Որտեղ փնտրել լրագրողներին չսիրելու պատճառը - Mediamax.am

Որտեղ փնտրել լրագրողներին չսիրելու պատճառը
4222 դիտում

Որտեղ փնտրել լրագրողներին չսիրելու պատճառը


Ես երբեւէ չեմ մտածել ժուռնալիստիկայից հեռանալու մասին: Մեծ հաշվով՝ հիմա եւս: Բայց հիմա առաջին անգամ մտածում եմ «մեծ արձակուրդ վերցնելու» մասին: Կվերցնե՞մ, կամ կկարողանա՞մ վերցնել`չգիտեմ, բայց որ մտածում եմ, ուրեմն՝ առիթ կա, ընդ որում՝ ոչ լավ: Ես չափազանց շատ եմ սիրում իմ մասնագիտությունը՝ դրանից հրաժարվելու համար:

Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում մի քննարկում եղավ՝ «այլեւս» բառը հնարավո՞ր է օգտագործել հաստատական նախադասությունում, օրինակ`«հեղափոխությունն այլեւս իրականություն է»: Ինձ սովորեցրել են, որ ո՛չ, չի կարելի, ընդ որում՝ իմ ուսուցիչները պատկառելի մասնագետներ են եղել: Պարզվեց` կան լրագրողներ, որոնց հակառակն են համոզել: Որոշեցի հանդիպում կազմակերպել Լեզվի կոմիտեում ու ստանալ սպառիչ պատասխան: Ընդ որում`լեզվական վիճելի հարցերի 50 կետանոց ցանկ կազմեցի: Իհարկե, ի սկզբանե գիտեի, որ փոքր խմբով ենք գնալու, բայց երբ սկսեցի մտածել, հաշվել, ցուցակագրել, հասկացա`մատներիս վրա հազիվ են տեղավորվում նրանք, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն: Գնացինք 4-5 հոգով: Մյուս 5-6-ը, ճիշտն ասած, աշխատանքից բացակայել չկարողացան: Իսկ մյուս հարյուրները հաստատ կխնդմնդային, կասեին՝ «պարա՞պ եք մնացել»:

Մեր երկրում մարդիկ սովոր են անգրագիտության, լրագրողական ոլորտում` առավել եւս, որովհետեւ հակառակը պահանջված չէ: Այո՛, հնարավոր է հոդված պատրաստել «Կույս կանանց միավորում» կոչվող մտացածին ՀԿ-ի մասին եւ երբեք չստուգել`իրականում կա՞ նման կազմակերպություն, թե՞ ոչ: Ավելին, դա քեզ չի ստիպի անել նաեւ խմբագիրդ, որովհետեւ նա էլ, մեծ հաշվով, թքած ունի: Դրա վրա աչք կփակի նաեւ միջին վիճակագրական ընթերցողը, որովհետեւ իրեն, այո՛, հավես է հիմարություն կարդալը՝ այդպես հեշտ է, ուղեղի համար էլ՝ հարմար:

Թվում է՝ շաբաթը մեկ մի լրատվամիջոց է բացվում, միաժամանակ արդեն գործող լրատվամիջոցներում նոր հաստիքներ են բացվում: Տալիս են հայտարարություններ. ասում են՝ լավ մասնագետներ են փնտրում, խոստանում բարձր աշխատավարձ: Այդ՝ մատների վրա հաշվվող գրագետ, սեփական գրչի հանդեպ խստապահանջ լրագրողներից շատերն են դիմում: Նրանցից եւ ոչ մեկին հարցազրույցի չեն կանչում՝ տարբեր պատճառներով ու բացատրություններով՝ անձնական համակրանքի պակասից, ավելի «ուժեղ» գործընկեր ունենալու հեռանկարի վախից, դիմողի մասնագիտական որակները չափելու անկարողությունից մինչեւ «մեզ ջահել մեկն է պետք, որ լիքը գործ անի, բայց շատ փող չուզի»:

Ու այդ ջահել մեկը հետո հարցազրույցի է գնում հանդուգն ու բոբիկ  համարձակությամբ, տալիս անհեթեթ հարցեր, անում հիմար հետեւություններ, հինգ րոպեից հեռանում դեպքի վայրից`այդպես էլ չհասկանալով`ինչի մասին պիտի հոդված կամ ռեպորտաժ պատրաստի, չգիտակցված կամ գուցե հակառակը՝ աղավաղում է բանախոսի խոսքն ու համատեքստից դուրս մեջբերումներ անում, անհասկանալի ու «խակ» ձեւակերպումներով վիրավորում գրագետ ընթերցողին կամ հեռուստադիտողին… Այս շարքն անհամարելի է, հետեւանքը՝ համատարած քամահրանքը լրագրողական հանրույթի, անվստահությունը՝ լրագրողի  գործի նկատմամբ:

Ամեն տարի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը մոտ 100 շրջանավարտ է տալիս: Մի պահ պատկերացրեք՝ 100 լրագրող՝ 2.5-3 միլիոն բնակիչ ունեցող երկրում: Նրանց դասավանդող արտահաստիքային դասախոսները, որոնք, որպես կանոն, գործող լրագրողներ են, այսինքն՝ ունեն ասելիք, ամսական ստանում են մոտ 10 000 դրամ: Նորից արտաբերեք այս թիվը՝ 10 000 դրամ, այլ կերպ ասած՝  կես ֆիրմային տաբատ,  3 կգ միս, սուրճի սեղանի մեկ համեստ հաշիվ: Այս թվերն ինքնին խնդիրների մի ամբողջ փունջ են, որը, որպես նվեր, ամեն տարի ընծայվում է լրագրողական ոլորտին:

Ի դեպ, «այլեւս»-ը նախընտրելի է օգտագործել ժխտական իմաստով...

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին