Սեր ու պարտություն. հանուն ինչի՞ են պատերազմները - Mediamax.am

Սեր ու պարտություն. հանուն ինչի՞ են պատերազմները
1677 դիտում

Սեր ու պարտություն. հանուն ինչի՞ են պատերազմները


                                         «Վերջին սերը Կոստանդնուպոլսում». Միլոռադ Պավիչ

                                                                           Թարգմանիչ` Զավեն Բոյաջյան

                                                                        «Անտարես» հրատարակչություն

 

Երբ գնում էի գիրքը, չէի էլ նկատել, որ փաթեթավորմանը Տարոյի խաղաքարտեր են կցված, թեպետ գրավաճառը զգուշացրել էր` գուշակության ձեռնարկ-գիրք է: Թերթեցի առաջին էջերը, սկզբում ներկայացվում էր Տարոյի եւ Ավագ արկանների մասին տեղեկություն, հետո վեպի հիմնական հերոսների անուններն ու ծննդաբանությունը` «Ով ով է գրքում» վերնագրի ներքո: Մի քիչ զարմացա` փոքր գրքույկ է, հերոսներին այդքան էլ դժվար չի լինի մտապահել: Թե որքան սխալ էի կանխակալ կարծիքումս, պարզ դարձավ «երկու սեռի տիկնանց համար մեծ գաղտնիքի առաջին բանալին» բացելուց հետո:     

 

«Կա ճշմարտություն, որ մարդուն օգնում է մեռնել, եւ մարդն ինքն էլ մեռնող ճշմարտութուն է»:

 

Օպույիչները, Տենեցկիները, Կալոպերովիչներն այնքան շատ են, այնքան արագ են փոխվում, այնքան միախառնված են սիրային ու ռազմական սոուսով, որ գլխապտույտ է առաջացնում: Ու այստեղ էլ հասկանում ես` ինչի համար են գրքին կցված Տարո խաղաքարտերը. որպեսզի գլուխ հանես Միլոռադ Պավիչի մի քիչ ֆանտասմագորիկ վեպից: 

 

«Վերջին սերը Կոստանդնուպոլսում» չունի սյուժե: Ինտերակտիվ է, սերբ հեղինակի գրական մանեւրը նման է Խուլիո Կորտասարի «Ցատկախաղին»: Ընթերցողն ինքը կրող է ընտրել սկիզբը, ընթացքն ու ավարտը: Գիրքը կարելի է կարդալ սովորական հերթականությամբ, կարելի է նաեւ Տարոյի օգնությամբ` խաղաքարտերը էջերում դնելով Տարոն շարելու հերթականության երեք ձեւերով, դրանց գծագրերն ու 22 Ավագ արկանների նշանակությունն էլ գրքի վերջում է բերված (գրավաճառը ճիշտ էր` ուղղակի գիրք չէ, վերջում անպայման ձեր բախտն էլ կբացեք):

 

Վիպակը պատմական է, ֆաբուլայում նապոլեոնյան պատերազմներն են, իսկ հերոսները մտացածին են` սերբական երկու գերդաստանի սերունդներ են միմյանց դեմ պայքարում` հանուն ում կամ ինչի իրենք էլ արդեն մոռացել են: Պայքարն այնքա~ն վաղուց է սկսվել, այնպես անհեթեթ, այնքա~ն երկար է ձգվում ու վերջն էլ երազանքի է նման: 

 

«Սիրտը խավարում խփում է ինչ-որ մեկի  տարիների հանրագումարը, տարիներ, որ լրանում են մեր մեջ…»

 

Այս գրքում ամեն ինչն է գեղեցիկ ու անսովոր. տղամարդիկ, որ փայլում են իրենց ռազմական արդուզարդով եւ հաղթանակներ ու պարտություններ են շողշողում նրանց ճակատին, կանայք, որ կախարդական դյութանք ունեն ու կախարդելու հնարքներ գիտեն, որ տղամարդկանց հաղթանակների ու պարտությունների պատճառն են մեծ հաշվով, սերը, որ աստվածային է ու սատանայական, «քաղցի պես մի բան է, որ հոգու խորքում ցավի է վերածվում», ու մահը, որ ծնված օրից մարդու հետ է, որովհետեւ մարդ կարող է հիվանդանալ նաեւ իր մահով:

 

«Դուք, մարդիկ, ձեր օրերը չափել չգիտեք, միայն դրանց երկարությունն եք չափում եւ ասում, որ օրը քսանչորս ժամ ունի: Իսկ ձեր օրերը երբեմն երկարությունից էլ մեծ խորությամբ են օժտված եւ այդ խորությունը կարող է հասնել օրվա մի ամսվա կամ նույնիսկ տարվա երկարության: Դրա համար էլ  վիճակի չեք ձեր կյանքը հայացքով ընդգրկել»:

 

Մոգական ու ռոմանտիկ բալկանյան այս ռեալիզմը սերբ աշխարհահռչակ գրող Միլոռադ Պավիչի վերջին գործերից է: Նա մի օր արթնացավ անսպասելի հայտնիության հետ իր «Խազարական բառարանի» շնորհիվ: Այդ գործը 2004-ին հեղինակին բերել էր Նոբելյան նոմինացիա (ոչ մրցանակը, այդ տարի այն ստացավ ավստրիացի գրող Էլֆրիդե Ելինեկը): Միլոռադ Պավիչի կյանքն անցել է երկու պատերազմների միջակայքում: Մանկությունը բաժին է հասել Երկրորդ համաշխարհայինին, ծերությունը`1990-ականների Բալկանյան պատերազմին: 

 

«Որովհետեւ մարդու դեմքը շնչում է, ժամանակ է ներշնչում ու արտաշնչում»:

 

Հենց պատերազմ կոչվածն է փորձում հասկանալ հեղինակը «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» գրքում ու չի կարողանում տրամաբանական բացատրություն գտնել: Պավիչի հարցադրումները շեշտակի են, ուղղակի դրանք պետք է կարողանալ նկատել տողատակում, որոնք շղարշված ու շաղախված են միստիկ եւ հյութեղ այլաբանություններով: Վերջին մեջբերումն էլ` որպես վերջաբան առանց մեկնաբանության: 

 

«Պետությունը անհրաժեշտ չարիք է:Ամենաշատը, որ կարելի է սպասել պետությունից, ապուրիդ մեջ չթքելն է: Իսկ պատերազմնե՞րը: Ասում ես` ժողովուրդ, ասում ես` ի փառս ազգիդ ես կռվում:Իսկ ի՞նչ է  ժողովուրդը: Ինձ նայիր: Տասնյոթ տարեկան եմ: Մարդկության հասակակիցն եմ, որովհետեւ մարդկությունը միշտ տասնյոթ տարեկան է: Սա նշանակում է, որ ժողովուրդը հավերժ երեխա է:Անդադար աճում է, եւ նրա լեզուն, նրա, ոգին, նրա հիշողությունն ու նույնիսկ ապագան հագուստի պես շարունակ նեղ են գալիս վրան:  Դրա համար ամեն ժողովուրդ պետք է պարբերաբար փոխի իր հանդերձանքը, քանի որ դա անընդհատ կարճանում է նորից, նեղանում ու կարքանդ լինում նրա աճել-խոշորանալու պատճառով: Եվ սա դժվար ու հրճվալի բան է: Ասում ես` լեզու: Երազում բոլոր լեզուները հասկանում ենք: Երազը մեր հայրենիքն է բաբելոնյան աշտարակաշինությունից առաջ: Երազում բոլորս էլ խոսում ենք մեն մի մեծ նախալեզվով, որն ընդհանուր է ամենքիս` ողջերի ու մեռյալների համար… Ուրեմն հանուն ինչի՞ են պատերազմները: Ինչո՞ւ պատմության մեջ բռնել հետադարձի ուղին: Ամեն սպանություն մասամբ ինքնասպանություն է»:

 

ՀԳ. «Միլոռադ Պավիչի «Վերջին սերը Կոստանդնուպոլիսում» գիրքն առկա է բոլոր գրախանութներում: Գինը 4990 դրամ է: «Անտարես» հրատարակչության  «Օտարագիր» մատենաշարից է: Ու չեմ կարող չշեշտել հայերեն թարգմանության որակը, դրա գլխավոր ցուցիչը, կարծում եմ, թարգմանչի անունն է` Զավեն Բոյաջյան: Ի դեպ, գիրքը 18+ տարիքային ցենզի համար է: 

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին