Սերը հզոր է, երբ երկկողմանի ընդունված եւ գիտակից է - Mediamax.am

Սերը հզոր է, երբ երկկողմանի ընդունված եւ գիտակից է
4061 դիտում

Սերը հզոր է, երբ երկկողմանի ընդունված եւ գիտակից է


Երբ սիրում ես, կյանքը եթերային է թվում։ Երբ սիրված ես, ցանկալի եւ գնահատված՝ կյանքդ լի է եռանդով եւ նպատակներով։ Ցանկանում ես ժպտալ, զգալ յուրաքանչյուր խոսքի արժեքը, երազել, սեփական ընտանիքն ունենալ, գտնել երջանկությունը։

Զրուցելով մի շարք երիտասարդների հետ, ովքեր պատրաստվում են ընտանիք կազմել՝ հենց վերոնշյալ կերպ են բնութագրում ներկա զգացմունքները ու հետագա նպատակները։ Սա երիտասարդ տարիքի առանձնահատկությունն է՝ լինել անուղղելի լավատես եւ ապրել երազանքների գրկում։ Սակայն այդքան սպասելի ամուսնության հեքիաթային օրն իր հետ բերում է պարտականությունների եւ խնդիրների մի մեծ փունջ, որը հետագայում կա°մ հղկում, կա°մ քայքայում է նորաստեղծ ընտանիքը։

Ինչպե՞ս պայքարել եւ ողջամտությամբ ստեղծել ընտանիք, որպեսզի պատրաստ լինել ծանրաբեռնվածությանը եւ հանդուրժողականություն դրսեւորել՝ բախվելով այլակարծության։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում ընտանիքում գործող սոցիալական դերերը՝ հարս, փեսա, կին, ամուսին, սկեսուր, սկեսրայր եւ այլոք։ Որքանո՞վ են դրանք օգնում կամ խանգարում բնական մթնոլորտի պահպանման, կոնֆլիկտների լուծման եւ ընդհակառակը՝ սրման հարցում։ Այս հարցադրումները իրականում շատ կարեւոր են, քանի որ մի ամբողջ ընտանեկան կառույց, որը մեր հասարակության հիմնասյուներից մեկն է, արհեստական երեւույթների հետեւանքով կարող է քայքայվել։ Այս քայքայումը հանգեցնում է ոչ միայն ամուսինների անձնական կյանքի, այլեւ երեխայի ճակատագրի խեղաթյուրմանը, որն էլ ավելի ցավոտ հարց է, քան ամուսինների բաժանումը։

Ինչպե՞ս գրագետ եւ ճիշտ կատարել քայլ՝ ստեղծելով ամուր, կայուն եւ դինամիկ ընտանիք

Առաջին հերթին, անհրաժեշտ է պատկերացում ունենալ «ընտանիք» հասկացողության մասին։ Բնական է՝ բոլորս էլ մեծացել ենք ընտանիքում եւ, որոշակի չափով, ունենք այն ընտանիքի մոդելը, որը տեսել, ընդունել եւ սիրել ենք։ Սակայն, դա չի նշանակում, որ ծնողական ընտանիքի մոդելից դուրս չենք կարող ունենալ սեփական, ավելի լավ կամ վատ ընտանիքի մոդելը։ Երբ անձն ունի ծնողական ընտանիքից իր տուն փոխանցած ընտանեկան մոդելը, անպայմանորեն առաջ է գալիս բախում՝ զուգընկերոջ ընտանեկան մոդելի հետ։ Այո, կանայք ավելի հաճախ են հարմարվում ամուսնու ընտանեկան մոդելին, քանի որ իրենք են գնում ամուսնու տուն եւ, բնականաբար, կա անհրաժեշտություն հարգելու եւ ընդունելու այն մոդելը, որում հայտնվում են։

Մինչամուսնական հոգեբանական խորհրդատվությունը հնարավորություն է տալիս փորձել ճանաչել միմյանց մինչ միասնական կյանք վարելը։ Ճանաչման եւ ընդունման փուլերը ներկայացնեմ ստորեւ:

Անձնային սահմանների եւ անձնական կյանք ունենալու իրավունքի գիտակցումն ու ընդունումը. ընտանիքի ներսում

Հարգելի ընթերցող, երբեւէ ձեր ապագա ամուսնու հետ քննարկե՞լ եք, թե ինչ պատկերացումներ ունեք յուրաքանչյուրդ՝ ընտանիքի մասին։ Քննարկե՞լ եք հետագա պարտականությունները, միմյանց սովորությունները, անձնային սահմանների առկայության եւ դրանք պահպանման հիմնախնդիրները։ Քննարկե՞լ եք սեփական կյանքի առկայությունը ամբողջական ընտանիքի ներսում։ Այո, յուրաքանչյուր հասուն ամուսին, կամ կին, պետք է ընդունի, որ իր կողակիցը՝ մինչ իր հետ ընտանիք կազմելը, ունեցել է հետաքրքրություններ, զբաղվածության որոշակի ժամաքանակ, սիրելի վայրեր, որտեղ այցելել է, աշխատանք, որին առանձին ժամանակ է պետք հատկացնել։ Այս ամենը պահանջում է երկուստեք ընդունում։ Միակողմանի ընդունումը կառաջացնի անարդարության զգացում զիջողի կողմից, եւ կոնֆլիկտը կրկնակի բացասական արդյունքի կհանգեցնի։

Հետագա պարտականությունների քննարկում եւ բախշում

Ե՞րբ են առաջանում կենցաղային վեճերը։ Որպես կանոն, դրանք կարող են ծագել շատ աննշան առիթից, իսկ իրական դրդապատճառը լինի խորքային եւ անձնային։ Համաձայնվեք, որ արդարացի չէ, մանավանդ, երեխայի ծնունդից հետո, երբ ամեն բան կնոջ ուսերին է մնում։ Փոխվում է կնոջ կյանքը, մարմնի կառուցվածքը, առողջական խնդիրներն ավելանում են, ժամանակը սղանում, պարտականությունները կրկնապատկվում, իսկ ամուսինը, չունենալով դրանցից ոչ մեկը, շարունակում է գնալ աշխատանքի, փնթփնթալ գիշերվա քնի անբավարար լինելու եւ սնունդը ժամանակին պատրաստ չլինելու առիթով։ Արդյո՞ք սա առողջ ընտանիքի մոդել է։ Իհարկե, ոչ։ Ելքը մեկն է՝ միասին քննարկել սպասվող պարտականությունները, հնարավոր չափով բաշխել եւ ունենալ առողջ ընտանիք, առողջ անձնային աճ եւ երջանկությունը հավասար վայելելու իրավունք։

Ընտանիքում սոցիալական դերերի ուսումնասիրում եւ քննարկում

Քանի որ այս փուլը շատ ծավալուն եւ առանձնակի մոտեցում է պահանջում, կփորձեմ ավելի հստակ նշել ամենակարեւոր գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են զույգերի ընտանեկան մթնոլորտի վրա։ Իրականում, սոցիալական դերը անհատին հնարավորություն է տալիս ներկայանալ որոշակի պարտականության դիրքից։

Ամուսինը՝ տեր, կինը՝ հնազանդ, հարսը՝ խորամանկ, սկեսուրը՝ քննադատող, սկեսրայրը՝ ղեկավարող եւ այլն։ Սրանք բոլորը կարծրատիպեր են, որոնք, ցավոք սրտի, շատ խորն են մեր ենթագիտակցության մեջ։ Մենք վախենում ենք բաց թողնել այս արհեստական պատյաններրը, քանի որ կա մտավախություն, որ մեզ չեն հարգի, չեն գնահատի, կնեղացնեն եւ այլն։ Սրանք ուղղակի ինքնապաշտպանական զրահներ են, որոնք թույլ են տալիս ներկայանալ այդ դերի անունից, բայց ոչ սեփական անձի կողմից։ Հորդորս է լինել երկուստեք առավելագույնս անկեղծ, ազատ նման դերերից եւ բաց ցանկացած քննարկման համար։ Մի վախեցեք եւ զուգընկերոջ հետ քննարկեք յուրաքանչյուր դերի հավանական դրսեւորումը։ Երբ միմյանց հետ խոսեք եւ հասկանաք ձեր պատկերացումները, նաեւ պատրաստ կլինեք հաղթահարել յուրաքանչյուր դերային դրսեւորում՝ դառնալով ավելի հանդուրժող եւ իմաստուն։

Սերը հզոր է, սերը ներդաշնակ է, թրթիռով է, բայց այն լիարժեք է, երբ երկկողմանի ընդունված եւ գիտակից է։

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին