Նայել իրար
1435 դիտում

Նայել իրար


Ես մանկությունիցս քիչ բան եմ հիշում՝ մորս շրթներկի հոտը, երկրաշարժի օրը, կտրոնով հացի տարիներին՝ կորցրածս կտրոնը եւ, երեւի, վերջ: Մյուս բոլոր պատմությունները հայտնվում են մտքումս անսպասելի ու արագ անցնում: Վերջերս մի պատմություն եմ հիշել, որ միտքս հանգիստ չի թողնում:

Դպրոցի ճանապարհն անցնում էինք ոտքով, ինչպես բոլոր սեփական տներով թաղամասերում: Ճանապարհին երկու տուն կար, որտեղ տերերը աղավնի էին պահում: Մենք, մեծերից հետ ընկնելով, երկար կանգնում էինք փայտե փոքրիկ բների առաջ, դիտում աղավնիներին, հաշվում, կորցնում հաշիվը, նայում չտեսնված գույներին ու թաքուն հիանում կտուց կտցի  տված «մեծական» սիրով: Այդ տներից մեկի կողքին ապրում էր նա՝ իմ մանկության ամենամեծ մարդը: Հսկան հետեւում էր մեր ճանապարհին իր սենյակի բաց պատուհանից: Անվասայլակի վրա նստած՝ ամեն առավոտ նա հսկում էր մեր ճանապարհը՝ մերթ լուռ, մերթ անհասկանալի բարձր ճիչերով: 

Մենք՝ փոքրերս, դանդաղեցնում էինք քայլերը նրա պատուհանի տակ: Չէինք կանգնում, բայց փորձում էինք հնարավորինս շատ մանրուք տեսնել՝ հսկայի ձեռքերը, սենյակի դասավորությունը, հետեւում քայլող աշխույժ, տարեց կնոջը: Երբեմն նա ժպտում էր մեզ, երբեմն՝ նետում ձեռքի տակ ընկածը, բղավում, լաց լինում: Մեծերն արագ քաշում էին մեր ձեռքերը․ «Մի՛ նայեք նրան, գիժ է: Մի՛ նայեք»:

Այդպես՝ ընթացքում, մենք սովորեցինք չնայել իրար: Չնայել նրան, ինչ զարմացնում է, ինչ անհասկանալի է, ինչ մեզնից տարբերվող է:

Տարիներ անց, կրկին պատահաբար, հիշեցի հսկային: Տատս պատմեց, որ տունը, որտեղ ապրում էր հսկան՝ տարեց մոր հետ, այլեւս չկա: Հրդեհը տանը բռնկվել էր գիշերը, մայրը չէր կարողացել դուրս բերել որդուն:  Հսկան ու մայրը եւս չկային:

Մենք չտեսանք նրանց կենդանության օրոք, չտեսանք մահվան պահին, չօգնեցինք, որովհետեւ չտեսանք: Չտեսանք, որովհետեւ չէինք նայում նրանց:

Այդպես մենք չենք նայում մեր շուրջը կատարվող իրադարձություններին, մեր կողքին ապրող մարդկանց կյանքին: Չենք նայում, որ չտեսնենք մեզանից դուրս կատարվողը, որ թույլ տանք մեզ լռել: Մենք ձեւացնում ենք, որ, եթե չենք տեսնում, ուրեմն չկա:

Անցյալ շաբաթ Հայաստանում հայրը սպանել է մեկամյա որդուն, ծեծել կնոջը: Այս ընտանիքին կողքից չեն նայել, ինչպես մենք չենք նայում փողոցում պառկած անսթափ մարդուն, կանգառում լացող ջահել աղջկան, կռվող դպրոցականներին, մուրացող ծերերին, գրեթե բոլորին՝ մեր շուրջը ապրող:

Մենք իրար չենք նայում՝ իրար չօգնելու, մեզ վրա հավելյալ պարտավորություն ու բեռ չվերցնելու, ավելի հանգիստ ապրելու համար: Այդպես հարմար է: Ուղղակի երբեմն թաքուն մտածում ենք, որ եթե նայեինք, գուցե տեսնեինք:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am