5/10/15. Սարգսյանի հոդվածը, Քոչարյան vs Տեր-Պետրոսյան - Mediamax.am

exclusive
5525 դիտում

5/10/15. Սարգսյանի հոդվածը, Քոչարյան vs Տեր-Պետրոսյան


Քրիս Փաթենը
Քրիս Փաթենը

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Pan Photo

Շտեֆան Ֆյուլեն
Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` REUTERS

Թեդո Ջափարիձեն
Թեդո Ջափարիձեն

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-15

 

«Սաղմնային վիճակում»

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն հուլիսի 10-ին «անբնական» էին անվանել այն փաստը, որ Հայաստանն ու Վրաստանը չեն իրականացրել որեւէ համատեղ տնտեսական նախագիծ:

 

Երեւան ժամանած Ջապարիձեն արտահայտվել էր փոքր բիզնեսի մակարդակով համատեղ հայ-վրացական ձեռնարկությունների ստեղծման օգտին, ինչը հիմք կծառայի ապագայում համագործակցության ընդլայնման համար:

Թեդո Ջափարիձեն Թեդո Ջափարիձեն

 

ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, որ Թեդո Ջափարիձեի հետ հանդիպմանը «մենք ափսոսանքով արձանագրել ենք, որ անվտանգության ապահովման ոլորտում հայ-վրացական համագործակցությունը դեռեւս սաղմնային վիճակում է գտնվում»:

 

Զերծ մնալ գայթակղությունից

 

Եվրոպական Միության արտաքին կապերի հանձնակատար Քրիս Փաթենը հուլիսի 15-ին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ կասպյան նավթն ու գազը Հարավային Կովկասի՝ գերտերությունների առճակատման ասպարեզ դառնալու պատճառ չեն դառնա:

Քրիս Փաթենը Քրիս Փաթենը

Լուսանկարը` REUTERS

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ նույնիսկ ԱՄՆ-ը պետք է կարեւոր դեր խաղան տարածաշրջանում: Սակայն, իմ պատկերացմամբ, այսօր նրանք չեն մրցակցում, այլ աստիճանաբար համաձայնության են գալիս փոխշահավետ համագործակցության եւ Հարավային Կովկասին աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ:  Այս համատեքստում շատ կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի երկրները զերծ մնան արտաքին ուժերին իրար դեմ լարելու գայթակղությունից եւ հաստատեն իրենց հավատարմությունը տարածաշրջանային համագործակցության գաղափարին», - ասում էր Քրիս Փաթենը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-15

 

Նախագահի հոդվածը

 

Հուլիսի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը The Wall Street Journal-ում հոդված էր հրապարակել, որում հայտարարել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամության մասին:

 

«Մեր երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի: Ես հույս ունեմ, որ մեր կառավարությունները կկարողանան անցնել նորաբաց դռան շեմը: Նորմալ քաղաքական հարաբերությունների սահմանումը մեզ թույլ կտա հանձնաժողով ստեղծել բոլոր դժվարին հարցերի համակողմանի քննարկման նկատառումով: Այդպիսի կառուցվածքային հարաբերությունների բացակայության պարագայում մենք չենք կարող շոշափելի առաջընթաց ակնկալել: Միայն դրանց շնորհիվ մենք կարող ենք արդյունավետ երկխոսություն սահմանել, որը կշոշափի նույնիսկ ամենավիճելի պատմական հարցերը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Pan Photo

«Հենց այնպես, ինչպես Չինաստանի ու ԱՄՆ-ի ժողովուրդները խանդավառությամբ էին վերաբերվում սեղանի թենիսի խաղին` մինչ իրենց ղեկավարությունների կողմից հարաբերությունների լիակատար կարգավորումը, Հայաստանի ու Թուրքիայի մարդկանց միացնում է սերը ֆուտբոլի հանդեպ, որն ինձ դրդում է հետեւյալ հրավերն ուղղել: Սեպտեմբերի 6-ին Երեւանում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական  փուլի հանդիպումը Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ: Ես նախագահ Գյուլին հրավիրում եմ այցելել Հայաստան ու ինձ հետ միասին դիտել խաղը մարզադաշտում: Դրանով մենք կնշանավորենք նոր սիմվոլիկ մեկնարկ մեր հարաբերություններում»,- ասված էր նախագահի հոդվածում:

 

Քոչարյան vs Տեր-Պետրոսյան

 

Հուլիսի 9-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր այն մեղադրանքներին, որոնք իր հասցեին հնչեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հուլիսի 4-ի հանրահավաքում:

 

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Տեր-Պետրոսյանը պարզապես չի կարողանում դուրս գալ ծայրահեղ ընդդիմության դաշտից: Նրան դա թույլ չեն տա իր տերերն ու վճարողները:

Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` REUTERS

Իսկ ծայրահեղականությունը պետք է հասցեագրված լինի, նա էլ ճղվում է: Գուցե նրան նաեւ թվում է, որ այդ գործողությունները կարող են դուր գալ իշխանություններին եւ այդ ճանապարհով նա թողության գիր կվաստակի մարտի 1-ին կատարված հանցագործության համար` միաժամանակ նաեւ հնարավորություն ստանալով առանց խոչընդոտների աքլորանալ հանրահավաքներում: Դա հնարավոր տակտիկական հաշվարկ է: Ռազմավարության առումով չեմ բացառում, որ ի դեմս ինձ նա շարունակում է տեսնել իր հիմնական քաղաքական մրցակցին ապագա քաղաքական մարտերում: Կարծում եմ, նա հերթական անգամ կսխալվի` ինչպես մարտավարության, այնպես էլ ռազմավարության մեջ»:

 

Համատեղ ծրագիրը

 

Հուլիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Վաշինգթոնում ստորագրեցին միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիրը:

 

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված էր, որ այդ «քաղաքական համաձայնագիրն արտահայտում է երկու կառավարությունների մտադրությունը համագործակցել միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների փորձերի կանխարգելման, հայտնաբերման եւ արդյունավետ արձագանքման ոլորտում Հայաստանի հնարավորությունների ընդլայնման նպատակով»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-15

 

«Հայաստանը չպետք է ընտրության առջեւ կանգնի»

 

Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 10-ին Երեւանում ասել էր, որ Հայաստանը չպետք է ընտրի, թե ում հետ համագործակցի՝ Եվրամիության կամ Ռուսաստանի:

Շտեֆան Ֆյուլեն Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` REUTERS

«Մենք երբեք չենք ասել մեր գործընկերներին՝ դադարեցրեք կամ նվազեցրեք հարաբերությունների որակը ռուս գործընկերների հետ: Հակառակը՝ մենք հստակ ասում ենք, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունները որեւէ բացասական ազդեցություն չեն կարող ունենալ Ռուսաստանի հետ ձեր ավանդական կապերի վրա: Նույնը ասում ենք նաեւ Մոսկվայում», - ասել էր Շտեֆան Ֆյուլեն:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին