ըստ Քոչարյանի, Ռամբույեում հանդիպման նախօրեին «այնպիսի հոգեբանական մթնոլորտ էր ստեղծվել, երբ բոլորը սպասում էին կուլմինացիային, որը տեղի չունեցավ»: «Միանշանակ է, որ բանակցային գործընթացի վիճակը համարժեք չէր նման սպասումներին», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Բուխարեստում 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը Բուխարեստում 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ միջնորդները փորձել էին համաձայնություն ձեռք բերել կողմերի հետ կարգավորման սկզբունքների շուրջ՝ նախքան 2006 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

 

«Միջնորդները կարծում էին, որ եթե մեզ հաջողվի Մեծ ութնյակի հանդիպմանը մոտենալ կարգավորման համաձայնեցված սկզբունքներով, ապա դա կլինի միջազգային հանրության կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարման առավելագույն աջակցության լավագույն երաշխիքը եւ՛անվտանգության ապահովման, եւ՛ տնտեսական աջակցության եւ՛ հետկոնֆլիկտային վերականգնման համատեքստում», - ասել էր Հայաստանի նախագահը:

 

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ առկա բանակցային ձեւաչափը «ունի մեծ դրական ռեսուրս»:

 

«Նախ՝ Երեւանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ է պաշտպանում հայկական կողմի շահերը: Բանակցող կողմի կարգավիճակը չափազանց կարեւոր է, քանի որ շատ ավելի հեշտ է անտեսել չճանաչված պետության շահերը: Երկրորդը՝ լինելով բանակցությունների ակտիվ մասնակից եւ սուբյեկտ, որը անմիջականորեն պատասխանատու է դրանց արդյունքների համար, ես շատ ավելի մեծ հնարավորություններ եմ ստանում ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իմ բոլոր հանդիպումներին եւ արտասահմանյան այցերի ընթացքում: Երրորդ առավելությունը՝ Հայաստանի նախագահի ներգրավումը բոլորովին այլ մակարդակի է դուրս բերում Հայաստանի պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի համար. մեր երկրի ողջ ներուժը ծառայում է այդ խնդրի լուծմանը», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Իսկ Ղարաբաղի ժողովրդին կասեմ հետեւյալը. դուք պետք է սկսեք անհանգստանալ միայն այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահը խուսափի բանակցությունների համար պատասխանատվություն ստանձնելուց: Դա կնշանակի, որ կա՛մ նա չի հավատում դրանց բարենպաստ արդյունքին, կա՛մ իր մեջ բավարար ուժ չի գտնում խնդիրը լուծելու համար», - ամփոփել էր Հայաստանի նախագահը:

 

«2015 թվականին համապատասխանել միջազգային չափանիշներին»

 

Մարտի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մենք մեր առջեւ նպատակ ենք դրել մինչեւ 2015 թվականն ունենալ համաշխարհային չափանիշներին համապատասխանող բանակ»:

 

Ոուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել էր, որ «երբեմն ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնվում են ոչ այնքան բարեկամական հրապարակումներ այն մասին, որ Երեւանն իր առջեւ նպատակ է դնում կառուցել բանակ, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին»: «Դրանք տարբեր բաներ են», - նշել էր պաշտպանության նախարարը:

 

Բրայզան «ողբերգություն» է անվանել

 

Մարտի 7-ին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան «ողբերգություն» էր որակել Նախիջեւանի հայկական գերեզմանատան տարածքում հուշարձանների ոչնչացումը:

 

Ելույթ ունենալով ճեպազրույցում Երեւանում, Բրայզան ասել էր. «Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, սարսափելի է»:

 

Մեթյու Բրայզան ասել էր, որ «մենք այդ հարցը քննարկել ենք Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, եւ նրանք գիտեն, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում խնդրին»:

Մեթյու Բրայզան եւ Վարդան Օսկանյանը 2006թ. մարտի 7-ին Մեթյու Բրայզան եւ Վարդան Օսկանյանը 2006թ. մարտի 7-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը հույս էր հայտնել, որ Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման համար պատասխանատու անձինք պատասխանատվության կենթարկվեն եւ հայտնել էր Հարավային Կովկասի երեք երկրներում գտնվող մշակութային ժառանգության պահպանության ապահովմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-7

 

Տեր-Պետրոսյանի պահանջները

 

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի ցույցի ժամանակ իշխանություններին առաջադրել էր 15 պահանջ, որոնց թվում` վարչապետ Տիգրան Սարգսյանի այլ պաշտոնյաների հրաժարականը:

 

Մեկնաբանելով այս պահանջները, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ «վերջնագրերի լեզուն չի բխում հարցերի լուծման տրամաբանությունից»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սամվել Նիկոյանն ասել էր, որ «վերջնագրերի լեզուն նշանակում է հակամարտություն, չնայած մեր անցած դառը ճանապարհը խոսում է այն մասին, որ թե իշխանությունները, թե ընդդիմությունը չեն փորձում նորից հայտնվել այդ ծայրահեղ իրավիճակում»:

 

Սոչիի հայտարարությունը

 

Մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախօրեին  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս էր հայտնել, որ «ի վերջո Ադրբեջանի կողմից կցուցաբերվի  անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»:

Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին

Լուսանկարը` REUTERS

Մարտի 2-ին հանդես գալով Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիայում Նալբանդյանն ասել էր.   

 

«Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից եւ պարծենում իր ռազմական բյուջեի ավելացմամբ: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը եւ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը եւ սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում: Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձեւաչափով՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին, փաստորեն հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձեւաչափեր՝ դրանով իսկ վնաս հասցնելով կարգավորման գործընթացին»:

 

Մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում ընդունված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը՝ «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել էր, որ «պետք չէ այն գերագնահատել»:

 

«Այն, որ Բաքվից հաջողվել է խաղաղ գործընթացը շարունակելու վերաբերյալ հայտարարություն ստանալ, արդեն ինչ-որ հաջողություն է: Սակայն չպետք է գերագնահատել այն, քանի որ այդօրինակ հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, սակայն դա չի նշանակվում, որ դրանք կատարվել են: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի նախագահը վաղը կամ մեկ ամիս անց կրկին հանդես գա ռազմատենչ հայտարարություններով»,- ասել էր նա:

 

Իսկ ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը հայտարարել էր, որ Սոչիում ընդունված հայտարարությունում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները «զիջել են Իլհամ Ալիեւի քմահաճություններին»:

Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Սոչիում 2011թ. մարտի 5-ին

Լուսանկարը` REUTERS

«Սոչիում ընդունված` երեք նախագահների հայտարարությունում ամենաէականը պարտավորությունն է այն մասին, որ կողմերը «ձգտելու են բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհներով»: Փաստորեն, դա 2008 թվականի նոյեմբերի 2-ի երեք նախագահների մոսկովյան հռչակագրի գլխավոր մտքի կրկնությունն է: Սակայն «ձգտել» բառն ակնհայտ զիջում է Իլհամ Ալիեւի քմահաճություններին: Պարզ է, որ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը համարձակորեն կարող էին ստորագրել այդ արտահայտության տակ առանց որեւէ «ձգտել» բառի եւ պարզապես կսահմանափակվեին «լուծել» բառով: Սակայն այս կիսատ ձեւակերպումը նույնպես եւս մեկ խոչընդոտ է սպառնալիքների շանտաժով զբաղվող Բաքվի համար, որոնք գնալով ավելի մեծ հակակրանքն են առաջացնում շատ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում»,- նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-7

 

Սեյրան Օհանյանը քիչ հավանական է համարում պատերազմի սպառնալիքը

 

Մարտի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ ստեղծված տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակը չի վկայում այն մասին, թե կարող են լայնածավալ մարտական գործողություններ ծավալվեն:

Սեյրան Օհանյանը 2016թ. մարտի 1-ին Սեյրան Օհանյանը 2016թ. մարտի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քայլեր է իրականացնում հակամարտությունը խաղաղ պայմաններում եւ քաղաքական երկխոսության միջոցով լուծելու ուղղությամբ՝ ամեն ինչ անելով հակառակորդին զսպելու համար,-ասել էր Սեյրան Օհանյանը՝ Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության հետ հանդիպմանը:

 

Ընդամենը մեկ ամիս անց սկսվեց Ապրիլյան պատերազմը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին