Սերն ու էքստազը՝ մեռնող Եվրոպայում - Mediamax.am

Սերն ու էքստազը՝ մեռնող Եվրոպայում
2469 դիտում

Սերն ու էքստազը՝ մեռնող Եվրոպայում


                                                   Միշել Ուելբեք. «Հնազանդություն»
                                                         Michel Houellebecq. “Soumission”

Սորբոնի համալսարանի պրոֆեսոր 44-ամյա Ֆրանսուայի կյանքը գրեթե ոչնչով չի տարբերվում նրա ամերիկացի, անգլիացի, ռուս կոլեգաների առօրյայից: Տասնյակ տարիներ՝ նվիրաբերված նեղ մասնագիտական թեմայի ուսումնասիրությանը, մոտ 800-էջանոց դիսերտացիա, որի վրա հավաքվում է ժամանակի փոշին, մենակություն, որի ածանցյալ դեպրեսիվ մտքերը Ֆրանսուան ցրում է ուսանողուհիների անկողիններում: Կանայք էլ, ինչպես իրար հաջորդող օրերը, վաղուց նրան այնպիսի հաճույք չեն պատճառում, որից կթրթռան նրա կարծրացած զգայարանները:

Բայց համատարած միօրինակության մեջ կա Միրիամը: Նրա անկողնում Ֆրանսուան իրեն ուրիշ է զգում: Ուրիշ է դառնում: Ուրիշ է Միրիամը, ինչը հասկանում է, երբ աղջիկն արդեն հեռու է: Ծնողների հետ լքել է ժամ առ ժամ իսլամականացող Ֆրանսիան: Ֆրանսուան նրանից առաջ, նրա հետ լինելու տարիներին, նրանից հետո եղած կանանց մեջ կփնտրի ու չի գտնի Միրիամի պարգեւած թրթիռը, որ պարզվում է՝ ազդանշան էր այն մեծ բանի, որին Սեր են ասում: Նա բազմաթիվ ու բազմապիսի կանանց մեջ այդպես էլ չի հասկանա՝ ինչ է դա:

Չի հասկանա ծնողներին, որ կմեռնեն այդքան սովորական, այդքան հեռու ու հեռվացած իրարից: Մոր մահվան մասին կիմանա հետգրությամբ՝ ոչ ճիշտ ժամանակին բացված նամակներից: Հայրը նույնպես կյանքից կհեռանա աննկատ. Քամյուի «Օտարի» անզգայությամբ Ֆրանսուան կմասնակցի միայն կտակի բացման արարողությանը: Ընտանիք ասվածն էլ դա էր, այդքանն էր, այդպիսին է եվրոպական հասարակության ընտանիքի մոդելը: Ծնողների սիրո միակ հետեւանքն ինքն է, ինքն էլ կյանքի միջնամասում ցանկություն ու նպատակ չունի շարունակվելու: Ահա եւ վերջը:

Ժորիս-Կարլ Գյուսիմանս՝ 19-րդ դարի կեսերին ստեղծագործած ֆրանսիացի գրող, փիլիսոփա, հանրային գործիչ, որը, ի դեպ, եղել է Գոնկուրյան ակադեմիայի առաջին նախագահը:  Ժորիս-Կարլ Հյուսիմանս՝ Ֆրանսուայի միակ անդավաճան ուղեկիցը: Հյուսիմանսի անձնական ու ստեղծագործական կյանքի ուսումնասիրության վրա է վատնել կյանքի ուղիղ կեսը: Նրա գաղափարների ճշմարտացիությունը կամ հակառակը, Հյուսիմանսի թեզերի հերքումը Ֆրանսուան ապրում է 2022 թվականի Փարիզում: Ապրում է ժամանակում, երբ նոր է ավարտվել Ֆրանսուա Օլանդի նախագահության երկրորդ ժամկետը, Ֆրանսիան նախագահական ընտրության առաջ է, քաղաքական թատերաբեմին իրական անուններ են՝ ազգայնական Մարին Լը Պեն, հավերժ անհաջողակ Ֆրանսուա Բայրու, Մանուել Վալս, տեղ-տեղ նշմարվում է բոլորից հոգնած Նիկոլա Սարկոզիի անունը: Նրանց ֆոնին ընդգծվում է միակ մտացածին քաղաքական գործիչը՝ Մոհամեդ Բեն Աբբես՝ «Մուսուլման եղբայրություն» կուսակցության առաջնորդը: Կլորիկ կազմվածքով, բարեկիրթ ու կոնֆորմիստ թվացող ֆիգուրը իրականում Տրոյական ձի է քաղաքական մրցապայքարում:

2022 թվականին Բեն Աբբեսը արեւմտյան ժողովրդավարության բոլոր ստանդարտներին համապատասխան ընտրվում է Ֆրանսիայի նախագահ: Իհարկե, եղել է երկրորդ  փուլ, իհարկե, առաջին ընտրության ժամանակ տեղի են ունեցել զինված հարձակումներ ընտրատեղամասերի վրա, իհարկե, կասկածներ կան, որ դրանց հետեւում կանգնած էին իսլամական ծայրահեղականները, իհարկե, դա կարող է զրպարտանք լինել, գուցե հարձակումները պահպանողական «Ազգային ճակատի՞» ձեռքի գործն էր: Իհարկե, ճշմարտությունը չի իմացվի, չէ՞ որ զինված միջադեպերի մասին մամուլը պարզապես լռում է, փողոցում ինքնաձիգներով շրջող էքստրեմիստներ չկան: Ֆրանսուան կցկտուր ռեպորտաժներ կգտնի միայն Rutube-ում: Այդ ֆոնին Եվրամիության քաղաքական սահմանները կհասնեն Մերձավոր Արեւելք, Սաուդյան Արաբիան ու Քաթարը նավթադոլարային բացարձակ հնազանդության կենթարկեն Ծեր Եվրոպային:

Այս անխուսափելի պահին Եվրոպան արժանիորեն է հասել, պնդում է Ուելբեքը: Կաթոլիկ եկեղեցին վաղուց անզոր է դիմադրելու բարոյականության անկմանը, հնդեվրոպական քաղաքակրթությունն իրեն սպառել է՝ կորցնելով ընտանիքի մոդելը, այդպիսով կանգնելով լուրջ դեմոգրաֆիական խնդրի առաջ: Ուելբեքը հղում է անում Թոյնբիին՝ հաստատելով, որ քաղաքակրթությունները չեն մեռնում մարդասպանի ձեռքից, պարզապես ինքնասպան են լինում:

Եվրոպան ինքնասպան է լինում 44-ամյա Ֆրանսուայի աչքի առաջ: Սորբոնը գնել են սաուդցիները, Քեմբրիջը Քաթարի շեյխերին է պատկանում: Սորբոնի համալսարանում այլեւս չկան կին դասախոսներ, ուսանողուհիները հիջաբի տակից կարող են միայն գրականության դասախոսություններ լսել: «Մուսուլման եղբայրության» կառավարած Ֆրանսիայում կանայք առհասարակ վերադարձել են ընտանիքներ, ինչի շնորհիվ կրճատվել է աղքատությունը, ավելացել բնակչության թիվը: Ֆրանսիան պոլիգամ է դարձել: Մոհամմեդ Բեն Աբբեսը իսլամացած Ֆրանսիայից է սկսում Նոր Հռոմի կառուցումը՝ երեւակայելով իրեն Օգոստոս կայսր:

Այս պատմաքաղաքական շրջադարձը Ֆրանսուային էլ է կանգնեցնում ընտրության առաջ՝ ընդունե՞լ մահմեդականություն, որի պայմանով միայն կարող է վերադառնալ Սորբոն, թե՞ ընդունել կարիերայի ավարտը, որն անցած ամբողջ կյանքի ձեռքբերումներն անիմաստ կդարձնեն, ստացվում է՝ ինքն իրեն վատնել է անհետեւա՞նք:

Միշել Ուելբեքը ֆրանսիական գրականության ամենահայտնի ու սկանդալային պոստմոդեռնիստն է: Նրա սկանդալային հայտնիությունը վերահաստատվեց «Հնազանդություն» գրքի հրատարակմամբ: Այն գրախանութներում հայտնվեց 2015-ի հունվարի 7-ի առավոտյան, երբ տեղի ունեցավ հարձակումը Charlie Hebdo թերթի խմբագրության վրա: Ի դեպ, զոհերի թվում էր նաեւ Ուելբեքի ընկերը:

Կոնսպիրոլոգիան մի կողմ թողնենք, պարզապես զարմանալի զուգադիպություն էր: Միգուցե նախազգուշացո՞ւմ, որ Ուելբեքի «Հնազանդություն»-ը կարող է մարգարեություն լինել Եվրոպայի համար:

Մեռնող Եվրոպա, որին էլ ոչ ոք ու ոչինչ չի փրկի, համենայնդեպս Ուելբեքը հույսը կտրել է։ Հետաքրքիր, երկար, խոր երկխոսություններ ու մոնոլոգներ քաղաքակրթության ու քաղաքականության, տնտեսության, սոցիումի ու դեմոսի, սիրո ու էքստազի, մարդկության բազմաձայնության եւ մարդու մենակության մասին։ Սա ինտելեկտուալ գրականություն է, որն ամենեւին թեթեւ ընթերցանության համար չէ: Ասում են՝ Ուելբեքի քաղաքական ֆանտաստիկան իրականություն է դառնում օր օրի։

Հ. Գ. - Միշել Ուելբեքի «Հնազանդություն» վեպը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Ռուզան Միրզոյանը: Հրատարակությունը՝ «Անտարես», գինը՝ 4990 դրամ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին