5/10/15. Orange-ի գալուստը, «մեկ-երկու հարց», կազինոյի բանավեճը - Mediamax.am

exclusive
11477 դիտում

5/10/15. Orange-ի գալուստը, «մեկ-երկու հարց», կազինոյի բանավեճը


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` REUTERS

Սերգեյ Լավրովը 2008 թվականին
Սերգեյ Լավրովը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ նիստում
Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ նիստում
Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01-07

 

Կոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ին

 

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել տարածաշրջան ուղարկել դիտորդներ, որոնք կհաստատեն հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից:

 

Ելույթ ունենալով Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 32-րդ Գլխավոր Կոնֆերանսում՝ նախարարն ասել էր.

 

«Նախիջեւանի Ջուղա քաղաքը մի վիթխարի գերեզմանատուն ուներ` ուր կանգուն էին 9–ից 16-րդ դարերի քանդակազարդ խաչքարեր՝ եզակի իրենց գեղարվեստական կատարմամբ: Այդ խաչքարները 1903 թ. մոտ 5000 էին, 1973 թ. դրանց կեսն արդեն չկար: Այսօր դրանցից ոչ մեկը չկա»:

Վարդան Օսկանյանը Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կոչ ԵՄ-ին

 

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ասել էր, որ եթե Հարավային Կովկասի երկրներն «ազդանշան» ստանան Եվրոպական Միությունից այն մասին, որ Հայաստանն, Ադրբեջանը եւ Վրաստանը ժամանակի ընթացքում կարող են անդամակցել ԵՄ-ին, «դա կփոխի մեր մտածելակերպը հակամարտությունների կարգավորման հարցում»:

 

«Մեր ժողովուրդները կհավատան, որ վերջնական արդյունքում ապրելու են մի միությունում, որտեղ սահմաններն էական չեն: Կարծում եմ, որ դա կփոխի մեր մոտեցումները հակամարտությունների կարգավորման վերաբերյալ:

Այդ դեպքում մենք պակաս ագրեսիվ եւ պակաս պահանջկոտ կդառնանք: Հակամարտությունների կարգավորումը կհայտնվի բոլորովին այլ համատեքստում, որն ավելի հարմար կլինի առկա խնդիրների լուծման համար»,- ասում էր Օսկանյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  01-07

 

Orange-ի հաղթանակը

 

Հոկտեմբերի 7-ին France Telecom ընկերությունը (Orange ապրանքանիշ) հաղթող էր ճանաչվել Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթում:

 

Երրորդ բջջային օպերատորի արտոնագիրը ստանալու համար France Telecom ընկերությունն առաջարկել էր ամենաբարձր գինը՝ 51 մլն 500 հազար եվրո:

 

Շվեդական Tele2 ընկերությունը արտոնագրի համար առաջարկել էր 41 մլն 600 հազար եվրո, իսկ CEO Blackrock Communication-ը` 31 մլն 660 հազար եվրո:

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մեկ-երկու հարց»

 

Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 7-ին «Ռոսիյսկայա Գազետա» թերթում հրապարակված հարցազրույցում ասել էր, որ «մշակվել է բովանդակալի փաստաթուղթ, որը գործնականում նկարագրում է ԼՂ կարգավորման բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները»:

 

«Չլուծված են մնացել մեկ-երկու հարցեր, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպումներում: Խոսքը առաջին հերթին Լաչինի միջանցքի մասին է: Եվ մենք այնպիսի զգացողություն ունենք, որ լուծումը բավականին իրատեսական է»,- հայտարարել էր Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը 2008 թվականին Սերգեյ Լավրովը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշում էր, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը «կդառնա ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլեւ թուրքական տարածքով արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապերի բացման միջոց»:

 

«Ինձ թվում է, որ, մի կողմից, Կովկասում հակամարտային իրադրության պահպանման դեպքում Հայաստանի կողմից իր դրության խոցելիության սրված ընկալման, մյուս կողմից` Թուրքիայի կողմից ներկայիս պահի եզակիության ըմբռնման` այս երկու գործոնների համադրումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները միասին բեկումնային զանգված են ստեղծում լուծումը գտնելու համար»,- նկատել էր Սերգեյ Լավրովը

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  01-07

 

«Անձամբ կհայտարարի»

 

Հոկտեմբերի 2-ին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ «եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ կհայտարարի դրա մասին»:

Վիկտոր Սողոմոնյանը Վիկտոր Սողոմոնյանը

 

«Այդ լուրերը շրջանառության մեջ են ավելի քան հինգ տարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից սկսած: Միայն մեկ բան կարող եմ վստահորեն ասել. եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ, իրեն բնորոշ պարզ ու շիտակ ձեւով կհայտարարի դրա մասին: Պետք չէ դավադրություններ, խարդավանքներ ու գաղտնի գործընթացներ փնտրել այստեղ, անիմաստ զբաղմունք է», - նշել էր Վիկտոր Սողոմոնյանը:

 

Կազինոյի բանավեճը

 

Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «երեւակայության արդյունք» էր անվանել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի ղեկավարը վերջերս եվրոպական կազինոներից մեկում տանուլ է տվել 70 մլն եվրո:

 

Սերժ Սարգսյանն ելույթ էր ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, այնուհետեւ պատասխանել ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:

Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ նիստում Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ նիստում

 

Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահին հարց էր ուղղել այն մասին, թե ի՞նչ միջոցների հաշվին է նա վճարել այն 70 մլն եվրոն, որն իբր տանուլ էր Եվրոպայում` կազինոներից մեկում:

 

«Դա ձեր երեւակայության արդյունքն է: Ես Եվրոպայում երբեք կազինոյում չեմ եղել: Ես չեմ խաղում: Ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինել Ձեր մատնանշած գումարները: Եթե նման հնարավորություն ունենայի, ապա այդ գումարի մի մասը Ձեզ կհատկացնեի», - ասել էր Սերժ Սարգսյանը` դիմելով Զարուհի Փոստանջյանին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին