5/10/15. Երկրորդ փուլը, «դրսի տղաները» եւ «հատուկ առաջնորդը» - Mediamax.am

exclusive
8437 դիտում

5/10/15. Երկրորդ փուլը, «դրսի տղաները» եւ «հատուկ առաջնորդը»


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները 2003 թվականին
Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 5-ի ասուլիսում
Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 5-ի ասուլիսում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պիտեր Այքերը (աջից)
Պիտեր Այքերը (աջից)

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեթյու Բրայզան եւ Սերժ Սարգսյանը 2008թ. մարտի 6-ին
Մեթյու Բրայզան եւ Սերժ Սարգսյանը 2008թ. մարտի 6-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-11

 

Նաղդալյանի սպանությունը բացահայտված է

 

Մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի՝ 2002 թվականի դեկտեմբերի 28-ին կատարված սպանության բացահայտման մասին:

 

Ձերբակալվել էին Տիգրան Նաղդալյանի սպանության անմիջական կատարողները եւ հանցակիցները՝ ընդհանուր առմամբ 6 մարդ:

 

Երկրորդ փուլի արդյունքները

 

Մարտի 5-ին Հայաստանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթանակ տարավ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավաքելով ձայների ավելի քան 67 տոկոսը:

 

ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը հայտարարել էր, որ երկրորդ փուլում «գործող նախագահի օգտին գրանցված մոտ 400 հազար ձայն կեղծվել է»:

Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարտի 6-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը հայտարարել էր, որ ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի դիտորդները «հիասթափված են» Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքից: Այքերի խոսքով, ընտրությունների երկրորդ փուլում միջազգային դիտորդները «զգալի խնդիրներ» են արձանագրել: Դրանց թվում նա նշել էր քվեատուփերի անօրինական լցոնման դեպքերը, «որոնք արձանագրվել էին Հայաստանի ողջ տարածքով»:

Պիտեր Այքերը (աջից) Պիտեր Այքերը (աջից)

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պիտեր Այքերը խուսափել էր պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ էին արդյոք արձանագրված խախտումները ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

 

Մարտի 7-ին ՀՀ գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել էր, որ իշխանություններին «չի զարմացնում այն հանգամանքը, որ ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները»:

 

Նույն օրը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը մտահոգություն էին հայտնել «Հայաստանի ընտրությունների` միջազգային չափանիշներին չհամապատասխանելու» կապակցությամբ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-11

 

«Անհրաժեշտություն էր»

 

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում հայտարարել էր, որ մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն հայտարարելն «անհրաժեշտություն էր»:

 

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ, երկրի ղեկավարն ասել էր, որ «հակառակ դեպքում զոհերը եւ վիրավորներն ավելի շատ կլինեին, իսկ անկարգությունների հետեւանքները` ավելի ծանր»:

 

Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իրավապահ մարմինները բազում նյութեր ունեն, այդ թվում տեսանյութեր, եւ «մարտի 1-ի իրադարձությունների պատկերը կվերականգնվի րոպե առ րոպե»:

 

«Դրսից տղա չբերել»

 

Ռոբերտ Քոչարյանը մարտի 5-ին Երեւանում հայտարարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «պետք է պատասխան տա իր ժողովրդի եւ իրավապահ մարմինների առջեւ, այլ ոչ թե փորձի «The Washington Post» թերթի միջոցով դրսից «տղա բերել»:

 

The Washington Post թերթում հրապարակված հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, կոչ էր արել Արեւմուտքին մարտի 1-ի դեպքերի պատասխանատու ճանաչել ՀՀ իշխանություններին, այլ ոչ թե ընդդիմությանը:

 

«Լավագույն կադրային որոշումը չէր»

 

Ռոբերտ Քոչարյանը մարտի 5-ին խիստ քննադատել էր Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, նրան մեղադրելով «անտեղյակ լինելու» եւ «պատասխանատվության զգացման» բացակայության մեջ:

 

Հայաստանի նախագահն այդ մասին ասել էր` մեկնաբանելով Օմբուդսմենի հայտարարությունը, որում, մասնավորապես, խոսվում էր մարտի 1-ի երեկոյան ոստիկանության կողմից չափազանցված ուժի կիրառման մասին:

Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 5-ի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 5-ի ասուլիսում

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եթե Օմբուդսմենը տեղեկացված լիներ, ապա կիմանար, որ անկարգություններն ու ոստիկանության հետ բախումները տեղի էին ունենում այսպես կոչված հանրահավաքի վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ի՞նչ հանրահավաքի ցրման մասին է խոսքը: Նա ուղղակի չգիտի, թե ինչ է ասում»,- հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

«Ակնհայտ է, որ Օմբուդսմենի պաշտոնին այդ թեկնածության առաջադրումն իմ լավագույն կադրային որոշումը չէր»,- ասել էր ՀՀ նախագահը:

 

«Հատուկ առաջնորդը»

 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան մարտի 6-ին հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին համարում է «հատուկ առաջնորդ, որն ունի այն տեսլականն ու մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար»: 

Մեթյու Բրայզան եւ Սերժ Սարգսյանը 2008թ. մարտի 6-ին Մեթյու Բրայզան եւ Սերժ Սարգսյանը 2008թ. մարտի 6-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Դուք հատուկ առաջնորդ եք: Սկզբունքորեն մենք ձեզ սատարում ենք: Ես ու Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարծում ենք, որ դուք ունեք այն տեսլականն ու մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար: Մենք ուզում ենք, որ դուք հաջողություն ունենաք, եւ հաջողություն ունենա Հայաստանը»,- Մեթյու Բրայզայի այս խոսքերը մեջբերում էր կառավարության մամուլի ծառայությունը՝ նորընտիր նախագահի եւ ամերիկացի դիվանագետի հանդիպման մասին հաղորդագրության մեջ:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-11

 

Պատժամիջոցներ՝ Հյուսիսային Կորեայի դեմ

 

Մարտի 11-ին Հայաստանը մի շարք եվրոպական երկրների հետ միասին միացավ ԿԺԴՀ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցներին:

 

«Եվրոպական միությունը հաշվի է առնում եւ ողջունում է այդ երկրների որոշումները»,- ասել էր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

 

Հայաստանի հետ միասին Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ պատժամիջոցներին միացել էին նաեւ Մոլդովան, Խորվաթիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Նորվեգիան:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին