Ինչ, եթե բարին ամենեւին էլ պետք չի, որ հաղթի չարին - Mediamax.am

Ինչ, եթե բարին ամենեւին էլ պետք չի, որ հաղթի չարին
1408 դիտում

Ինչ, եթե բարին ամենեւին էլ պետք չի, որ հաղթի չարին


                                                               Էնթընի Բըրջես. «Լարովի նարինջ»

                                                               Anthony Burgess “A Clockwork Orange”

 

Երբ մի բաժակ թարմ կաթը ներս է արված, երբ գիշերն արդեն լիարժեք իր տիրապետությունն է հաստատել, երբ փողոցները դատարկված են, ու երբ կյանքը վախվորած թաքնվել է պատուհանների ետեւում, իրենց այդ օրվա բռնության էքստազի չափաբաժնի համար որսի են դուրս եկել Ալեքսն ու ընկերները: Դաժան ու անխնա «հորոր-շոու» ծեծ են տալիս առաջին պատահած «չելին», որի միակ մեղքը թեւի տակ առած գրքերի տռցակն էր: Դեռահասների բանդան շարունակում է գիշերային գրոհը խանութների վրա, մեքենա գողանում ու բռնության շունչը դուրս բերում քաղաքից դուրս, խաբեությամբ ներխուժում է մոտակա գյուղական բնակավայրի տներից մեկը, որը ճակատամասին ունի փակցված աշխարհի ամենից անհեթեթ անվանումը՝ «Տուն»: Այստեղ էլ մի գրող է ապրում կնոջ հետ, գազանաբարո վարքի հերթական ծուխն է հորդում տղաների ռունգերից ու խմբակային բռնաբարության տեսարանն է պատկերվում: 

 

«Պստիկ չարաճճիները» շարունակում են «հերոսությունները» մինչեւ այն պահը, երբ բանդայի ներսում իշխանական հիերարխիա հաստատելու հարցն է առաջ գալիս: Այստեղ էլ, ինչպես սովորաբար պատահում է, գլխավոր հերոսը ճանաչում է «ընկերներին», որոնց թեթեւ ձեռքով Ալեքսը մարդասպանության հոդվածով հայտնվում է բանտում: Երկու տարի անց «Ներքին, թե ստորին գործերի նոր նախարար է» լույս աշխարհ ընկնում՝ բանտերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու հանցագործությունների ահռելի մեծ թվի  դեմ պայքարի նորարական մեթոդով, որի առաջին փորձնական ճագարն էլ մեր Ալեքս «ախպերիկն» է դառնում, այն դեռահաս տղայիկը, որ «մայի» ու «պապապայի» հետ նախաճաշում էր, դպրոց էր գնում, գիշերները հարձակվում պատահական մարդկանց վրա, ապա գալիս տուն ու դասական երաժշտություն լսում, հատկապես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համար էր ցնդում: 

 

Ինչպիսին է լինում ընտրության հնարավորությունից զուրկ մարդը: (Ընտրությունն այստեղ վերաբերում է սեփական զգացմունքներին ու զգացողություններին): Բրիտանացի գրող Էնթընի Բըրջեսն ասում է՝ այնպիսին, որպիսին փոքրիկ Ալեքսն է դառնում «Ներքին, թե ստորին գործերի նախարարի» հնարած դաստիարակչական նոր մեթոդով՝ իսկը լարովի նարինջ: Այն, որ մսեղեն ու հյութեղ օրգանիզմի փոխարեն, մեխանիզմ է, խամաճիկ Աստծո ձեռքին, նորին փառավորություն Ճակատագրի կամ թե կուզեք հարգարժան տիար Պետության: 

 

Բըրջեսի չարագործ հերոսն ապրում է հակաուտոպիական մեգապոլիսում, որտեղ փողոցները ներկված են դաժանությամբ: Բացարձակ չարության աշխարհին Բըրջեսը հակադրում է բացարձակ բարության աշխարհը, ու գիտեք՝ ի՞նչ է պարզվում, որ բացարձակ ոչինչ չկա, որ կյանքը ապրումներ է պահանջում, ու, եթե ցանկացած բացարձակի՝ բարու, թե չարի կաղապարի մեջ տեղավորվես, կյանքդ մեխանիկական մեքենայի կվերածվի, լարովի նարինջի, որից մի կաթիլ հյութ անգամ չի քամվի, քեզ կմնա հլու հնազանդ «ռոբոտագործությունդ» (հեղինակն այդպես աշխատանքն է նկարագրում):      

 

Բըրջեսն իր հորինած «նադսատերենով», որը ռուսերեն սլենգ է, գրեթե գոռում է բռնության դեմ՝ միեւնույն ժամանակ չափազանց պատկերավոր նկարագրելով հենց այդ բռնությունը, կարծես՝ քամահրում ու խդնմնդում է քրիստոնեական հնազանդ բարության վրա՝ միեւնույն ժամանակ ցույց տալիս բարի ու ներողամիտ լինելու անհրաժեշտությունը հասարակության համար: Ու վերջում, ամեն դեպքում լուռ հարցադրում բարձրացնում՝ ամեն դեպքում, արժի՞, որ բարին հաղթի չարին: Պայքարելն անիմաստ է, չէ՞ որ միեւնույնն է՝ մեզնից յուրաքանչյուրը սեփական փորձառությամբ ու գիտակցությամբ է ինքն իր մեջ  գտնում բարու եւ չարի ճիշտ համամասնությունը: 

 

Եվ մի բան էլ. խնդրում եմ, բարի եւ չար հասկացությունները տառացի մի կարդացեք ու ընկալեք այստեղ եւ գրքում: Հեղինակն այն գրել է բժիշկների տված «ուղեղի քաղցկեղ» ախտորոշումից հետո, ինչը սխալ դուրս եկավ ու գրողն ապրեց մինչեւ 1993 թվականը: Բայց բժշկական այդ թյուր եզրակացությունն էր, երևի, պատճառներից մեկը, որ այս գրքում տողերն այդքան արյունոտ ու սարսռեցնող են: Բացի այդ, Բըրջեսը Երկրորդ համաշխարհայինի մասնակից է եղել, այդ տարիներին նրա կնոջը ծեծել ու բռնաբարել են 4 ամերիկացի զինվորներ: Այստեղից էլ «Լարովի նարինջի» ամենասահմռկեցուցիչ տեսարաններից մեկն է պարզաբանվում: Երրորդ զուգահեռն էլ իրականության հետ սոցիալ-քաղաքական հենք ունի. 60-ականներին Բրիտանիայում տարածված էր տեսակետը, թե պատանի հանցագործներին բանտեր ուղարկելու փոխարեն, պետք է ուղղել հոգեբանական եւ բժշկական ռադիկալ միջոցներով: «Ես զգացի վտանգը, որ պետությունն ուզում է խցկվել ոչ միայն մեր կյանք, նաեւ մեր մարմնի, մեր հոգեբանության եւ մեր գիտակցության մեջ, դարձնել մեզ փոքրիկ, հնազանդ քաղաքացիների, որ կորցրել են ընտրության հնարավորությունը», - ժամանակին պարզաբանել է Բըրջեսը: 

 

Էնթընի Բըրջեսի «Լարովի նարինջը» լույս է տեսել 1962-ին: Դաժանության եւ բռնի տեսարանների համար արգելված գրականության շարքին է դասվել: «Անտարեսն» այն «Արգելված գրքեր» մատենաշարով հրատարակել է 2018-ին՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ: Առկա է բոլոր գրախանութներում, գինը՝ 5999 դրամ:

 

Էնթընի Բըրջեսի հակաուտոպիան կինոյի լեզվով ինտերպրետացրել են երկու լեգենդար ռեժիսորներ՝ Էնդի Ուորհոլը եւ Սթենլի Կուբրիկը: Ֆիլմերը դիտել, գիրքն ընթերցելուց հետո: 

 

 


Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին