5/10/15.Գուլիեւի զուգահեռը, Քոչարյանի հրաժեշտը, Վոլինի խորհուրդը - Mediamax.am

exclusive
7251 դիտում

5/10/15.Գուլիեւի զուգահեռը, Քոչարյանի հրաժեշտը, Վոլինի խորհուրդը


Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ալեքսեյ Վոլինը
Ալեքսեյ Վոլինը

Լուսանկարը` Woman.ru

Վիլայաթ Գուլիեւը
Վիլայաթ Գուլիեւը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-9

 

Գուլիեւը սպառնում է Հայաստանին Իրաքով

 

Ապրիլի 2-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել էր, որ «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը չկատարած Իրաքի ճակատագիրը պետք է դաս եւ նախազգուշացում հանդիսանա Հայաստանի համար»:

Վիլայաթ Գուլիեւը Վիլայաթ Գուլիեւը

 

Հանրաքվեի մասին հրամանագիրը

 

Ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն Ազգային Ժողովի ընտրություններին զուգահեռ՝ 2003 թվականի մայիսի 25-ին անցկացնելու մասին:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-9

 

Հրաժեշտ ժողովրդին

 

Ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ ժողովրդին ուղղված հրաժեշտի ուղերձով:

 

«Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ»,- ասել էր նախագահը:

 

«Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյո՞ք հնարավոր չէր անել ավելին։ Գուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը: Աշխատել եմ խիտ ժամանակացույցով եւ իմ ջանքերը չեմ խնայել։ Համենայն դեպս, կատարել եմ բոլոր այն խոստումները, որ տվել եմ ընտրողներին»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նախագահը հայտարարել էր, որ «հավատում է Հայաստանի ապագային, մեր ժողովրդի հզոր ներուժին, նոր նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրը»: «Հաջողությունները շարունակելու համար հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ լավատեսություն, եռանդ, վստահություն եւ հանդուրժողականություն»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-9

 

Դուր չի գալիս, մի՛ վերցրեք

 

Ապրիլի 4-ին Ռուսաստանի կապի եւ հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը բավականին ինքնատիպ էր արձագանքել Հայաստանում ռուսաստանյան պետական մարմինների կողմից արգելափակված կայքերի անհասանելի լինելու խնդրին:

Ալեքսեյ Վոլինը Ալեքսեյ Վոլինը

Լուսանկարը` Woman.ru

«Խնդիր չկա: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել այն թրաֆիկը, որից նա ցանկանում է ստանալ: Եթե մեզ մոտից դուր չի գալիս` թող այլ տեղից ստանան: Դա Հայաստանի Հանրապետության խնդիրն է, թե ինչպե՞ս եւ ո՞ր կապուղով են նրանք կապված համաշխարհային ցանցի հետ»,- ասել էր ռուս պաշտոնյան:

 

Դավութօղլուի հին երգը

 

Ապրիլի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին կապել էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

 

Ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, թուրք նախարարը ասել էր.

 

«Հայ-թուրքական հարաբերությունները չափազանց կարեւոր են, եւ դրա համար առավել ամբողջական մոտեցում է անհրաժեշտ: Մինսկի գործընթացը պետք է ակտիվացվի, եւ որոշակի առաջխաղացում է պետք Ադրբեջանի գրավված տարածների հարցում»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին