Դժբախտության 150 երանգները (հարեւանի տղա Գուրգենչիկը) - Mediamax.am

Դժբախտության 150 երանգները (հարեւանի տղա Գուրգենչիկը)
1288 դիտում

Դժբախտության 150 երանգները (հարեւանի տղա Գուրգենչիկը)


Ֆիլիպ Ռոթ. «Պորտնոյի ցավը» /Philip Roth “Portnoy's Complaint” 

 

Ալեքսանդր Պորտնոյը 33 տարեկան է: Հրեա է: Ինչպես բոլոր հրեաները, գոնե նրանց ճնշող մեծամասնությունը, հաջողել է կարիերայում: Ամեն դեպքում` հասարակության ոչ ամենավերջին ներկայացուցիչն է, ավելին ` նրա սոցիալական դիրքը բարձր է միջինից: Մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների, արդարության եւ բոլոր տեսակի նման դրական բաների ջատագով է, նույնիսկ առավել` առաջամարտիկ պայքարող: 

 

Ալեքսանդր Պորտնոյը ծնվել ու մեծացել է Նյու Ջերսիից ոչ հեռու գտնվող Նյուարք փոքր քաղաքում: Այսպես կոչված, ցանկալի փեսացու է, օրինակելի եւ խոստումնալից երիտասարդ, որ մեծացել է հրեական ավանդական ընտանիքում, եւ ենթադրվում է, որ կարող է գերազանց հայր եւ ամուսին լինել:

 

 

Սա երիտասարդ Պորտնոյի հանրային կերպարն է: Այն, որ տեսնում են օտարները, որով հիանում ու հպարտանում են ծնողները: Բայց բժիշկ Շպիլֆոգելի ընդունարանում նստած է մի Պորտնոյ, որն անդադար պատմում է իր այլասերված բնույթի սեռական ծայրահեղ ցանկությունների մասին: Անդադար բառն ընդգծված կարդացեք: Ֆիլիպ Ռոթի գիրք-համարձակությունը, գիրք-այլանդակությունը, գիրք- սեւ հումորը, գիրք-ինքնավերլուծությունը, գիրք-ինքնաքննադատումը ծայրից ծայր մեկ հերոսի մոնոլոգ է: Առաջին իսկ էջից ընթերցողը Պորտնոյի հետ հարմար տեղավորվում է հոգեվերլուծաբանի աշխատասենյակի թախտին ու տող առ տող սկսում զգալ Ռոթի գրական ժանրի անհարմարությունները, երբեմն` ֆիզիկական: 

 

Ծանոթագրությունը չկարդացած ընթերցողը նախ շոկի կենթարկվի գրքի թեմատիկայից, էլ չեմ ասում` բառապաշարն ու երբեմն  երեւակայությունից էլ դուրս կեղտոտ տեսարանները: Բայց սկզբնական «հարվածից» պետք չի փակել գիրքն ու դեն շպրտել` թե  էս ի~նչ խայտառակություն է, այն էլ հայերեն: Նորից բրավո Զավեն Բոյաջյանին, որ կարողացել է այդքան գրական ու հայերեն փոխանցել Ֆիլիպ Ռոթի բարձր գրականության գրոտեսկն ու գռեհկությունը, այլանդակությունն ու դրա տակ թաքնված սուր սատիրան: 

 

 

Ո՞վ է Ալեքսանդր Պորտնոյը: 33 տարեկան երեխա, որի մանկության վերքերը չեն սպիանում: Չեն սպիանում, որովհետեւ սովորական տնային տնտեսուհի մայրիկը նրան դեռ «փոքրիկս, տաք հագնվիր, փորիկը չմրսի» է ասում, կատարյալ միջակություն հայրը չի հոգնում հիշեցնել, որ Ալեքսանդրը իրենց ազգանվան շարունակողն է, ե՞րբ է վերջապես մի լավ, տեղը տեղին, շնորհքին հրեա աղջիկ տուն բերելու: Չի սպիանում, որովհետեւ Ալեքսանդրին ի սկզբանե կրոն են պարտադրել ու դրել հուդայականության անբեկանելի շրջանակների մեջ, այնինչ տղան դեռ փոքրուց աթեիստ է իրեն զգում: Չի սպիանում, որովհետեւ իր մեծ հրեական քթով ու սաթ-սեւ մազերով սպիտակ ագռավ է զգում շեկ ու կապուտաչյա ամերիկյան հասարակարգում, որն էլ իր հերթին մի բան չէ, մինչեւ հոգու խորքը ֆիկցիա է, ձեւականություն: 

 

Պորտնոյի ցավը հենց ինքն է: Նրա ցավի պատճառը չափից դուրս հոգատար մայրն է ու մահու չափ ձանձրալի ճիշտ ապրող հայրը, հրեական ավանդական ընտանիքի կլիշեներն են, որի սուր-սուր ծայրերից կախվել ու արյունահոսում է 33-ամյա երիտասարդի չկայացած ինքնությունը, որը պետք է ձեւավորվեր հետհոլոքոստյան ժամանակաշրջանի Ամերիկայում: Այստեղից էլ Պորտնոյի մթագնած երեւակայութունն ու այլասերված սեռական ցանկությունները, որոնք նա հոգեբանի լուռ ներկայությամբ մանրամասն շարադրում է ընթերցողին: Իսկ բժիշկ Շպիլֆոգելը մտքում արդեն կձեւակերպի արտառոց պացիենտի անունով հոգեկան շեղվածության մի տեսակ  «Պորտնոյի ցավ» անվանումով:

 

Ի վերջո, ո՞վ է Ալեքսանդր Պորտնոյը: Չճանաչեցի՞ք: Ես, որ միանգամից նմանություններ գտա: Հայտնի ու հաջողակ իրավաբան 33-ամյա Ալեքսանդր Պորտնոյը, որ ոչ մի կերպ չի կարողանում, գուցե անկեղծ չի՞ ուզում դասավորել անձնական կյանքն ու վերջապես ապահովել իր ցեղի շարունակականությունը, կարող է լինել ես, դու, հարեւանի տղա Գուրգենչիկը (30 տարեկան), մորքուրի աղջիկ Անուշիկը… Չէ, չեմ ասում, թե նրանք էլ Ռոթի հերոսի պես այլասերված են: Ամենեւին: Բայց նույնքան դժբախտ են: Դժբախտ են իմ, քո, հարեւանի տղա Գուրգենչիկի մամայի ու պապայի, հորքուրի, մորքուրի, հոպարի ու ամբողջ մեծ հակական գերդաստանի պատճառով, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը, որտեղ բռնեցնում է խեղճին, հարցը կոկորդն է խրում` «հը՞, նորություն չկա՞, դե արագացրու, վայ, ուշացնում ես»: Ու հենց այսպես էլ դանակը վզին ամուսնանում է մեծամասնությունը: Եվ այսպես էլ ստեղծվում են հազարավոր դժբախտ ընտանիքներ, որ արտաքուստ իբր շատ երջանիկ են, իրականում յուրաքանչյուրն իր ներսում, ամենա-ամենախորքում, եթե չի էլ գիտակցում, գոնե զգում է`ինչ-որ բան այն չէ:     

 

Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» շատ ցավոտ գիրք է ցավալիորեն դժբախտ երիտասարդի մասին: Չնայած 21+ բովանդակությանը, սա պետք է ձեռնարկ լինի ծնողների համար` ինչպես չպետք է խոսեն ու վերաբերեն իրենց երեխաներին, հատկապես տղաներին, ինչ պետք է անեն ու կատեգորիկ ինչ չպետք է անեն ծնողները, որովհետեւ նրանց ամենաանմեղ ու բարի ցանկությունը կարող է անդառնալիորեն թունավորել սեփական երեխայի կյանքը:

 

ՀԳ. Ֆիլիպ Ռոթը կյանքից հեռացավ անցած տարի` միանալով ամերիկյան դասական գրականության տիտաններին` Արթուր Միլլեր, Ջերոմ Սելինջեր, Կուրտ Վոննեգուտ…: Ռոթը գրական մրցանակների մեծ ավար ուներ, բայց Նոբելյան հանձնաժողովը, քանիցս ընդգրկելով նրա անունը հավակնորդների ցանկում, այդպես էլ չհամարձակվեց պարգեւատրել ամենահամարձակ դասականին:  

 

Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» հրատարակվել է 1969-ին` արժանանալով գրաքննադատների հակասական գնահատականին` «ամենակեղտոտ գրքից» մինչեւ «ամերիկյան գլուխգործոց»: Հայերեն այն հրատարակել է «Անտարես»-ը Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ: Առկա է բոլոր գրախանութներում, գինը` 5999 դրամ:

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին