5/10/15: Թորոսյանի հրաժարականը, ICC-ի մերժումը, Ֆյուլեն Երեւանում - Mediamax.am

exclusive
7217 դիտում

5/10/15: Թորոսյանի հրաժարականը, ICC-ի մերժումը, Ֆյուլեն Երեւանում


Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալվանդյանը Երեւանում 2013թ. սեպտեմբերին
Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալվանդյանը Երեւանում 2013թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Ռոլանդաս Պակսասը Երեւանում 2013թ. սեպտեմբերին
Ռոբերտ Քոչարյանը եւ Ռոլանդաս Պակսասը Երեւանում 2013թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Թորոսյանի հրաժարականի դիմումը
Տիգրան Թորոսյանի հրաժարականի դիմումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Մեթյու Բրայզան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Մեթյու Բրայզան

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003  ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16

 

«Կարեւոր քայլ»

 

Սեպտեմբերի 10-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերն ողջունել էին Հայաստանի Ազգային Ժողովի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության մասին, որը ենթադրում է մահապատժի լիակատար վերացում:

 

Վալտեր Շվիմերը եւ Պիտեր Շիդերը համատեղ հայտարարությունում նշել են, որ «այդ կարեւոր քայլը մոտեցրեց Եվրոպային մահապատժի լիակատար վերացմանը»:

 

Տեր-Պետրոսյանի փակ դասախոսությունը

 

Սեպտեմբերի 13 «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել էր, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին առնչվող փակ դասախոսություն է կարդացել Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների խմբին, որոնք տարածաշրջանում էին ճանաչողական այցով:

 

«Զարմանալի է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում լռել է, բավարարել է Սթենֆորդի շրջանավարտների խնդրանքը», - գրում էր թերթը:

 

«Հարավային Կովկասը՝ ԵՄ շահերի ուղեծրում»

 

«Հայաստանը ցանկանում է, որպեսզի Եվրոպական Միությունը մշակի եւ հնչեցնի իր դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ», - սեպտեմբերի 15-ին հայտարարել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասն ընդգրկվի Եվրոպական Միության անմիջական հետաքրքրությունների շրջանակում», - հայտարարել էր Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների նպատակն է մոտեցնել երկիրը Եվրոպական Միության չափանիշներին:

Ռոբերտ Քոչարյանը եւ Ռոլանդաս Պակսասը Երեւանում 2013թ. սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը եւ Ռոլանդաս Պակսասը Երեւանում 2013թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ եվրոպական ինտեգրման գործընթացը շատ ավելի արդյունավետ կդառնա Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ջանքերի համաձայնեցման դեպքում: Նրա խոսքերով, եվրաինտեգրման ջանքերի համադրումը կհանգեցնի Հարավային Կովկասի ներդրումային գրավչության աճին:

 

Մասնավորապես, նշել էր Ռոբերտ Քոչարյանը, «ներդրողները կսկսեն ընկալել մեր տարածաշրջանը որպես ընդհանուր տնտեսական տարածք»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16

 

Բրայզան Ստեփանակերտում մեկնաբանում է Ռուսաստանի գործողությունները

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտում մեկնաբանել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից։ Նա նշել էր, որ դա անօրինական քայլ էր միջազգային իրավունքի տեսակետից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Մեթյու Բրայզան

 

«Եթե Մոսկվան կարծում է, որ հակամարտությունները լուծված են, ապա սխալվում է», - ասել էր դիվանագետը: Նա ընդգծել էր, որ հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, ռազմական լուծում չունեն, ինչը երեւում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակով:

 

ICC-ին չի ներգրավվելու

 

Սեպտեմբերի 16-ին Միջազգային քրեական դատարանի (ICC) պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլյա Ֆլետչերն ասել էր, որ դատարանը չի քննարկելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու հայաստանյան ընդդիմության նախաձեռնությունը:

 

«Հայաստանը Հռոմի համաձայնագրի մասնակից պետություն չէ, հետեւաբար մեր իրավասությունը Հայաստանի վրա չի տարածվում», - ասել էր Նիկոլյա Ֆլետչերը, մեկնաբանելով ընդդիմության կազմակերպած ստորագրահավաքը` Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

Թորոսյանի հրաժարականը

 

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր խորհրդարանի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին: Նա լքել էր նաեւ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը (ՀՀԿ):

Տիգրան Թորոսյանի հրաժարականի դիմումը Տիգրան Թորոսյանի հրաժարականի դիմումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ավելի վաղ ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր կայացրել ԱԺ խոսնակի պաշտոնում Տիգրան Թորոսյանի գտնվելու աննպատակահարմարության մասին եւ այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16

 

Ֆյուլեն Երեւանում

 

Հայ գործընկերները վստահեցրել են Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որ «Հայաստանի վրա որեւէ ճնշում չի գործադրվել»:

 

Այդ մասին հանձնակատարն ասել էր սեպտեմբերի 13-ին Երեւանում՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին`մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը` Ռուսաստանի ճնշման ներքո:

 

«Միթե՞ ես այդ հավաստիացումները հարցականի տակ դնելու իրավունք ունեմ», - նշել էր Շտեֆան Ֆյուլեն:

Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալվանդյանը Երեւանում 2013թ. սեպտեմբերին Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալվանդյանը Երեւանում 2013թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ֆյուլեն նաեւ ասել էր, որ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ նոյեմբերին կայանալիք գագաթաժողովում: Նա ընդգծել էր, որ Ասոցացման համաձայնագիրը երկու մասից բաղկացած միասնական փաստաթուղթ է, որը բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ եւ հնարավոր չէ մի մասն տարանջատել մյուսից:

 

«Ես Հայաստան եմ եկել շատ պարզ մտքերով, որպեսզի լսեմ եւ հասկանամ մեր հայ գործընկերների մտադրությունները, ցանկությունները եւ նախընտրությունները: Եթե իրենք ցանկանան ձեւավորել մի իրավական շրջանակ, որը մեզ ավելի առաջ կտանի, քան գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, մենք շատ ուրախ կլինենք աշխատել այդ գործընթացի շրջանակներում», - ասել էր հանձնակատարը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին