«Բա ո՞նց կոռումպացված երկրում թույլտվություն ստացաք» - Mediamax.am

«Բա ո՞նց կոռումպացված երկրում թույլտվություն ստացաք»
7747 դիտում

«Բա ո՞նց կոռումպացված երկրում թույլտվություն ստացաք»


Նախաբանի փոխարեն

2019 թվականը անցումային փուլում Հայաստանի համար կարեւորագույն տարի է լինելու: Ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման ամենակարեւոր գրավականն է: Եթե այսօր խուսափենք խոսել խնդիրներից, վաղը չենք կարողանա դրանց համար լուծումներ գտնել: Հայաստանն անցյալ տարի ունեցավ անսպասելի քաղաքական փոփոխություններ: Ու այսօր շատ երկրների հայացքը, հատկապես՝ հետխորհրդային տարածքում Հայաստանի վրա է: Կկարողանա՞նք ապահովել երկարաժամկետ success story-ի, կառուցել երկիր, որը կհամալրի շոշափելի զարգացում ապրող երկրների շարքերը, թե՝ ոչ: Այսօր Հայաստանում  կա դեռեւս կա ավելի քան 25% աղքատություն, արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը եւ մեր երկրից դեռ արտագաղթում են աշխատանք, սոցիալական ապահովություն, եւ ավելի բարեկեցիկ կյանք որոնելու համար: Արտագաղթում են ոչ միայն Կանադա եւ Հոլանդիա, այլեւ Սարատով ու Նիժնի Տագիլ:

Հուսահատ հայացքը

2018թ. դեկտեմբերի 17-ին Լիդիանի երեւանյան գրասենյակում ստորագրում էի Լիդիանի եւս 90 աշխատակիցների ազատման հրամանները: Դրանից առաջ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով աշխատանքից արդեն զրկվել էր ավելի քան 200 մարդ՝ Լիդիանի հաստիքացուցակով ու մոտ 1000 հոգի՝ կապալառու ընկերություններում: Շաբաթը, որի մասին խոսում եմ, երեւի ամենածանրն էր վերջին 8 ամսվա ընթացքում: Տարեվերջ էր, Ամանորի նախաշեմ: Մարդիկ, ովքեր տարեսկզբին ունեին լավ վճարվող, կայուն աշխատանք, շատերը վարկեր էին վերցրել տուն գնելու համար եւ ունեին Հայաստանում բարեկեցիկ կյանքով ապրելու շատ շոշափելի հեռանկար, Նոր Տարվա շեմին գործազուրկ էին, կոտրված ու հուսահատված: Բոլորին փորձեցի հուսադրել, խոստացա, որ իրավիճակը շտկվելուն պես կգտնենք իրենց: Իհարկե՝ հասկանալով, որ մեծ մասը սպասելու հնարավորություն չունի:

Դրանից մոտ երկու ամիս առաջ, երբ ազատեցինք առաջին խումբ աշխատակիցներին, նամակ գրեցի Սոցիալական ապահովության նախարարությանը եւ հանդիպում խնդրեցի նախարար Մանե Թանդիլյանի հետ: Ի պատասխան նամակին, սոցապնախարարության ինչ-որ վարչության պետ խորհուրդ տվեց աշխատակիցներին գրանցել զբաղվածության կենտրոններում: Ճիշտն ասած՝ լավ չեմ պատկերացնում, թե որտեղ էր պատրաստվում աշխատանքի տեղավորել սոցապնախարարությունը Մեծ Բրիտանիայում վերապատրաստում անցած ու կենսաբազմազանության կառավարման ոլորտում բացառիկ մասնագիտություն ստացած կամ ԱՄՆ-ում առողջության ու անվտանգության ոլորտում բարձր որակավորում ստացած մեր մասնագետներին: Այդ եւ մեր մյուս մասնագետները Լիդիանի շնորհիվ ստացել են Հայաստանի համար աննախադեպ կրթություն ու պրակտիկ գիտելիքներ: Նրանք զբաղվածության կենտրոններում չեն գրանցվելու: Նրանք գրանցվելու են օտարերկրյա դեսպանատների հյուպատոսական բաժիններում՝ վիզա ստանալու համար: Ու այդպիսի դեպքեր, ցավոք, արդեն ունենք:

Որտեղ են գրանցելու համայնքներում աշխատանքը կորցրած Լիդիանի այն աշխատակիցներին, որոնք գտել էին Հայաստանի մարզերի եւ նույնիսկ Երեւանի համար բացառիկ աշխատանք: Ու խոսքը միայն բարձր աշխատավարձի մասին չէ: Խոսքը հույսի եւ երկարատեւ նպատակների մասին է: Այս մարդիկ առաջին անգամ էին աշխատում արեւմտյան մշակույթով կազմակերպությունում, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ, վճարվող արձակուրդ,  որտեղ նրանք մասնագիտական դասընթացներ են անցնում, նոր գիտելիքներ ձեռք բերում, ու գուցե վերջին 30 տարում առաջին անգամ իրենց համար զարգացման հեռանկար են տեսնում իրենց համայնքում: Տնտեսագիտության մեջ մի թեզ կա, որ մարդը շատ ավելի հեշտ է հարմարվում շարունակական վատ իրավիճակին, քան եթե որոշ ժամանակ ապրում է բարվոք կյանքով, եւ այնուհետ ստիպված է հարմարվել ավելի վատ պայմանների: Հետեւաբար, շատերի համար իրավիճակից ելքը լինելու է արտագաղթը՝ թեկուզ Նիժնի Տագիլ: Սոցապնախարարությունն այդ մասին պարտավոր է իմանալ. այս համայնքներից արդեն իսկ արտագաղթել է մոտ 20 ընտանիք:

«Բա ո՞նց կոռումպացված երկրում թույլտվություն ստացաք»

Այս հարցը, առանց չափազանցության, երեւի մի 100 անգամ լսել եմ: Կարճ պատասխանը հետեւյալն է՝ մեծ դժվարությամբ: Բավական է միայն ասել, որ դա տեւեց մի քանի տարի: Բայց այս մասին մանրամասն կպատմեմ մեկ ուրիշ առիթով: Հիմա՝ միայն մի դրվագ: 2012-ին կառավարությունը, առանց որեւէ բացատրության, օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց, ըստ էության, փաստի առաջ կանգնեցնելով մեր ներդրողներին ու թույլ չտալով կառուցել ենթակառուցվածքները նախկինում օրենքով թույլատրված եւ արդեն նախագծված վայրում:

Կառավարության այս վերաբերմունքը՝ խաղի գործող կանոնները չընդունած ներդրողի հանդեպ, ընկերությանն արժեցավ լրացուցիչ 100 միլիոն դոլար ու մի քանի տարով հետաձգեց թույլտվությունների գործընթացը: Այն ժամանակ եւս ընկերությունը ստիպված աշխատանքից մարդկանց ազատեց, քանի որ վստահ չէր, որ կարող է շարունակել գործունեությունը:

Ինչպե՞ս ենք ստացել թույլտվությունները: Տարիներով այդ թույլտվությունների համար պայքարելով ու կառչելու տեղ չթողնելով, թիթեռ ու ծաղիկ ուսումնասիրելով: Իրականացնելով լավագույն, ոլորտում աննախադեպ բնապահպանական ու սոցիալական ծրագիրը: Ի՞նչ գին ենք վճարել խաղի նոր կանոններ թելադրելու համար: Օրինակ` այն գինը, որ ծրագրի դեմ տարիներ շարունակ իրականացվել է նպատակային, թելադրված ու լավ ֆինանսավորվող հակաքարոզչություն՝ ամեն քայլափոխին ցույց տալով մեզ, որ եթե ընտրել եք խաղի այլ կանոններ, ուրեմն ձեզ բոլորից դժվար է լինելու: Եվ ահա, ինչպես իր սյունակում գրել էր Արա Թադեւոսյանը, թվում էր, թե այսօր մենք պետք է քաղենք նախկինում ամեն առումով անթերի աշխատելու պտուղները: Բայց արի ու տես, որ այսօր եւս մենք մարդկանց ազատում ենք աշխատանքից: Մնում է եզրակացնել, որ որոշ միջավայրերում չարժե լինել լավագույնը, շատ ավելի հեշտ է լինել բոլորի նման:

«Բա մեր բնությունը»

Կանխատեսեմ հարցադրումը՝ բայց չէ՞ որ կան բնապահպանական մտահոգություններ:

Սկսեմ հեռվից: Բնապահպանական մտահոգությունների իրական առիթները Հայաստանում բազմաթիվ են, սկսած քաղաքաշինությունից, վերջացրած տրանսպորտի սարսափելի արտանետումներով: Լրջագույն խնդիրներ կան նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Ամուլսարը այս առումով ոչ թե խնդիր է, այլ հենց լուծում՝ իր բերած աննախադեպ ստանդարտներով: Եվ ուրեմն ինչո՞ւ է տարիներով աղմուկ բարձրացվել եւ այսօր այս իրավիճակը ստեղծվել միայն Ամուլսարի շուրջ: Վերեւում արդեն նշեցի՝ որովհետեւ տարիներ շարունակ այս ծրագրի դեմ իրականացվել է նպատակային ու լավ ֆինանսավորվող արշավ: Այս մասին, վստահ եմ, գիտի նորաստեղծ կառավարությունը:

Կառավարության շատ անդամներից մասնավոր զրույցներում լսել եմ՝ «գիտենք, որ ձեր դեմ արշավը պատվիրված է եղել»: Բայց հանրային հարթակում նրանցից շատերը տուրք են տալիս մի խումբ ակտիվիստների ագրեսիվ հարձակումներին, ներողություն են խնդրում, եթե համարձակվել են Ամուլսարի մասին ճշմարտությանը մոտ բան ասել: Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի առանց աշխատանք մնացած հարյուրավոր մարդկանցից, ո՞վ պետք է ներողություն խնդրի այն երեխաներից, ովքեր արտագաղթեցին երկրից իրենց ընտանիքների հետ: Ստացվում է, որ ֆեյսբուքում բարձր գոռացողներն են միայն արժանի նման նրբանկատ վերաբերմունքի: Նրանց տհաճություն չպատճառելու համար կարելի է անտեսել հազարավոր այլ մարդկանց շահերը եւ անելանելի վիճակում դնել երկրի բացառիկ օրինակելի ներդրողին:

Փիղը՝ սենյակում

Անգլերենում այսպիսի արտահայտություն կա. փիղը՝ սենյակում: Սա նշանակում է շատ ակնհայտ ու շատ մեծ խնդիր թողած, խոսել այլ բաների մասին: Լիդիանը եւ Ամուլսարը Հայաստանի տնտեսության համատեքստում հենց այդ փիղն է: Եվ այն դրսից շատ լավ երեւում է: Որեւէ ոլորտում ցանկացած լուրջ ներդրող, գիտի ինչ բան է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի չափանիշներ: Եվ վստահ է, որ այդ չափանիշներով աշխատող ծրագիրը չի կարող պարունակել այն վտանգները, որոնց մասին թմբկահարվում է: Knight Piesolt, Wardell Armstrong, Golder Associates, GRE՝ սրանք ոլորտում  ամենահայտնի անուններն են, եւ այս կազմակերպությունները վաղուց տվել են իրենց եզրակացությունը՝ Ամուլսարը չի ազդի ջրային ռեսուրսների վրա եւ նախագիծը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, ինչն ակնհայտ է ցանկացած ներդրողի համար:

Հայաստանում ներդրում իրականացնելու ցանկություն ունեցողը տեսնում է, որ մի խումբ մարդիկ փակել են երկրի խոշորագույն ներդրողի ճանապարհը եւ թույլ չեն տալիս դեռեւս շինարարության փուլում շարունակել աշխատանքները, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ներդրողի իրավունքները պաշտպանելու համար ու մի քանի տեղական ստուգումներից հետո միջազգային աուդիտի կարիք է տեսնում: Ներդրողը բնական հարց է տալիս: Արդյո՞ք Հայաստանում կան այլ հանքային ծրագրեր: Եվ եթե կան, ինչո՞ւ է միջազգային աուդիտ պահանջվում միայն Ամուլսարի համար, հատկապես, որ Ամուլսարը հենց այն ծրագիրն է, որն արդեն ունի միջազգային փորձաքննություններ: Անկեղծ ասած, այս հարցին որեւէ համոզիչ պատասխան դժվար է գտնել:

Ընկերությունն այսօր ունի բոլոր օրինական թույլտվությունները աշխատանքներն իրականացնելու համար եւ որեւէ աուդիտ չի կարող արդարացնել, որ երկու տասնյակ մարդ՝ տարբեր կողմերի հովանավորությամբ, արդեն 8 ամիս զավթել են տնտեսվարողի տարածքը եւ այդ հարցը լուծում չի ստանում:

Եթե կա երկրի տնտեսության համար առաջնահերթություն, ապա դա Ամուլսարի խնդրի լուծումն է: Աղքատության ու արտագաղթի կրճատման համար անհրաժեշտ են ներդրումներ: Ներդրումների ներգրավումը սկսվում  է երկակի ստանդարտների բացառումից, օրենքի գերակայությունից ու հավասար պայմաններից: Դրանք վերացական հասկացություններ չեն ու ենթադրում են հստակ, շուտափույթ ու համարձակ քայլեր, որոնք անհրաժեշտ է անել՝ ի շահ պետության:

Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին