Երկգագաթ Ֆուձիյաման, կամ երեք պատմություն կոնյակի մասին - Mediamax.am

Երկգագաթ Ֆուձիյաման, կամ երեք պատմություն կոնյակի մասին
2551 դիտում

Երկգագաթ Ֆուձիյաման, կամ երեք պատմություն կոնյակի մասին


Տարիներ առաջ հայկական կոնյակը «Սովետ միության մասշտաբով» հարցեր էր լուծում։ Դրա օգնությամբ երեխաներին ցանկալի դպրոց, ինստիտուտ էին ընդունում, բանակից ազատում, խնդիրներ հարթում, կոնֆլիկտներ լուծում։ Պատահական չէ, որ մինչ օրս էլ ավանդապաշտ մի շարք ընտանիքներում խոսքկապի կամ նշանադրության օրը թանկարժեք կոնյակ են «զույգում». եթե աղջկա կողմը փեսայի բերած կոնյակի կողքին դնում է կոնյակի իր շիշը, նշանակում է՝ համաձայն է ամուսնության, եթե ոչ, տղայի բերած կոնյակը շարունակում է իր միայնակ կյանքը, մինչեւ ի վերջո կհանդիպի իր զույգին եւ հենց այդ պահին էլ կխմվի:

 

Հայկական յուրաքանչյուր ընտանիքում կոնյակի հետ կապված առնվազն մեկ պատմություն կա, ես էլ այդ առումով բացառություն չեմ։ Ասեմ ավելին՝ ինձ մոտ դրանք բազմաթիվ են, որովհետեւ, խոստովանում եմ, ուր էլ մեկնեմ, պարտադիր հետս մի քանի շիշ հայկական կոնյակ եմ տանում, նույնիսկ եթե չգիտեմ, թե այն ինչ եմ անելու։ Այսօր կպատմեմ ինձ հետ պատահած երեք պատմություն, որի գլխավոր հերոսը դրանցում ներգրաված մարդկանցից բացի հենց կոնյակն է։

 

Տատուս-պապուս հոգեպահուստը

 

1996թ. հոկտեմբերի 6-ին ստացա սպայական ուսադիրներս եւ հաջորդ օրը պետք է մեկնեի Մեղրի ծառայության։ Ընկերներիս, հարազատներիս ցտեսություն ասելուց հետո ծառայակիցներով գնացինք Նուբարաշեն՝ զորամաս մեկնելու համար, սակայն տեղում պարզվեց, որ մեզ տեղափոխող ավտոբուսները չեն ժամանել, եւ մեկնումը մեկ օրով հետաձգվում է։ Անմիջապես պատկերացրեցի տնեցիքիս զարմանքն ինձ տեսնելիս եւ համոզեցի բանակային մի քանի ընկերներիս ոչ թե տուն վերադառնալ, այլ գնալ հարեւանությամբ՝ Նոր Խարբերդում ապրող պապիկիս ամառանոց։ Չորսն էինք՝ ես, Մանվելը, Վարդանը եւ նրա եղբայրը, ով համաձայնեց մեզ մեքենայով տանել։ 

 

Սերոժ պապս հաճելիորեն զարմացավ, հուզվեց, արտասվեց, երբ տեսավ ինձ զինվորական համազգեստով, վերմիշել, բրինձ պատրաստեց, սեղան գցեց ու նստեցրեց մեզ սեղանի շուրջ։ Ապա մի քանի րոպեով անհետացավ եւ նկուղից վերադարձավ մի փոշոտ շշով։ «Նաիրի» էր։

 

«Բալես, դու որ ծնվեցիր, մեր առաջին թոռն էիր, ողորմածիկ տատդ իրանց մոտից մի շիշ կոնյակ բերեց, պադվալում պահեց քո անունով, որ հարսանիքիդ բացենք։ Բայց ես կըսեմ, որ հմի էլ պակաս կարեւոր օր չի, բերեք ըսիգ էսօր բացենք-խմենք»,- ասաց կյանքի հիմնական մասը Երեւանում ապրած, բայց մինչեւ վերջին օրը Գյումրու բարբառով խոսացած պապս։

 

 

Իրավիճակի ամբողջ նրբությունն այն էր, որ ես եւ եղբայրներս մինչ այդ համոզված էինք, որ մեր երկու ձեռքերի տաս մատի պես գիտենք պապիկի նկուղը։ Չկար այնպիսի մի անկյուն կամ դարակ, որ մենք մտած չլինեինք։ Չկար այնպիսի մի շիշ կամ տարա, որ մենք բացած ու փորձած չլինեինք...

 

...Ախ, որքան քաղցր էր մեր այդ օրվա կերուխումը, 5 հոգով խմեցինք մեկ շիշ կեսլիտրանոց կոնյակը, բայց դա լիովին բավարար էր հարբելու համար։ «Պապի, էլ չկա՞»,- հարցրեց ձեր գինովցած ծառան, երբ շշի հատակին չէր մնացել նույնիսկ մի կաթիլ կոնյակ։ «Չէ, բալես, էդ էր»,- ասաց պապս։ Զուգարանի ճամփին «համենայն դեպս» իջա նկուղ, 5 րոպե ուսումնասիրեցի բոլոր հնարավոր թաքստոցները, համոզվեցի, որ իսկապես չկա, հոգիս խաղաղվեց, գնացի պառկեցի, մուշ-մուշ քնեցի, իսկ վաղ առավոտյան նույն խմբով մեկնեցինք հավաքակայան, ապա՝ ծառայության։

 

...Անցավ 3 տարի, 1999թ. ապրիլին նշանադրվում էի ապագա կնոջս՝ Անուշի հետ։ Հայրս թանկարժեք ֆրանսիական կոնյակ էր պատրաստել այդ առթիվ։ Բայց հարսի տուն հասնելուն պես Սերոժ պապս բաճկոնի ներսի գրպանից հանեց... «Նաիրի» կոնյակի շիշը։ Նույնից։

 

«Պապի, սա որտեղի՞ց»,- շշմած հարցրեցի ես։ «Բա ասում էիր՝ մի հատ է»։

 

«Չէ, բալես, հետո հիշեցի, որ մի հատ էլ կա, տատդ 2 հատ էր բերել պահել 74-ի հոկտեմբերին, քո անունով»,- ասաց պապս՝ ուղիղ նայելով աչքերիս մեջ։

 

Այստեղ պետք է նշել, որ ես միակ թոռը չեմ ընտանիքում, բայց երեւի 2-րդ եւ հաջորդ թոռների ծնունդն այդքան չէին ցնցել տատուս, եւ եղբայրներս ու քույրերս այս առումով ձեռնունայն մնացին։

 

...Հավաքված 30-ից ավելի հյուրից յուրաքանչյուրին այդ կոնյակից մի կաթիլ հասավ, ինձ ու Անուշին՝ մի քիչ ավել, բայց դա բավական էր, որպեսզի նշանդրեքը շատ ուրախ անցներ։

 

...Նույն թվականի հոկտեմբերին մեր հարսանիքն էր։ Ինչպես արդեն կռահում եք, երբ եկանք հարսին տանելու, սեղանին հայտնվեց նույն կոնյակի 3-րդ շիշը։

 

«Պա՞պ»,-  զարմացած նայում էի խորամանկ պապուս։

 

«Երեք հատ էր, բալես, հաստատ երեք հատ էր»,- ժպտում էր երջանիկ Սերոժ պապս։

 

Հենց այդ կոնյակից էլ սկսեց իմ ու տիկնոջս այդ օրվա գինարբուքը, որի արդյունքում ողջ հարսանիքի ընթացքում մի վայրկյան չենք նստել, այլ անընդհատ պարել եւ ուրախացել ենք։

 

Ի դեպ, ամիսներ անց Խարբերդում մանրակրկիտ հետազոտեցի նկուղը. կոնյակներն իսկապես երեքն էին: ։)             

 

Երկգագաթ Ֆուձիյաման

 

2003-ին երջանիկ պատահականությամբ ստացվեց պրեսս-տուր մեկնել Ճապոնիա։ Հետս 3 շիշ կոնյակ էի վերցրել՝ առանց կոնկրետ հասցեատիրոջ։ Ծրագրին ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մեկական լրագրող էր մասնակցում։ Արդեն մեզ դիմավորող ավտոբուսում պարզվեց, որ ես միակը չէի, ով խմիչք է բերել. մեր մոլդովացու գործընկերոջ ուղեբեռը ալկոհոլի բուրմունք ուներ, ինչից կռահեցինք, որ շշերից մեկը ճանապարհին կոտրվել է (ինքս ձգտում եմ կոնյակը տուփով տանել՝ նման անախորժություններից խուսափելու համար):

 

Հաջորդ օրը Տոկիոյի Օտարերկրյա մամուլի ակումբում մեր պատվին ընդունելություն էր, հետս մեկ շիշ «Ախթամար» վերցրեցի՝ առիթի դեպքում կազմակերպիչներից մեկին նվիրելու համար։ Անկյունում համեստ կանգնած՝ գնահատում էի, թե սեղանին դրած ճաշատեսակներից որը կարող եմ համտեսել։ Այդ պահին ինձ մոտեցավ պատկառելի տարիքի մի ճապոնացի, ներկայացավ եւ մաքուր ռուսերենով ասաց.

 

- Փաստորեն, հարգարժան պարոն Դավիթ, դուք Հայաստանից եք։

 

- Այո, լսե՞լ եք մեր երկրի մասին։

 

- Ոչ միայն լսել եմ, այլեւ 80-ականներին մի քանի անգամ այցելել եմ ձեր հրաշալի երկիր։

 

- Որքան հաճելի է։ Իսկ ի՞նչ առիթով։

 

- Ես Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության առաջին քարտուղարն էի եւ ի պաշտոնե պարտավոր էի մեկնել ԽՍՀՄ տարբեր երկրներ։ Եվ գիտե՞ք ինչ։ Հայաստանն ուրիշ էր։ Ի դեպ, մեր դեսպանությունում սննդի պատվերի համակարգ էր գործում։ Յուրաքանչյուր ուրբաթ մենք տարբեր դեֆիցիտային ապրանքներ էինք պատվիրում, իսկ երկուշաբթի այն մեզ հանձնում էին տուփով։ Եվ չկար այնպիսի շաբաթ, որ ես հայկական կոնյակ չպատվիրեի։ Շատ լավ հիշում եմ դրանց անվանումները՝ «Նաիրի», «Հոբելյանական»... Բայց ամենաշատը 10 տարեկանն էի հավանում՝ «Ախթամարը», կնոջս հետ ամեն երեկո մեկ գավաթ կոնյակ էինք խմում։ Ախ, որքան եմ կարոտում այն ժամանակները եւ այդ հրաշալի համը...

 

Այդ պահին հիշեցի, որ պայուսակիս մեջ կոնյակ կա, վերցրեցի շիշը եւ մեկնեցի զրուցակցիս։ Արժի նշել, որ Ճապոնիայում հենց այնպես նվերներ չեն անում։ Այսինքն՝ այնտեղ չի կարելի անծանոթ մարդուն պարզապես վերցնել ու ինչ-որ բան նվիրել։ Դա ընդունված չէ։ Առավել եւս ընդունված չէ անպատասխան նվերներ տալ։ Եվ դա էր պատճառը, որ տարեց դիվանագետը մի քանի րոպե հրաժարվում էր ընդունել նվերս, չնայած աչքերը հակառակն էին պնդում։

 

 

«Բայց եթե դուք եղել եք Հայաստանում, պետք է որ նկատած լինեիք, որ հայերն անշահախնդիր են սիրում իրենց բարեկամներին եւ նրանց նվիրում այն, ինչ կամենում է սիրտը»,- այս խոսքերիցս հետո նոր ընկերս հանձնվեց եւ ընդունեց կոնյակը։ Սակայն դա միայն սկիզբն էր։ Ինչպես արդեն ասացի, Ճապոնիայում նվերներն անպատասխան չեն մնում։ Պաշտոնաթող դիվանագետը նախ թափ տվեց գրպանները, համոզվեց, որ ինձ նվիրելու հարմար բան չունի։ Ապա որոշեց փոխարենն այդ երեկո ինձ կարգին «տիրություն անել»։ Չնայած պատկառելի տարիքին՝ պատանու սլացիկությամբ նա մոտենում էր սեղանին, մի քանի կտոր սուշի դնում ափսեին, առատորեն համեմում սոուսով եւ մոտեցնում դեմքիս.

 

«Սա էլ փորձեք, պարոն Դավիթ, սա էլ փորձեք, այսպիսի սուշի դուք ոչ մի տեղ չեք ուտի»,- կրկնում էր նա։ Եվ պարոնը ճիշտ էր՝ այդ օրվանից ես սուշի այլեւս չեմ կերել. իմ հայ, ազգային, խորոված-քաբաբին սովոր ստամոքսը պատրաստ չէր նման «ագրեսիայի», եւ հաջորդ երկու օրն ես պայքարում էի այդ օրվա հետեւանքները հաղթահարելու համար։)

 

***

 

Երեք օրից մեզ գնացքով տարան Նագոյա։ Ծրագրով նախատեսված էր home stay` երկօրյա կացություն տեղացի ընտանիքում։ Իմ մոտիվացիոն նամակում ես հիմարաբար գրել էի, որ ամուսնացած եմ, ունեմ ընտանիք, չեմ ծխում, խմիչքի նկատմամբ անտարբեր եմ։ Արդյունքում խմբի մյուս անդամներին տարան ուտել-խմելու, իսկ ինձ տեղաբաշխեցին երկու երեխայով օրինակելի մի ընտանիքում, որը երեկոյան ժամը 9-ին գնում էր քնելու։ Չեմ պատմի ձեզ իմ տվայտանքների մասին, առավել եւս որ այսօր թեման այլ է։ Սկզբում արժանանալով շատ ջերմ ընդունելության՝ որոշեցի փոխհատուցել նվերով եւ ընտանիքի տիկնոջը հանձնեցի 5-աստղանի կոնյակի շիշը, որի վրա, ինչպես հիշում եք, պատկերված է Արարատ լեռը։ Տան տիկինն ուրախությամբ ընդունեց նվերը, երկար ուսումնասիրեց պատկերը եւ, մի տեսակ ամաչելով, վատ անգլերենով ի վերջո ասաց.

 

«Շատ շնորհակալ եմ նվերի համար, պարոն։ Բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչու՞ է այստեղ երկու հատ Ֆուձիյամա պատկերված»։

 

«Ախր դա Ֆուձիյաման չի, հայերի երկգագաթանի սուրբ բիբլիական Արարատ լեռն է, որին, ըստ Աստվածաշնչի, իջել է Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո»,- փորձեցի պարզաբանել ես, բայց տեսնելով զրուցակցիս աչքերի արտահայտությունը, գիտակցեցի ամբողջ այն անտեսանելի անդունդը, որ կար մեր միջեւ։ Կարծում եմ, տանտերերն այդպես էլ չներեցին ինձ երկու Ֆուձիյամա պատկերելու հանդգնությունը, որի արդյունքում հաջորդող մեկուկես օրը ես ժամերն էի հաշվում, թե ինձ երբ պետք է վերադարձնեն կազմակերպիչներին: :)       

 

***

 

Կոնյակի վերջին՝ 3-րդ շիշն ինձ հետ միասին ճամփորդեց ամբողջ Ճապոնիայով, մի կերպ փրկվեց ղազախա-մոլդովա-վրացական հարձակումից, խուսափեց տողերիս հեղինակի կողմից խմվելու գայթակղությունից եւ այցի վերջին՝ 15-րդ օրը հայտնվեց դիպլոմների հանձնման արարողությանը, որտեղ ես այն հանձնեցի մեզ հրավիրող կազմակերպության նախագահին՝ ԱԳՆ պաշտոնաթող նախարարին, նա էլ այն իր հերթին բոլորի աչքի առաջ դրեց հուշանվերների հավաքածուի պատվավոր, երեւացող տեղում։ Իմ բոցաշունչ ելույթից հետո խոսք վերցրեց մոլդովացի Սաշան եւ ասաց բառացիորեն հետեւյալը.

 

«Ըհը, ըհը, սիրելի ընկերներ, ես, իհարկե, հասկանում եմ, որ իմ հայ գործընկերոջ նվիրած հանրահայտ հայկական կոնյակից հետո խելագարություն է ձեզ մոլդովական կոնյակ նվիրելը, բայց ես, այնուամենայնիվ, կփորձեմ»... 

 

«Արարատը» Արարատի գագաթին

 

Մեր Արիկը՝ Արա Թադեւոսյանը պատանի տարիքից երազանք ուներ՝ Արարատ լեռ բարձրանալ։ Եվ այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ վարակեց նաեւ մեզ՝ իր ընկերներին: 2009-ին Թուրքիայի իշխանությունները սկսեցին թույլ տալ հայերին բարձրանալ Արարատ, եւ մենք, ստանալով համապատասխան թույլտվություն, ուրախությամբ սկսեցինք պատրաստվել այդ կարեւոր իրադարձությանը՝ բարձրանալով Հատիսի, Արագածի եւ այլ լեռների գագաթներ։

 

2009-ի գարնանը Արիկի գլխում եւս մեկ գաղափար առաջացավ (ձեզ ասեմ, որ Մեդիամաքսում բոլոր ամենախելահեղ, կրեատիվ, ռոմանտիկ եւ անհավանական գաղափարները հենց նրա գլխում են ծնվում), այն է՝ Արարատի գագաթ բարձրացնել «Արարատ» կոնյակ։

 

«Շատ սիմվոլիկ կլինի՝ ««Արարատը» Արարատի գագաթին»,- ասաց նա, զանգահարեց Երեւանի կոնյակի գործարանում իր ընկերներին, ովքեր անմիջապես ողջունեցին այդ գաղափարը եւ մի քանի օրից մեզ հանձնեցին հատուկ այդ լեռնագնացության առթիվ պատրաստած 5 շիշ կոնյակ՝ մեկական յուրաքանչյուրիս համար եւ մեկը՝ իրենց։

 

Այստեղ պետք է շեղվեմ եւ նշեմ, որ յուրաքանչյուր հայ, ով առավոտյան պատուհանից տեսնում է Արարատի ճերմակ գագաթները, համոզված է, որ Արարատ բարձրանալը արշավ գնալու պես մի բան է՝ ուտել-խմելով ու զվարճանալով։ Չեմ ուզում նրանց հուսախաբ անել, բայց դա, մեղմ ասած, այդպես չէ։ Ովքեր կյանքում գեթ մեկ անգամ լեռ են բարձրացել, գիտեն, որ որոշակի բարձրությունից հետո դու սկսում ես պայքարել ոչ միայն եւ ոչ այդքան լեռան հետ, որքան... սեփական անկատար օրգանիզմի եւ հատկապես քո իսկ ավելորդ կիլոգրամների։ Իսկ թթվածնային սովը հաճախ հասցնում է այդ պայքարն ավարտին, եւ ոչ մարդու օգտին։ Սիրտը սկսում է արագ բաբախել, շարժումները դժվարացած են, մարմինդ կոտրատվում է։ Բացի այդ, վերեւում եղանակը շատ արագ եւ շատ կտրուկ է փոխվում, հաշված րոպեների ընթացքում արեւին կարող է փոխարինել ձյունը, ամպրոպը, եւ այդպես շարունակ։ Կարճ ասած, Արարատին հեռվից նայելը շատ ավելի հարմարավետ է:)

 

…Մինչեւ 4300 մետր բարձրության վրա գտնվող ճամբար հասնելը ամեն ինչ նորմալ էր։ Ուսապարկը չէր նեղում, կոնյակները խաղաղ հանգրվանել էին մեր մեջքերին եւ լուռ բարձրանում էին դեպի գագաթ։ Բայց օգոստոսի 4-ի, լույս 5-ի գիշերը փոթորիկ սկսեց, ժամեր շարունակ ձյուն եկավ եւ բոլոր կողքերից ծածկեց մեր վրանները։ Հիշում եմ, այդ գիշեր մրսեցի ու հետո ինձ լավ չէի զգում, հույս ունեի, որ մեր ուղեկցորդ քուրդ Ջուման մեկ օրով կհետաձգի վերելքը։ Բայց ո՛չ, առավոտյան ժամը 5-ին նա մեզ արթնացրեց, մեկ բաժակ թեյ խմացրեց եւ հրահանգեց շարժվել վերեւ՝ ուսապարկի մեջ դնելով ամենաանհրաժեշտը՝ մեկ խնձոր, մեկ շիշ ջուր, մեկ շոկոլադ, արեւի դեմ քսուկ եւ... կոնյակը։ 

 

Ովքեր ինձ տեսել են, հատկապես վերջին 20 տարիներին, գիտեն, որ ես մի քիչ խոշոր եմ։ Մեղմ ասած։ Արարատ բարձրանալու համար մի փոքր նիհարել էի, բայց 92 կիլոգրամն էլ քիչ չէր։ Եվ հավատացեք՝ յուրաքանչյուր այդ ավելորդ կիլոգրամն ես զգացի վերելքի հենց վերջին հատվածում։ Յուրաքանչյուր ավելորդ գրամ... Թիկունքիս էլ՝ 2-2,5 կիլոգրամանոց կոնյակը: :)) Ախ, որքան ռոմանտիկն էինք այն ժամանակ, գագաթ բարձրացրինք նույնիսկ հեռուստաընկերություններից մեկից «պարտքով» վերցրած տեսախցիկը՝ նկարելու հայկական աշխարհը (հետո պարզվեց, որ 3000 մետրից վերեւ այդ տեսախցիկը ոչինչ չի նկարել, որովհետեւ սառչել է)։

 

Մի քանի ժամում 5000 մետրին մի կերպ հասնելուն պես, երբ գագաթն արդեն կարծես ձեռքիս ափում լիներ, իսկ սարի հետեւում վերջապես երեւաց Հայաստանը, Ջուման պահանջեց հետ վերադառնալ ճամբար բոլոր նրանց, ովքեր հետ էին ընկնում։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, կվտանգվեր ամբողջ խումբը։ Արդեն հետո մենք իմացանք, որ նա պարզապես շտապում էր, որովհետեւ հաջորդ օրը նոր խումբ պետք է բարձրացներ լեռ։ Ինչեւէ, բաժանվեցինք երկու մասի։ Խմբի մի մասը շարունակեց ճանապարհը դեպի գագաթ, մյուսն էլ սկսեց դանդաղորեն իջնել դեպի ճամբար։ Այս լուսանկարը արված է հենց այդ հուզումնալից պահին։

 

 

Լուսանկարում պատկերված կոնյակը, որը բարձրացավ Արարատի գագաթ, այժմ Երեւանի կոնյակի գործարանի թանգարանում է։ Չգիտեմ՝ տղաներն ինչպես վարվեցին իրենց բաժին կոնյակի հետ, բայց ես իմը վերադառնալու հաջորդ իսկ օրը նվիրեցի հորս՝ ծննդյան 60-ամյակի արարողության ընթացքում։ Հյուրերը համոզում էին հենց այդ պահին բացել շիշը եւ խմել, բայց տնտեսագետ մայրս արագ պահեց կոնյակը, ասելով. «Մի օր որ գործերս վատ լինի, աուկցիոնում թանկ կվաճառեմ, կապրենք»։

 

...Վերջերս իմացա, որ վախճանվելուց առաջ մայրս պատգամել է այդ կոնյակը բացել որդուս՝ Հրայրի նշանադրությանը։ Հիրավի, հոր ու մոր աղջիկն էր...

 

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:     

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին