5/10/15. «Հրեշավոր քայլերը», Աբխազական երկաթուղու շուրջ կրքերը - Mediamax.am

exclusive
6618 դիտում

5/10/15. «Հրեշավոր քայլերը», Աբխազական երկաթուղու շուրջ կրքերը


Միխայիլ Սահակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին
Միխայիլ Սահակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին

Լուսանկարը` REUTERS

Միխայիլ Սահակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին
Միխայիլ Սահակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին

Լուսանկարը` REUTERS

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 15-ին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 15-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-21

 

Րաֆֆի Հովհաննիսյանին մերժել են

 

Հունվարի 15-ին ԿԸՀ-ն մերժեց որպես նախագահի թեկնածու գրանցել  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմք ընդունելով անհրաժեշտ 10 տարվա ՀՀ քաղաքացիության ցենզի բացակայությունը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-21

 

«Կարող են եւ պետք է համաձայնեցվեն»

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հունվարի 15-ին ասել էր, որ «այս տարի կարող են եւ պետք է համաձայնեցվեն ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն էլ նշել էր, որ հույս կա, որ 2008 թվականը վճռորոշ կդառնա «ճեղքման» եւ հիմնական սկզբունքների համաձայնեցման գործընթացի ամփոփման համար:

 

«Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ»

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 17-ին հայտարարել էր, որ «Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ»:

 

«Հայաստանը չի շահել պատերազմը: Պատերազմն ավարտված չէ: Ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

 

«Իրավան քաղաքը 1918 թվականին նվիրվել է հայերին: Դա մեծ սխալ էր: Իրավանյան խանությունն ադրբեջանական հող է եղել, իսկ հայերն այստեղ հյուրեր են եղել»,- ասել էր Իլհամ Ալիեւը:

 

Նախագահի 9 թեկնածու

 

Հունվարի 18-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր նախագահի 9 թեկնածուներին՝ 2008 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

 

Որպես թեկնածու գրանցվել էին. «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, Ազգային Ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-21

 

«Հրեշավոր քաղաքականությունը»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին ասել էր, որ «մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 15-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

«Այդ երկրում մի ողջ սերունդ է մեծանում՝ լի մեր ժողովրդի հանդեպ չարությամբ եւ ատելությամբ: Ինչպե՞ս որակել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Բայց մեկ բան հստակ է` այն քարոզչական քաղաքականությունը, որն Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են սեփական ժողովրդի հանդեպ, ուղղակի հրեշավոր է: Որպես արդյունք, Ադրբեջանի ժողովուրդը երկար ժամանակ դեռ պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել»,- ասել էր ՀՀ նախագահը:

 

Աբխազական երկաթգծի շուրջ կրքերը

 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին Երեւանում ասել էր, որ Աբխազիայի տարածքով  երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ուղղակիորեն կապված է վրաց-ռուսաստանյան հարաբերությունների կարգավորման հետ: Հանդես գալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում՝ նա հավելել էր, որ վրացական կողմը հետաքրքրված է երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքի շուտափույթ վերականգնման մեջ:

 

Հաջորդ օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի տարածքով երկաթգծի վերականգնումը Ռուսաստանի շահերից է բխում եւ այդ հարցի առաջադրումն առանց դեօկուպացիայի համատեքստի «հանցավոր, հակապետական եւ հակավրացական գործողություն է»:

Միխայիլ Սահակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին Միխայիլ Սահակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին

Լուսանկարը` REUTERS

«Հայաստանի մեկուսացումը երբեք Վրաստանի շահերից չի բխել, եւ մենք երբեք դրան չենք աջակցել: Սակայն, մի բան է լավ հարաբերությունները Հայաստանի հետ, եւ մեկ այլ բան` օկուպանտի ռազմավարական ծրագրերի իրագործումը»,- ասել էր Սահակաշվիլին:

 

Իվանիշվիլիի հայտարարությունը մեկնաբանել էր նաեւ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, հայտարարելով, որ Աբխազիայի երկաթուղու ամբողջական վերականգնման համար «միլիարդավոր ներդրումներ» են անհրաժեշտ:

 

«Այդ մասին ես գիտեմ այնքան, ինչքան եւ դուք: Այդ կապակցությամբ ոչ մեկի կողմից ոչ մի բան չի ասվել: Մասնագետները պետք է հաշվարկեն, թե դրանից աբխազական կողմը օգուտ կունենա, թե՞ ոչ: Առայժմ ամեն ինչ չափազանց մշուշոտ է: Ծախսերն ահռելի են», - ասել էր Անկվաբը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին