5/10/15. «Փոքր քայլեր», Տալվիտիեի վերադարձը, «ամենամեծ խնդիրը» - Mediamax.am

exclusive
9658 դիտում

5/10/15. «Փոքր քայլեր», Տալվիտիեի վերադարձը, «ամենամեծ խնդիրը»


Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն
Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դավիթ Շահնազարյանը
Դավիթ Շահնազարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հեյկի Տալվիտիեն եւ Վարդան Օսկանյանը
Հեյկի Տալվիտիեն եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-8

 

Դեկանի սպանությունը

 

Հուլիսի 2-ի առավոտյան Երեւանում սպանվել էր Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանը:

 

«Փոքր քայլերի» քաղաքականությունը

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 2-ին ասել էր, որ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են վարել «փոքր քայլերի» քաղաքականություն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս էր հայտնել, որ այդ քաղաքականությունը թույլ կա առաջընթաց գրանցել:

Հեյկի Տալվիտիեն եւ Վարդան Օսկանյանը Հեյկի Տալվիտիեն եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հեյկի Տալվիտիեն

 

Հուլիսի 8-ին ֆին դիվանագետ Հեյկի Տալվիտիեն (Heikki Talvitie), ով 1995-1996թթ. զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը, նշանակվեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-8

 

«Ամենամեծ խնդիրը»

 

Հուլիսի 2-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «կոռուպցիան Հայաստանի ամենամեծ խնդիրն է, որն արգելակում է երկրի հետագա զարգացումը»:

 

Ելույթ ունենալով Հայաստանի հակակոռուպցիոն միջազգային պարտավորությունների քննարկմանը նվիրված համաժողովին, Տիգրան Սարգսյանն ասել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջեւ կոռուպցիայի հաղթահարման հստակ խնդիրներ է դրել:

 

Ի պատասխան ընդդիմադիր գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ  կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների ելույթներն «առնվազն ծիծաղելի» են հնչում:

Դավիթ Շահնազարյանը Դավիթ Շահնազարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Կաշառակերությունը ոչ միայն նրանց սկզբունքային դիրքորոշումն է, այլեւ` վարչակարգի հիմնական հենասյունը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իշխանությունները թատերականացված ներկայացում են խաղում, քանի որ հենց կոռուպցիան է հարստության աղբյուրն ու իշխանությունը պահպանելու լծակը»,- ասել էր Շահնազարյանը: Նա նաեւ հայտարարել էր, որ իր աղբյուրների վկայությամբ, «նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը գերազանցում է Հայաստանի բյուջեն»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-8

 

Հուլիսյան վստահությունը եւ սեպտեմբերյան «շրջադարձը»

 

Հուլիսի 4-ին Բրյուսելում հանդես գալով Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպմանը՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը վստահություն էր հայտնել, որ Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվելու է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովում:

 

Մնացականյանը նշել էր, որ Համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում:

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երեք ամիս անց, 2013 թվականի սեպտեմբերի 13-ին Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում հայտարարեց. «Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլեւս ի վիճակի չի լինի նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք 3.5 տարի»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին