«Սադի տակի շենքը». մեր ծնողների մանկությունը - Mediamax.am

«Սադի տակի շենքը». մեր ծնողների մանկությունը
1809 դիտում

«Սադի տակի շենքը». մեր ծնողների մանկությունը


Մենք բոլորս փախուստի սեփական անկյունն ունենք: Յուրաքանչյուրինս տարբեր է, բայց բոլորի համար նույն անունն ունի՝ մանկություն է կոչվում: Մենք այստեղ ենք  թաքնվում, երբ մեծական կյանքից ապտակներ ենք ստանում, երբ իրականությունն անտանելի է դառնում, երբ մենք մեզ հանդիպելու պահանջ ենք զգում:

 

Ի տարբերություն շատերիս, լրագրող Անուշ Սարգսյանն իր մանկությանը անուն է տվել ու տեղավորել մի գրքույկում: «Սադի տակի շենքը» Վանաձորում է գտնվում՝ կոնտրաստների, միամիտ ու տաղանդավոր մարդկանց, ամենաանսպասելի տեղանունների քաղաքում: Այս 126 էջերում 80-ականներն են խտացված: Ավելի կոնկրետ՝ այդ ժամանակ մանկության ամենաքաղցր պահերը հուշագրած սերունդը: 

 

Այն սերունդը, որին, ինչպես հեղինակն է ասում, պատմությունն անուն չտվեց, բայց որի հետ ամենից դաժան կերպով  վարվեց: Այդ սերունդը դաստիարակվեց Խորհրդային Միության վերջին շնչի խիստ կանոններով ու երիտասարդությունը ճաշակեց անկախության եւ պատերազմի դառը դասերով: Այս սերունդը նման չէ ոչ իր նախորդներին, ոչ իր հաջորդներին: Այս սերունդը մեր ծնողներն են, որոնց կյանքը սովորեցրեց դիմանալ, լուռ դիմանալ, չընդդիմանալ: 

 

Մինչերկրաշարժյան Վանաձորի մասին Անուշ Սարգսյանի հուշերը շա՜տ անուշ են: Պատմվածք-էսսեներում հեղինակն ամփոփել է մի մեծ ընտանիք, որը բաղկացած է հարազատ-բարեկամների, հարեւան-ընկերների բազմադեմ հանրությունից: Մի շենք ժողովուրդ, որ ապրում է Սադի տակ, Դիմացի հարեւանությամբ: 

 

Այս բազմազանության մեջ Անուշի ընտանիքը ամենափոքրն է՝ ինքը, մայրն ու քույրը: Վանաձոր են տեղափոխվել Թբիլիսիից՝ հոր եւ եղբոր ողբերգական մահից հետո: Երեք ուժեղ կանայք՝ մեկն ավագ, երկուսը դեռ մանուկ,  թեւ-թեւի տված ոտքի են կանգնել ու ժպտացել, շարունակել ապրել, որովհետեւ կյանքը միշտ հաղթում է մահին, որովհետեւ նրանց բացակայության «պատիժը» կրելու միակ ձեւն է ապրելը, ճիշտ ու արժանապատիվ ապրելը:

 

Հատկապես գեղեցիկ, հուզիչ ու ոգեւորիչ է՝ ինչպես է տիկին Անուշը նկարագրում մոր կերպարը: Ամբողջ պատումի մեջ Մայրը թվացյալ ետնաբեմում է, որ իր կանացի ուսերին կրում է կիսատված ընտանիքի ամբողջ ծանրությունը: Ու երբ աղջիկները հարցնում են՝ մամ, որն է մեր «հերանց տունը», ասում է, որ ինքն է: Կուզեր այդպես չլիներ, շա՜տ կուզեր, բայց այդպես է ստացվել, այդ է եղել իր ընտրությունը: Այդպիսին են երեւի հայ կանայք, երեւի բոլորը, երեւի իմ մայրը, քոնը, նրանը: 

 

Նման ինքնազոհությունը ճի՞շտ է: Չգիտեմ: Եվ այո, եւ ոչ: Կարեւորը ավարտն է, կարեւորը թե ինչով են նրանք դուրս գալիս այդ ծանրության տակից՝ կորացած մեջքո՞վ, դողդոջուն, անտեսված, մոռացված, թե՞ թոռներին գիրկն առած՝ «իմ ոսկիներ» շշնջալով:

 

«Սադի տակի շենքը» կանանց մասին գիրք է, ուժեղ, գեղեցիկ, թույլ, համեստ, հնազանդ, պայքարող կանանց մասին: Մեր ծնողների մանկության հուշերի խտասակավառակն է այս ժողովածուն, որն ուղղակի այստեղ այլ տեղանուններ եւ անձնանուններ ունի: Մամային ու պապային նվիրելու բարի, քաղցր գիրք է սա, որի դառնահամը նրանք ավելի  լավ կզգան:

 

ՀԳ. Անուշ Սարգսյանի «Սադի տակի շենքը» հրատարակել է Գրանիշը, արժե 2300 դրամ:     

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին