Պոլիկլինիկայից փոստատուն` հուսահատության ամենակարճ ճանապարհը - Mediamax.am

Պոլիկլինիկայից փոստատուն` հուսահատության ամենակարճ ճանապարհը
4110 դիտում

Պոլիկլինիկայից փոստատուն` հուսահատության ամենակարճ ճանապարհը


Ինձ, թերեւս, հակացուցված է պետական, կամ, ավելի ճիշտ, խորհրդային կարգերի բարքերը ժառանգած ապարատի հետ առնչությունը: Այլապես ես դառնում եմ ինքս ինձ համար անկանխատեսելի, մյուսների համար` անտանելի: Իսկ անկանխատեսելի կինը, մեղմ ասած, վտանգավոր է: Չնայած այդ ո՞ր մի կինն է կանխատեսելի: Բայց այդ մասին` մեկ այլ առիթով:

Վահանի հերթական`պրոֆիլակտիկ այցն էր պոլիկլինիկա. պետք է մատից արյուն վերցնեին: Վահանը 10 ամսական է`միշտ ժպտերես, միշտ մարդամոտ, միշտ կայտառ: Տանը լինի, բակում, թե խանութում՝ միշտ իրեն ժպտացող մարդ է փնտրում, որ ծափիկով ցույց տա սերն ու զվարճանա: Պոլիկլինիկայում նա երբեք ծափիկ չի անում. անգույն, անհրապույր, անշունչ ու անմարդասեր պատերի գարշելիությունը տասնապատկվում է ներսում աշխատող կանանց  խոժոռ հայացքների ներքո:

Մեր հերթը հասավ: Մտանք կաբինետ: 50-ն անց կին էր՝ հավանաբար նաեւ մայր, երեւի տատիկ էլ: «Երեխայի դաստակը բռնե՛ք»`հրամայեց՝ առանց հայացք իսկ գցելու երեխայի վրա: Մատը ծակեց, երեխային էլ նախատեց, որ բռունցք է արել, ու արյունը լավ չի հոսում, հետո չոր բամբակը տվեց, թե`«դրե՛ք երեխայի մատին, հիմա ազատ եք»:

Այո՛, բամբակը չոր էր: Ասացի`«բա սպի՞րտը»: Դժգոհությունը մատնող կտրուկ շարժումներով բամբակը թաթախեց սպիրտի մեջ, հոսելով մեկնեց ինձ: «Բժիշկը, կարծես, դուք եք»` ասացի ու վեր կացա աթոռից: Շփոթվեց. չէ՞ որ տասնամյակներ շարունակ նա ու իր մյուս գործընկերները սովորել են, որ մուննաթ գալու մենաշնորհն իրենցն է, քաղաքացին պետք է բուժհաստատությունում գլխիկոր սպասի, հանդուրժի, լռի, զիջի ու վերջում էլ շնորհակալ լինի մի բանի համար, որն իրենց աշխատանքն է, պարտականությունը, ինչի համար վարձատրվում են: Եվ հանկարծ հայտնվում է մեկը, որը չի լռում... ինչպիսի՜ «անպատկառություն»:

Ես արդեն դուրս էի եկել, իսկ նա բարձրաձայն գանգատվում էր, թե՝ «բայց ես ինչո՞վ վիրավորեցի, որ նեղացավ, գնաց»: 

Կանգառ 2՝ Հայփոստ. երկու ամիս է`փորձում եմ երեխայի խնամքի արձակուրդի գումարը ստանալ`ամսական 18 000 դրամ, որն անգամ երեխային անհրաժեշտ տասնյակ իրերից մեկին՝ տակդիրին չի բավականացնի: Նախորդ ամիս ասացին`«ցուցակները հետ են ուղարկել, համ էլ փող չկա, եկեք հաջորդ ամիս»: Լավ չհասկացա`ինչ ասել է՝ «փող չկա» ու, քանի որ շտապում էի, ասացի շնորհակալություն ու հեռացա:

Արդեն հաջորդ ամիսն էր` իրենց նշած «մինչեւ ամսի 10-ը, որ փող լինի»: Ու դարձյալ պատասխանը` «վա՜յ, գիտե՞ք`փողը պրծել ա, վաղն եկեք»: Հարցնում եմ`«ինձ կբացատրե՞ք`ինչ է նշանակում փողը պրծել է»: Սպասարկողը երիտասարդ կին էր` բնավորությանը սերտաճած մուննաթով, գիտելիքի պակասը կամ գուցե բացակայությունը մատնող առոգանությամբ, հաճախորդի հետ գրագետ շփմանը հատուկ բառապաշար ընտրելու անկարողությամբ: Թեժ գծի զանգերին էլ էր նա պատասխանում՝ նյարդային կծկումներով, փնչացնելով, խոսափողը շրխկացնելով:  Հարցերիս պատասխանել չկարողացավ, խոստացավ գումար պահել, որպեսզի հաջորդ օրը գնամ, ստանամ: Հաջորդ օրը պարզվեց՝ էլի գումար չկա, «բա հո չէի՞նք պահելու, եթե ձեզնից առաջ մարդը եկել ա թոշակ ստանալու» պատճառաբանությամբ:

Երրորդ օրը հերթի մեջ ինձ պես նոր մայրացած կանայք էին ու բառացիորեն հացի գումարի սպասող թոշակառուներ: Նրանք բոլորը լռելյայն սպասում էին, մինչեւ նույն՝ դեղին մազերով, դեմքի՝ «ատում եմ բոլորիդ»  արտահայտությունն էլ ավելի ընդգծող սուրմայով կինը կվերջացներ հեռախոսազրույցն ու կսպասարկեր իրենց: Ինձ նկատեց թե չէ՝ ասաց՝ «ձե՞ր հերթն է, մոտեցե՛ք»: Երեւի ուզում էր րոպե առաջ գլխացավանքից պրծնել: Կողքիս կինը՝ գրեթե իմ տարիքի, բայց 50-ը բոլորածի կնճիռներով, անխինդ աչքերով, դալուկ դեմքով, պոռթկաց, թե «ո՛չ, չե՞ք տեսնում, որ իմ հերթն է»: Ձայն չհանեցի, չնայած գումարը, կարող է, էլի վերջանար: Նրան հաստա՛տ այդ 18 000 դրամն ավելի շատ ու ավելի շուտ էր պետք:

Պոլիկլինիկա-փոստատուն ճանապարհը եւս մի բացատրություն տվեց Հայաստանի դեմոգրաֆիական պատկերին. այո՛, մեր երկրում կան բոլոր հնարավոր պայմանները երեխա չունենալու կամ ունենալը հնարավորինս հետաձգելու համար։

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին